
«Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան և Ադրբեջանն են»․ Վարդան Ղուկասյանը մասնակցեց քվեարկությանը
Գյումրու 31/45 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու 6-րդ հիմնական դպրոցի շենքում։
Վարդան Ղուկասյանը, մինչ ընտրատեղամաս մտնելը, պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա անդրադարձավ ընդդիմադիր երկու ուժերի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների գրասենյակներում իրականացված խուզարկություններին, ձերբակալություններին, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ազգականների ձերբակալություններին։
«Տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք, Մարտուն Գրիգորյանի հորեղբայրները՝ Համլետը, մյուսը, մյուսը, իմ լավ ընկերներն են, լավ եղբայրներն են, էդ ամեն ինչը սարքեցին քաղաքում․․․ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է և Ադրբեջանը»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ Նա Մարտուն Գրիգորյանին հորդորեց լավ լինել և «մտածել Վերին Երուսաղեմի մասին»։
Ի պատասխան հարցին, թե համագործակցու՞մ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, որ նրան հարգում է, բայց քաղաքական առումով միասին չեն։ «Ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու, երբ իմ հարցերի պատասխանները սպառիչ լինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով»,- նշեց Վարդան Ղուկասյանը։ Իսկ թե ինչ հարցեր ունի Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Ղուկասյանը լրագրողներին պատասխանեց․ «Էդ ձեր գործը չի», ապա հավելեց, որ հետագայում «հատիկ-հատիկ կասի, հիմա ասելու բան չունի»։
Քվեարկությանը մասնակցելուց հետո էլ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության։ «Ոնց որ գրված է Սուրբ գրքի մեջ, հայերը պիտի տիրեն իրենց հողերին, որ դա մենք տեսնենք, մեր ժամանակ լինի, որ և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Արցախը վերադառնան և դառնան Հայաստանի Հանրապետություն, դառնա ծովից ծով Հայաստան։ Եվ բարեպաշտ մարդիկ, աստվածասեր մարդիկ, հայրենասեր մարդիկ ստանձնեն երկրի ղեկը, այ հանուն դրա քվեարկեցի»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց նաև, որ Գյումրու ընտրությունները հաճախ նմանեցնում են Ստալինգրադի ճակատամարտին, և ճակատագրական է լինելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Ղուկասյանը նաև ձեռնպահ քաղաքացիներին կոչ արեց անտարբեր չլինել․ «Դա դավաճանության հետ համահունչ է»։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանն անկուսակցական է և Գյումրու արտահերթ ընտրություններին գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը: 31/45 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1726 է, ժամը 12:36-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 442 քաղաքացի։
Մեկնաբանել