
Աշխարհը շատ քիչ կը սիրէ տրտմիլ ուրիշներուն տրտմութեամբը. Վահան Թէքէեան (մաս 2)
Կեսարիան
Ծնողները կեսարացի էին, թեև ինքը Պոլիս ծնած էր: Հազվադեպ է պատահում, որ 2 մեծ հայրերն ազգապետեր եղած լինեն: Վահանի պարագային այդպես էր: 1850-ականներին Կեսարիայում ազգապետի պաշտոնը վարել են տեղացի երևելիներ՝ Հաճի Մուրատ Թէքէեանը և Սարգիս Արզըեանը՝ Վահանի 2 մեծ հայրերը և «...այդ յիշատակութիւնը, կը խոստովանիմ, պզտիկ տաքութիւն մը կը դնէ ստամոքսային խոռոչիս մէջ»:
Կեսարիայի հետ ծագումնաբանական կապեր ունենալու համար Վահան Թեքեյանին հետագայում առաջարկեցին տեղափոխվել այնտեղ և ստանձնել թափուր մնացած Սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց վարժարանի տնօրինությունը:
-Դուք պէտք է ընդունիք այդ պաշտօնը, մանաւանդ որ իբրև կեսարացի պարտականութիւն մը ունիք ձեր ծննդավայրի հանդէպ,- ասացին նրան:
-Բայց Կեսարիան իմ ծննդավայրս չէ:
-Աւելի լաւ: Եկէք եւ տեսէք Ձեր ծնողաց ծննդավայրը:
Այս հարցով խորհրդակցեց մոր, մորաքրոջ, եղբոր և մորեղբայր Մանուկի հետ: Եվ լսեց նրանց ձայները մեկ արած վճիռը.
-Եթէ տէտէիդ թոռն ես՝ պէ՛տք է երթաս:
Եվ գնաց՝ ականջների մեջ՝ «Ընտանիքիդ համար փառք մըն է...»՝ մորեղբոր` հպարտությամբ տոգորված բառերը: Մայրը, արդեն 75 տարեկան, 50 տարի է թողել էր Կեսարիան և երբեք չէր վերադարձել: Այնպես որ, տիկնոջ հիշատակներն այս քաղաքից շատ հին էին՝ մանկական, պատանեկան և քաղցր: «Հրաժեշտի վայրկեանին իր թափած արցունքներուն մէկ մասը Կեսարիոյ կ'երթար: Ուզած էի որ հետս գայ ու վերջին անգամ մըն ալ տեսնէ իր ծնած տեղը, չհամարձակեցաւ խեղճը...»:
Կյանքի կեսարական փուլը, որ կարճ ժամանակ անց՝ 5 ամիս հետո, ընդհատվեց, քանի որ նշանակվեց Երուսաղեմի վանքի Ազգային ժողովի ներկայացուցիչ, Վահանն ամփոփեց իր հրաշալի ուղեգրություն-օրագրի մեջ: «Իմ բազմաթիւ տեղափոխութիւններէս միակն է այս, որու միջոցին օրագիր մըն եմ պահեր: Ի՞նչ բան ինծի ազդարարեր է՝ թէ այդ օրերուն յիշատակը նուիրական պիտի ըլլայ ինծի համար ու արձանագրել տուեր է դէպքերը իրենց մանրամասնութիւններով»:
Վ. Թեքեյան՝ ծաղրանկարիչ Ֆիլիպ Արփիարյան
Էսքիշեհիրի գիրուկ գերմանուհին
Երբ 1913թ. սեպտեմբերի 2-ին կառախումբը շարժվեց Հայտար Փաշայից, Վահանը սկսեց իր նոթերը: Պոլիս-Կեսարիա հակադրության, թե ամբողջության մեջ փորձեց հասկանալ իր որտեղացի լինելը. Պոլիս ծնած, բայց Կեսարիայի լեզվի, բարքերի, մարդկանց և այդ քաղաքի հետ կապված վերհուշերի մեջ մեծցած: «Պոլիսը՝ ծննդավայրս, Հայաստանը՝ հայրենիքս, ա՛լ ուրիշ սիրոյ մը համար տեղ չկար սրտիս մէջ: Մարդ քանի՞ հայրենիք կ’ունենայ վերջապէս, երկուքը շատ էր արդէն: Թո՛ղ որ Կապադովկիային պիտի նախընտրէի Պարսկաստանը-թերեւս իր վարդաստաններուն համար-ուրկէ կ’ըսուէր թէ Կեսարիա եկած ու հաստատուած էր նախահայրերէս մէկը...»:
Մի խոսքով այս մտատանջության մեջ էր, երբ Պոլսից Կեսարիա ընթացող գնացքը երեկոյան հասավ և կանգառ արեց Էսքիշեհիրում: Եվ նոթատերտրի մեջ ավելացավ մի նկարագրական և հումորային հրաշալի կտոր. «Տիկին Տատիա, որուն պանդոկը իջեւանած եմ, քանի որ այս երանելի երկրին երկաթուղիները գիշերը չեն քալեր-տիկին Տատիա... կրկնապատիկ գերմանուհի մըն է, նախ ֆիզիքապէս, եւ, յետոյ կը ստուգեմ թէ բարոյապէս ալ: Ճամփորդները իր ինչքն են, իր առարկաները, զորս ուզածին պէս կը տեղաւորէ պարտէզին ծայրը, սեղանատան քովը, ասդին-անդին, ո՛ւր որ ըլլայ՝ եւ կը սնուցանէ նմանապէս՝ ի՛նչով որ կամենայ: Ատով՝ ինք լաւ տեղաւորուած է այստեղ եւ ինչպէս կ’երեւի, լաւ ալ սնած, որովհետեւ կրկինը քիչ է՝ երեք-կինի միս եւ ճարպ կայ վրան, թէեւ ասիկա բնաւ արգելք չէ ...սենեակէ սենեակ իր թաւալումին՝ յաճախորդները գոհացնելու...ջանադրութեան մէջ»:
Եվ այսպես՝ Էսքիշեհիրից Քեոթահիա, հետո՝ Աֆյոն Գարահիսար, Գոնիա, ...Պատմողի հրաշալի ձիրքով Թեքեյանը նկարագրեց մինչև իր ժամանման կետն ընկած բոլոր բնակավայրերը և 6-րդ օրը հասավ տեղ, ճիշտ Արարչի նման՝ 7-րդ օր շունչ քաշելու հույսով: Գնացքի անցած հետագծին նայելով՝ նա փաստորեն անցավ 1-2 տարի հետո կատարվելիք ցեղասպանության, բռնի տեղահանության և իր մտավորական շատ ընկերների աքսորի ճանապարհով:
Նվիրվում է նրանց, որ «Մեծ աղէտին մէջ անհետացան...»
«Երթուդարձի եւ բնակութեան» այս օրագրությունը մինչև 1921թ. մնաց իր թղթերի մեջ, ապա իր խմբագրած Պոլսի «Ժողովուրդի ձայնը» պարբերականում սկսեց մաս-մաս հրատարակել՝ «ի յիշատակ Կեսարիոյ Ս. Կարապետ վանքի վարժարանի 1913-14 շրջանի այն բազմաթիւ աշակերտներուն, ուսուցիչներուն եւ խնամակալներուն, որոնք մեծ աղէտին մէջ անհետացան»: «...Կը հրատարակեմ զայն՝ ներքին հրամանի մը կարծես անսալով եւ ուրիշներուն ալ սիրեցնելու համար այն ժամանակը, այն տեղերն ու այն դէմքերը որոնք ինծի ա՛յնքան սիրելի են»:
Բարեբախտաբար 2016-ին, հավանաբար նորէն, «ներքին հրամանի մը կարծես անսալով», այս անգամ, Պոլսի «Ժամանակ»-ը առանձին գրքով լույս ընծայեց մամուլի էջերում ցիրուցան եղած և, մեծ հաշվով, մոռացված գրեթե 100-ամյա այս հրաշալի հուշագրությունը: Կեսարիան՝ Կապադովկիան, իր նախնիների կանչն էր, որքան էլ փորձեր համոզել, որ ինքը Պոլսեցի է: Եվ հենց այդ կանչն էր, որ Կահիրեում Կեսարիոյ Հայրենակցական Միութիւն հիմնելու որոշման բերեց իրեն 1925-ին: Բայց մենք դեռ կիսատ ենք թողել Վահանի մանկության մանրամասները:
Մանուկ մորեղբայրը, մորաքույրը և Սենեքերիմ էֆետին
8 տարեկան էր Վահանը, որ առաջին անգամ «ծանոթացավ» մահի հետ և շատ ծանր ապրումներ ունեցավ: Դա ևս մի հարված էր մոր գգվանքին կարոտ տղայի համար: Իր ավագ եղբայր Տիգրանն էր մեռնողը: Տիգրանը զինվորական դեղագործ էր՝ զորակոչված Բալկաններ, երբ վարակիչ մի հիվանդություն խլեց նրա կյանքը: Դրանից 2 տարի անց էլ՝ 1888-ին մահացավ հայրը՝ Գալուստը:
Բայց Վահանը մանկությունից լավ հուշեր էլ ուներ: Դրանք կապվում էին իր մորեղբայր Մանուկի և մորաքրոջ ամուսնու հետ: Մանուկը զավակ չուներ և Վահանին հոր աչքով էր նայում: Պատրաստ էր հոգալ նրա ուսման ծախսերը, եթե Վահանը համաձայներ ատամնաբուժություն, կամ գոնե դերձակություն սովորել եվրոպաներում: Իսկ Վահանի ուզածը իրավագիտությունն էր և գյուղատնտեսությունը: Այնպես որ ընդհանուր հայտարարի չեկան: Եվ կրթության հարցն էլ առկախվեց: Ինչևէ, մորեղբայր Մանուկը թատրոնի սիրահար էր, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուներից մեկը: Վահանը դպրոցական արձակուրդները անց էր կացնում նրա տանը՝ «մի դրախտային միջավայրի մէջ»: Տպավորված էր Մանուկի հսկա գրադարանով ու եվրոպական և արևելյան լավագույն ըմպելիքների հավաքածուով: Իսկ մորաքույրը իր ամուսնու՝ Սենեքերիմ Մանուկյանի հետ, մեկ այլ շքեղ հուշ է: Գնալը կղզու փառահեղ պարտեզով, տունը՝ լեցուն աղախիններով, սպասուհիներով և պարտիզպաններով, մորաքրոջ 3 զավակները՝ տարօրինակ կյանքով. ամուսնուց բաժանված աղջիկը, դաշնամուր նվագող, ծանր խոսվածքով ավագ որդին, մյուս տղան՝ իբր Օքսֆորդում սովորող... Վահան լսել էր, թե Սենեքերիմն ամեն կերպ ջանում էր, որ կաթողիկոսը լուծի աղջկա պսակը, իսկ նրա օքսֆորդյան զավակն էլ 2-3 տարվա մեջ 10.000 ոսկի էր արժեցել հորը:
Հիշում էր մորաքրոջ տված 20 փարան, որով մոտակա փուռից «եաղլը սիմիթ» գնեց. «որուն հալիլը և փափուկ համը» անմոռանալ էր: Մի օր էլ ժամը 2 ղրուշով ավանակ վարձեց և ընկերոջ հետ զբոսնեց կղզում: Բայց ամենից անջնջելին և ապշեցնողը թերևս մորաքրոջ տուն, իր ամուսնուն՝ «էֆէնտիին» հյուր եկած Երուսաղեմի Եսայի պատրիարքի ծով մտնելը տեսնելն էր՝ անսպասելի «հանդերձանքով». «ինչ-որ զարմանալի էր որ պատրիարքն ալ կրնար մէրկանալ և ջուրը նետուիլ»:
Վերջինը և առաջինը միաժամանակ
Իր հետագա կյանքի ողջ ընթացքում կրթության, ինքնության պահպանման ազգային հարցերն ընթացան միահյուսված իր քաղաքական գործունեությանը: Րաֆֆին՝ այդ «անմահ և անհանգիստ հոգին» էր իր մեջ ամրացրել պայքարելու որոշումը: 1895-ի Պապը Ալիի դեպքերը շատ նվիրական զգացումներ արթնացրին Վահանի հոգում՝ նրան առավել նետելով քաղաքական-կուսակցական հորձանուտը: Բայց կրթական, մշակութային հարցերը, Հայաստանից դուրս հայկականության պահպանման խնդիրները առաջնային էին և զերծ կուսակցական նեղ պատկերացումներից: Թեքեյանը գիտեր, որ մամուլը հայապահպանման հարցում մեծ դեր կարող էր կատարել:
Ալեքսանդրիայում Պողոս Նուբարի և Տիգրան Կամսարականի նյութական աջակցությամբ Միքայել Կյուրճեանի հետ հրատարակում են «Շիրակ» ամսաթերթը: 1905թ. անդրանիկ համարի առաջնորդողում շարադրված է ամսաթերթի նպատակը՝ «գրագէտներու ընտրելախումբի մը օգնութեամբ աշխատիլ հայ դպրութեան վերականգնումին արտասահմանի մէջ: ...«Շիրակ» պիտի ընէ ազգային գրականութիւն մը, առանց մտնելու կուսակցական նկատումներու եւ մասնաւորութեանց մէջ.լայն պիտի բանայ իր էջերը բոլոր ճշմարիտ ու վաւերական գրագէտներուն առջեւ, ընծայելով այսպէս անոնց գերազանց միջոցը կատարելու իրենց վրայ ծանրացող պարտքին՝ հանդէպ հայ դպրութեանց եւ անով՝ հանդէպ ազգային վերածնումի գործին»:
Բայց, ի հավելումն ազգային գետնի վրա իր բազմապիսի պարտականությունների և առաքելությունների, իրեն էր բաժին հասնելու նաև երկու ծանր «առաջադրանք»՝ դառնալ վերջին դասական արևմտահայ մեծ բանաստեղծը և ակամա ստանձնել նոր պարտավորություն՝ լինելու սփյուռքյան բանաստեղծության սկզբնավորողը: Այս զույգ տիտղոսների մեջ իր ժողովրդի ճակատագրի նման մի բան կար՝ ավարտի և վերընձյուղման: Արհավիրքի ժամանակ նա Եգիպտոսում էր, այլապես, ամենայն հավանականությամբ, ինքն էլ կդառնար շատերի պես վերջինը: Բայց ողջ մնաց և, նորը սկզբնավորողի իր «բեռը» շալկած, շարունակեց ստեղծագործել՝ իր ժամանակի և կորովի մեծ բաժինը էլի՛ թողնելով համազգային գործերին:
Քիչ մը bonsens (ողջախոհութիւն) ու քիչ մըն ալ անվախութիւնը իմ միակ առաքելութիւններն են Վ. Թ.
Ֆրանսիան, Կիլիկիան ազատագրելու համար, Հայկական լեգեոնի ստեղծման որոշում ուներ: Ֆրանսիացի ծովայիններն արդեն մարզում էին մուսալեռցիներին: Ֆրանսիական նավատորմի սպա Շառլ Տիրան Թեքեյանը, որ Վահանի զարմիկն էր՝ Միհրան հորեղբոր որդին, մեծ դերակատարություն ուներ այս հարցում: Անգլիան ևս ստանձնեց հայ կամավորներին մարզելու գործը:
Եգիպտահայերը շատ արագ արձագանքեցին Հայկական լեգիոնին կամավորագրվելուն: Այստեղից առաջին խումբը Կիպրոս մեկնեց 1916թ. նոյեմբերի 30-ին: Կամավորների ճամբարումը՝ Ֆամագուստայի մոտ գտնվող Մոնարկա բնակավայրում էր: 600 մուսալեռցիներ և 300 եգիպտահայեր հիմք դրեցին առաջին գումարտակին: Անգլիան արտոնեց, որ Միջագետքից Հնդկաստան տարված հայ ռազմագերիները՝ 236 հոգի, համալրեն լեգիոնի շարքերը:
Այս շարժմանը սատարելու և հստակ աջակցություն ցույց տալու համար Եգիպտոսում գործող հայկական հասարակական, քաղաքական ու կրոնական կազմակերպությունները միավորվեցին Ազգային միության մեջ: Սա ազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբման բացառիկ օրինակ էր: Ազգային միությունը որոշեց մասնաճյուղեր բացել հայահոծ տարբեր երկրներում և ներգրավել հայրենակիցների Հայկական լեգիոնին միանալու համար: Եվ այսպես՝ 1917 Վահան Թեքեյանը բազմակուսակցական պատվիրակության կազմով գործուղվում է Կիպրոս՝ Հայկական լեգիոնի մարզումներին հետևելու և Նիկոսիայի մեջ Ազգային միության մասնաճյուղը հիմնելու առաքելությամբ:
Փարիզ-Երուսաղեմ-Փարիզ. մեղվաջան աշխատանք՝ ի սեր Հայրենիքի և հայության
1917-ին Ֆրանսիայի պատերազմական նախարարության հետ Հայկական լեգիոնի և այլ ռազմական հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Ազգային միության պատվիրակության կազմում, որի մեջ էին անշուշտ Տամատյանը և Չերազը, Թեքեյանը Փարիզում էր: Իջևանում է Մոնպառնասի պանդոկներից մեկում: Այստեղ մնում է մոտ 8 ամիս: Այս ամիսներին նա աշխատանք է տանում ֆրանսահայերին կամավորագրելու ուղղությամբ: Աշնանն էլ, ի հիշատակ ցեղասպանված հայ մտավորականների, բանախոսում է սգահանդեսին:
Շուտով, հակառակ պատերազմի վտանգների, նույն առաքելությամբ Թեքեյանին գործուղում են Երուսաղեմ: Այստեղ էլ ի թիվս վերը նշված հարցերի, Թորգոմ Եպիսկոպոս Գուշակեանի հետ պայքարում է Երուսաղեմի սրբատեղիներում հայկական իրավունքների պահպանման համար: 1918-ին էլ Պորտ Սաիդից նավով կրկին հասնում է Ֆրանսիայի ափերը: Նրան հերթական կարևոր ազգային–քաղաքական առաքելությունն էր տանում Փարիզ՝ Պողոս Նուբարի, Արշակ Չոպանյանի, Փաստրմաճյանի, Տեր Հակոբյանի և դոկտոր Հակոբ Նևրուզի և մյուսների հետ մասնակցելու Ազգային համագումարին:
Անկատար մնացած ցանկությունը
Կիպրոսում, որտեղ Մելգոնեան վարժարանի տեսուչն էր, հանդիպեց Զապել Եսայանին: Նրանց զրույցը պտտվում էր Հայաստանի շուրջ: Զապելը համոզում էր Վահանին տեղափոխվել Արևելյան Հայաստան: Ճիշտն ասած, այդ միտքը ի՛ր սրտով էլ էր: Հիշում էր իր այցը Երևան 1919-ին և հատկապես իր դասախոսությունը եղեռնազոհ Դանիել Վարուժանի մասին: Բայց, գուցե բարեբախտաբար, չիրականացվեց այդ ծրագիրը: Ով գիտի, որպես ո՞ր երկրի լրտես կտտանքների կենթարկվեր, կաքսորվեր Սիբիր կամ կհայտնվեր գնդակահարվածների փոսում, ինչպես Զապել Եսայանը...
Գլխավոր լուսանկարում՝ Վ. Թեքեյանը ծանոթուհու հետ
Մեկնաբանել