HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էյր Դիլիջանսի» վկայականի գործողությունը կասեցվել է. ընկերությունն օդանավ չունի

Օգոստոսի 1-ին Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը 6 ամսով՝ մինչեւ 2025 թ. փետրվարի 1-ը:

Պատճառն այն է, որ ավիաընկերությունն այլեւս չունի օդանավ: «Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը («Boeing 737-500», ՀՀ գրանցումը՝ EK-73736) օգոստոսի 29-ին դուրս է բերվել օդանավերի հայկական ռեգիստրից ու քիչ ուշ գրանցվել Վրաստանում (վրացական գրանցումը՝ 4L-TGI): ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

Եթե մինչեւ 2025-ի փետրվարի 1-ը «Էյր Դիլիջանսը» չբավարարի օրենսդրությամբ նախատեսված պայմանները, նրա ՕՇՎ-ն, որի գործողության ժամկետը մինչեւ 2026 թ. փետրվար է, վաղաժամ կկորցնի ուժը: Առանց ՕՇՎ-ի՝ որեւէ ավիաընկերություն չի կարող զբաղվել առեւտրային փոխադրումներով:

Նկատենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ «Էյր Դիլիջանսի» ՕՇՎ-ի գործողությունը կասեցվում է: Նախորդ կասեցումն արվել էր 2023-ի օգոստոսի 8-ին, եւ ընկերությանը կրկին 6-ամսյա ժամկետ էր տրվել՝ օրենսդրությամբ նախատեսված պայմանները բավարարելու համար: Այն ժամանակ EK-73736-ը տեխնիկական խնդիր ուներ եւ տեւական ժամանակ կանգնած էր, սակայն 2023-ի նոյեմբերին, ի վերջո, կրկին շարք էր վերադարձել: Ու հիմա, փաստորեն, օդանավն ապագրանցվել է հայկական ռեգիստրից, այսինքն՝ այն այլեւս հայկական բորտ չէ:

2015-ի դեկտեմբերին հիմնադրված «Էյր Դիլիջանսը» հայկական երկնքում աշխատում է 2016 թ. հուլիսից: Մինչեւ 2023 թ. մարտ այն կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա», բայց քանի որ «Արմենիա» անվան կիրառմամբ էլի ավիաընկերություններ կան մեր երկրում, այս օպերատորի ղեկավարությունը որոշեց անվանափոխություն անել:

«Էյր Դիլիջանսի» 51 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանն է, որը նաեւ տնօրենն է, մնացած 49 %-ը պատկանում է վրացի Թամազ Գաիաշվիլիին, որը վրացական «Georgian Airways»-ի հիմնադիրն ու փաստացի տերն է: Գաիաշվիլին նաեւ «Էյր Դիլիջանսի» փաստացի տերն է, պարզապես «Ավիացիայի մասին» օրենքը պարտադրում է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 %-ը պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց: Այլ կերպ ասած՝ «Էյր Դիլիջանսը» վրացական փոխադրողի քույր ընկերությունն է:

Մինչեւ 2023 թ. մայիս ամիսը հայկական օպերատորն իրականացնում էր թռիչքներ Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեգծով: Այսինքն՝ Երեւանի միջոցով Մոսկվա էր տեղափոխում Վրաստանից ու Հայաստանից մեկնող ուղեւորներին եւ այնտեղից բերում Հայաստան ու Վրաստան ժամանողներին: Երեւանը, փաստորեն, Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ կապող օղակ էր դարձել: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ 2019-ի հունիսին Վրաստանում ծագած հակառուսական սկանդալից հետո ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով արգելվեցին ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան եւ վրացականների մուտքը՝ Ռուսաստան: Դեպի Ռուսաստան թռչող «Georgian Airways»-ի ղեկավարությունը այդուհետ գործարկեց «Ավիակոմպանիա Արմենիայի» միջոցով Երեւանից դեպի Մոսկվա մեկնելու եւ այնտեղից նույն ճանապարհով վերադառնալու տարբերակը:

Դա բավական շահավետ էր Գաիաշվիլիի եւ նրա գործընկերների համար: Բայց երբ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին արեւմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի նախագահ Պուտինը 2023-ի մայիսին հանեց 2019-ին սահմանած իր արգելքը, ռուսական «Ազիմուտն» ու վրացական «Georgian Airways»-ն անմիջապես հայտարարեցին չվերթերի վերականգնման մասին: 4 տարվա դադարից հետո 2023-ի մայիսին «Georgian Airways»-ը կրկին կատարեց Թբիլիսի-Մոսկվա չվերթը: Ու չնայած դրա պատճառով վրացական օպերատորը խիստ քննադատության տակ հայտնվեց թե՛ սեփական երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես, հայտնվելով նաեւ Ուկրաինայի պատժամիջոցների տակ, այդ ֆոնին «Էյր Դիլիջանսի» ազդեցությունը Հայաստանի ու Վրաստանի ավիափոխադրումների շուկայում կտրուկ նվազեց, քանի որ այլեւս կարիք չկար Վրաստան-Ռուսաստան հաղորդակցությունը կազմակերպել հայկական ընկերության միջոցով:

Պատահական չէ, որ երբ 2023-ի նոյեմբերին «Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը շարք վերադարձավ, սկսեց սպասարկել «Georgian Airways»-ի թռիչքները Թբիլիսիից գլխավորապես դեպի Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաեւ Երեւան: Ի վերջո, վրացի տերերը որոշեցին օդանավը գրանցել հենց «Georgian Airways»-ի շարժակազմում: Այժմ ինքնաթիռը շարունակում է թռիչքները նշված նույն ուղղություններով: 

Նշենք, որ օդանավի գրանցումն ու ապագրանցումը կատարվում է դրա սեփականատիրոջ հայտի հիման վրա: Այլեւս նախկին EK-73736-ի տերը «Raph Trade Corporation» ընկերությունն է, որը գրանցված է օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում, բայց, ըստ էության, այդ ընկերությունը կապ ունի «Georgian Airways»-ի վրացի տերերի հետ։

Հատկանշական է, որ մինչեւ 2016-ի ամռանը Հայաստան տեղափոխվելը՝ 2010-2016 թթ., օդանավը գրանցված էր Վրաստանում՝ «Georgian Airways»-ի ավիապարկում: Այն ժամանակ եւս բորտը կրում էր 4L-TGI գրանցումը: 

Կարճ ասած՝ վրացի տերերը օդանավը տարել են այնտեղ, որտեղից բերել էին: Ու եթե նրանք «Էյր Դիլիջանսի» շարժակազմում այլեւս օդանավ չգրանցեն, այսինքն՝ հայկական օպերատորը վերջնականապես դադարեցնի թռիչքները, ապա «Էյր Դիլիջանսը» կդառնա ընդամենը «Georgian Airways»-ի ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, որի գլխավոր նպատակը, թերեւս, կլինի հայկական շուկայից Թբիլիսիի միջոցով այլ երկրներ ուղեւորներ տեղափոխելը, այլ կերպ ասած՝ Թբիլիսին մեր շուկայի համար որպես հաբ ծառայեցնելը:

Լուսանկարում՝ EK-73736-ը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, 04.05.2024 թ., հեղ.՝ Վլադիսլավ Ժիչկին (jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter