
Բաքվի դատարանում ավարտվել է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով մեղադրական եզրակացության հրապարակումը
Այսօր` փետրվարի 18-ին, շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ «մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց նախընտրած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ»։ Դատական նիստին ներկա են եղել տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի գրասենյակի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ ադրբեջանական պետության անունից։
Հանրային դատախազներ Ֆուադ Մուսաևը և Վուսալ Աբդուլլաևն ընթերցել են մեղադրական եզրակացության այն մասերը, որոնք վերաբերել են իբրև թե «պատերազմի ընթացքում կատարված առանձին հանցավոր արարքներին և այդ հանցագործություններում մեղադրյալի դերին»։
Մեղադրական եզրակացության մեջ առանձին դրվագներով ներկայացվել են ենթադրյալ սպանությունների, Ադրբեջանի քաղաքացի հանդիսացած անձանց իրավունքների խախտումների և այլ զանազան մտացածին դեպքեր՝ սկսած 1988 թվականից, որոնց մենք մանրամասն չենք անդրադառնա։ Մեղադրանքում նշվել է նաև արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում Ադրբեջանի կրած նյութական վնասները և մարդկային կորուստները։
Ավարտելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին ընթերցել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Արցախի գերեվարված պաշտոնյաներին։
Այնուհետև, ինչպես գրում է «Ազերթաջ»-ը, նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը բացատրել է Արայիկ Հարությունյանին և Արկադի Ղուկասյանին առաջադրված յուրաքանչյուր մեղադրանքի էությունը, նրանց մեղսագրվող արարքների իրավական դասակարգումը, այդ արարքների համար քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժը և մեղադրյալների իրավունքները, ինչպես նաև հարցրել է՝ արդյոք իրենց մեղավոր համարու՞մ են։
Արայիկ Հարությունյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են դատարանին՝ հայտնելով, որ ցանկանում են գաղտնի հանդիպում ունենալ իրենց պաշտպանների հետ, որից հետո կպատասխանեն հարցերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։
Նախատեսվում է հաջորդ դատական նիստին շարունակել գործում ներգրավված մյուս անձանց յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքի բնույթի, նախատեսված պատժաչափի մասին տեղեկացումը, ինչպես նաև առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր ճանաչելու վերաբերյալ հարցի պարզաբանումը։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Հիշեցնենք՝ Արցախի նախկին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով: Երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի էր ունեցել նրա գործով հերթական նիստը։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել