
Քրեական վարույթները տարիներով ձգվում են. փորձագետները միշտ «ծանրաբեռնված են»
2021 թվականի դեկտեմբերի 13-ին Նշան Նշանյանն իր այգում աշխատելիս ընկել է աստիճանից ու կոտրել ձախ ձեռքը: Նրան տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ասել են, թե փոքր 2 մմ-անոց կոտրվածք է ստացել, ձեռքը բժշկական գիպսով ֆիքսել են։ Ընկնելիս Նշանը գլուխը հարվածել էր գետնին և ցավեր ուներ, հետագա բարդություններից խուսափելու համար Արարատի հիվանդանոցում նրան ուղղորդել էին Արտաշատի բժշկական կենտրոն՝ գլխի ռենտգեն ախտորոշման։
Արտաշատի բժշկական կենտրոնում ասել են, որ ամեն բան կարգին է։ Նշանն այդ օրը ցանկացել է մնալ հիվանդանոցում, քանի որ հարվածից հետո գլխի շրջանում ցավերը չէին դադարում։
Այդ օրը հիվանդասենյակ է եկել վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարգիս Սահակյանը և Նշանին առաջարկել վիրահատել ձեռքը։
Քրոջ՝ Լուսինե Ազնաուրյանի պատմելով, Նշանը սկզբում չի ուզել, բայց բժշկը բացատրել է, որ վիրահատելու դեպքում ավելի արագ կլավանա, մետաղական ֆիքսատորով կֆիքսեն կոտրվածքը։ Վիրահատությունը պետք է տևեր 20-25 րոպե։
Սկզբում ընտանիքի անդամները Նշանին փորձել են հետ պահել վիրահատությունից, բժիշկ հարազատներ ունեին, որոնք ասում էին, որ վիրահատության անհրաժեշտություն չկա, քանի որ կոտրվածքը փոքր է, սակայն բժիշկ Սարգիս Սահակյանի խոսքերն ավելի համոզիչ են եղել Նշանի համար, ու նա որոշել է դիմել վիրահատության։
Անզգայացման ժամանակ նրա սիրտը կանգ է առել, Նշանն ընկել է կոմայի մեջ։ Տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 14 օր անց` դեկտեմբերի 27֊ին, այդպես էլ գիտակցության չգալով, 45-ամյա Նշան Նշանյանը մահացել է։ Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Նշանի քույրը՝ Լուսինե Ազնաուրյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Հարուցվել է քրեական վարույթ, Նշան Նշանյանը ճանաչվել է տուժող։ Լուսինե Ազնաուրյանը նրա իրավահաջորդն է։
Դեպքից 3.5 տարի է անցել, սակայն Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը վերջնական եզրակացություն դեռ չի տվել։ Մինչև հիմա հայտնի չէ Նշան Նշանյանի մահվան պատճառը, իսկ Քննչական կոմիտեն չի պարզել, թե ով է մեղավորը։
«Եղբայրս շաքարային դիաբետ ուներ, մենք դրա մասին էլ էինք տեղյակ պահել բժշկին, այդ օրը, որպեսզի դեղը խմի, առավոտյան մի փոքր սնունդ էր ընդունել, դրա մասին ասացինք բժշկին, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, անզգայացումն ուրիշ ձևով կանեն։ Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու է այդքան փոքր ու աննշան կոտրվածքի համար բժիշկն առաջարկում դիմել վիրահատության, այն դեպքում, երբ նախորդ հիվանդանցում՝ Արարատի ԲԿ-ում գիպսով անշարժացրել էին։ Ամեն դեպքում, եղբորս չկարողացանք համոզել հետ կանգնել վիրահատվելու որոշումից»,-ասում է Լուսինեն։
Նա պարբերաբար դիմում է քննիչին՝ Արմեն Շաբոյանին՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է քրեական գործը, բայց քննիչն անընդհատ նոր ժամկետներ է նշում՝պատճառաբանելով, որ դեռ չեն ստացել դատաբժշկական փորձաքննության երկրորդ եզրակացությունը, որի հիման վրա էլ պիտի որոշվի քրեական գործի ընթացքը։
Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ Նշան Նշանյանի մահվան դեպքով հարուցվել է վարույթ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
Նախաքննության ընթացքում Նշանյանի մահվան պատճառը և վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով 2022 թ. փետրվարի 25-ին Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը Քննչական կոմիտեն մինչ օրս չի ստացել։ Ըստ Քրեական օրենսգրքի՝ այս արարքը նախատեսում է քրեական պատասխանատվություն 2-6 տարի ժամկետով, ազատազրկման ձևով։ Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 27-ին։
«Հետքը» մեկնաբանություն է խնդրել նաեւ Արտաշատի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարգիս Սահակյանից։ Նրա խոսքով, տեղի է ունեցել սրտի կանգ, մնացածը պետք է հայտնի դատաբժշկական փորձաքննությունը։
Լուսինե Ազնաուրյանի համար անհասկանալի է, թե ինչու 3,5 տարում Քննչական կոմիտեն չի կարողանում բացահայտել գործը, իսկ Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը չի տալիս վերջնական եզրակացությունը։
ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից «Հետքին» հայտնել են, որ եզրակացության ձգձգման պատճառը 2020-ի իրադարձություններից հետո (պատերազմ, կորոնավիրուս) առկա ծանրաբեռնվածությունն է։
«Դատաբժշկական և հանձնաժողովային փորձաքննությունների կատարման համար առկա չափորոշիչների համաձայն, նախատեսված է փորձաքննությունները կատարել միչև 1-2 ամսվա ընթացքում, սակայն դրանք ձգձգվում են մի շարք պատճառներով.
- Կենտրոնում բոլոր փորձաքննությունների աննախադեպ քանակային աճով։
- Հանձնաժողովային փորձաքննություների կատարմանը օժանդակող այլ բժշկական կենտրոնների բժիշկ մասնագետների նույնպիսի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։
- Կենտրոնում բժիշկ֊փորձագետների թերհամալրվածությամբ, ինչպես նաև՝ երբեմն վարույթն իրականացող մարմինների միջնորդությունների բավարարման ուշ ժամկետներով։
- Հանձնաժողովային փորձաքննությունների կատարման ընթացքում, Կենտրոնից դուրս, այլ բժիշկ֊մասնագետների փորձաքննության կատարմանը ընդգրկելու ու վերջիններիս փորձաքնություններին մասնակցությունը ապահովելու գործընթացում առկա դժվարություններով։
- Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք անկանխատեսելի իրադարձությունների արդյունքում զանգվածային մահվան դեպքերով, հետևաբար նաև՝ փորձաքննությունների քանակի աննախադեպ աճով»,- ասված է Կենտրոնի պատասխանում։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրինությունը հայտնում է նաև, որ ստեղծված պայմաններում կենտրոնի մասնագետները շարունակում են իրականացնել իրենց հաստիքային պարտավորությունները մի քանի անգամ գերազանցող փորձաքննություններ։
Եվ որ տնօրինությունը աշխատանքներ է ձեռնարկում ձգձգված փորձաքննությունները հնարավոր ողջամիտ ժամկետներում ավարտելու, քրեական գործերի վաղեմության ժամկետներում կատարման, ինչպես նաև՝ համապատասխան եզրակացությունների կատարման ուղղությամբ։
Իրենց հավաստմամբ, նախքան մեր դիմումը դատաբժշկական գիտագործնական կենտրոնում սկսել էին Նշան Նշանյանի մահվան պատճառների վերաբերյալ փորձաքննությունը և առաջիկայում՝ սեղմ ժակետում տրվելու է փորձագետի համապատասխան եզրակացությունը։
Հարազատները երեքուկես տարի է փորձում են պարզել, թե ինչու Արտաշատում ձեռքի կոտրվածքի վիրահատությունը դեռ չկատարած՝ մահացավ Նշան Նշանյանը: Քննչական կոմիտեի քննիչը նույնքան ժամանակ սպասում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձաքննության արդյունքներին, իսկ Փորձագիտական կենտրոնը մշտապես մեկ պատասխան ունի՝ ծանրաբեռնված են:
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել