HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով), որը պետական կազմակերպություն է, Մեղրու նախկին համայնքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի կնոջ հետ ընկերություն է հիմնել 2023 թ.:

Ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում:

Խոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար:  

Մխիթար Զաքարյան-գործող իշխանություն առճակատումը

Ագարակցի Մ. Զաքարյանը 2008-2016 թթ. Սյունիքի Ագարակ քաղաքի ղեկավարն էր, իսկ 2016-2021 թթ. ղեկավարում էր Մեղրի խոշորացված համայնքը (վերջինս ընդգրկում է Մեղրու ամբողջ նախկին շրջանը, այդ թվում՝ Ագարակ քաղաքը): 2013-ին նրա ընտանիքը հիմնել է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը ժամանակավոր պահպանման պահեստ էր շահագործում Հայաստան-Իրան սահմանին: Ընկերության առաջին սեփականատերը Զաքարյանի աներորդին էր՝ ագարակցի Արտյոմ Սարգսյանը, սակայն 2014-ին նրան փոխարինել է Մխիթար Զաքարյանի քույրը՝ Մարգարիտա Զաքարյանը:

2021-ի ապրիլին՝ 44-օրյա պատերազմում ծանր պարտությունից ամիսներ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, այդ թվում՝ Մեղրի ու Ագարակ: Այս քաղաքներում վարչապետի այցը տապալվել էր, քանի որ տեղացիներից ոմանք նրան սրերով էին ընդունել՝ հայհոյել, անվանել կապիտուլյանտ, ինչին Փաշինյանը հակադարձել էր, թե կապիտուլյանտը նրանք են: Այս պայմաններում նա Ագարակում ելույթ չէր ունեցել, բայց իրեն հայհոյողներին նկատի ունենալով՝ հայտարարել էր, որ այդ հարցը կարգավորելու են: Այն ժամանակ խոշորացված Մեղրու համայնքապետը դեռ Մ. Զաքարյանն էր:

Միջադեպից օրեր անց ՊԵԿ-ը սկսել էր ստուգումներ իրականացնել Զաքարյանին փոխկապակցված ընկերություններում: Պետական մարմնի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն:

«Մաքսակետի հարեւանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը (ինչպես ասվեց, փաստաթղթերով սեփականատերը Զաքարյանի քույրն է – հեղ.)։ Այն մաքսային ձեւակերպումներ եւ լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին հարկայինի Շուշոյի (ՊԵԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Շուշանիկ Ներսիսյան - հեղ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում»,- 2021-ի ապրիլի 25-ին aysor.am-ին հայտնել էր Մխիթար Զաքարյանը։

Մեղրու համայնքապետը խոսել էր իր ընտանիքի բիզնեսի փակման հետեւանքով տարածաշրջանի գործարարների համար առաջացող բարդությունների մասին: Բանն այն է, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի պահեստից հետո հայ-իրանական սահմանին ամենամոտը Կապանում գործող «Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստն է:

«Մեղրիի եւ Քաջարանի տարածաշրջանում, որտեղ գտնվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ԶՊՄԿ-ն, Մեղրիի ճանշինը եւ Մեղրիի բիզնեսը, մեծ խնդրի առաջ են կանգնել։ Բեռը, որ նախատեսված է Մեղրիի եւ Քաջարանի համար, այս տերմինալի փակման հետեւանքով 80 կմ պետք է տանեն, հասցնեն Կապանի տերմինալ, մաքսային ձեւակերպում ստանան, որպեսզի դարձյալ հետ գան։ Մարդիկ չեն ուզում քշել, Իրանից բեռները բերել են, տրանսպորտի գումարը վճարված է եղել մինչեւ Մեղրի հասնելու համար։ Եթե հիմա էլ վարորդներն այդ ճանապարհը փակեն, ասելու են, թե հայ-իրանական հարաբերություններին վնաս եք հասցնում։ Խնդիրներ են ստեղծում ոչ միայն ընկերության, այլ ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար»,- ասել էր Զաքարյանը։

ՊԵԿ այն ժամանակվա նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել էր, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի ռենտգեն սարքավորումն անջատված է եղել, ինչի հիման վրա ինքը հրամայել է կասեցնել պահեստի վկայականի գործողությունը:

Զաքարյանի դեմ արշավն այսքանով չավարտվեց: 2021-ի ապրիլին նա ձերբակալվեց, սակայն դատարանը ոչ միայն ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, այլեւ մերժեց Մեղրու համայնքապետին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՅԴ-ն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները կազմեցին «Հայաստան» դաշինքը, որի ընտրական ցուցակում էր նաեւ «Վերածնվող Հայաստանի» անդամ Մխիթար Զաքարյանը: Վերջինս 2021-ի հուլիսին հրաժարական տվեց Մեղրու համայնքապետի պաշտոնից եւ օգոստոսին ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ:

Բայց մինչեւ մանդատ ստանալը՝ հուլիսին, Զաքարյանը նորից ձերբակալվեց, ու չնայած այս անգամ դատարանը կրկին ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, այդուհանդերձ, որոշեց ընդդիմադիր գործչին կալանավորվել: Միայն 2021-ի դեկտեմբերին ՍԴ-ն կայացրեց որոշում, որի հիման վրա պատգամավոր ընտրված Զաքարյանի կալանքը վերացվեց:

Ինչպես Զաքարյանը քաղաքական մրցակցից դարձավ բիզնես գործընկեր

Այդուհանդերձ, Մխիթար Զաքարյանը երկար չմնաց ԱԺ-ում: Կալանքից դուրս գալուց եւ խորհրդարան մտնելուց շատ չանցած՝ նա ներողություն խնդրեց Փաշինյանից 2021-ի ապրիլին Մեղրի համայնքում տեղի ունեցածի համար, իսկ 2022-ի հոկտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից. «Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման»։ 2022-ի հոկտեմբերի 11-ին Զաքարյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին:

Սրանից 4 ամիս անց՝ 2023 թ. փետրվարի 9-ին, հիմնադրվեց «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն: Ագարակում գրանցված ընկերության 51 տոկոսի բաժնետերը Մ. Զաքարյանի կինն է՝ Վարդուհի Սարգսյանը, իսկ մնացած 49 տոկոսի բաժնետեր է դարձել պետությունը՝ ի դեմս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի: Նկատենք, որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ի անմիջական վերադասը ՀՀ վարչապետի աշխատակազմն էր, որին հանձնված էր ֆոնդի բաժնետոմսերի կառավարումը։ Այսպիսով՝ Մխիթար Զաքարյանն ու պետությունը/գործող կառավարությունը դարձել են գործընկերներ (նկատենք, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն որպես ընկերություն այսօր էլ շարունակում է գործել, սակայն ժամանակավոր պահպանման պահեստ այլեւս չի շահագործում):

2023-ի մարտի 24-ին «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի վկայական ստացավ: Ներկայում Սյունիքում նման 2 պահեստ կա՝ Ագարակում («Հարավային տերմինալ» ՓԲԸ) եւ Կապանում («Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ, վկայականը ստացել է 2016-ին):

ԱՆԻՖ-ի բաժնետոմսերն անցել են ՊԳԿԿ-ին. ի՞նչ է լինելու դրանց ապագան

Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, այդ ընկերությունը հիմնած Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Դրանց թվում էր «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն: Գործադիրը Պետգույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) նախագահին հանձնարարեց ԱՆԻՖ-ի հետ կնքել պայմանագիր եւ որպես նվիրատվություն ընդունել «Հարավային տերմինալ» ընկերությունում ԱՆԻՖ-ի անունով գրանցված 49 տոկոս բաժնետոմսերը: ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 11-ին:

Այդուհանդերձ, ինչու՞ էր գործող իշխանությունը որոշել ԱՆԻՖ-ի միջոցով 2023-ին համատեղ ընկերություն հիմնել մասնավոր անձի, այն էլ՝ ընդդիմադիր գործչի ընտանիքի անդամի հետ: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը մեր այս հարցին ընդհանրական պատասխան է տվել՝ նշելով, որ ըստ ԱՆԻՖ-ի ու մասնավոր գործընկերոջ (Վարդուհի Սարգսյանի – հեղ.) միջեւ կնքված բաժնետիրական համաձայնագրի՝ «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն ստեղծվել է համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով:

Հետաքրրքվել էինք նաեւ, թե ՊԳԿԿ-ն իրեն անցած 49 տոկոս բաժնեմասի կառավարման ապագան ինչպես է տեսնում, եւ արդյոք կա այն օտարելու ծրագիր: Գ. Հովսեփյանը հայտնել է, որ բաժնեմասի կառավարման վերաբերյալ ներկայում քննարկումներ են ընթանում, սակայն օտարման մասին որոշում չկա: Հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆիննախը մշակել է «Պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մասին» հայեցակարգը, բացի դրանից՝ Ասիական զարգացման բանկի «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» 3-րդ ենթածրագրով սահմանված է, որ պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական թափանցիկության բարելավման, կենտրոնացված հարկաբյուջետային մոնիտորինգի եւ վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման եւ գործառնական արդյունավետության հաստատման նպատակով կընդունվի ՀՀ կառավարության որոշում, որոնց դրույթները հաշվի են առնվելու «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի 49 տոկոս բաժնեմասի հետագա կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Գործունեության առաջին տարում՝ 2023 թ., «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն պետբյուջե է մուծել ընդհանուր 46 մլն դրամ հարկ եւ պարտադիր այլ վճարներ: 2024-ին այդ թիվը կազմել է 75 մլն դրամ: ՊԳԿԿ-ի տեղեկացմամբ՝ ՓԲԸ-ում անցկացված անկախ աուդիտի եզրակացության համաձայն՝ ընկերությունը 2023 թ. գործունեության արդյունքում ունեցել է 11,5 մլն դրամ զուտ շահույթ: Դրանից ՀՀ-ին՝ ի դեմս Ֆիննախի, փոխանցվել է 5,6 մլն դրամ շահաբաժին: 2024-ին ընկերության ստացած շահույթի ու պետությանը փոխանցած շահաբաժնի վերաբերյալ տեղեկություններ չկան: 

Կոլաժը՝ Արեն Նազարյանի
Մ. Զաքարյանի լուսանկարը՝ parliament.am-ից, տերմինալի լուսանկարը՝ ohmenergy.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter