
Մելիքբեկյանը ՈւԵՖԱ-ի ճանապարհին է, Հայաստանում քննադատում ու հրաժարական են պահանջում
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրություններ։ Թեկնածուներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Սա տեղի է ունենում երկրի ներսում Մելիքբեկյանի նկատմամբ քննադատության եւ հրաժարականի պահանջի ֆոնին՝ քննարկումների նոր ալիք բարձրացնելով:
«Թույլ չենք տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը, և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար»,- այսպես է Մելիքբեկյանն արձագանքել «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի գրառմանը, որում նա անդրադարձել էր Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալու հնարավորությանն ու իրենց գործողություններին։
Ջանջոյանը երեկ իր հրապարակման մեջ նշել էր՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում ներկայացուցիչ ունենալը լավ է. նոր հնարավորությունների, ծրագրերի, ֆինանսների ներգրավման հեռանկար կա, սակայն, նրա համոզմամբ, այդ պաշտոնում չի կարող լինել մի մարդ, որը, Հայաստանում իր անելիքները չարած, պետք է զբաղվի եվրոպական ֆուտբոլի խնդիրներով։
«Հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել»,- գրել է «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավարը։
Ջանջոյանը նշել է, որ 7 տեղի համար պայքարում է 11 թեկանծու, որոնցից մեկը ՀՖՖ նախագահն է։ Անդամներն ընտրվելու են 4 տարի ժամկետով։
«Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։
ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է` 200 եվրո օրապահիկով։
Թվում է` եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից։ Երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նաև գործող անդամներ են, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու»,- գրել է Ջանջոյանը։
Ըստ ՈւԵՖԱ-ի 2023-2024 թթ. ֆինանասական հաշվետվության, որը հրապարակվել է ապրիլի 3-ին՝ իրականում Գործկոմի անդամները տարեկան ստանում են ֆիքսված 160 000 եվրո փոխհատուցում։ Գումարի չափը անփոփոխ է 2017 թվականից սկսած։
Ջանջոյանի հրապարակման օրը աշխատավարձի վերաբերյալ Google-ում որոնում կատարելիս առաջինը UEFA reveals president Ceferin is paid $1.64M salary վերտառությամբ հոդվածն էր հայտնվում, որտեղ նշվում է, որ ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամները տարեկան 160 000 եվրո են ստանում, որը համարժեք է (2018 թվականի մարտի դրությամբ) 197 000 ԱՄՆ դոլարի։ Ջանջոյանի հրապարակման մեջ նշված 197 000 եվրոն, ըստ էության, կարող է նման շփոթմունքի պատճառ լինել։
«Հայկական առաջին ճակատ» շարժումը երկար ժամանակ է՝ պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։ Ջանջոյանի խոսքով՝ այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում չի շահարկվել, սակայն, եթե առաջիկայում Մելիքբեկյանը չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, իրենք հնարավոր է գնան ծայրահեղ քայլերի՝ նախաձեռնելով գործընթաց նրա՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելը խոչընդոտելու ուղղությամբ։
Այսօր «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավարի հայտարարությունը ՀՖՖ նախագահը որակել է խայտառակություն։
«Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»,- հայտարարել է Մելիքբեկյանը։
ՀՖՖ նախագահը նշել է, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իր առաջադրումն ինքնանպատակ չէ, ու իրենք թույլ չեն տալու խոչընդոտել մի գործընթացի, «որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը»։
«Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են»,- ասված է ՀՖՖ նախագահի հայտարարության մեջ:
Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականի արդյունքները երկրպագուների շրջանում մեծ քննադատություն և հիասթափություն են առաջացրել։ Մասնավորապես, Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականից կրած վերջին պարտությունները (0:3 և 1:6) բացասական արձագանքների ալիք են առաջացրել։ Ավելի վաղ, 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ևս ազգային թիմը չի կարողացել համոզիչ արդյունքներ ցույց տալ։ Մելիքբեկյանը բազմիցս ներողություն է խնդրել հավաքականի նման ելույթների համար՝ ասելով, որ դրանք անընդունելի են։
Հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են կազմակերպվում թե՛ հավաքականի, թե՛ ներքին առաջնության խաղերի ժամանակ։ Մարտի 1-ին՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ, երկրպագուները «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր» վանկարկումներով մտել էին խաղադաշտ, ինչից հետո 9 անձ ձերբակալվել էր։
ՀՖՖ-ի ղեկավարության հասցեին հնչող քննադատությունը չի դադարում, Մելիքբեկյանն էլ շարունակում է կրկնել՝ հրաժարական չի տալու։ Մելիքբեկյանը Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից, իսկ 2023-ի դեկտեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում։
Հ.Գ. Նյութում կատարվել է լրացում։ Նախնական տարբերակում ներկայացրել էինք միայն Սերգեյ Ջանջոյանի հրապարակման մեջ նշված աշխատավարձի չափը, որը սխալ էր։
Լուսանկարը՝ Վրաստան-Հայաստան խաղից, որտեղ մեր ընտրանին պարտվեց 6-1 հաշվով
©Հայկ Մանուկյան, Արմենպրես
Մեկնաբանել