HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոսքը շատ մեծ շնորհ է». հայալեզու հավելվածն օգնում է խոսք չունեցող մարդկանց հաղորդակցվել

Թարիրիան ներս է մտնում սենյակ, ապա սեղանին է դնում վարդագույն պատյանով պլանշետը: Մայրը՝ Արփինեն, ժպտում է դստերը: 7 տարեկան աղջիկն այս պլանշետն արդեն մի քանի ամիս իր հետ տանում է գրեթե ամենուր: Բանն այն է, որ այդտեղ ներբեռնված է հայերեն մի հավելված, որն օգնում է Թարիրիային իր մտքերն ու հույզերը հայտնել շրջապատին:

Արփինե Այվազյանը պատմում է, որ վերջերս ռեստորանում դուստրն անձամբ էր պատվիրել իր սիրելի ուտեստը: Մեկ այլ դրվագ է հիշում, երբ Թարիրիան հայտնել էր, որ երազում է ճամփորդել ու ծով տեսնել: Սա պատմելուց հետո մոր աչքերը խոնավանում են, հետո շրջվում է դեպի դուստրն ու ժպտում:

Այս դրվագներն անսահմանափակ խոսք ունեցող մարդկանց գուցե ոչինչ չեն ասում, բայց պատկերացրեք խոսքի հնարավորությունից զրկված մարդու, որն ուզում է իր մտքերն ու հույզերն արտահայտել: Արփինեն ասում է՝ երբ երեխան հասկացված է լինում, փոխվում է նաեւ նրա վարքագիծը՝ ավելի հանգիստ է դառնում:

Հավելվածը կոչվում է «Արմավ»: Այն այժմ օգտագործում է շուրջ 650 հոգի Հայաստանում եւ արտերկրում: Սա առաջին հայերեն հավելվածն է, որը հնարավորություն է տալիս խոսք չունեցող մարդկանց ինքնարտահայտվել: «Արմավը» Արմինե Ավագյանի հեղինակային ծրագիրն է: Նա լոգոպեդ է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիրը:

1996 թվականից Արմինեն որպես լոգոպեդ աշխատում է խոսքի խնդիր ունեցող երեխաների հետ: 2000-ից էլ լոգոպեդիա է դասավանդում Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ասում է՝ սովետական կրթությամբ լոգոպեդներն ասում էին, թե լավ լոգոպեդը ճիշտ մեթոդաբանության եւ մոտեցումների արդյունքում յուրաքանչյուր երեխայի կարողանում է խոսեցնել: Բայց տարիներ անց, երբ սկսել էր աշխատել մանկական նեւրոլոգիական հիվանդանացում բավական ծանր դեպքերով երեխաների հետ, հասկացել էր, որ ասվածը ճիշտ չէ: Ըստ Արմինեի՝ իրականում կան երեխաներ, որոնք ոչ վերբալ են (չեն խոսում կամ խոսում են սահմանափակ): Մեր զրուցակիցը պատմում է, որ նախկինում Հայաստանում ո՛չ դասավանդման ծրագրերում, ո՛չ առհասարակ մասնագիտական դասընթացներում չէր խոսվում այլընտրանքային հաղորդակցման մասին: Սրանից էլ սկսվել է Արմինեի՝ այլընտրանքային հաղորդակցման միջոցների փնտրտուքը: Արդյունքում նա սկզբում վերապատրաստման դասընթաց է անցել Լեհաստանում, հետո այցելել է այլ երկրներ, վերապատրաստվել այնտեղ:

«Տեսա, որ զարգացած երկրները հիմա բռնել են այլընտրանքային հաղորդակցման ուղին բոլոր էն մարդկանց համար, որոնք այդպես էլ, չնայած մասնագիտական ջանքերին, կա՛մ պետք է ունենան սահմանափակ խոսք, կա՛մ այդպես էլ չեն խոսելու: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջինում 3 տոկոսն ունի սահմանափակ խոսք կամ չունի խոսք։ Այս խմբի մեջ, անկախ տարիքից, մտնում են մանկական ուղեղային կաթվածով, ինստուլտի, գանգուղեղային տրամվայի հետեւանքով խոսքը կորցրած մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր այս կամ այն կենսաբանական կամ հոգեբանական պատճառով զրկվում են խոսքից։ Այսինքն՝ որեւէ ծագման անխոսության դեպքում աշխարհն անցել է այլընտրանքային հաղորդակցության»,- պարզաբանում է լոգոպեդը:

Մեր զրուցակիցը նկատում է, որ չնայած միջազգային փորձի առկայությանը՝ Հայաստանում դեռ կարծրատիպային մոտեցումներ կան: Իրեն խանգարել է մինչ օրս տարածված միֆը, որ եթե երեխային այլընտրանքային հաղորդակցման միջոց տան, ապա նա խոսելու ջանքեր չի գործադրի, կթամբալանա:

«Որեւէ երեխա, որեւէ մարդ թամբալության հետեւանքով չէ, որ չի խոսում։ Դա կա՛մ ֆիզիոլոգիական, կա՛մ հոգեբանական պրոցեսների արդյունք է։ Երբ ուսումնասիրեցի գրականությունը, առկա վիճակագրությունը, ինքս հոդվածներ ունեմ, հետազոտություն ունեմ անցկացրած, հասկացա, որ բոլորովին այդպես չէ: Եթե այլընտրանքային հաղորդակցման միջոց ես տալիս, ապա խթանում ես նրա խոսքի զրագացումը, քանի որ երեխան ավելի մեծ ցանկություն է ունենում խոսելու»,- նշում է մանկավարժական գիտությունների թեկնածուն:

2016 թ. ՅՈւՆԻՍԵՖ-ի վերապատրաստման ծրագրով Արմինեն ԱՄՆ-ում էր: Մինեսոտա նահանգում այցելել էին համայնքային կենտրոն, որտեղ երեկոյան մարդիկ հավաքվում էին ժամանցի համար: Անվասայլակով մի տղամարդ էր եկել, որի առջեւ պլանշետ էր տեղադրված: Նա մոտեցել էր երգչախմբին, որի խմբավարն ուղղորդում էր մարդկանց, որոնք էլ հերթով կատարում էին երգի քառատողերը: Հերթը հասել էր այդ տղամարդուն, որը մատով դիպել էր էկրանին ու նրա փոխարեն սարքն էր երգել քառատողը: «Հասկացա, որ եթե դու մարդուն կարողանում ես տալ հաղորդակցության միջոց, որը նրան օգնում է կրթության, սոցալիզացիայի մեջ, այս կամ այն միջավայրին պատկանելու զգացողություն ես տալիս, դա ամենամեծ բանն է, որ շատ մարդկանց պետք է»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:

Նույն տարում՝ 2016-ին, Արմինե Ավագյանը հայերեն է թարգմանել Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» գիրքը: Գլխավոր հերոսը 11-ամյա աղջիկ է, որը մանկական ուղեղային կաթված ունի: Նրա կյանքը շրջադարձորեն փոխվում է, երբ ծնողները նման մի ծրագիր են գրում նրա համար: Նման դրվագների ու ստացած գիտելիքի խմորման արդյունքում Արմինեն մտադրվել է ստեղծել հայերեն մի հավելված, որը կօգնի խոսք չունեցող մարդկանց արտահայտել մտքերն ու զգացմունքները:

2022 թ. նա դիմել է շրջանավարտների նորարակական գաղափարները ֆինանսավորող ամերիկյան մի ծրագրի ու «Արմավ» հավելվածը ստեղծելու համար ֆինանսավորում է ստացել։ «Մինչ այդ միշտ մտածել եմ, թե ինչու հայալեզու մարդիկ չունեն այլընտրանքային հաղորդակցման հնարավորություն, եւ սպասել եմ, որ ինչ-որ մեկը պիտի ստեղծի, շատ տարբեր լեզուներով կան, բայց հայերենով ստեղծելը ձեռնտու չէ մեծ կոորպորացիաներին։ Այդ պահին մի միտք եկավ՝ ո՞վ, եթե ոչ ես»,- հիշում է «Արմավի» հեղինակը:

Նախագծի ստեղծման համար աշխատել է մեծ թիմ: Շուրջօրյա աշխատանքները շարունակվել են 6 ամիս: 2022-ի դեկտեմբերին տեղի է ունեցել հավելվածի շնորհանդեսը: Այն հասանելի է թե՛ Android, թե՛ IOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։ Արմինեն ընդգծում է՝ ամենակարեւորն այն է, որ անվճար է:

Հավելվածի լեզվական բազայի համար 4 հոգի՝ տղամարդ, կին, տղա եւ աղջիկ, ձայնագրման ստուդիայում հատ-հատ կարդացել են այն բոլոր բառերը, որոնք տեղ են գտել ծրագրում:

«Արմավը» նաեւ արեւմտահայերեն բաժին ունի: Արմինեն պատմում է, որ երբ հավելվածը ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկավ, Կալիֆոռնիայից իր գործընկերներից մեկը՝ Թալին Աշեկյանը, նկատել էր, որ միշտ մտածել է հայալեզու տարբերակի մասին: Վերջինիս ու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ջանքերով կարողացել են ստեղծել «Արմավի» արեւմտահայերեն տարբերակը:

«2 տարեկանից կարելի է դառնալ օգտատեր: Ի դեպ, նաեւ լսողության խնդրի դեպքում։ «Արմավը» ժեստերի լեզվին զուգահեռ եւս մեկ լեզու է նրանց համար, որոնք համայնքի ներսում կարող են հաղորդակցվել չլսող մարդկանց հետ, իսկ «Արմավով»՝ ցանկացած մարդու հետ, քանի որ ժեստերը բոլորը չէ, որ հասկանում են»,- ասում է հավելվածի հեղինակը:

Հավելվածն աշխատում է նաեւ առանց ինտերնետային կապի՝ օֆլայն ռեժիմով:

ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում արված թարմացումների շնորհիվ ստեղծվել է ստեղնաշար, որով օգտվողը կարող է գրել այն, ինչ ցանկանում է, իսկ հետո այլ հավելվածների միջոցով ուղարկել գրածն այլ մարդու: Առայժմ չկա գրված տեքստը ձայնային տարբերակի վերածելու հնարավորություն: Հեղինակը  նշում է, որ օգտատերը ցանկության դեպքում կարող է հավելվածի պատմության բաժնից ջնջել այն մտքերը, որոնք հնչեցրել է:

Հավելվածում կիրառվող գույներն էլ պատահական չեն ընտրված. օրինակ՝ խոսքի մասերից բայերը կանաչ են, ածականները՝ կապույտ, գոյականները՝ նարնջագույն: Հաշվի են առել այն հանգամանքը, որ մինչ այդ մարդիկ հնարավոր է օտարալեզու այլ հավելվածներ են օգտագործել, որտեղ եւս գունային տարբերակումներ են արված:

«Քանի որ մենք՝ խոսողներս, խոսելու այս անսահմանափակ հնարավորությունն ունենք, դրա արժեքը հասկանում ենք, երբ այդպիսի հարազատ ունենք կամ հայտնվում ենք արտասահմանում, որտեղ լեզու չգիտենք եւ չենք կարողանում ինքնարտահայտվել։ Խոսքը շատ մեծ շնորհ է, եւ հաղորդակցվել կարողանալն էլ շատ մեծ բան է։ Երբեմն ծնողն ասում է՝ երբ սկսեց հաղորդակցվել հավելվածով, բավականին կարգավորվեց վարքը։ Երբ կարգավորվում է հաղորդակցումը, շատ խնդիրներ սկսում են նահանջել, բացի դրանից՝ շատ ծնողներ սկսում են բացահայտել իրենց երեխային»,- ասում է Արմինե Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter