
Փաստաբանների ընդհանուր ժողով՝ խորհրդի անդամների ընտրության և դատապարտող հայտարարության ընդունման օրակարգով
Այսօր՝ փետրվարի 10-ին, Փաստաբանների պալատում փաստաբանների ընդհանուր ժողով էր, օրակարգում առաջինը Պալատի խորհրդի անդամների ընտրության հարցն էր։ Խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 15 փաստաբան, յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն ուներ քվեարկելու միաժամանակ 6 թեկնածուի օգտին։
Օրակարգի երկրորդ հարցը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ փաստաբանությանն առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունումն էր: Այս առիթով փաստաբանները հայտարարել էին նաև գործադուլ՝ մեկ օրով հրաժարվելով իրականացնել ներկայացուցչություն դատարաններում, նախաքննություն իրականացնող մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում։
««Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից ի վեր փաստաբանների պալատը, փաստաբանական համայնքն ակտիվ գործողություններ են իրականացրել, որ տեղի չունենան այդ փոփոխությունները, և ներկայացվել են այն խնդիրները, որոնց առնչվում է փաստաբանական համայնքը, և ինչ հետևանքներ է ունենալու այն քաղաքացու համար, որը հայցում է իրավաբանական օգնություն»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ քննարկումներ են ունեցել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն որևէ արդյունքի չեն հասել։
Բաբայանը թվարկեց, թե ինչ քայլեր են ձեռնարկել այդ փոփոխության դեմ, մասնավորապես, ՄԻՊ-ի անունով դիմում է ուղարկվել Սահմանադրական դատարան (ՍԴ), որը վարույթ չի ընդունվել, դիմել են միջազգային կառույցների, պատգամավորական խմբերի, և ընդդիմադիր պատգամավորների կողմից ՍԴ է ներկայացվել բողոք, որը դեռ հայտնի չէ՝ ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ։ 1212 փաստաբան ստորագրել և ՀՀ կառավարությանն են ներկայացրել նաև հանրագիր՝ առաջարկելով, որ փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ անվճար իրավաբանական ծառայություն մատուցող փաստաբաններն առհասարակ ազատվեն հարկերից։ Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չկա, և այսօրվա դրությամբ օրենքը կիրառվում է։
«Ակնհայտ է, որ փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել այսօր։ Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությանն ավելացել է ևս մեկը՝ պայմանավորված այն խմբերով, որոնք օգտվում էին մասնավոր փաստաբանների ծառայություններից և այսօր այլևս չեն կարող օգտվել, քանի որ դրանք կա՛մ թանկացել են, կա՛մ փաստաբանները հնարավորութուն չունեն այս կարգավորման պայմաններում մատուցել անվճար իրավաբանական ծառայություններ»,- նշեց Սիմոն Բաբայանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ փաստաբանների ընդհանուր ժողովը որոշել է ընդունել դատապարտող հայտարարություն։ Ընդհանուր ժողովի ժամանակ փաստաբաններն իրենց քվեարկությամբ պետք է ընդունեն հայտարարությունը:
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ հավելեց, որ խնդիրը ոչ միայն փաստաբաններինն է, այլև քաղաքացիներինը, քանի որ փաստաբաններն այդ հարկերը ավելացնելու են իրենց ծառայության գումարին, ինչը վճարելու է քաղաքացին։
«Փաստաբանական գործունեությունն այսօր մեր օրենքով համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, բայց իր բնույթով այդիպիսին չէ։ Եթե ձեռնարկատիրական գործունեության հիմնական նպատակը շահույթ ստանալն է, ապա դա փաստաբանի հիմնական նպատակը չէ»,- նշում է Արա Զոհրաբյանը։ Նա օրինակ է բերում այն, որ շատ դեպքերում փաստաբանը չի կարող իր գործից հրաժարվել, նույնիսկ եթե իրեն չի վճարել վստահորդը՝ ի տարբերություն ձեռնարկատիրական մյուս գործունեությունների։
Փաստաբանների պալատի ակումբի նիստով նախնական հաստատվել է մի շարք միջոցառումների ցանկ այն մասին, թե ինչ է անելու փաստաբանությունը, եթե առաջընթաց չլինի այս հարցով։
Արա Զոհրաբյանի հաղորդմամբ՝ սպասում են հանրագրի պատասխանին, որից հետո լինելու են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում՝ բողոքի ակցիաներ՝ ավելի մասշտաբային քայլերով։
Հիշեցնենք՝ նախորդ տարի Կառավարության ընդունած նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ներին և կազմակերպություններին արգելվում է աշխատել շրջանառության հարկի դաշտում: Փաստաբանները տեղափոխվեցին հարկման ընդհանուր դաշտ, որը ենթադրում է շատ ավելի ծանր հարկային բեռ: Նրանք 5% դրույքաչափով շրջանառության հարկի փոխարեն 2025 թվականի հունվարի 1-ից հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), որի դրույքաչափը 20% է և շահութահարկով՝ 18-23% դրույքաչափով:
Մեկնաբանել