HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. Ասկերանի 414 մարտական դիրքը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորվեց արցախա-ադրբեջանական նոր շփման գիծը։ Արցախից հայկական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումից հետո անհրաժեշտ էր ապահովել նոր ձևավորված սահմանների պահպանությունը։ Այդ նպատակով բնակչությունից ձևավորվում են աշխարհազորային ստորաբաժանումներ։ Այդ ստորաբաժանումները օգնում էին Պաշտպանության բանակին՝ իրականացնելու սահմանի պահպանությունը։

2021 թվականին ձևավորվեց Ասկերանի բրիգադը։ Բրիգադի հրամանատարը գնդապետ Աշոտ Ղուլյանն էր։ Այս բրիգադի կազմում էին 3 գումարտակ՝ կանոնավոր բանակից, 2 աշխարհազորային գումարտակ և մեկ աշխարհազորային վաշտ։ Աշխարհազորային գումարտակներից մեկը՝ Վագիֆ Հախումյանի գլխավորած 42-րդ գումարտակը, իրականացնում էր Քարագլխի բարձունքից մինչև Ուլուբաբի բարձունքն ընկած հատվածի պահպանությունը։ Մյուս գումարտակը, որի հրամանատարը Համլետ Գասպարյանն էր, իրականացնում էր Հարավ գյուղի հատվածում գտնվող դիրքերի պահպանությունը։ Իսկ աշխարհազորային վաշտը, որը ղեկավարում էր Սեյրան Ավագիմյանը, զբաղվում էր Ասկերան քաղաքի մոտակայքում գտնվող 414 մարտական դիրքի պահպանությամբ։

«Ասկերանում իրավիճակը լուրջ էր։ Մարդիկ ամեն օր տեսնում էին՝ ադրբեջանական դրոշը իրենց տներից մի կիլոմետր է հեռու։ Բոլորն էլ պատկերացնում էին՝ ինչ է լինելու»,- ասում է վաշտի հրամանատարը։

Սեյրանի վաշտն ի սկզբանե պետք է իրականացներ սահմանագոտու ավելի մեծ հատվածի պահպանությունը, սակայն այն համալրված չէր ամբողջությամբ։ Վաշտում ընդգրկված էր 58 աշխարհազորային։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Սեյրան Ավագիմյանի եղբայրը զոհվել էր այն նույն դիրքում, որի պահպանությունը տարիներ անց վստահվեց իրեն։

«Մեծ ախպերս 1992 թվականի փետրվարի 26-ին զոհվեց հենց էդ դիրքում։ Դիրքում ես հուշաքար էի դրել։ Էդ դիրքը մինչև 2020 թիվը չէր պահվում, բայց ես անընդհատ գնում էի էդտեղ։ Դա ինձ համար կարևոր նշանակություն ունեցող տեղ էր»,- ասում է Սեյրանը։

414 մարտական դիրքը գտնվում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տեղում։ Դիրքից ընդամենը 1-2 կիլոմետր հետ Ասկերան քաղաքն էր։

Մարտական հերթափոխը դիրքում տեղի էր ունենում յոթ օրը մեկ։ 10 հոգանոց դիրքապահների խումբն ամեն շաբաթ բարձրանում էր մարտական հերթապահության։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի մոտակայքում, հակառակորդը սկսում է հրետակոծել 414 մարտական դիրքը։ Հրետանային հարվածներից զոհվում են Ռազմիկ Խաչատրյանը և Վրեժ Ստեփանյանը։

Մարտերի սկսվելուց հետո Սեյրան Ավագիմյանը չորս հոգանոց խմբով Ասկերան քաղաքից օգնության է գնացել դիրքապահներին։

«Դեպի դիրք տանող ճանապարհը դժվարանցանելի էր, մեքենայով չէինք կարող գնալ։ Դրա համար վազելով գնացել ենք, որ օգնության հասնենք, կարողանանք պահել դիրքը»,- պատմում է Սեյրանը։

Հրետակոծությունից հետո սկսում է մերձամարտ։ Ադրբեջանական դիրքը գտնվում էր 414 մարտական դիրքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Մերձամարտի ընթացքում վիրավորվում է երեք աշխարհազորային։ Նրանց զինակիցները դուրս են բերում դիրքից, այդ ընթացքում շտապօգնության մեքենան հասնում է դիրքի մոտակայք և տեղափոխում վիրավորներին։

414 մարտական դիրքում վիրավորվել են երեք հոգի՝ Վահան Բեգլարյանը, Արթուր Հովսեփյանը և Արմեն Գաբրիելյանը։

Վահանը մասնագիտությամբ երաժիշտ է, երգում էր Արցախի պետական համույթում, դասավանդում Ասկերանի արվեստի դպրոցում։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո՝ մինչև 2021 թվականը, բանակում չի եղել։ 2021-ին, երբ բանակի վիճակը ծանր էր, կար զինծառայողների պակաս, նա միացել է Սեյրան Ավագիմյանի գլխավորած ստորաբաժանմանը։

«Քսան թվից հետո արդեն սահման պահելու խնդիր կար, մարդկանց պակաս։ Հետո մենք մերոնցով որոշեցինք ջոկատ կազմենք, մեր քաղաքը պաշտպանենք։ Խմբերի էինք բաժանվել, իրար փոխելով, հերթափոխ էինք անում դիրքում»,- պատմում է Վահանը։

Մարտական հերթապահության ժամանակ Վահան Բեգլարյանը նաև երգում էր, ոգևորում ընկերներին։ Ասում է՝ զորքի տրամադրությունը, մարտական ոգին բարձրանում էր, երբ դիրքում երգում էր։

Հարձակման օրը Վահանը դիրքերում էր։ Արդեն իմացել էին, որ իրավիճակը լարված է և ամեն պահի սպասում էին հարձակման։

«Մինչ այդ, սահմանի տարբեր հատվածներից տեղեկություններ էինք ստանում, որ ինչ-որ տեղերում հարձակում է եղել, դիրքեր կան՝ հետ են շպրտել հարձակումը։ Լարվածությունը արդեն կար ու գնալով մեծանում էր, ինֆորմացիան էլ հասնում էր մեզ, սպասում էինք էդ հարձակմանը։ Ու միանգամից լայնամասշտաբ հարձակում սկսվեց, ամեն ուղղությամբ հրետանի էր օգտագործվում»,- պատմում է նա։

Հարձակումից մոտ մեկ ժամ անց Վահանը վիրավորվել է։ Ծառայակիցները նրան տեղափոխել են հետ՝ ավելի ապահով վայր, որտեղից էլ շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ասկերանի հոսպիտալ։

Վահանը բեկորային վիրավորում էր ստացել թևի շրջանում և գլխի հատվածում։ Բեկորներից որոշները դեռ նրա գլխի մեջ են։

«Էդ ժամանակ, որ տեղափոխեցին հոսպիտալ, էնտեղ ավելի շատ ծանր վիրավորներ կային։ Էդ տղերքին էր պետք առաջին օգնություն ցույց տալ։ Հետո, դեպքերը որ սենց զարգացան, դուրս եկանք, էդ վիրահատության կարիքը չեղավ ժամանակի ընթացքում։ Բեկորներն էլ իրանց տեղը գտան մինչեւ հիմա»,- ասում է Վահան Բեգլարյանը։

Վահանն այլևս չի երգում։ Ասում է՝ ժամանակին հայրենասիրական երգեր էի երգում, հիմա ո՛չ սիրտ ունենք երգելու, ո՛չ էլ ժամանակ։ Հայրենասիրական երգերն էլ արդեն իրենց իմաստը կորցրել են։

Երգելուն խանգարում է նաև Վահանի ստացած վիրավորումը։ «Հիմա էդքան էլ չէ, բայց սկզբնական շրջանում շատ էր խանգարում»,- ասում է նա։

414 մարտական դիրքում վիրավորվածներից մյուսը դիրքի ավագն էր՝ Արմեն Գաբրիելյանը։ Նա Ոստիկանության պաշտոնաթող սպա է՝ մայոր։ Արմենը միացել էր աշխարհազորին 2021-ին։ 

«Եղել եմ Ոստիկանության սպա, Ոստիկանության պետի տեղակալ։ Հետո կամավոր անդամագրվել եմ Ազատամարտիկների միությանը։ Ընդգրկվել եմ էդ ջոկատի մեջ, մի հատ վաշտ ենք սարքել։ Հետո՝ 2013 թվականին, մարզադաշտի տնօրեն եմ նշանակվել։ Էդ մարզադաշտում էլ մի հատ կազարմա էինք սարքել մեր տղերքով՝ մի քառասուն հոգով»,- ասում է Արմենը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվել են մարտական գործողությունները, Արմեն Գաբրիելյանը կազմակերպել է դիրքի պաշտպանությունը։ Մարտերի ընթացքում նա վիրավորվել է, և նրան նույնպես տեղափոխել են Ասկերանի հոսպիտալ։

414 մարտական դիրքը հնարավոր է եղել պահել մի քանի ժամ միայն։ Դիրքի անձնակազմը նահանջել է 500 մետր և դիրքավորվել՝ հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու համար։

Սեպտեմբերի 20-ին ամբողջ շփման գծում հաստատվել է հրադադար, մարտական գործողությունները դադարել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter