
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել գործով «տուժողները»
Մարտի 11-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստին գործով «տուժողները» Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել:
Նրանք պատմել են, թե ինչ վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ և ինչ պայմաններում: Ցուցմունք տվածներից յուրաքանչյուրը Ռուբեն Վարդանյանի համար առավելագույն պատիժ է պահանջել:
Ցուցմունքներում նշվել է նաև, որ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի «ազատագրված տարածքների սահմաններում» իրականացվել են հանքարդյունաբերական աշխատանքներ։
Դատական նիստն այդքանով ավարտվել է, հաջորդը տեղի կունենա մարտի 18-ին։
Նշենք, որ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանn իր ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ ի նշան Բաքվում իրականացվող կեղծ դատավարության։ Նա դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ «Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,- նշել էր նա։
Մարտի 7-ին էլ Վարդանյանը Բաքվի բանտից իրական ու երկարատև խաղաղության կոչ էր արել:
Հացադուլի առաջին շաբաթվա վերջում Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։ Չնայած դրան՝ նրան ստիպել էին կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել