
Քննչական կոմիտեն, տեսագրության առկայությամբ, չի կարողանում բացահայտել 20 մլն-ի գողությունը
2024 թ.-ի սեպտեմբերի 25-ի գիշերը` ժամը 3:30-ին, Մարիցա Խլղաթյանի հեռախոսին ազդանշան է ուղարկվել, որ Երևանի Տիչինայի 3-րդ փողոց 15 հասցեի իր հայրական տուն 2 մարդ է մտել։
Այդ օրը տանը ոչ ոք չի եղել։ Մարիցա Խլղաթյանը միանգամից զանգահարել է Ոստիկանություն։ Հասնելով հայրական տուն՝ Մարիցան տեսել է, որ տնից անհետացել են 20 մլն դրամի ոսկյա զարդեր և թանկարժեք ժամացույցներ։Զարդերն ու ժամացույցները դրված են եղել իր հոր սենյակում։
Ոստիկանները եկել են ու արձանագրել կատարված գողությունը։ Ընտանիքի անդամները Ոստիկանությանն են փոխանցել տան շրջակայքը նկարահանած տեսախցիկների բոլոր տեսագրությունները, որտեղ երևում են տուն մտած մարդիկ։ Դեպքից անցել է մոտ 4 ամիս։ Քննչականը մինչ օրս չի հայտնաբերել գողություն կատարած անձանց։ Մարիցայի խոսքով՝ դեպքի հաջորդ օրը Ոստիկանությունում նրան հայտնել են, որ գործը 70%-ով բացահայտված է։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ Քննչական կոմիտեն չի հայտնաբերել հանցանքը կատարած անձանց։
Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ «հանցանք կատարած անձանց պարզելու եւ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել և ներկայում էլ ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տարաբնույթ քննչական եւ վարութային այլ գործողություններ, իսկ քննության ներկա փուլում, այդ թվում՝ քննությանը ներկայացված տեսաձայնագրությունների համապատասխան հետազոտության արդյունքում, հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ դեռեւս բավարար տվյալներ ձեռք չեն բերվել։
Մարիցա Խլղաթյանն ասում է, որ հանցանքը կատարած անձինք լավ ծանոթ են եղել տանը, տան իրերի դասավորվածությանը։ Սենյակը, որտեղից իրերն անհետացել են, տակնուվրա արված չի եղել, տուն մտած անձինք իմացել են նաև տեսախցիկների տեղերն ու մի քանիսից կարողացել են խույս տալ։ Տուն մտնելիս էլ մտել են անմիջապես այն սենյակի պատուհանից, որից կատարվել է գողությունը։
Գողությունը կատարած անձինք չեն բարձրացել երկրորդ հարկ, ձեռք չեն տվել նաև մետաղական չհրկիզվող պահարանին։
Մեկ ամիս անց, երբ Մարիցան հասկացել է, որ գործի բացահայտումը դանդաղում է,դիմել է փաստաբանի օգնությանը։ Փաստաբան Արմինե Դավթյանը նշում է՝ նամակներ է ուղղել Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց գործի պատշաճ քննություն չի իրականացվել։ Գործի քննիչը Լուսինե Վարդանյանն է։
«Ես հարց եմ ուղղել քննիչին, ինչու՞ հետախուզում չի հայտարարվել, ինչու՞ քննչական գործողություններ չեն իրականացվել, ինչու՞ տեսագրությունները չեն ուղարկվել մշակման, եթե առանց մշակման տեսագրությունում պատկերված անձանց հայտնաբերել հնարավոր չէ, ասել են՝ իսկ ի՞նչ գիտեք, որ չի արվել, ու ես տվել եմ շատ պարզ հարց՝ եթե այդ գործողություններն արվել են, այդ պարագայում ինչու՞ գողությունը մինչ օրս չի բացահայտվել, այն դեպքում, երբ մենք լրացուցիչ ցուցմունք էինք տվել, որտեղ նաև կոնկրետ մանրամասներ էինք հայտնել», -ասում է Արմինե Դավթյանը։
Դեպքից անցել է չորս ամիս, տեսագրությունների առկայության պայմաններում, Քննչական կոմիտեն չի կարողանում հայտնաբերել արարքը կատարած անձանց։ Մարիցան համոզված է, որ եթե քննիչները ուզենան, կարճ ժամանակում կարող են գտնել հանցանքը կատարողներին։
Մեկնաբանել