
Երեւան-Սեւան մայրուղու վրա պայթած լցակայանը շահագործող ընկերությունը սնանկ է ճանաչվել
2024 թ. հունիսի 6-ին Երեւան-Սեւան մայրուղու վրա պայթած լցակայանը շահագործող «Գազ օիլ» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ ավելի ուշ սկսվել է ընկերության լուծարման վարույթ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը խոշոր պայթյուն էր տեղի ունեցել Արզնի գյուղի Երեւան-Սեւան մայրուղի 6/1 հասցեի գազա-բենզալցակայանում: Պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը (37 տ)՝ հրդեհի բռնկումով: Լցակայանի տարածքում տեղի էր ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) եւ 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել էր 7 քաղաքացի, որոնցից մեկն ավելի ուշ մահացել էր: Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով:
«Հետքը» գրել էր, որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մի շարք լուրջ խախտումներ էր արձանագրել այս լցակայանում դեռ 2023-ի մարտից: Պարզվել էր, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից նույն հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանն ու բենզալցակայանն աշխատում են առանց փորձաքննության դրական եզրակացության, ինչի հետեւանքով ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով: Ավելի ուշ գազալցակայանը 1 տարի ժամկետով նման եզրակացություն էր ստացել, իսկ բենզալցակայանը՝ ոչ: Ու չնայած տեսչական մարմինը կասեցրել էր բենզալցակայանի աշխատանքը, այն շարունակել էր գործել՝ չունենալով նման իրավունք: Սրա հիմքով շահագործողը 2024-ի տարեսկզբին նորից տուգանվել էր 2 մլն դրամով: Դրանից հետո՝ փետրվարի 19-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կապարակնքել էր բենզալցակայանը: Բացի դրանից՝ տեսչական մարմնի կողմից 2023-ի գարնանից գազա-բենզալցակայանում արձանագրվել էին մի շարք խախտումներ, որոնք ամբողջությամբ այդպես էլ չվերացվեցին: Հունիսի 6-ի՝ պայթյունի օրվա դրությամբ գազալցակայանը չուներ փորձաքննության նոր դրական եզրակացություն, իսկ կապարակնքված բենզալցակայանն այդպես էլ չէր ստացել շահագործման իրավունք:
Նախկինում եւս այստեղ խախտումներ էին արձանագրվել: Պարզվել էր, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն այն ընկերությունների թվում է, որոնք խախտել են ՀԴՄ շահագործման կանոններն, ու 2022-ին ՊԵԿ-ի կողմից 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։ 2024-ի փետրվարին էլ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էր հայտնել, որ ստուգում է իրականացրել ու պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առեւտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը խախտում է չափագիտական կանոններն ու նորմերը, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, ու լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:
Ինչպես արդեն գրել ենք, 2021-ի դեկտեմբերին Երեւանում գրանցված «Գազ օիլ» ՍՊԸ-ն պատկանում է երեւանցի Ռաֆայել Այվազյանին, որը նաեւ ընկերության տնօրենն էր առաջին տարիներին, իսկ հետո նրան փոխարինել էր երեւանցի Էրիկ Հայրապետյանը: Գրել էինք, որ լցակայանն իր հողամասով պատկանում է Հայրապետյանի մորը՝ Շուշանիկ Հայրապետյանին, եւ Ռուզաննա Պետրոսյանին: Հունիսի 6-ի պայթյունից հետո Էրիկ ու Արսեն (հայրը) Հայրապետյանները լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, թե տեղի ունեցածը պատվեր է՝ ինչ-որ մեկը պատվիրել է, ու եկել պայթեցրել են լցակայանը:
«Գազ օիլ» ընկերությունը չի վիճարկել սնանկությունը, բայց շարունակել է գործունեությունը
2024-ի մայիսին Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու մասին:
ՊԵԿ-ը դատարանին հայտնել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի պարտքը պետությանը կազմում է 18,3 մլն դրամ, որից 6,4 մլն-ը տույժ-տուգանքներն են: Ընկերության տնօրեն Էրիկ Հայրապետյանն ու ՍՊԸ-ի ներկայացուցիչը չեն վիճարկել սնանկությունը: 2024-ի հուլիսի 9-ին դատավոր Կատվալյանը «Գազ օիլ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Հոկտեմբերին հաստատվել է պարտատերերի վերջնական ցուցակը: Միակ պարտատերը ՊԵԿ-ն է, որի պահանջների ընդհանուր չափը 32 մլն դրամ է: Նոյեմբերին դատարանը «Գազ օիլ» ՍՊԸ-ի լուծարման վարույթ է սկսել ու կասեցրել դրա գործունեությունը, իսկ սնանկության գործով կառավարչին հանձնարարել է ընկերության գույքը արգելադրել:
Այդուհանդերձ, դեկտեմբերին կառավարիչը դատարանին հայտնել է, որ պարտապանը դեռեւս շարունակում է իր գործունեությունը՝ շրջանցելով սնանկության վարույթն ու այն հանգամանքը, որ առկա չէ ֆինանսական առողջացման հաստատված ծրագիր, պարտապանի գործունեության վերսկսման վերաբերյալ դատարանի որոշում, հետեւաբար կառավարիչը միջնորդել է «Գազ օիլ» ՍՊԸ-ին պատկանող գույքի (շարժական, անշարժ, դրամական միջոցների, վառելիքի ներմուծումների) նկատմամբ կիրառել արգելանք, ինչը դատարանը բավարարել է:
Մեկնաբանել