
Եւրոպան՝ բարենորոգումներուն աչքը, հայ ազգը՝ բարենորոգումներուն բազուկը... Սմբատ Բյուրատ (մաս 2)
Հայերը, երկրի վաղեմի, ճշմարիտ բնիկը...
Իրավիճակը սարսափելի բարդ էր և օրհասական հայության համար: Սուլթան Համիդի կառավարման դժոխային շրջանն էր: Աբդուլ Համիդի, որին ցեղակիցները «արյունոտ սուլթան» փաղաքուշ անունն էին տվել, կատաղության և հայատյացության դրսևորման գերադրական աստիճանն էր: Իսկ դրա պատճառը մեկն է. «Որովհետեւ այդ ազգը՝ հայերը, երկրի վաղեմի, ճշմարիտ բնիկը, արթնացած էր ու վերստանալ կ’ուզէր իր նախահայրերու ժառանգութիւնը, ապրիլ կ’ուզեր, իբրեւ մարդ ապրիլ»: Սա հատված էր «Եըլտըզէ Սասուն» վեպից: Եվ իբրեւ մարդ ապրելու համար հայությունը քայլեր պիտի աներ: Դա եղավ Զեյթունը, եղան Գում Գափուի դեպքերը, մինչ այդ «Վասպուրականի առաջին զարթօնքը կար ու Խրիմեան Հայրիկը կար՝ իր քարոզներով ու հրատարակություններով, Կարինը կար՝ իր առաջին ընդվզումի աղաղակով, որուն «Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներէն»- արձագանքը պիտի երկարաձգուէր ու խորասուզուէր երկրագունտի վրայ ցանցնուած բոլոր հայորդիներուն սրտին խորքը…»: Եվ այս ամենի մեջ ամենից հոյակապը հայ երիտասարդության արթնությունն էր: Գալիս էր մի նոր սերունդ՝ կրթված և խիզախ. «…. Միացյալ պատրաստուած սերունդը, որ տարուէ տարի կը մեծնար ու աւելի սպառնական, փուշի պէս կը ցցուէր Համիտի աչքին դէմ»: Այդ սերնդից Համիդը սոսկում էր: Դրա համար էլ ընտրեց իր ուղեղին և, ընդհանրապես, իր ցեղի ուղեղին հասու միակ ելքը՝ ցեղասպանությունը՝ «Դարավերջի Մեծ Ոճիրը, դարավերջի Նոր Ներոնին՝ Ապտիւլ Համիտի, նոյնինքն Մեծ Մարդասպանին ձեռքով»,- գրում է Բյուրատը «Իննսունվեց-Արիւնի մէջէն» վեպում։ «Եվ յանցաւորը հիմա էլ, ինչպէս Սասունի կոտորածի ժամանակ, հայն էր»:
«…Հայը, որ ասիական անապատներու մէջ օվասիս մը, Արեւելքի մէջ կը ջանար ապրիլ Արեւմուտքի զաւակի մը պէս, քաղաքակրթութեան բարձրագոյն աստիճանները թեւակոխելու խիզախ ձգտումներովը: Յանցաւոր էր, այո՛, որովհետեւ տաղանդաւոր էր, որովհետեւ խաղաղասէր էր…»: Սա հատված է «Եըլտըզի Սասուն» վեպից: Ապա այս միտքը շարունակում է «Իննսունվեց-Արիւնի մէջէն» վեպում՝ «Պէտք է գիտնալ այս ճշմարտութիւնը, պէտք է զայն բարձրաձայն արտասանել, թող տեսնեն կամաւոր կոյրերը, թող լսեն կեղծ խուլերը, թող տիեզերքի բոլոր ազգերը հասկնան թէ՝ հայ տարրը Արեւելքի մէջ քաղաքակիրթ դեր ստանձնած էր, թե հայ տարրը ինք կը հսկէր արթուն, կ’աշխատէր, իր խելքով, իր դրամով ու իր բազուկների ուժով, նոր փրկարար կենսունակ ու ստեղծագործ գաղափարներ ներմուծել հին, մեռելային գանկերուն մէջ, որոնց ներքեւ ոճիրներ միայն կ’ուռճանային: Հայ տարրը-եթե Ապտիւլ Համիտի պէս մարդակերպ մը չհափշտակեր Օսմանցիներու փառաւոր գահը-ինչքը, կեանքի ու պատուի ապահովութիւնը վայելելով, պիտի կրնար քանի մը տարիներու ընթացքին Արեւմուտքը փոխադրել Արեւելքի մէջ՝ իր բոլոր գիտական, ճարտարագիտական, մեքենագիտական եւ գեղարուեստական հրաշալիքներով»: Բյուրատի վավերագրությունները պատմությանը թողել են բացառիկ փաստեր Համիդի կերպարի մասին, ոչ միայն որպես հայերի և ընդհանրապես քաղաքակրթության ոխերիմ թշնամու, այլև որպես տղամարդու, եթե, կարելի է այսպես կոչել նրան: Կասկածամիտ, բանալու անցքից նայող և վարագույրի հետևից թաքուն ականջ դնող մեկը և սոսկալի դաժան անգամ իր հարեմի կանանց նկատմամբ, այն կանանց, ովքեր, ինչպես գրում է Բյուրատը, «իրենց Տիրոջ վերջալոյսը քաղցրացնելու և տռփանքը գերագրգռելու» պաշտոնը ունեին:
Մի խոսքով, սա էր իշխում Թուրքիայում, որի բռնապետության տակ էր ամբողջ Արևմտյան Հայաստանը: Բանտէ բանտ անցնելուց և ընդհանուր համաներմամբ ազատվելուց հետո Սմբատ Բյուրատի համար փակվում են Զեյթունի դարպասները: Նա ընտանիքով կրկին անցնում է Կոստանդնուպոլիս, աշխատում Արամյան վարժարանում: Խուսափելու համար նոր ձերբակալությունից, անցնում է Եգիպտոս: Ընտանիքն իր հետ էր: Դա 1896-ն էր: Եգիպտոսում ևս նա մեծ գործեր է ծավալում կրթական, գրական և հասարակական ասպարեզներում: Կահիրեում հիմնում է Կեդրոնական կրթարանը, հրատարակում է «Փյունիկ» պարբերականը, այնուհետև «Նոր օր» եռօրյա թերթը: Կահիրեում Սմբատ Բյուրատի, այսպես ասած, բարոյական տանիքը Եգիպտոսի անգլիական բարձր կոմիսար լորդ Քրոմըրին էր: 19-րդ դարն ավարտվում էր:
Սելանիկից ճողոպրած ստահակը
1900թ. ուշ աշնանային մի օր Բյուրատի տան դուռը թակում են: Անծանոթ այցելուն մի նամակ է հանձնում Ալեքսանդրիայում բնակվող Սմբատի մտերիմ ընկերներից մեկի՝ Կարապետ աղա Միլոշյանի կողմից: Նամակում գրված էր. «Ամէն օժանդակութիւն ցուցաբերել երիտթուրք կուսակցութեան այս փախստականին»: Բյուրատը ամեն օժանդակություն ցույց տվեց, անգամ իր բնակարանում սենյակ հատկացրեց նրան: Այդ անծանոթը, որ հետապնդման մեջ էր Համիդի վարչակարգի կողմից և որի հանդեպ Կոստանդունուպոլիսի Բարձր դուռը ձերբակալման հրաման էր տվել, Սելանիկ քաղաքի փոստ-հեռագրատան կառավարիչն էր: Նրա անունը Մեհմեդ էր: Ազգանունը՝ Թալեաթ: 15 տարի անց 1915 մայիսի 1-ին աքսորավայր Այաշից Բյուրատը Պոլիս, տուն կուղարկի մի բացիկ, Թալեաթին հանձնելու խնդրանքով: Բացիկի մեջ գրված կլինի. «Փաշա, չէի կարծեր, թէ կեանքդ փրկողին դէպի մահ կ’ուղարկես: Սա ազնվութիւն չէ»:
Եվդոքսիան՝ կինը, անմիջապես նամակը տարավ Թալեաթի ապարանք և հանձնեց նրան: Նույնիսկ Թալեաթի կինը՝ իմանալով եղելությունը, աղաչեց ամուսնուն փրկել այդ մարդու կյանքը: Չէ որ տարիներ առաջ հենց նա էր փրկել ի՛ր կյանքը: Առաջին անգամ: Երկրորդ անգամ դա կանի Գրիգոր Զոհրապը:
Անարկիրոս Փավլիտեսը՝ ծպտված սրիկան
«Էնվերի հրամանն է, ոչինչ անել կարող եմ»: Մինչ Եվդոքսիա Շիշմանյան-Բյուրատը կարկամած և ապշած մնաց Թալեաթի դղյակի դռների մեջ՝ փորձելով հասկանալ, թե ինչ ահավոր որակներ պիտի մարդ ունենա այսքան անաղուհաց լինելու համար, օսմանյան նախարարը հեռացավ իր սենյակը՝ հիշելով իր կյանքը Աբդուլ Համիդի անխուսափելի դատաստանից փրկելու համար Բյուրատի թափած ջանքերը: Մտքի մեջ հավանաբար քրթմնջաց և անխելք հայ համարեց նրան: Թալեաթը մինչև վերջ էլ չհասկացավ, թե ինչու այս մարդը 1900-ին, չճանաչելով իրեն, վստահեց: Անգամ սեփական կյանքը վտանգեց իր համար: Թալեաթին փրկելուց 15 տարի անց, մահվան ուղարկված Բյուրատը, Այաշում էլի՛ կարծում էր, որ եղածը թյուրիմացություն է և որ Թալեաթը վստահաբար տեղյակ չէ այս ամենի մասին: Եվ ինչ ապրեց իմանալով, որ հենց Թալեաթն է ցեղասպանության մեծ դերակատարը: Երևի մեղքի անտանելի մեծ զգացում ամբողջ հայության հանդեպ: Եվ ափսոսանք ու ցավ 15 տարվա վաղեմություն ունեցող դեպքի համար, որի մանրամասները հետևյալն են. Բյուրատը 1900-ին, այն ժամանակ իրենից դեռ ոչինչ չներկայացնող, Թալեաթին թաքցրեց իր տանը: Եգիպտոսի հատուկ ծառայությունների աչքից ոչինչ չի վրիպում: Եվ այս երկրի բարձր կոմիսար լորդ Քրոմըրը Բյուրատին պարտադրում է փախուստի մեջ գտնվող Թալեաթ բեյին հանձնել իշխանություններին: Լորդը սիրում և հարգում էր Բյուրատին: Դրա համար էլ, իմանալով, որ հանցագործը նրա տանն է թաքնված, կտրուկ քայլերի չի դիմում, այլ ընդամենը բարեկամաբար հորդորում է շրջահայաց լինել: Բյուրատը ինքը մեծապես տուժել էր Համիդի վարչակարգից և այդ նույն վարչակարգի կողմից հետապնդվող մարդը իրեն համակրելի է թվում: «Այդ դէպքում ինձ էլ նրա հետ յանձնէք Համիտին»,- լինում է Բյուրատի պատասխանը:
Բյուրատի միամտության և ազնվության համար բարկացած լորդը խորհուրդ է տալիս թուրքին 24 ժամվա մեջ փախցնել Կահիրեից: Լորդն ուզում էր նաև իր գլուխը ազատել պատասխանատվությունից: Սմբատը Թալեաթին գաղտնի հասցնում է Ալեքսանդրիա: Այստեղ նրա համար սենյակ էր պատվիրված «Արմենիա» հյուրանոցում: Այն պատկանում էր ոմն Բլբուլյանի: Թուրքին հանձնվում է նոր անձնագիր՝ Անարկիրոս Փավլիտես անվամբ` քաղաքացիությունը հունահպատակ: Ծպտված՝ մուգ ակնոցներով, մինչև աչքերը քաշած գլխարկով, Մեհմեդ Թալեաթ-Անարկիրոս Փավլիտեսը նստում է նավ ու ողջ և առողջ հասնում Աթենք՝ շնորհիվ ալեքսանդրաբնակ Կարապետ Միլոշյանի և ծագումով զեյթունցի՝ կահիրեաբնակ Սմբատ Բյուրատի: Իրենց մարդասիրական արարքից գոհ, գոհ այն բանից, որ Համիդի արյունոտ ձեռքերից փրկել են մի ընդդիմադրի՝ այդ գիշեր երկու հայերը հանգիստ քնում են: Օրեր անց Աթենքի թերթերը գրում են, որ թուրքական դեսպանատուն է եկել իր երկրում հետախուզման մեջ գտնվող Մեհմեդ Թալեաթ անունով մեկը և հայտնել, որ ինքը գաղտնի Եգիպտոս էր մեկնել հայրենասիրական մղումով՝ հայերի հեղափոխական գործունեության մասին տեղեկություններ հավաքելու և թուրք իշխանություններին հայտնելու նպատակով: Եվ երդվել այսուհետ ևս հավատարմորեն ծառայել «բարեգութ» սուլթանին: «Բարեգութ» արյունոտ սուլթանի ներումը չուշացավ: Թալեաթի անունը հանվեց Համիդի սև ցուցակից: Ընդամենը մի կորած-մոլորած քաղաքի հեռագրատան կառավարիչ Թալեաթը նշանակվեց Ադրիանապոլսի՝ Էդիրնեի փոստ հեռագրատների գլխավոր տնօրեն: Ի՞նչ մտածեց կամ զգաց Բյուրատն այս հաղորդագրությունը կարդալով….
9 տարի անց
1909-ի ապրիլին Թալեաթը ևս մեկ անգամ կփրկվի վերահաս մահից: Եվ կրկին նրա կյանքը կփրկվի հայի շնորհիվ: Այս անգամ` Գրիգոր Զոհրապի: Պառլամենտի նիստի ժամանակ երիտթուրքական իշխանության նկատմամբ Իթիլաֆի ձեռնարկած հեղաշրջման փորձն էր: Երիտթուրք Թալեաթը իր բախտից նստած է լինում ոչ թե իր կուսակիցների կողքին, այլ օտարերկրյա թղթակիցների համար հատկացված մասում: Ժողովին ներկա են լինում նաև Զոհրապը և Սմբատ Բյուրատի որդին՝ Վաղինակը, որպես ֆրանսիական Le Matin թերթի խմբագրի թարգմանիչ: Այդ օրը իթթիհատի անդամներից շատերն են սպանվում:
Վաղինակ Բյուրատ
Զոհրապը, չկորցնելով սառնասրտությունը, կայծակնային արագությամբ որոշում է Թալեաթին փրկելու եղանակը: Arbeiter-zeitung թերթի թղթակցի գլխից հանում է գլխարկը և դնում Թալեաթի գլխին: Ապա, նրա թևը մտած, շատ ինքնավստահ անցնում է դահլիճ ներխուժած զինվորների կողքով և կապիտանին ասում. «Ես իթիլաֆական իրաւաբան Զօհրապն եմ, իսկ պարոնը հեր Բաբենկերն է՝ գերմանացի լրագրող»: «Անցէ՛ք»,- լսվում է կապիտանի հրամանը: Ավելին, այդ դեպքից հետո Զոհրապը օրեր շարունակ Թալեաթին թաքցնում է իր տանը և սուլթանի պես պահում՝ շատ լավ տեղյակ լինելով նրա ստորության և վտանգավորության մասին: Տեղյակ լինելով նաև Սմբատ Բյուրատի հետ Կահիրեում տեղի ունեցած դեպքի մանրամասներին: Օսմանյան նախարարի այս երկրորդ փրկությանը հաջորդեց Ադանայի կոտորածը: Հեղինակ՝ Մեհմեդ Թալեաթ և ընկերներ: Վերադառնանք Բյուրատին: Ադանայի կոտորածից հետո նա համարձակ հոդվածներ և խմբագրականներ գրեց իր հրատարակած «Գաղափար» օրաթերթում. «Դո՛ւք ըրիք այս ոճիրը, որուն երեսուն հազար անմեղ հայեր զոհ գացին: Ոճրագործնե՛ր, այլեւս բաւական է, հասկցանք ձեզ...»: Թերթը փակվեց: Գրեց նաև հանրահայտ «Ատանայի ողբը» բանաստեղծությունը.
Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձաւ շքեղ Ատանան.
Կրակն ու սուրը եւ անխիղճ թալան
Ռուբինեանց տունը ա՜խ, ըրին վերան։
*********************************************
Թուրքական սահմանադրության հռչակումից հետո Եգիպտոսից վերադառնալով Պոլիս՝ Բյուրատը ոչ միայն վերահրատարակեց տարիներ առաջ Կահիրեում հիմնած «Փյունիկը», հիմնեց «Գաղափար» թերթը և խմբագրեց հայատառ թրքերենով՝ «Մանզումէյի էֆքէար» պարբերականը, այլև ձեռնարկեց հիմնարար և մնայուն գործ՝ «Ժամանակակից մատենաշար»-ի հրատարակումը: Այն շատ մեծ վայելում գտավ հայ հասարակության մեջ:
Բավական մեծ տպաքանակը շատ արագ սպառվում էր: Կոմիտաս Վարդապետը, այս գործը համարելով շատ կարևոր և հայապահպան մի նախաձեռնություն, քանի-քանի անգամ հորդորել է հրատարակչությունը տեղափոխել Թիֆլիս՝ հասկացնելով Բյուրատին, որ Թուրքիան ապերախտ երկիր է: Վարդապետին Բյուրատը չլսեց: Եթե լսեր, գուցե և կկարողանար խուսափել 1915թ. ցեղասպանությունից: Մատենաշարի գործը Բյուրատը ձեռնարկել էր ավագ որդու՝ Վաղինակի հետ: Եվ հենց այս մատենաշարի հետ կապված գործերով էլ Վաղինակը հայտնվում է Տիտանիկի վրա: Նա մեկնում էր Ամերիկա՝ Բոսթոն, մատենաշարի հատորների վաճառքի շահավետ պայմանագիր կնքելու զեյթունցի մի գրավաճառի հետ՝ Գրիգոր Պոստանճեան անունով: Մոտ 6000 դոլար արժողությամբ գրքերը նախապես արդեն ուղարկել էր «Հիրշկովիչ» առաքման գրասենյակի միջոցով: Հայության համար ստեղծագործ և համեմատաբար հանդարտ մի շրջան էր: Ադանայից հետո թուրքերը, հայերի վստահություն շահելու համար, հանգիստ պայմաններ էին ապահովել կյանքի և աշխատանքի համար: Դա կտևի 2-3 տարի: Այս շրջանում Սմբատը գրեց, հրարատարկեց իր արժեքավոր պատմական գրքերը՝ «Եըլտզէ պօմպան», «Սասունէն ետք», «Աւարայրի արծիւը կամ Վարդանանք», «Ազատութեան համար», «Արևելեան խնդիրը և Հայկական հարցը», «Բանաստեղծութիւններ» և այլն: Այս ժամանակ էր, երբ նրա որդին ճանապարհ ընկավ դեպի հեռավոր Ամերիկա:
Մեկնում եմ այսօր ժամը 11-ին Տիտանիկով
1912թ․ մարտի 23-ին Արևելյան ճեպընթացը Վաղինակին հասցրեց ֆրանսիական Հավր նավահանգիստ, ապա՝ կտրելով Լա Մանշը, նա իջավ Դովըր անգլիական ափը, այստեղից երկաթուղով հասավ Մանչեսթր, ապա՝ Սաութհեմփթոն նավահանգիստ: Եվ «Ուայթ Սթար Լայն» շոգենավային ընկերության գրասենյակից ձեռք բերեց, նախապես իր անգլաբնակ ծանոթների կողմից պատվիրված տոմսակը:
Առավոտյան հյուրանոցից նավամատույց գնալու ճանապարհին Վաղինակը մտավ «Ռոյթերս» գործակալություն և միևնույն բովանդակությամբ 2 հեռագիր ուղարկեց, մեկը՝ Բոսթոն՝ գրավաճառ Պոստանճեանին, մյուսը՝ Կոստանդնուպոլիս՝ հորը՝ ցպահանջ. «Մեկնում եմ այսօր ժամը 11-ին Տիտանիկով»: 11-ն անց 05-ին Տիտանիկը բարձրացրեց խարիսխը և ուղղություն վերցրեց դեպի Նյու Յորք:
Վաղինակը երջանիկ էր՝ աշխարհի ամենից մեծ նավի վրա լինելով և անշուշտ Ամերիկայում սպասվելիք խիստ շահավետ գործարքի առիթով: Մանչեսթրի հանրահայտ նորաձևության տներից մեկում ձեռք բերած ամերիկյան ոճի հագուստով, ծխամորճը ատամների արանքում, կամ, նավի միայնակ գեղեցկուհի ուղևորների հետ պարելիս նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Քանի դեռ իսկապես չէր հայտնվել ջրում: Բայց դեռ ապրիլի 10-ն էր, և ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է սպասվում Տիտանիկին: Վաղինակն արդեն մտերմացել էր իր սենեկակից մի ֆրանսացու հետ, որ մեկնում էր Ամերիկա՝ տեր կանգնելու իր մահամերձ անժառանգ մորաքրոջ միլիոններին: Մոռեն` այսպես էին կոչում ֆրանսիացուն, նույնպես անչափ երջանիկ էր: Իսկ ո՞վ չէր լինի: Բայց վրա հասավ ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը մեկի մոտ մի ահռելի ձայն լսվեց: Վաղինակը համոզված էր, որ դա կաթսայի պայթուն էր: Ինչևէ, Մոռեի հետ նա վազեց տախտակամած: Իրարանցումը սկսված էր...
Մեկնաբանել