HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռիչքների չերևացող կողմը. գիշերը Զվարթնոցում

«Զվարթնոց» օդանավակայանի 360 աստիճան տեսանելիությամբ սենյակում նստած են  օդային երթևեկության կարգավարները։ Նրանց ցուցումների ու օդաչուների արհեստավարժության շնորհիվ են ինքնաթիռներն անվտանգ ու ապահով թռիչք ու վայրէջք կատարում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է, այստեղ աշխատանքը գիշերային ժամերին էլ չի դադարում, որպես կանոն, գիշերն ավելի ակտիվ է։

«Զվարթնոցում» և Հայաստանի մյուս քաղաքացիական օդանավակայաններում  օդային երթևեկությունը կարգավորում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ենթակա «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կարգավարները։  

Կարգավարների գիշերային հերթափոխն ունի իր յուրահատկություններն ու մարտահրավերները, որոնք անտեսանելի են ուղևորների համար։ Գիշերային հերթափոխը սկսվում է երեկոյան ժամը 21:00-ից եւ տևում մինչև առավոտ` ժամը 09:00:

Աննա Վարդանյանը «Աշտարակ» կարգավարական կետի հրահանգիչ է։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատում է արդեն 10 տարի։ Ավիատորների ընտանիքից է։ Պապիկը եղել է աերոդինամիկայի մասնագետ, իսկ հայրը` թռիչքների վերծանման գլխավոր մասնագետ։ Աննայի՝ աշխատանքի անցնելուց հետո ավիատորների ընտանիքն ավելի է մեծացել. ամուսինը՝ Կառլեն Բաբայանը, նույնպես ավիատոր է, Կառլենն էլ է ավիացիոն ընտանիքից։ Նա Աննայի հետ աշխատում է «Աշտարակ» կարգավարական կետում՝ ավագ կարգավար է։

«Ոչ մի թռիչք, վայրէջք երբեք նման չեն լինում իրար ու ամեն օր սովորելու ինչ-որ նոր բան ունենում ես, ցանկացած բան ավիակարգավարի համար չելենջ է՝ վատ տեսանելիությունը, անսարք օդանավը, իրեն վատ զգացող ուղեւորը, վթարային իրավիճակները։ Մենք պատկերացնում ենք, որ, ահա, օդանավը գետնավարումն արեց, գնաց թռավ, հասավ իր նշանակետին, ցանկացած ուղեւոր էդ պատկերն է տեսնում, բայց իրականում դա մեծ աշխատանք է ավիակարգավարի եւ օդաչուի կողմից, որովհետեւ մեր գետնավարման կարգավարը տալիս է թույլտվություն` հաշվի առնելով բոլոր խոչընդոտները, հաշվի առնելով տվյալ օդանավի առանձնահատկությունները, ճանապարհի տվյալներն ու տեղեկատվություն է հաղորդում»,- պատմում է Աննա Վարդանյանը։ 

Կարգավարների և հրահանգիչների աշխատանքն ուղևորները չեն տեսնում, բայց նրանք անում են ամենակարևորը՝ պատասխանատու են օդային երթևեկության ճիշտ կազմակերպման և անխափան պլանավորման համար, որպեսզի թռիչքներն իրականացվեն ժամանակին ու անվտանգ։ Կարգավարների և հրահանգիչների աշխատանքը պահանջում է մշտական կենտրոնացում՝ երբեմն նույնիսկ մի քանի օդանավի միաժամանակ տեղաշարժի կարգավորում։  

Գիշերային հերթափոխը բավականին ծանր է, սովորական ուղևորի համար դժվար է պատկերացնել՝ մառախուղ, եղանակային վատ պայմաններ, ամեն ինչ կարող է ազդել թռիչքի վրա։ Թռիչքների ղեկավար Գառնիկ Հարությունյանը 1990 թվականից աշխատում է ավիացիայի ոլորտում։ Ասում է՝ տարիների ընթացքում հասկացել է, որ գիշերային աշխատանքն ավելի ծանր է անդրադառնում մարդու առողջության վրա։ Սկսել է ավելի շատ հոգնել։ Երկարամյա փորձը ցույց է տվել՝ սկզբնական շրջանում մարդիկ դեռ չեն հասկանում, թե որտեղ են աշխատում և ինչ ծանր ու կարևոր աշխատանք են անում։ Ասում է՝ ավիացիայի ոլորտը բավականին լավ վիճակում է, լավ կարգավարներ ու օդաչուներ ունենք։ Ոլորտը զարգացնելու տեղ միշտ կա, բայց մասնագետները լավագույններից են։ 

Իրեն համար աշխատանքում ամենակարևորը ինքնավստահությունն է, ասում է՝ ամեն օր աշխատանքի գալիս պետք է վստահ մտնես ներս։

«Ես միշտ էսպես եմ մտածել, որ մարդն արթնանում է, առավոտ գնում է գործի, շատ վստահ պիտի գնա, չմտածի` հեսա գնացի, տեսնես ոնց է լինելու, ինչ կլինի, դժվար է, չգիտեմ ինչ, չեմ ուզում, ինքը պետք է լավ տրամադրված գնա, իր մոտ ամեն ինչ կստացվի, գործը պետք է որակով անել։ Կան, չէ՞, աշխատանքներ, որ լրջություն են պահանջում, սա դրանցից մեկն է, երբ ես էի սովորում, մենք հատուկ առարկա ունեինք՝ դիսցիպլինա (կարգապահություն-հեղ), էս գործի ամենակարևոր բաղադրիչն է, ամեն ինքնաթիռի նայելիս պիտի հասկանաս, որ դու պատասխանատու ես ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց համար»,- ասում է թռիչքների ղեկավար Գառնիկ Հարությունյանը։

Շեշտում  է՝ ավիացիայի ոլորտի աշխատակիցներին վերապատրաստելու համար միջոցներ չեն խնայվում։ Պարբերաբար վերապատրաստումներ են անցնում եվրոպական երկրներում։ Հարությունյանը թոշակի անցնել դեռ չի շտապում, բայց նշում է՝ գիշերներն աշխատելն արդեն զգալ է տալիս։

Քայլում ենք օդանավակայանում, նկատում ենք Աշխենին։ Նա ուղևորներից մեկին ժպիտով ինչ֊որ բան է բացատում, ապա վերադարձնում ուղևորի անձնագիրն ու ուղետոմսը և բարի թռիչք մաղթում։ Աշխեն Հարությունյանը օդանավակայանի տեղեկատուի աշխատակիցներից է։ Հարցնում եմ՝ դժվար չէ՞ բոլորի հարցերին ժպիտով պատախանել, միշտ բարեհամբույր սպասարկել։ Ասում է՝ լինում են դեպքեր, երբ ուղևորները կոպտում են, բայց ինքն աշխատում է այս սկզբունքով. մի ուղևորի փոխանցած բացասական լիցքերը չպետք է հաղորդել հաջորդ ուղևորին։ «Բոլորի հետ պետք է ջերմ լինել, քանի որ իրենք չգիտեն, թե իրենցից առաջ քեզ մոտեցած ուղևորն ինչ տրամադրություն է ունեցել և ոնց է խոսել հետդ»,- ասում է Աշխենը։

Աշխենը նաև ուսանող է, սովորում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Ուսման հետ համատեղում է աշխատանքը։ Ասում է՝ օդանավակայանը կյանքի լավ դպրոց է, շատ բան կարելի է սովորել, մտածում է՝ քանի երիտասարդ է, պետք է աշխատի ու գտնի իր համար լավագույն աշխատավայրը։

Լույսն աստիճանաբար բացվում է, օդանավակայան են գալիս գիշերային հերթափոխին փոխարինողները, որպեսզի ապահովեն ինքնաթիռների անխափան թռիչքները, որոնք երբեք մեկը մյուսի նման չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter