HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքն» ունի իր ընթերցողների օգնության կարիքը

2021 թ. դեկտեմբերին «Հետքը» նախաձեռնել է InFact/Փաստացի հարթակը, որը համատեղում է փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական լրատվամիջոցներին, ինչպես նաեւ դրանով հետաքրքրված մեր ընթերցողներին՝ անկախ մասնագիտությունից: Այս հարթակում «Հետքի» գործընկերները թե՛ երեւանյան, թե՛ մարզային լրատվամիջոցներ են: Հարթակի աշխատանքներին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ տեսանյութում

Արժեւորելով փաստերի վրա հիմնված, ճշգրտած տվյալներով, օբյեկտիվ լրագրության դերը՝ «Հետքը» որոշել է բաժանորդագրվել արբանյակային լուսանկարների Planet հարթակին: Այս նախաձեռնությունը մենք իրականացնում ենք InFact/Փաստացի հարթակի շրջանակներում, այսինքն՝ լուսանկարներից օգտվելու են նաեւ գործընկեր լրատվամիջոցները:

Ի՞նչ թեմաներ ենք լուսաբանելու

Արբանյակային լուսանկարներ որոշել ենք ձեռք բերել հատկապես մի քանի կարեւորագույն խնդիրներ լուսաբանելու համար:

  1. Հայ-ադրբեջանական սահման, դիրքային փոփոխություններ, սահմանազատում ու սահմանագծում, հնարավոր էսկալացիա հակառակորդի կողմից:
  2. Ադրբեջանական առաջխաղացումներ ՀՀ սուվերեն տարածքում հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
  3. Հայաթափված Արցախի օկուպացիա, Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգություն:
  4. Հայաստանի բնություն, անտառահատումներ, անտառների ծավալների փոփոխություններ:
  5. Հանքարդյունաբերություն, հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
  6. Սեւանա լճի ծաղկում/կանաչում:
  7. ՀՀ տարածքում պարբերաբար գրանցվող հրդեհներ, հրդեհված տարածքներ:
  8. Ապօրինի կառուցապատումներ, հողազավթումներ ու աղճատվող շրջակա միջավայր:

Սրանք, բնականաբար, բոլոր թեմաները չեն, բայց մեր թիրախային ուղղություններ են՝ ելնելով ներկա իրողություններից:

Ինչու՞ ենք ընտրել հենց Planet-ը

Մինչ այս «Հետքը» օգտվել է ու այսօր էլ շարունակում է օգտվել արբանյակային պատկերների եւ դրանց վրա հիմնված գործիքների անվճար աղբյուրներից, ինչպիսիք են Google Maps-ը, Google Earth-ը, Sentinel Hub-ը, NASA FIRMS-ը:

Սակայն եթե նույն Google-ի հարթակները տրամադրում են բարձր լուծաչափի (resolution) պատկերներ, ապա դրանց խնդիրը թարմացման պարբերականությունն է: Հարցն այն է, որ Google-ը նույն տեղանքի վերաբերյալ որակյալ պատկերներ է տալիս տարեկան մեկ-երկու անգամ, վատագույն դեպքում (հատկապես՝ խոշոր բնակավայրերից դուրս տարածքներում) այն կարող է եւ երկար ժամանակով չթարմացնել պատկերները: Այսինքն՝ եթե ցանկանում ենք պարզել, թե, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանի որեւէ հատված տվյալ պահին ինչ տեսք ունի, կամ ինչ է կատարվում օկուպացված Արցախում, ապա Google Maps-ը եւ Google Earth-ը ժամանակային առումով այնքան էլ օգտակար չեն լինի:

Փոխարենը մեկ այլ անվճար աղբյուր՝ Sentinel Hub-ը, ամսվա ընթացքում տրամադրում է 10-15 նկար, բայց այստեղ էլ խնդիրը դրանց լուծաչափն է, որը 10 մ է: Սա նշանակում է, որ այդ պատկերներում 1 պիքսելը համապատասխանում է երկրի վրա 10x10 մետր չափերով տարածքի (այլ կերպ ասած՝ որքան փոքր է լուծաչափը, այնքան ավելի դետալային է նկարը. աշխարհում արբանյակային կոմերցիոն պատկերների լավագույն լուծաչափը համարվում է 0,3 մետրը կամ 30 սմ-ն): Այսպիսով՝ Sentinel Hub-ի առաջարկած նկարները կարող են օգտակար լինել խոշոր մասշտաբներով տեղանք ուսումնասիրելիս, բայց ոչ փոքր ու միջին օբյեկտներ հետազոտելիս:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ խորհրդակցելով մեր արտասահմանցի գործընկերների հետ (BBC, Deutsche Welle)՝ եկել ենք այն եզրակացության, որ գին-որակ առումով ամենաօպտիմալ տարբերակը ամերիկյան Planet հարթակն է, որն առաջարկում է 0,5-3 մ լուծաչափի նկարներ:

Սա վճարովի հարթակ է՝ տարեկան բաժանորդագրությամբ: Լրատվամիջոցներին այն առաջարկում է մեդիա փաթեթ՝ համապատասխան բաղադրիչներով:

Այս փաթեթի տարեկան բաժանորդագրությունն արժե 10.800 եվրո: Սա թույլ է տալիս, մասնավորապես, ստանալ 3 մ լուծաչափի պատկերներ ամենօրյա ռեժիմով աշխարհի ցանկացած կետից:

Եվս այդքան (10.800 եվրո) վճարելու դեպքում կարելի է ձեռք բերել լրացուցիչ ծառայություն՝ ամսական 5 անգամ (տարեկան՝ 60 անգամ) պատվեր ուղարկել Planet-ին, որ վերջինիս կողմից շահագործվող SkySat արբանյակներից մեկը նկարի մեր ցանկացած կոորդինատներով տեղանքը բարձր՝ ընդամենը 0,5 մ լուծաչափով:

Անհրաժեշտ 21.600 եվրո (10.800+10.800) գումարը հավաքելու համար նախորդ տարվա հոկտեմբերին «Հետքը» նախաձեռնել է դրամահավաք «ՌեԱրմենիա» հարթակում:

Աջակցե՛ք՝ հասնելու նախանշված նպատակին

Փետրվարի 8-ի դրությամբ մեր ընթերցողների ու աջակիցների օգնությամբ արդեն հավաքել ենք բազային մեդիա փաթեթի բաժանորդագրության (10.800 եվրո արժողությամբ) գումարի մեծ մասը՝ շուրջ 8.000 եվրո: Մինչեւ մարտի 31-ը անհրաժեշտ է հավաքել եւս 2.800 եվրո, ինչը վստահաբար կարող ենք անել ձեր աջակցությամբ:

Բնականաբար, մեր ընդհանուր նպատակը եղել է ոչ միայն բազային փաթեթին բաժանորդագրվելը, այլեւ SkySat արբանյակին պատվեր տալու հնարավորություն ձեռք բերելը: Սակայն հաշվի առնելով դրամահավաքի վերջնաժամկետը (մարտի 31)՝ այս պահին կենտրոնանում ենք բազային փաթեթը ձեռք բերելու վրա՝ չբացառելով, իհարկե, որ ձեր ակտիվ ներգրավվածության դեպքում կարող ենք հասնել նաեւ երկրորդ նպատակին:

Դրամահավաքի այս արշավը նաեւ յուրօրինակ թեստ է՝ հասկանալու, թե որքանով մենք կարող ենք հույս դնել մեր ընթերցողների ու լսարանի աջակցության վրա:   

Աջակցե՛ք անկախ լրագրողներին՝ ձեռք բերելու Planet հարթակի արբանյակային պատկերների բաժանորդագրություն, ինչը հնարավորություն կտա կատարել ավելի որակյալ հետազոտություններ, հետաքննություններ, պատրաստել առավել որակյալ մեդիաարտադրանք:

Դրամահավաքին կարող եք մասնակցել եւ մեր արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Կարեւոր է յուրաքանչյուր չափի ներդրում: 

ՀԳ. Այս պահին «Հետքն» ունի Planet-ից անվճար օգտվելու հնարավորություն, որը, սակայն, ժամանակավոր է՝ մինչեւ փետրվարի 20-ը, եւ նախատեսված է հարթակի մի քանի գործիքներ փորձարկելու համար:

Այդուհանդերձ, այս ընթացքում Planet-ի միջոցով «Հետքն» ուսումնասիրել է, մասնավորապես, Տավուշի մարզի Բաղանիս-Բերքաբեր հատվածում 2024 թ. ընթացքում արված սահմանազատման ու փաստացի սահմանագծման աշխատանքները: Մեր հրապարակումները՝ ստորեւ:

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես
Փախանակ այս լեզվական անճոռնի վերնագրին («Հետքն» ունի իր ընթերցողների օգնության կարիքը),գրեցե՛ք - Հետքը ձեր օգնության կարիքն ունի․․․․․․․․․․․թէ դիպուկ, թե Հայերեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter