
Աշխարհը շատ քիչ կը սիրէ տրտմիլ ուրիշներուն տրտմութեամբը. Վահան Թէքէեան (մաս 3)
Եթէ կրնաս՝ բարձրացի՛ր, բայց գիտե՞ս ո՛ւր, մինչեւ ո՛ւր.
Եւ քեզի հետ ուրիշներն՝ եթէ կրնաս՝ բարձրացո՛ւր...
Հայկական պայքարի անդադար, անկանգ օրակարգով, դժվար, բայց կենսական հարցերին լուծում տալու պարտքի զգացումով, Վահանն ամենուր էր: Եվ ինչպե՞ս էր կարողանում օրհասական խնդիրների ետևից ընկած, գրել իր չքնաղ բանաստեղծությունը:
Նույն ջանասիրությամբ, ինչ Հայկական լեգիոնի և Ազգային միության հիմնման հարցերը, Վահանը Թեքեյանը աշխատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համար, որ հիմնադրել էր Պողոս Նուբար փաշան՝ Եգիպտոսի եռակի վարչապետ՝ Նուբար Նուբարյանի որդին: Ծրագիր ուներ նպաստելու, որպեսզի ՀԲԸՄ մասնաճյուղեր հիմնվեն Կովկասում և Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկական քաղաքներում և գաղթօջախներում: Պատերազմի ընթացքին և դրանից հետո հատկապես անգնահատելի ջանք գործադրեց որբահավաք և որնախնամ առաքելության մեջ: Հունաստանի և Միջին Արևելքի որբանոցներում հայտնված իր ազգի ձագուկների, նաև Ազգային Կեդրոնական վարժարանի իր սիրելի աշակերտներից շատերի փնտրտուքով՝ նա շտապում էր այս ու այն քաղաքը: Ինչպե՞ս կարող էր անտարբեր լինել նրանց ճակատագրին: Երեխաները, պատանիները զուրկ չպետք է մնային հայկական կրթությունից: Դրա համար կառույց էր պետք, և Վահանը հիմնում է Հունաստանի որբախնամ միությունը: Կահիրե, Դամասկոս, Հալեպ, Բեյրութ, Մարսել, Ժնև... որբերի աջակցության համար ոտքի է հանում հայկական գաղութները: «Ճամփորդութեանս արդիւնքը գէշ չէ ...Փոխադարձաբար՝ ես ալ սրտապնդուեցայ, գաղթականներու կենսուանկութիւնը ...տեսնելով: Կարելի է դեռ աշխատիլ այս ժողովուրդին համար, առանց մեծ յաւակնութեան...»:
Արհավիրքը, կարծես, գտել էր իր հասցեն՝ Հայաստան և հայ ժողովուրդ: Մեկը չավարտված՝ վրա էր հասնում մյուսը: 1926-ին ուժգին երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը: Զոհեր, հողին հավասարված բնակավայրեր: Դժբախտություն դժբախտության ետևից: Թեքեյանը ստանձնում է «երկրաշարժէն աղետեալներու օգնության յանձնախումբի» պատասխանատուի գործը: Այս «ազնուական բանաստեղծը մարդոց մէջ» հավատամք ուներ՝ հասնել օգնութեան:
Լուծում պահանջող հրատապ, համընդհանուր մեծ հարցերի շարքում նաև իր տաղանդավոր ընկերոջ՝ Շահան Շահնուրի հարցն էր: Փարիզի հիվանդանոցներում, «չոր տախտակին» տարիներով գամված Շահնուրի սոսկալի ցավերը ի՛ր ցավերն էին: Ով ավելի լավ կիմանար, թե ինչ բան է անընդհատ մարմնական ցավը, եթե ոչ ինքը՝ անբուժելի հիվանդությունը իր հետ տարիներ քարշ տվող Վահանը: Շահնուրի անօգնականությունից, մենակությունից, դրամի հավերժական չգոյությունից առաջացած հոգեկան ցավերը ևս Վահանինն էին: «Արեւ»-ը դարձավ ընկերոջ փրկօղակը: Թեքեյանը բացեց իր թերթի էջերը հանճարեղ Շահնուրի համար: Փարիզի հիվանդանոցներից Կահիրեի խմբագրատուն հասնող գրական ճանապարհը դարձավ կյանքի «նահանջի» ճանապարհը բռնած գրողի հույսը:
Պոլիս. Հովհ. Թումանյան. Նոր գաղափարներ հանուն հայության
Վ. Թեքեյանը որբ աշակերտների հետ , Պոլիս, 1922
1921-ի աշնանը Հովհաննես Թումանյանը Պոլսում էր Հայ օգնության կոմիտեի՝ գաղթականության նպաստամատույցի հարցերով: Պոլսահայ մտավորակաների հետ հանդիպման համար նա թեյասեղան է կազմակերպում: Ներշնչված այս մեծ մարդու ազգանպաստ գործով, 1921-ի դեկտեմբերին Պոլսում հիմնվում է Թիֆլիսի Հայարտան քույր կառույցը՝ ատենապետությամբ Երվանդ Օտյանի: Պաշտոնը հետո ստանձնում է Թեքեյանը: Գրական, թատերական, երաժշտական, պարային խմբակներ՝ յաջակցություն ցեղասպանությունից փրկված հայության հոգեկան և հոգևոր առողջացման: Վահան Թեքեյան, Կոստան Զարյան, Հակոբ Օշական, Երվանդ Օտյան, Շավարշ Միսաքյան, Արշավիր Շահխաթունի,Փանոս Թերլեմեզյան... այս մեծությունները վարեցին Պոլսի Հայ արվեստի տան գործերը: Թեքեյանն ուզում էր նման կառույց հիմնել նաև Եգիպտոսում: Բայց քեմալական շարժումը ստիպեց հեռանալ երկրից և հաստատվել Վառնայում, ապրել «մերկ խուցին մէջ, ուր կրակարան մը իսկ չիկայ»:
Աստվածային հայերենից հելլենական դիցական լեզու
Վիկտոր Հյուգոյին, Շառլ Բոդլերին, Օսկար Ուայլդին, «սոնետային» Շեքսպիրին Թեքեյանը «խոսեցրեց» հայերենով, այն էլ մրգաստանի մը նման իր չքնաղ հայերենով: Եվ մի օր էլ, 1938-ին անսպասելիորեն իմացավ, որ “Αρμενική μούσα” «Արմենիքի Մուսա» հատընտիր ժողավածուում Գուլիս Ալեբիսը հունարենով ներառել է նաև իր գործերը: «Արեւ»-ի միջոցով իր երախտագիտական նամակը հղեց Հելլադա.
«Պարոն և սիրելի արուեստակից, անհունապէս երախտապարտ եմ Ձեզի ...
Դեռ նոր ստացայ այդ փունջը զոր բարի եղած էք ղրկելու ինծի և որուն համար կը փութամ շնորհակալութիւնս յայտնելու: Կը ցաւիմ որ անձնապէս անկարող եմ գնահատելու Ձեր աշխատանքը, բայց բոլոր վկայութիւնները կը միանան զայն գտնելու հիանալի գործ, բա՛ն մը, որուն դիւրութեամբ կը հաւատամ, քանի որ դուք ալ իրական բանաստեղծ մըն էք..Ուրեմն նոր կեանք մը պարգեւած եք մեր երկերուն, անոնց ներշնչելով ձեր լեզունի աստուածային հոգին, եւ ասոր համար է որ աւելի խորապէս յուզուած եմ որքան իմ անձիս այնքան ալ իմ յաւետ անհետացած վարպետներուս եւ բարեկամներուս համար, որոնք այսուհետեւ կողք-կողքի պիտի ըլլան Հոմերոսի եւ Բալամասի հետ... Քանի մը բանաստեղծութուններ ունիմ, ներչնչուած Հին Հելլադայէն, ... ինչքա՜ն կը հաղորդակցիմ Ձեզի հետ Ձեր մեծ նախահայրերու հիացումին մէջ»:
Հանըմը, որ տակնուվրա է արել շատերին
Միակըտուր սեւ - անփայլ մետաքսն ամբողջ զինք ծածկած
Եւ քայլերուն մետաքսէ խոր շրշիւնովը թեթեւ՝
Որ ազդրերուն քընարին կարծես նըւագն ըլլար ցած,
Կ՚երթա՜յ Հանըմն՝ յուզելով մուշկի ալիք մ ' իր ետեւ … ։
Իսկապես «կիներուն մօտենալու, զանոնք վայելելու, անոնցմով գինովնալու ձեւերը վերջ չունին»,-ինչպես կասեր Հակոբ Օշականը, որ արբեցած էր Թեքեյանի «Հանըմը»-ով՝ գրված «զսպուած, շատ տնտեսուած զգացումի մը ժուժկալութեանը մէջ»։ Բայց այդ ժուժկալությունը «չորութիւն մը չէ...:... բանաստեղծին մատները հարկ եղած սարսուռը կը քալեցնեն, երբ կ՚իյնան անոնց «մէջքին շուրջը», անոնց «ազդրերն ի վար իրենց սահանքին մէջ»։ Հակոբ Օշականը էլ ինչպե՛ս բացատրի իր ապրումները այս բանաստեղծությունից: Ինչպես նկարագրի, ընթերցելիս առաջացող իր առողջ արական հույզերը:
Պատկերացրեք թե «եւրոպական ոճով հիւրանոցի մը սրահին մէջ» եք, լեցուն ազատ, մատչելի կանանցով, որոնց վրա է թափառում ձեր հայացքը, կամ պատկերացրեք ձեր աշխատասեղանը՝ ծանրաբեռնված «ամերիկեան մէկէզըններ»-ով, որոնց կազմերին ժպտում են անծանոթ, բայց միևնույն ատեն ծանոթ գեղեցկուհիներ: Եվ ձեր ձեռքին՝ Թեքեյանի «Հանըմը»: Ու դուք կարդում եք՝
Ժանեկայորդ թեւէն դուրս կը բխի ձեռքը պզտիկ՝
Զոր նախանձոտ սեւ ձեռնոց մը կը պահէ կիսովին,
Մինչ ուղղանկիւն ճակատէն ինկած քողն ալ լուսանցիկ
Ծանրածարիր աչքերուն կ՚անթեղէ հուրքը խորին … ,
և Հակոբ Օշականի հետ մեկտեղ «կը ջանաք, ձեր հաշւոյն, վերագտնել անկազմելի ուրուաշխարհը, որ կնոջ մը մարմինն է, հոգիէն շատ առաջ...»: Այս սադրիչ Արեւելքը...
Կամուրջին վրայ, յորդազեղ վերջալոյսի մը ներքեւ,
Կ՚երթայ Հանըմը այսպէս, հորիզոնէ հորիզոն։
Կ՚երթա՛յ Հանըմն՝ անմատոյց, քողածածուկ, հոյաձեւ:
Կին կամ ոգի, պահ մ՚ելած պալատներէն Պոլիսի,
Պոլսոյ ոգի՛ն, խուսափուկ, անքննելի՜, սխրալի …
Ինչ որ տվիր ուրիշին...տարօրինակ...
Լուսադեմին՝ 4:30-ին աչքերը գոցեց: Տունը, որտեղ մեռավ, իրենը չէր, վարձակալել էր Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում: 1945 թ. ապրիլի 4–ն էր: Ասել էր, որ պարզ թաղում է ակնկալում իր համար Կահիրեի հայկական գերեզմանատանը՝ Արփիար Արփիրարյանի և Երվանդ Օտյանի մոտ:
«...Տիար Թէքէեան միշտ ծառացաւ զեղծումներու եւ սայթաքումներու դէմ. Եւ ողջամտութեան ձայն բարձրացրուց, առանց վարանելու եւ վհատելու...»:
«Մենք ոչ թէ միայն բարեկամներ, այլ գրեթէ հօր եւ զաւկի պէս էինք:...ան ալ ինծի պէս որբ մըն էր, եւ մնաց անտուն աքսորական մը, լուռ ներկայացուցիչը գաղթական հայ մտաւորականին մարտիրոսագրութեան...»:
«Թէքէեան որ ազնուական բանաստեղծ էր մարդոց մէջ»:
«Բայց...քերթողները կը նուիրագործուին ո՛չ թէ ժամանակին հետ, մէջը, այլ անկէ վեր...»:
Ի՞նչ պատասխան կլսեինք իրենից, եթե կյանքի վերջին վայրկյաններին հարցնեինք գրեթե իր իսկ տողերով՝
-Էհ, Վահա՛ն, կեանքէն քէզի ի՞նչ մնաց:
-Ինչ որ տըւի ուրիշին, տարօրինա՜կ , ա՛յն միայն. խանդաղատանք մը ծածուկ, օրհնութիւններ անիմաց, երբեմն հատնումը սրտիս ու մերթ արցունք մը անձայն ...ինչ որ գընաց ուրիշին՝ վերադարձաւ անուշցած ու զօրացած՝ հոգիիս մէջ մընալու յաւիտեան....
...ի՞նչ կը մընայ հողին տակ եղեգներէն դիւրաթեք, կաղնիներէն հաստաբուն.
Արեւն ըմպած ըլլալու մըխիթարանքը անհուն:
Մեկնաբանել