HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոման Երիցյանը անուններ հնչեցրեց. ՆԳՆ-ից զանգել և հորդորել են քաղաքացիներին հաղորդում ներկայացնել փաստաբանի դեմ

Ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի` կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները Քննչական կոմիտեից քայլերթով հասան Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ Տիգրանի փաստաբանը մի քանի հարցադրումներ կատարեց, թե ինչու ձերբակալված չեն Տիգրանին բռնության ենթարկած ոստիկանները կամ ինչու նրանց լիազորությունները կասեցված չեն:

ՆԳՆ-ի ներկայացուցիչ Լևոն Ղազարյանը, մոտենալով բողոքի ակցիայի մասնակիցներին, փորձեց պատասխանել Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանի հարցերին: Վերջինս մի քանի հարց ուղղեց, որոնք վերաբերում էին արցախցիների նկատմամբ բռնութուններին, խտրական վերաբերմունքին: Ռ. Երիցյանը հետաքրքրվեց նաև, թե Գրիգորի Սահակյանին, Առնոլդ Միքայելյանին Ներքին գործերի նախարարությունից Նարեկ կամ Արտակ անունով անձը ինչո՞ւ է զանգահարել և հրավիրել, որպեսզի հաղորդում ներկայացնեն իր դեմ: ՆԳՆ ներկայացուցիչը նշեց, որ չի տիրապետում այդ հարցերին, հետևաբար փաստաբանը կարող է գրավոր դիմել և ստանալ պատասխանը կամ հերթագրվել և ընդունելության ժամանակ բարձրացնել:

Ռոման Երիցյանը խնդրեց, որ մոտենա այնպիսի պաշտոնյա, որը իրավասու է հարցերին պատասխանել: Երբ սպառիչ պատասխաններ ստանան, կդադարեցնեն բողոքի ակցիան:

Փաստաբանը նշեց, որ արդեն 4 օր է` բողոքի ակցիաներ են իրականացնում, և եթե պատասխաններ չստանան, դիմելու են ակտիվ գործողութունների, փակելու են ճանապարհներ:

Հիշեցնենք, որ այսօր Քննչական կոմիտեի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում 2025թ. մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում ենթադրաբար բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանն ու մի խումբ քաղաքացիներ, իրավապաշտպաններ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ: Մասնակիցները՝ «արդարություն», «ոչ ամենաթողությանը», «ոչ խտրականությանը» վանկարկումներով հասան ՆԳՆ-ի շենքի մոտ:

Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով Քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։ Նրա դիտարկմամբ՝ իր դեմ փորձում են հաղորդումներ կորզել վստահորդներից, որպեսզի մեղադրանք առաջադրեն: Շատերը հրաժարվել են հաղորդում տալ, սակայն մեկ կին հաղորդում է ներկայացրել: Նա հայտնել է, թե փաստաբան Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել։ Այդ հաղորդումն արդեն ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter