HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Փոշին ժամանակավո՞ր է․ քննարկում Երևանի օդի աղտոտվածության թեմայով

Երբ 2022 թվականին Եկատերինա Կուշնարյովան Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան, դրսում լվացքը չորացնելու հայկական սովորությունը զարմացրել էր նրան։ Ծանոթներն ասում էին՝ հագուստը դրանից հետո թարմությամբ է բուրում։ Թե ինչ թարմության մասին էր խոսքը, Եկատերինան չէր հասկանում․ ինքը միայն ապխտած մսի հոտ էր զգում բնակարանի պատուհանները բացելիս։

Մարտի 13-ին Yerevan for People նախաձեռնությունը քննարկում էր կազմակերպել Երևանի օդի աղտոտվածության թեմայով։ Ավելի քան 3 ժամ տևած քննարկմանը հիմնականում մայրաքաղաքում բնակվող ռուսներն էին մասնակցում։ 

Շնչելը վտանգավոր է առողջությանը

Սրտաբան Եկատերինա Կուշնարյովային այսօր էլ անհանգստացնում են Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշները։ Նա քննարկման բանախոսներից է, պատմում է, թե աղտոտված օդ շնչելը ինչ հետևանք կարող է ունենալ առողջության վրա։ Շեշտում է՝ Չինաստանում վաղուց հասկացել են օդի աղտոտվածության ու մի շարք հիվանդությունների կապը, դրա համար էլ այս թեմայով ամենաշատ հետազոտություններն այնտեղ են արվում։ 

«Այս հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում PM2.5-ի (փոշու մանր մասնիկների) խտության բարձրացումը ուղիղ համեմատական է սրտի իշեմիկ հիվանդության, իշեմիկ կաթվածի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, վերին շնչուղիների բորբոքման ու անգամ շաքարային դիաբետի դեպքերի աճին»,- ասում է Կուշնարյովան։

Չինաստանում 2010-ականներին օդի որակն այնքան էր վատացել, որ մարդիկ փողոց էին դուրս գալիս դիմակներով։ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոլոգիայի ծառայության ղեկավար Լևոն Բադալյանը կարծում է, որ շուտով նույն պատկերը կարող է լինել նաև Երևանում՝ չնայած տարիներ առաջ այն այդքան տարօրինակ էր թվում մեզ։ 

«Ինչու՞ են այս քննարկումը կազմակերպել մեր քաղաքի ռուս բնակիչները։ Կարծում եմ՝ հայերի համար այս իրավիճակն արդեն սովորական է, շատերը ուշադրություն չեն դարձնում, անգամ չեն մտածում, որ օդը կարող է այդքան վտանգավոր լինել առողջության համար»,- նշում է Բադալյանը։

Ինչպե՞ս են ստացվում օդի աղտոտվածության ցուցանիշները

Հայաստանի օդի որակը դիտարկելու համար հանրապետության տարբեր հատվածներում սարքեր են տեղադրվել։ 

1980-ականներից Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» օդի որակի մոնիթորինգ է իրականացնում Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Գործում է 15 անշարժ և 214 շարժական դիտակետ: Այս մեթոդներով, սակայն, օդում փոշու մանր մասնիկների խտությունը չի որոշվում, որն այսօր աշխարհում օդի աղտոտվածության գլխավոր ցուցիչն է։

Նախորդ տարի մոնիթորինգային ցանցը համալրվել է Երևանի քաղաքապետարանի պահանջով շինհրապարակներում տեղադրված 170 սենսորային սարքերով։ 

Բացի սրանից, իրենց տանը կամ աշխատավայրում օդի որակը դիտարկող սարքեր են տեղադրում տարբեր քաղաքացիներ։ Նման մի ցանց ստեղծել է ռուս դիզայներ Քրիստինա Լոգինովան։ Նրա ստեղծած ArmAQI հարթակում հասանելի են Հայաստանի 6 քաղաքների օդի որակի մասին տվյալներ։

Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ ու դիտարկումներ է անում նաև ԹՈՒՄՈ Լաբերի կլիմայական ցանցը։

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը ներկաներին հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք շուտով պիտի տեղադրվեն մայրաքաղաքում։ Այս դիտակայանները հնարավորություն կտան պարզել օդի աղտոտվածության տվյալ պահի մակարդակն ու կանխատեսումներ անել։ Կորոշվի նաև օդում փոշու մանր մասնիկների խտությունը։ 

Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Շրջակա միջավայրի նախարարությանը, որը, սակայն, մերժվել էր։

Մասնակիցներն ընդգծում են՝ Երևանի օդի աղտոտվածությունը նոր խնդիր չէ, այն նկատելի էր նաև նախորդ տասնամյակում։ Տվյալները ցույց են տալիս, որ նախորդ դարում էլ մաքուր օդ շնչելու համար Հայաստանի մայրաքաղաքը լավագույն տարբերակը չի եղել։ Նախաձեռնող խումբը հույս ունի, որ նման քննարկումները խնդրի լուծման ճանապարհներ կստեղծեն։

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter