
«Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Ինեկոբանկ». 2024թ. ամենամեծ շահույթ ստացած բանկերը Հայաստանում
2024 թվականին Հայաստանի 18 առևտրային բանկերը միասին 363 մլրդ դրամի շահույթ են ստացել։ Հայաստանի բանկերի միության հաշվարկներով՝ 2023-ի համեմատ բանկային համակարգի շահույթն ավելացել է 137 մլրդ դրամով կամ 61%-ով։
Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի դիտարկմամբ, բանկային համակարգի շահույթի աճն այսքան մեծ չէր լինի, եթե 2023 թվականին բանկերը արցախահայերի բռնի տեղահանումից հետո ակտիվներ դուրս գրած չլինեին։ Նշված տարում շահույթն ավելի բարձր կլիներ և, մեխանիկորեն, 2024-ի աճը 2023-ի համեմատ ավելի համեստ կլիներ։
«2023 թվականին արցախյան հայտնի դեպքերից հետո բանկերը մեծ ակտիվներ դուրս գրեցին, մոտ 80 մլրդ դրամի չափով վնասներ կրեցին, և այդ վնասները տարվա վերջում ազդեցին բանկերի շահութաբերության վրա։ Նույնիսկ, երկու բանկ տարին ավարտել է վնասով։ Եթե այդ գումարները դուրս չգրվեին, ապա 2024-ին նախորդ տարվա համեմատ աճը կկազմեր մոտ 10%»,- փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դանիել Ազատյանը։
Բանկերի ֆինանսական հաշվետվությունները, որոնցից «Հետք»-ն առանձնացրել է շահույթի ցուցանիշները, վկայում են, որ 2023 թվականը երկու բանկ է վնասով փակել՝ «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը։ 2024-ին նրանք ևս շահույթով են աշխատել։
Ամենամեծ շահույթը ստացել է «Արդշինբանկ»-ը՝ մոտ 133 մլրդ դրամ։ Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ բանկի շահույթը 2.2 անգամ աճել է։
Ամենամեծ շահույթը ստացած հաջորդ բանկը «Ամերիաբանկ»-ն է՝ 60 մլրդ դրամի շահույթով և 30% աճով։
Եռյակը եզրափակում է «Ինեկոբանկ»-ը՝ 29 մլրդ դրամի շահույթով, որը նախորդ տարվա համեմատ 11%-ով աճել է։
Հնգյակում են նաև «Ակբա բանկ»-ը (28.4 մլրդ դրամ) ու «ԱյԴի բանկ»-ը (15.8 մլրդ դրամ):
Նշված բանկերը բարձր հորիզոնականներում են նաև կապիտալի, վարկերի, ավանդների և այլ ցուցանիշների գծով։
Բանկային համակարգի շահույթի վերաբերյալ այս ինֆոգրաֆիկայում առանձնացված չէ HSBC-ն (Բանկերի միության հաշվարկներում այն ներառված է)։ Հիշեցնենք, որ 2024 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռք բերման գործընթացի ավարտի մասին։
2024-ին Հայաստանի բանկային համակարգը աճ է գրանցել ոչ միայն շահույթի, այլև՝ ակտիվների, կապիտալի և վարկերի ցուցանիշներով։
Ակտիվներն աճել են 20%-ով
Բանկերի միության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 1.8 տրլն դրամ։ Նախորդ տարվա վերջի համեմատ այն աճել է 20%-ով կամ 300 մլրդ դրամով։
Համակարգի ակտիվները ևս 20%-ով աճել են՝ կազմելով 11 տրլն դրամ։
Ինչպես ավելի վաղ գրել ենք, վարկերի ծավալը ևս աճել է։ Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում 6.4 տրլն դրամի վարկեր կան։ Այս ցուցանիշը մեկ տարի առաջվա համեմատությամբ աճել է 24%-ով։ Հատկապես արագ աճում են սպառողական, հիփոթեքային և շինարարությանը տրվող վարկերը։
- Դանիել Ազատյան. «Սպառողական վարկերի աճը պայմանավորված է ֆիզիկական անձանց եկամուտների աճով»
- Սպառողական և հիփոթեքային վարկերը՝ աճի առաջատարներ. ինչո՞ւ չեն իջնում տոկոսադրույքները
Ավելացել են նաև ավանդները, որոնք համարվում են բանկերի պարտավորությունների մի մասը։ Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականին ավելացել են շուրջ 20%-ով՝ կազմելով 9.2 տրլն դրամ։
Եվ, մասնավորապես, ավանդներն ավելացել են 14%-ով՝ կազմելով 6.5 տրլն դրամ։
Մեկնաբանել