
Եւրոպան՝ բարենորոգումներուն աչքը, հայ ազգը՝ բարենորոգումներուն բազուկը... Սմբատ Բյուրատ (մաս 3)
Միսիս Աստորը՝ Նյու Յորքի 5-րդ ավենյուից
Տղամարդկանց փրկության՝ գրեթե ոչ մի հույս: Եվ երկու, արդեն ընկերացած երիտասարդները որոշեցին իրենց գլխի ճարը տեսնել: Խեղդվել` խեղդվել, գոնե փրկվելու փորձ անելով, այլ ոչ թե սպասելով մինչև նավը վերջնականապես կսուզվի: Վաղինակն իր անձնագիրը և ունեցած դրամը՝ 43 ստերլինգ, դրեց ռետինե ծրարի մեջ, կախեց պարանոցից ու նետվեց Ատլանտյանի սառը ջրերի մեջ: Ֆրանսիացին՝ նույնպես: Մոռեն լողալ էր սովորել Պիավե գետում՝ Իտալիա, իսկ Վաղինակը քանի-քանի անգամ էր հաղթահարել Բոսֆորի ջրերը: Վերջին բանը, որ տեսավ Վաղինակ Բյուրատը, նավի վերջնական կործանումն էր: Մինչ հրաշք տեղի կունենար և ուշակորույս Վաղինակը կհայտնվեր փրկարար նավակում, «Ռոյթերս»-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Տիտանիկը կործանվել է, հասնում է նաև Պոլիս… Իսկ Վաղինակն էլ հասնում է Նյու Յորքի հիվանդանոց, ավելի ճիշտ` հասցնում են: Հիսունն անց սևազգեստ մի կին՝ Բյուրատ-Բյուրատ կանչելով, բացում է հիվանդասենյակների դռները: Գտնում է Վաղինակին: Երջանկացած փաթաթվում է նրան և նույնությամբ հանձնում վերջինիս անձնագիրը և 43 ստերլինգը: Այդ կինը Նյու Յորքի 5-րդ ավենյուի 18 տան բնակչուհի միսիս Աստորն էր: Նա էր Տիտանիկի հայ ուղևորին փրկողը: Տիկնոջ ամուսինը խեղդվել էր նույն այդ աղետի ժամանակ, բայց նա սիրտ էր ունեցել փրկարար նավակի մեջ առնելու մեռնող մի երիտասարդի՝ նավակի վախեցած և չարացած ուղևորներին խաբելով, թե իր որդին է, և թույլ չի տա, որ նա էլ հոր նման ջրասույզ լինի՝ իրեն միայնակ և դժբախտ թողնելով: Վաղինակ Բյուրատը հաջողակ մարդ էր: Սա առաջին դեպքը չէր, որ նա չոր էր դուրս գալիս արկածից: Չնայած այս անգամ մի լավ թրջվել էր, բայց մեծ հաշվով չոր էր մնացել: Շուտով նա իմացավ, որ իր գործը մեծ քայլերով առաջ է գնում Բոսթոնում: Մինչ ինքը կենաց ու մահու պայքար էր տալիս ալիքների հետ, «Ժամանակակից մատենաշար»-ի հատորները արագորեն սպառվում էին գրախանութներում: Ամերիկահայությունը հետաքրքրված էր ազգային գրականությամբ և պատմագրությամբ: Ամերիկյան ոդիսականից Վաղինակ Բյուրատը շահեց 3620 դոլար գրքերի վաճառքից և 200 դոլար էլ օգնություն ստացավ «Ուայթ Սթար լայնի» կողմից: Հրաշալի հաջողություն: «Բայց Ամերիկան աչքիս փուշ էր երևում»,- գրում է Վաղինակը: Նա վերադարձավ Պոլիս՝ հոր հետ հրատարակչական մեծ ծրագրեր իրականացնելու, նաև այլևս նավ չնստելու ներքին մի որոշմամբ:
Վաղինակ Բյուրատ
Հրատարակչական գործն առաջադիմեց, բայց Վաղանակը ստիպված էր մեկ անգամ էլ նավ նստել՝ այս անգամ իր ընտանիքով: Նավի անունը էլի «T» տառով էր սկսվում՝ «Տրանսիլվանիա»: Բայց շարժվում էր այլ ուղղությամբ՝ դեպի Խորհրդային Միություն՝ Հայաստան: Գառնի, Երևանի Արաբկիր 6-րդ փողոցը, ապա՝ Մալաթիա թաղամասը: Բայց մինչ հայրենադարձությունը, դեռ շատ բան պիտի անցներ Բյուրատների ընտանիքի գլխով: Բավական է միայն 1915 թվականը…:
Ե՛ս եմ...
Ապրիլի 24-ին հայր և որդի՝ Սմբատը և Վաղինակը, գնացին Խասգյուղի նավամատույցի սրճարան: Սմբատն անտանելի ծանր հոգեվիճակի մեջ էր: Մատուցողը երկու սուրճ և նարգիլե բերեց: Սմբատը Վաղինակին խնդրեց բացել ծովահայաց պատուհանը՝ ասելով՝ …գուցե դա ծովի օդ շնչելու իր վերջին հնարավորությունն է: Եվ չսխալվեց: Խոսելը չէր գալիս: Նա տեղյակ էր արդեն լուսադեմին կատարված համատարած ձերբակալությունների մասին: Քիչ անց ներս մտավ երկու թուրք և սրճարանատիրոջից հարցրին, թե որ մեկն է Սմբատ Բյուրատը: Սրճարանատերը պատասխանեց, որ չի ճանաչում: «Ե՛ս եմ»,- լսվեց Սմբատի ձայնը: Նրան քաղբանտարկյալների քարավանով աքսորեցին Այաշ:
1915թ. 3 մայիս «...Շատ լաւ գիտեմ, որ արդարութիւնը ուշ կամ կանուխ երեւան գալով՝ անմեղութիւնս պիտի հաստատուի»:
1915թ. 9 մայիս «Իմ խիղճս հանգիստ է»:
1915թ. 12 մայիս «Սիրելի ամուսինս և սրտահատոր զաւակներս՝ Վաղինակ և Հայկ Լեւոն: Առողջ եմ և կը յուսամ, որ արդարութիւնը երեւան կ’ելնէ և ես կ’ազատուեմ: Զաւակներս, խեղճ եւ աչից զրկուած մայրիկին …մխիթարէք. իմ ամբողջ ցաւը և հոգս նրա համար է»:
Օգոստոսին Սմբատ Բյուրատը սպանվեց:
Տակավին չիրականացված պատգամը
«Եթէ չսթափվինք, չթօթափենք անտարբերութեան փոշին, եթէ չշարժինք, չգործենք, մեր իսկ ձեռքով մեր գերեզմանը փորած պիտի ըլլանք և կը կնքենք մեր գերեզմանին կափարիչը: Եւրոպան՝ բարենորոգումներուն աչքը, հայ ազգը՝ բարենորոգումներուն բազուկը, ահա մեր հաւատամքը: Յոյսով կռուեցանք և նահատակուեցանք, հաւատքով գործեցինք, որպէսզի դրախտի մը վերածենք երկրաւոր այն դրախտը, որ ՀԱՅԱՍՏԱՆ կը կոչուի»,- գրված է Սմբատ Բյուրատի՝ Թեոդիկին, 1914-ին ուղարկած նամակում:
Հայերին չհաջողվեց դրախտի վերածել Հայաստանը, և թուրքերն այն վերածեցին դժոխքի: Հոր նահատակությունից չորս տարի անց՝ 1919-ի մարտի 27-ին, Վաղինակը, զսպելով ներքին լարումը և հույզերը, գնում է Այաշ: Մտնում այն շենքը, որ 1915-ին վերածված էր բանտի: «Պատերն ամբողջովին ծածկուած էին մեր անմահ նահատակների գրութիւններով: Հօրս ձեռքով գրված էր. «Այո, վստահ եմ, որ մենք սպաննուելու ենք. սակայն այս պատերազմի վախճանը յայտնի է. թուրքը շատ բան պիտի կորցնէ, հայ ազգը չի պիտի մեռնի. 1915, օգոստոս 14, Այաշ»:
Թուրքը առայժմ ոչինչ էլ չի կորցրել: Հակառակը՝ շահել է հողեր, իրենով արել իր հետ ոչ մի կապ չունեցող հայկական քաղաքակրթությունը, գեղեցկացրել իր ցեղը՝ առևանգած և բռնի իսլամացրած հայերի և հայուհիների շնորհիվ և, վերջապես, կերտել ու ամրապնդել այն, ինչի մասին երազում էր՝ Թուրքական պետությունը: Բայց ամենակարևորը՝ իր սերունդների մեջ սերմանել է ինքնագնահատականի և ազգային պատկառանքի մեծ զգացում: Թեկուզ սարքովի: Եվ դարասկզբին հորինված սուտը տասնամյակների ընթացքում նոր սերունդների գլխում դրոշմվեց իբրև միակ ճշմարտություն: Իսկ իր բնօրրանի վրա հազարամյակներ ապրած և ստեղծագործած հայերը մնացին ձեռնունայն, կամ էլ ընդհանրապես չմնացին:
Մահից առաջ որդիներին ուղղած նրա միակ խնդրանքն էր. «Զիս մի խորհիք, ձեռագրերս փրկեցէք»: Չէ որ այդ ձեռագրերի մեջ հայ ժողովրդի պատմության վավերագրություններն են: Բացառիկ պատմագիտական արժեք ներկայացնող տվյալներ և իրողություններ: Վաղինակը փրկեց դրանք՝ կաշառքով: Փրկեց նաև հայ կյանքից բազմաթիվ կարևոր և հուզիչ դրվագներ, որ տեղի են ունեցել ցեղասպանությունից առաջ և հետո: Թերևս ամենից բացառիկը թզբեհի պատմությունն է:
Խաղալիք՝ հրեշտակատեսիլ հիսուն աղջիկներից...
1942թ.-ին Վաղինակը Արամյան դպրոցի ուսուցիչ էր Սիրիայի Ռաքքա գյուղաքաղաքում: Նոյեմբերի 16-ին հրավիրվում է Թահլա գյուղ՝ շեյխի տուն, բայրամի տոնի առիթով: Այդ օրը շեյխը նաև բանակցելու էր Վաղինակի հետ՝ որդուն ֆրանսերեն սովորեցնելու հարցի շուրջ: Հրավիրված էին նաև այլ հյուրեր և ֆրանսիացի մի կապիտան: Ճաշից հետո հրամցվեց լեղի սուրճ, ինչպես գրում է Վաղինակ Բյուրատը: Սրճախմության ժամանակ Վաղինակը նկատեց, որ շեյխ Ահմատ Էլ Խալաֆը ձեռքի մեջ տենդագին մի թզբեհ էր շարժում: Խնդրեց այն և ինքը սկսեց համրել: Հիսուն զույգ էր.
«Զարմանալին այն էր, որ այդ հատիկները ո՛չ սաթ էին եւ ո’չ ձիթապտղի կուտերէ շինուած էին. ռետինի նման կակուղ, կարծես չորցուած մսի բեկորներ ըլլային: Շէյխին դառնալով՝ հարցուցի, թե ինչէն պատրաստուած է այս թեզպիհը: Շէյխ Ահմատ էլ Խալաֆի դեմքը զուարթացաւ, աչքերը սկսան վառուիլ և ինձ դառնալով ՝ ըսաւ.
-Այս թեզպիհը քանի շարժեմ, կարծես կ’երիտասարդանամ, նոր կեանք կու գայ վրաս, իմ նախկին արկածներով լեցուն կեանքս կը վերյիշեմ: Այս հատիկները իմ սիրած ու վայելած հուրիներու՝ հրեշտակատեսիլ յիսուն աղջիկներու ստինքներից են: Հաճոյքիս եւ յիշատակի համար անոնցմէ այս թեզպիհը շինել տուած եմ:
«Արիւնը սառեցաւ երակներուս մէջ, աչքերսը մթնեցան, կերածս հացը քթէս-բերնէս եկավ… Ամբողջ գիշեր մղձաւանջային նոպաներու մէջ չարչարուեցայ, մինչև լոյս մտասեւեռումս շէյխին դժոխային գործն էր: Ի՛նչպէս էր մտայղացել այսպիսի անօրինական ոճիր: Հայկական տարագրութեան շատ ու շատ եղերական դրուագներ լսած էի. մանաւանդ Տիգրանակերտ քաղաքի և շրջակայ գիւղերուն մէջ տեղի ունեցած անլուր եւ դժոխային ոճիրներ: Կը մտածէի վրէժի մասին»:
Աստծոյ չըրածը դուն ես ըրեր...
Եվ Վաղինակ Բյուրատը լուծեց վրեժը իր երկու ընկերների հետ: Ճաշկերույթից երեք օր անց եկավ շեյխի տուն՝ նախապես իմանալով, որ նա մենակ է իր սպասավորի հետ: Իր այցի նպատակը նա բացատրեց շեյխի որդու հետ ֆրանսերեն պարապմունքներն արդեն սկսելու անհրաժեշտությամբ: Իբր չգիտեր, որ տղան մի քանի օրով մեկնել էր գյուղից: Երկու ընկերները, արտաքնոց տանելով, խեղդամահ արին սպասավորին, իսկ հետո էլ՝ շեյխին: Նրա ձեռքին թզբեհն էր: Երիտասարդներն այն վերցրին և հեռացան: Այդպես էլ ոստիկանները չկարողացան պարզել այդ սպանության դրդապատճառը, չէ որ ոչինչ գողացված չէր ոսկեղենով և անգին գոհարեղենով լեցուն այդ տանից: Վաղինակը ասում էր, որ մեկ տարի անց թզբեհը հանձնել է Բեյրութի Կիլիկիոյ կաթողիկոսական տեղապահ Եղիշե Կարոյեանին և Խադ Աջապահեանին: Նույն կիրակի` Աստվածածնի տոնին, նաև Սուրբ պատարագ և հոգեհանգիստ է մատուցվել նահատակ այդ կանանց հիշատակին, և Բեյրութի հայկական Մայր տաճարի Նահատակաց մատուռում ի պահ է տրվել թզբեհը: Ինչ վերաբերում է կատարած մարդասպանությանը, ապա Կարոյեան սրբազանը Վաղինակին ասել է. «Աստծոյ չըրածը դուն ես ըրեր, երիցս ներուած ես»:
Ներգաղթ
Շեյխի սպանությունից հինգ տարի անց Վաղինակը ընտանիքով՝ 2-րդ տիկնոջ՝ Բերսաբե Միդինյանի, իրենց միակ զավակի՝ Սմբատի և Բերսաբեի՝ առաջին ամուսնությունից ծնված 12 զավակներից ողջ մնացած Արամ որդու հետ ներգաղթեց Հայաստան: Բերսաբեի ողջ մնացած դուստրը՝ Արաքսին, արդեն ամուսնացել էր:
Բերսաբե, Հայկ և Վաղինակ
Նախ ապրեց Գառնիում, ապա Երևանի Նոր Արաբկիր, հետո էլ՝ Մալաթիա թաղամասերում: Երևի կլինեն մարդիկ, որ դեռ հիշում են նրան, նաև հիշում են, որ թաղի չարաճճի երեխեք Վաղինակի հետևից կանչում էին «Տիտանի՜կ, Տիտանի՜կ»: Վստահաբար չիմանալով այս մարդու կյանքի դժվար, բայց և հերոսական մանրամասների մասին: Չիմանալով, որ ում հոգու հետ որ խաղում էին, Վենետիկի Մխիթարյանում ուսանած, իտալերեն, լատիներեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն հրաշալի իմացող Վաղինակն է, Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո»-ի արևմտահայերեն, և ընդհանրապես հայերեն, առաջին թարգմանիչը: Անգամ նրանք, այն 3-ը, ովքեր տարին անց այս արկածային վեպը արևմտահայերեն թարգմանությունը փոխադրեցին արևելահայերենի, հարկ չհամարեցին նշել Վաղինակ Բյուրատի անունը:
Ինչևէ՝ մեծ դեգերումներից հետո, բազում անգամ փրկվելով վերահաս մահից, Վաղինակը 1972թ․ աշխարհափոխ եղավ Երևանում: 86 տարեկան էր:
Իսկ նրա կրտսեր եղբոր՝ այսինքն՝ Սմբատ Բյուրատի՝ Կիլիկիայի Մարաշ քաղաքի բանտում ծնված, հայոց առաջին և վերջին արքաների անունները կրող՝ Հայկ Լևոնի հանդեպ ճակատագիրը շատ անբարեհաճ գտնվեց:
1948-ին ներգաղթեց Հայաստան: «Պոբեդա» նավը, Օդեսա-Նյու Յորք հետադարձ նավարկությունն էր անում՝ դուրս գալով Ամերիկայի արևելյան ափերից: Ջիբրալթարի ջրերին մոտենալիս նավապետը ռադիոհաղորդագրություն ստացավ՝ մտնել Եգիպտական նավահանգիստ և Ալեքսանդրիայից վերցնել Հայաստան ներգաղթող 2000 հայի: Բաթումում մեր հայրենակիցներն անվնաս ափ իջան: Այնտեղից ոմանք հասան Հայաստան, շատերն էլ՝ Սիբիր: Նավը շարունակեց իր նավարկությունը դեպքի Օդեսա: Ուղևորների մեջ ԱՄՆ-ից երկարատև գործուղումից վերադարձող, սովետական դիվանագետներ էին, պետական կառույցների բարձր պաշտոնյաներ և չինացի մարշալ Ֆեն Յույսյանը, որ հայտնի էր Մանջուրիայի՝ Չինաստանին վերամիավորելու իր անսասան որոշմամբ: Բաթումից դուրս եկած շոգենավի վրա հրդեհ է բռնկվում: Մարշալ Ֆեն Յույսյանը, ի թիվս այլոց, ծխախեղդ եղավ: Վարկածները առավելապես ահաբեկչության շուրջ էին պտտվում: Ալեքսանդրիայում նավ բարձրացած 2000 ներգաղթյալների շարքերում հավանական հրկիզողներ փնտրելու և «գտնելու» հարցը դարձավ արդիական: Հայկ Լևոն Բյուրատը, որ տիկնոջ հետ հույս ուներ, թե ապրելու է իր հայրենիքում, «անգլոամերիկյան լրտես» շինծու մեղադրանքով աքսորվեց Սիբիր:
Ահավոր հիվանդ էր և հյուծված․ քիչ էր մնում իր մահկանացուն ևս կնքեր բանտում, ինչպես որ ծնվել էր բանտում: 1953թ. սովետական իշխանությունները իրենց բեռից ազատվելու համար, մահամերձին վերադարձրին տուն՝ մեռնելու:
Հայկ Լեւոն
Հանիրավի չգնահատված ազգային-մշակութային գործիչ Սմբատ Բյուրատի տոհմի պատմությունն այսօր շարունակվում է միայն Վաղինակի՝ արդեն 90-ամյա որդու՝ գյուտերի հեղինակ էլեկտրաքիմիկոս Սմբատի, նրա 2 որդիների՝ Հայկի և Վարուժանի ու նրանց զավակների, թոռների, ծոռների միջոցով՝ Զեյթունից շատ հեռու՝ Միացյալ Նահանգներում:
Լուսանկարները՝ Բյուրատի ընտանիքի պահոցից և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել