HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհը շատ քիչ կը սիրէ տրտմիլ ուրիշներուն տրտմութեամբը. Վահան Թէքէեան (մաս 1)

«Բռնարար» Թեոդիկի ահից

Թեոդիկը սովորություն ուներ բռնելու մտավորականների օձիքից և կենսագրական պահանջելու՝ «Ամէնուն Տարեցոյցը»-ի հատորներում հրատարակելու նպատակով: 1912թ. Տարեցոյցի հատորն ամբողջացնելու համար նա բռնեց Վահան Թեքեյանի օձիքը՝ եթե ինքնակենսագրականդ դո՛ւ չգրես, ես իմ իմացած տեղեկությունը կզետեղեմ հատորի մեջ: Եվ Թեքեյանը «սթափվեց»:

«Թէոդի՛կ, Մովսէսին պէս մեկն ես դուն. Քարէն ջուր կը հանես: Ի զուր քեզի ըսի որ մեզի պէս մարդոց կենսագրութիւնը հրատարակելու համար սպասելու է որ մեռնինք: Չհամոզուեցար, անշուշտ այն պատճառով որ հաշուեցիր թէ մէկ տարուան մէջ բաւական բազմաթիւ պիտի չմեռնէինք տարեցոյցդ ճախացնելու համար: Եւ որովհետեւ կ’սպառնաս ունեցած սխալ մըխալ տեղեկութիւններովդ անպատճառ զիս կենսագրել, սարսափած գրիչը ձեռք կ’առնեմ եւ թուղթին վրայ կը նետեմ քանի մը դէպքեր ու թուականներ որոնց միակ գոյութեան իրաւունքը ճիշդ ըլլալնին է: Եւ ահա թէ ինչպէս կը յաջողիս դուն, թո՛ղ գիտնան չգիտցողները»:

Որքան երախտապարտ ենք հիմա Թեոդիկին, որ վազ չանցավ Թեքեյանի ինքնակենսագրականը «կորզելու» մտքից: Իհարկե, այն թերի է, քանի որ ներկայացնում է առավելագույնը մինչև 1912 թվականը. բայց՝ գոնե:

Եվ Թեքեյանը սկսում է չոր փաստերով ներկայացնել իր անցած ուղին, չմոռանալով նաև բանեցնել իր նուրբ հումորը: Եվ այսպես՝ իր կյանքի անցուդարձը սկսում է ծնունդից 16 տարի անց:

«94-96 սկսնակ գրագիր Պօլսի ապահովագրական ընկերութեան գրասենեակը: 96-ի սկիզբ կըմեկնիմ Լիվրբուլ, յետոյ կ’անցնիմ Մարսէյլ յետոյ Համպուրկ եւ է՛ն ետքը Եգիպտոս ուր գրեթէ միշտ կ’զբաղիմ առուտուրով, մերթ իմ հաշուոյս եւ մերթ ուրիշներու՝ որոնց հաշիւը կ’երեւայ թէ միշտ իմինէս աղէկ բռնած եմ»:

Կենսագրականի «Քաղաքական» և «Գրական» ենթաբաժիններում տարեթվերի և մի քանի փաստերի արձանագրությունների տակ մի ահռելի ազգային, հրապարակագրային և գրական աշխատանք կա ամբարված: 

«Դպրոցէն ելլելէս ետքը, Պօլսի մէջ քիչ մը ատեն Հնչակեան, Եվրոպա՝ տարիներով չէզոք, իսկ Ափրիկէ՝ Եգիպտոս Վերակազմեալ Հնչակեան, ոչ իսկ տարի մը, որովհետեւ Ունճեանի սպանութենէն ետք բոլոր յարաբերութիւններս կը դադրին այդ կուսակցութեան հետ: Օսմանեան Սահմանդրութիւնը հռչակուած ատենը, երբ կուսակցութիւնը զտուած էր արդէն, կրկին միացած հին ընկերներէս շատերին՝ Պօլիս կու գանք Տամատեանին հետ իբրեւ Վերակազմեալ Հնչակեան: ...Քանի մը ամիս չանցած մեր կուսակցութիւնը կը ձուլուի նորակազմ «Հայ սահմանադրական Ռամկավար կուսակցութեան» մէջ, որով կը դառնամ, կ’ըլլամ ռամկավար: Բանտ պառկած եմ 15 օր, երբ 1902-ին Մարսէյլէն Պօլիս գալ ուզեցի, 15 օր ետքը՝ ակամայ վերադարձայ Եվրոպա: Հիմա ազգային երեսփոխան Եգիպտոսի»:

Հետո թվարկում է անհամար պարբերականների անուններ, որ խմբագրել է, հիմնել է, որտեղ տպագրվել է բազում կեղծանուններով: Եվ այդ անհամար պարբերականների անունները վերաբերում են մինչև 1912-ը: Եթե դրանց ավելացնենք նաև հետագա աշխատանքը մամուլում, ապա համրանքը կկորցնենք:   

«Բայց աս ո՛րչափ խօսիլ տուիր ինծի. Երբեք չէի կարծեր որ այսքան երկար ապրած եմ, եւ այս պատճառաւ՝ կը տխրիմ քիչ մը. Գոնէ բանի մը օգտակար ըլլային գրածներս, օրինակի համար՝ ...մեկը միտք ընէր յոբելեանս տօնելու...երեսուն տարի ետքը...»:  

Հավերժակ գաղտնիքը

Թե այս փոքրիկ ինքնակենսագրականում, թե հետո՝ մամուլում` իր իսկ կողմից հատվածաբար «Արեւ»-ի էջերին հրապարակած կյանքի մանրամասները, թե Արշակ Ալպոյաճեանի հաստափոր դժվար ընթեռնելի ձեռագիր հատորները, որ պահվում են Գրականության և ավեստի թանգարանում, լռում են մարդկային մի շատ կարևոր հարցի շուրջ:

«Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գըրել ես...Գեղեցկութիւնդ ու իմ սէ՜րս յօրինեցին զայն կարծես...  Ո՛չ չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն յանձնել աշխարհի...», «Աղուորն անո՛նք են միայն՝ որ տենչանքիդ ընդմէջէն Անցան գացի՜ն ու հիմա քեզ հեռուէ՜ն կը կանչեն...», «Երկու հոգի, Աստուա՛ծ իմ, հազարներու, բիւրից մէջ, որոնց մին ե՛ս ըլլայի, ինչպէս մի՛ւսն ալ անիկա, Ա՛ն որուն դեռ կը պահեմ սրտիս մէջ յո՛յսը անշեջ Եվ որ պիտի ա՛լ չըգայ...», «Քու պատկերըդ աչքիս մէջ եւ քու ձայնըդ՝ ականջիս, Կը թրթըռան այս գիշեր. Երակներուս մէջ կարծես Քաղցրահոտ շունչդ է լեցուած, որ կ’զգլխէ, կ’օրրէ զիս, Մինչ երեսէս ալ կ’անցնին կարծես մատներըդ անտես...», «Ոչ ոք սիրածներէս գիտցաւ թէ Զինքը ո՜րքան սիրեցի... Ու եթէ սէրըս ոմանք Երկնքին վրայ՝ անսահմա՜ն Տեսան ծուխի մը նման, Կըրակն անոր չըտեսան...»: Ում մասին են այս տողերը, ում համար են գրվել...

Թող Բանաստեղծի կամքը լինի. գաղտնիք մնա:

Ոչ կին ունեցավ, ոչ երեխաներ: Իր սեփական տանիքն էլ երբեք չունեցավ: Հակառակի պես, 1921թ. Սկյուտարի հրդեհն էլ գտավ նրա ապրած ժամանակավոր հասցեն և այրեց ունեցած-չունեցածը, նաև՝ ձեռագրերը: Ինչպես սեփական տանիք ունենար, եթե անվերջ ճամփաներին էր՝ Պոլսից Կահիրե, Լիվերպուլից Լոնդոն, Փարիզից Մարսել,Կեսարիայից Երուսաղեմ, Վառնայից Սոֆիա և Աթենք: Շտապում էր վարժարանից վարժարան՝ ուսուցչության և կամ տեսչության գործերով, Ազգային Կեդրոնական վարժարանից մինչև Մելգոնեան վարժարան և այլուր, կամ՝ մամուլից մամուլ՝ խմբագրությունը ստանձնելու որոշումով, քաղաքական, ազգային, կուսակցական հարցերի հետևից: «...Հոգիս կ’ելլէ, կօշիկս ծակ կը պտտիմ...»: «Կը քալեմ Պոլսոյ մէկ թաղին հեռաւոր ծայրէն միւսը գիշերով-ցերեկով...»: Լինում էր, որ ուսուցչական աշխատանքի հրավիրելով՝ ի տրիտուր առաջարկում էին միայն կացարան և տաք ճաշ:

Իր ճամպրուկի մեջ ամփոփած, նա տանում էր իր խեղճուկրակ նյութական ունեցվածքը և աննյութական 3 բան՝ իր չքնաղ Բանաստեղծությունը, իր տհաճ հիվանդությունը և մի ծանր հիշողություն, որից չկարողացավ ազատվել և ոչ մի ճամփաբաժանում:

Մայրը

Եղիսաբեթը, արդեն 40 տարեկան էր, որ լույս աշխարհ բերեց իրեն՝ «արկածով, դիպուածաւ»: Իրենից առաջ արդեն ծնվել էին նրա  քույրը՝ Նուրիցան և 3 եղբայրները՝ Տիգրան, Ճիվան և Արթաքի: Վահանը իրենից առաջ ծնված եղբորից փոքր էր մի ամբողջ 14 տարով և վերջին երեխան էր ընտանիքի:

«...մօր մը գորովը, զմայլանքն...ես չճանչցայ իր գրկին մէջ ու չէմ յիշեր ե՞րբ մանկութեան տարիներուն ան գրկած է զիս ու գգուած ու համբուրած այնպէս ինչպէս ուրիշ դրացի կիները կը գրկէին, կը գգուէին ու կը համբուրէին իրենց զաուակները»:

Այսպես՝ զուրկ մայրական քնքշանքից, Վահանը ժամանակից շուտ մեծացավ՝ դառնալով «տարօրինակ պատանի մը՝ տարօրինակ յուզումներով...», որի վրա մոր ուշադիր նայվածքը «երբեմն կը ծանրանար...»: Իսկ հետո էլ ձեռք բերեց իր անդարմանելի հիվանդությունը: Եվ ոչ ոք չի կարող հերքել, որ հիվանդության պատճառը իր ներքին ընդվզումն էր մոր հանդեպ: Զոնա կոչվող վարակից առաջացած մաշկաբորբի հետևանքով անտանելի քորը նրան տանջում էր: Ժամանակի ընթացքում դրան ավելացան նոր ցավեր՝ պնդերակություն, ցնցղատապ, աղետապ... «Ոչ հաց, ոչ միս, ոչ բանջարեղէն, միայն մաքարոն և բրինձ կուտեմ: Դեղը օգուտ չըրաւ, ընդհակառակը»: Այսքանը բավական չէր, 1916-ին էլ, քաղաքական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կուսակցի կողմից դեմքին ստացված հարվածից կորցրեց  աչքը: Մեկ ամիս Ալեքսանդրիայի ֆրանսիական հիվանդանոցում պառկելուց հետո, ներողամտաբար շարունակեց կուսակցական աշխատանքը՝ հուսալով, որ կարող է բարոյական սկզբունքներ ներմուծել այնտեղ:

«Կրնա՞ն կուսակցութիւնները մաքրուիլ, զտուիլ եսասիրութենէն: Եթէ չեն կրնար, հետզհետէ վնասակար պիտի ըլլան ազգին, ու զարմանալու չէ եթէ սահմանադրութեան արեւին տակ Թուրքիոյ Հայերը ներքնապէս աւելի հիւծին ու տկարանան հետզհետէ՝ փոխանակ կազդուրուելու եւ զօրանալու…»:

Քաղաքական «ցավերից» զատ իր մարմնական ցավին էլ բուժում չեղավ. «Ցաւ սաստիկ լոյսէն, աղմուկ՝ գլխուն մէջ, դիմային տեսք մը՝ որ սարսափ կը պատճառէ զինք այդ վիճակին մէջ տեսնող մանուկներուն» ...այս ամենը շարունակվում էր։

«Դեռ սեւ կապով մը աչքս կապուած է, բայց փառք Աստծոյ, հետզհետէ աւելի աղեկ եւ գոհ եմ, մանաւանդ այն պատճառով որ կեանքէն եկած այս փորձանքը փոխանակ զիս դառնացնելու կամ ըմբոստացնելու կեանքին դէմ, ընդհակառակը կակղեցուց սիրտս եւ աւելի մեծ համակերպութեամբ մը զայն խոնարհեցուց կեանքին, անշուշտ նաեւ մարդոց առջեւ»,- խոստովանել է նամակով Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Գուշակեանին:

Իր խոնարհությունը հայտնի էր արդեն իր գեղեցիկ արվեստի մեջ, հիմա էլ՝ բուն կյանքում: Այնպես որ, մարմնական ցավը, մնաց միայն ի՛ր ցավը, և իր մեկ հատիկը՝ աշխարհի լույսը տեսնելու միակ, բայց տկարացող աղբյուրը՝ իր աղոթքի առարկան:

Իմ մէկ հատի՛կս… օհ, ինչպէ՜ս սիրտըս վըրադ կը դողայ՝

Երբ կը տեսնեմ քեզմով քեզ.

Քու արցունքո՛վըդ քեզի կը պաղատիմ ես հիմա՝

Որ դուն ալ զիս չըլըքես…:

շարունակություն

Մեկնաբանություններ (1)

Պետրոս
"Վահան Թեքեյան" անունով մարդ չի կայ; Իսկ՝ "Վահան Թէքէեան"-ով, այո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter