HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եւրոպան՝ բարենորոգումներուն աչքը, հայ ազգը՝ բարենորոգումներուն բազուկը... Սմբատ Բյուրատ (մաս 1)

Տիտանիկի զեյթունցի ուղևորը

Այդ օրը Սմբատ Բյուրատը տուն գնալուց առաջ մտավ «Ռոյթերս» գործակալության հեռագրատուն՝ օրվա արտասահմանյան լուրերն առնելու:

Առաջինը, որ կարդաց հետևյալն էր՝ «Տիտանիկը՝ մեռած»․ տեղափոխեցին հիվանդանոց: Նրա միտքը կիսված էր երկու մասի՝ Ատլանտյան օվկիանոսի սառը ջրերի մեջ կործանված նավի ուղևորների և իր ընտանիքի անդամների միջև, որոնց չգիտեր ինչպես հայտներ աղետի մասին:

Տիտանիկի կործանումն ամենաուղիղ առնչությունն ուներ նրա հետ: Այդ հսկա նավով դեպի Ամերիկա էր ճանապարհորդում որդին՝ Վաղինակը, հույս ունենալով, որ 47 հազար տոննա տարողություն ունեցող աշխարհի այդ ամենամեծ նավը, որն իր առաջին նավարկությանն էր դուրս եկել 1912-ի ապրիլի 10-ին, պիտի առոք-փառոք հասնի Ամերիկա: Սմբատը չգիտեր՝ ինչպես հայտներ այդ բոթը իր տիկնոջը և հարսին՝ Վաղինակի կնոջը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ուշաթափությունների արանքում, նա որոշեց՝ ինչպես պատճառաբանել իր տկարությունը:

«Քոյրս մեռաւ Զէյթունում»: Սմբատը Զեյթունցի էր, իսկական ազգանունը՝ Տեր Ղազարենց: 1895-ին, Համիդի օրոք, իր քաղաքական և հասարակական գործունեության պատճառով (հնչակյան էր) վտարվել էր Զեյթունից և երկար ժամանակ արգելք էր դրված ծննդավայր այցելության վրա: Թեև 1912-ին նա արդեն Զեյթուն-Մարաշից ազգային պատգամավոր էր ընտրվել և ազատ ելումուտի իրավունք ուներ: Ինչևէ՝ քրոջ երևակայական մահվան մասին լուրը հորինելով՝ նա մեծ հույս ուներ, թե կինը չի ասի. «Երթանք թաղմանը»: Հաջորդ քայլը, որ նա արեց՝ առերևույթ սգալով քրոջ մահը, բայց իրականում՝ որդու, տան վարագույրները սևով փոխարինելն էր և հոգեճաշ տալը՝ ի հիշատակ հանգուցյալի: Մեծ քաջություն և տղամարդկություն էր պետք այդ անտանելի ծանր գաղտնիքը հայտնի չանելու համար: Եվ Սմբատը հաջողեց: Նա պինդ մարդ էր: Եթե այդպիսին չլիներ, չէր կարողանա անել այն ամենը, ինչ արեց իր ժողովրդի համար:

Անեցիների հինավուրց տոհմի ժառանգը

Վերջապես, ո՞վ էր Սմբատ Բյուրատը և ինչով է արժանի երախտագիտության: Նրա տոհմը, սերում է Անիից: Տեր Ղազարենցները Անին թողած առաջին գաղթողներն են, որ ի սկզբանե բնակություն են հաստատել Կիլիկիայում: Եվ ահա 1862-ին՝ մարտի 3-ին, արդեն Զեյթունում ծնվում է Սմբատը: Մեծ հայրը քահանա էր Զեյթունի Բոզբայիր թաղամասում: Քահանայությունը ժառանգական առաքելություն էր Տեր Ղազարենցների տղամարդկանց համար: Եվ նա արդեն հաշվարկով 19-րդն էր: Սմբատը ընտրել էր այլ ճանապարհ՝ բանասիրական-մանկավարժականը: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը եղավ իր առաջին դպրոցը, այնտեղից էլ մեկնեց ուղիղ Փարիզ՝ Սորբոնի համալսարանի մանկավարժական բաժնում ուսում առնելու: Բյուրատի անունն այնքան էլ հայտնի չէ ժամանակակից արևելահայ հասարակությանը: Մինչդեռ նրա կատարած գործը և նպաստը հայության խնդիրների լուծման համար շատ մեծ են: Նա մեզ թողել է հազարավոր էջեր արևմտահայ իրականության և, հատկապես, Զեյթունի, Սասունի գոյամարտերի մասին պատմող վավերագրություններ, որտեղ ոչ միայն պատմական իրադարձություններն են ներկայացված ականատեսի և դրանց մասնակցի վկայությամբ, այլև կան շատ կարևոր ազգագրական և կենցաղային մանրամասներ թե՛ հայ , թե՛ հայերի հետ առնչություն ունեցող մյուս ազգերի և ցեղերի ներքին կյանքի մասին՝ լինեն իսլամ կամ քրիստոնյա: Այդ բազմահազար էջերը պարունակում են ոչ այնքան գրական-գեղարվեստական, որքան փաստավավերագրական արժեք ներկայացնող նյութեր: Մի խոսքով, Բյուրատն արդեն 19 տարեկանում իր հայրենիքում սկսում է բուռն ազգային-հասարակական գործ. Կիլիկիայի տարբեր քաղաքների դպրոցներում տնօրենի պաշտոն ստանձնում, Մարաշում հիմնում «Կիլիկիոյ պահապան» ընկերությունը և իրագործում շատ կարևոր և գաղտնի գործ՝ հայ բնակչության մարդահամարը:

Սահմանք քաջաց զէնն իւրեանց

1880 թվականն էր, երբ Սմբատը վերցնում է Բյուրատ կեղծանունը, և այն մինչև հիմա փոխանցվում է սերնդեսերունդ: Անունը փոխանցվում է, բայց ահա Զեյթունի իրենց տունը՝ ոչ: Ոչ էլ Զեյթունն ընդհանրապես: Նախ 1887թ․ հուլիսի 26-ի սոսկալի հրդեհը, որ հրահրված էր թուրք իշխանությունների կողմից, ավերում է այս անառիկ քաղաքը, որը դեռ 1880-ականների սկզբից միշտ ըմբոստացել է թուրք իրականության դեմ և հաղթող դուրս եկել: Թուրքերը զինված ուժերով չկարողացան կոտրել Զեյթունի մեջքը և հրդեհեցին այն: Բայց միևնույն է, դա ևս չընկճեց քաջ զեյթունցիներին: Զեյթունը կամ ինչպես ասում են զեյթունցիները, Զեթունը, փառահեղ ինքնապաշտպանությամբ կարողացավ պահել իր կիսանկախ կարգավիճակը: Հայությունը, մտավորականները ոգևորված էին զեյթունցիների քաջությամբ: Զեյթունի ինքնապաշտպանությունը հուսադրեց համայն հայությանը: Այստեղից եկող լուրերն ուղղակի արթնացրին նաև Ռուսաստանի հպատակության տակ թմրած հայերին: Զեյթունը լցրեց մեր պատմությունը հաղթական փառավոր էջերով: Բայց 1915-ին ընկավ:    

Սպանության նոր միջոց՝ պատվաստանյութ

1890-ականներին, չկարողանալով զեյթունցիների հախից գալ, թուրքերը ծրագրեցին ապագայի պլանը՝ 10-15 տարի առաջ նայելով: Մարաշի կուսակալը Զեյթուն եկավ մի հեքիմի հետ՝ ինչ-որ վտանգավոր հիվանդության դեմ երեխաներին պատվաստելու պատրվակով: «Հէքիմ Ապոճան, իսկական անունը՝ բժիշկ Յակոբ Գալբագճեան՝ պայթուն աչքերով ու խոշոր, անճոռնի քիթով այս զանգուածը, խոնարհած մտիկ կ’ընէր ու աչքին առջեւ կը փնտռէր իրեն յանձնուելիք անմեղ կեանքերուն մէկիկ-մէկիկ անհետացման եղերական տեսարանը…»,- գրում է Բյուրատը «Բանտէ բանտ» վեպում: Երկուսից ութ տարեկան միայն մանչուկներ և միայն ազգությամբ հայ, իրենց հայրենակից բժշկի ձեռքով ստացան պատվաստանյութը: Հաջորդ օրվանից արդեն քաղաքը մտավ սգի մեջ: 554 երեխա թաղվեց Զեյթունում: Հակոբ Գալբագճեան անունով դավաճան բժիշկ-եղեռնագործը չնչին գումարի դիմաց փչացրեց «պատերազմիկներուն ընտիր սերունդ մը…»:

Հրդեհից առաջ Բյուրատը Հայոց միացյալ ընկերության 36 դպրոցների ընդհանուր տեսուչն էր: Հրդեհից հետո թողնում է Զեյթունը և անցնում Կոստանդնուպոլիս՝ Գրիգոր Զոհրապի, Հրանտ Ասատուրի և Եղիա Տեմիրճիպաշյանի հետ հրատարակելու «Երկրագունդ» պարբերականը: Զեյթունից հեռանալու իրական պատճառը իր և տեղի թուրք իշխանությունների միջև ծագած լուրջ տարաձայնությունն էր: Ինչևէ, նա մեկնեց Պոլիս, բայց մինչ 1895-ին թուրք կառավարողների կողմից persona non grata հայտարարվելը, դեռ առիթներ կունենա Զեյթուն վերադառնալու:

Եվդոքսիան. Բյուրատի միակ սերը

Սմբատը մինչև Պոլիս մեկնելն արդեն ամուսնացած էր Խասգյուղի Գալֆայան որբանոցի վարժուհի Եվդոքսիա  Շիշմանյանի հետ և ուներ մեկամյա որդի՝ Վաղինակ անունով, այն նույնը, որ հետո պիտի հայտնվեր Տիտանիկի վրա: Իսկ առայժմ Վաղինակը մեկ տարեկան էր և ծնողների հետ ստիպված էր ապրել մե՛կ այս, մե՛կ այն քաղաքում: Պատճառը աշխատանքն էր և ազգային պարտավորությունը, որ ուներ ընտանիքի հայրը՝ Սմբատը, և, անշուշտ, հայի դեգերող ոգին: Սմբատն ուսուցիչ էր, և իր պարտքն էր դպրոցներ հիմնել և ղեկավարել: Այդպես նա վարվեց Թրակիայում, հետո՝ Սամսոնում և այլուր: Եվ ամենուրեք երեխաներն ու նրանց ծնողները ուսուցչին  կոչեցին «Յարգելի էֆէնտի»: Հարգելի էֆենդի Սմբատը միայն մանկավարժությամբ չէր զբաղվում, թեև դա նրա  կոչումն էր ի վերուստ: Ժամանակները, ազգային և քաղաքական դրությունը նրան, ինչպես և գրեթե բոլոր մտավորականներին, ստիպեցին զբաղվել նաև այլ հարցերով: Նա հարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը: Եվ իր քաղաքական գործունեության պատճառով էլ Զեյթուն մեկնելու ճանապարհին՝ Մարաշում, ձերբակալվեց: Դա 1890 թվականն էր, և առաջին ձերբակալությունը: Ընդ որում նա բանտ նետվեց իր կնոջ՝ Եվդոքսիայի հետ:

Ծնունդ բանտում

Եվդոքսիան սպասում էր երկրորդ երեխային: Տարիներ անց այս և մյուս բանտարկությունների մասին Բյուրատը պատմեց իր «Բանտէ բանտ» փաստավավերագրության մեջ: Մարաշում ձերբակալվելուց չորս ամիս անց բանտում լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ զավակը՝ Հայկ-Լևոնը: Բյուրատն իր կնոջ հետ Մարաշի բանտում մնաց 1,5 տարի, առանց դատավարության: Եվ առանց դատավարության նրանք երկուսով ենթարկվեցին դաժան կտտանքների: Հետո Մարաշից տեղափոխեցին Հալեպ: Այստեղ դատարանը Բյուրատին ազատազրկեց 5 տարով, կինը՝ Եվդոքսիան, արդարացվեց և որդու հետ դուրս եկավ բանտից: Իր հետ թվացյալ ազատություն տարավ ոչ միայն կարոտը և անհանգստությունը ճաղերից այն կողմ մնացած ամուսնու մասին, այլև կտտանքների հետևանքով ստացած առողջական լուրջ խնդիրները, որոնք շուտով հանգեցրին տեսողության կորստի: Բայց, հակառակ որ օրըստօրե աչքի լույսը թուլանում էր, նա իր ընտանիքը պահելու համար ստիպված կարուձև էր անում: Եվդոքսիան դերձակության արհեստին հրաշալի էր տիրապետում: Թուրքական տիրապետության տակ գտնվող Հալեպում տիկին Շիշմանյան-Բյուրատը կար էր անում, և ամեն անգամ մկրատ շարժելիս կամ ասեղ թելելիս միտքը սավառնում էր այնտեղ, որտեղ իր սիրելի ամուսինն է: Եվդոքսիան շուտով ելքեր գտավ կապ հաստատելու ամուսնու և դրսի աշխարհի միջև: Սուլթանական Թուրքիայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները և հյուպատոսները քաղբանտարկյալների հարցերով սկսեցին Համիդի վրա ճնշումներ գործադրել: Բանտ-միջազգային ատյաններ հեռակա կապը ապահովելու համար Բյուրատները գաղտնի գործարքի մեջ ներքաշեցին անգամ իրենց ավագին՝ Վաղինակին: Նրանք երկար-բարակ մտածելու ժամանակ չունեին: Այդ պահին արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ամենահարմար միջնորդը որդին էր, թեկուզ և նրա կյանքին կարող էր վտանգ սպառնալ: Բայց այն վտանգը, որ սպառնում էր հատկապես Զեյթունին ավելի ահավոր էր:

Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել քաղաքակրթությանը․ Ու. Գլադստոն

Եվ այսպես՝ զեյթունցի բանտարկյալներին մահապատժից փրկելու համար կալանավոր Բյուրատը որոշեց ամեն գնով կապ հաստատել Մեծն Բրիտանիոյ վարչապետ լորդ Գլադստոնի հետ: Այդ հարցում նրան պետք է օգներ Թագավորության հյուպատոսարանի թարգման Նիկողոս Տեր Մարգարյանը: Վերջինիս կինը անգլուհի էր և մեծ գործ էր արել դեսպան Ֆիլիպ Քըրրիին իրազեկելու թուրքերի վայրագությունների մասին և Համիդից որոշ զսպվածություն պահանջելու ուղղությամբ: Ինչևէ, հիմա Բյուրատը որոշել էր նամակ ուղարկել բրիտանական կառավարություն: Ինչպե՞ս այն պետք է դուրս հանվեր բանտից: Սա մի մեծ հարց էր, որ պետք է շուտափույթ լուծում գտներ: Եվ այն գտնվեց: Անգամ լուծման 2 տարբերակ: Եվ այսպես, առաջին՝ բանտի խոհարարը հայ ամբաստանյալ էր՝ Գրիգոր անունով: Այստեղ նա հայտնի էր Գուգուր անվամբ: Գուգուրն արգելափակվել էր այն բանից հետո, երբ մի հայուհու պատվի վրա բռնացող ինչ-որ թուրք էր սպանել: Նա ամենևին չէր զղջում իր արածի համար՝ այն համարելով տղամարդկային և հայրենասիրական: Գուգուրը երբեմն բանտարկյալների համար միջով քէօֆթէ էր պատրաստում: Դա զեյթունցիների ամենից սիրելի ուտելիքն էր: Բյուրատը մետաքսե բարակ պապիրուսի թերթերի վրա ֆրանսերենով գրում է տեղեկագրեր՝ նկարագրելով զեյթունցիների վիճակը, փաթաթում մոմլաթի մեջ, տեղավորում քէօֆթէի մեջ, ուղարկում տուն՝ կնոջը: Եվդոքսիան էլ դրանք հանում էր և տանում Նիկողոս Տեր Մարգարյանին՝ հյուպատոսի թարգմանին, սա էլ հանձնում էր հյուպատոսին, վերջինս բանտից դուրս եկած տեղեկագիրը դիվանագիտական խողովակով ուղարկում էր Գլադստոնին: Այսպես Զեյթունի իրավիճակի, բանտարկյալների և Համիդի ոճիրների մասին ոչ պաշտոնական միջոցներով տեղեկանում է Մեծն Բրիտանիոյ կառավարությունը: Հետաքրքրականն այն է, որ լորդ Գլադստոնը պատասխանում է Բյուրատին՝ նրան հուսադրելով, թե կհոգա քաղբանտարկյալների հարցը: Եվ չի ստում: Գլադստոնը ստեղծում է Անգլո-հայկական ընկերակցություն ևբրիտանական հասարակության շրջանում տարածում հայանպաստ տրամադրություն: 1895-ին Թուրքիայում Թագավորության դեսպանի միջոցով նա ճնշում է գործադրում Համիդի վրա: Արդյունքում՝ համաներում է շնորհվում զեյթունցի քաղբանտարկյալներին: Իսկ թե ինչպես էին լորդի պատասխան նամակները հանձնվում Բյուրատին, կպատմի Վաղինակը՝ Բյուրատի մեծը, հետագայում Տիտանիկի հայ ուղևորը:

Գաղտնի գործողություն․ «ուֆֆ, ուֆֆ»

Վաղինակը դառնում է բանտ-հյուպատոսություն գաղտնի կապի երկրորդ միջոցը, առաջինը, ինչպես հասկացանք, Զեյթունի միջով քէօֆթէն էր: Եվ այսպես, հիշում է Վաղինակը՝ այն ժամանակ հազիվ 9 տարեկան:  «Մայրս ինձ վարժեցրել էր, երբ հօրս տեսութեան էինք գնում, ասում էի նրան. «Պապա, փորս ուֆֆ կ’ըլլայ»: Հայրս հասկանում էր եւ, ինձ զուգարան տանելով ու փորիս վրայ կապուած գրութիւնները վերցնելով՝ նոր տեղեկագրեր էր զետեղում փորիս»:

Բայց շուտով մի հայի մատնությամբ Բյուրատի խցում հայտնաբերվում են վարչապետ Գլադստոնի պատասխան նամակները: Բյուրատին մեկ ամիս էր մնում բանտից դուրս գալու համար: Նրա ժամկետը երկարացնում են ևս 5 տարով: Բայց վարչապետի ջանքերով ձեռք բերված համաներումը տարածվում է նաև Սմբատ Բյուրատի վրա: Սկսվում է նրա կյանքի նոր փուլը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Ամալյա
Այն բացը, որ ունենք հայ երախտախորների գործունեության մասին, հատկապես անցյալ դարի վերաբերյալ, Ն.Թուխիկյանը լրացնում է։ Եվ դա հեղինակն անում է գեղարվեստորեն, ճշմարիտ ու հոգեհարազատ ոճով։ Անչափ զգացված եմ՝ բոլոր ընթերցողների անունից։
Կարինե Պողոսյան
Շնորհակալ եմ Հոդվածի համար: Վաղինակ Բյուրատի մասին լսել էի դեռ վաղուց մորիցս, որը ուսանել է Երևանի թիվ 90 դպրոցում / իր ուսանած տարիներին` Շահումյանի 2-րդ դպրոց/ : Հենց այդ դպրոցի գրադարանավարն էլ եղել է Բյուրատը: Մայրս միշտ ցավով էր նշում, որ տեղացի երեխաները /մերոնք 46-ին հայրենադարձվածներից էին, ու 50 ականներին դեռ շատ զգալի է եղել տեղացի-ախպար տարբերակումը/ Վաղարշակի ետևից ձայնարկում էին` Տիտանիկ Տիտանիկ,, ինչից Վաղարշակի պաշտպանության միջոցը միայն դրանց ետևից մի քանի քայլ անելն ու ձեռքերն օդում թաձահարելն է եղել:Ցավում եմ, բայց Վաղարշակը տարիներ շարունակ պայքարել է ինքն իր անցյալի ու ներկայի հետ,.. Հայու սարսափելի ճակատագիր: Մորս բոլոր համադասարանցիները հիշում էին Վաղարշակ Բյուրատին, , ուրախությամբ տեղեկացան հոդվածի մասին, ու իմ անդրադարձը նաև նրանց արձագանքների ամրագրումն է: Արդյոք վատ չէր լինի, որ ներկայումս Զատիկյանի անունը կրող այդ դպրոցում հայր և զավակ Բյուրատների, ինչպես նաև մեկ այլ Վանեցու`"Անմար կրակներ" գրքի հեղինակ նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մկրտիչ Սարոյանի մասին պատմող անկյուն լիներ, ինչր կդառնար նրանց փաստացի հետքը դպրոցի սաների կրթության ճանապարհին: Ձեզ լավ օր....
Սոս
Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter