
Ովքե՞ր գիտեն՝ երբ երկրաշարժ կլինի, ի՞նչ կա 375 մետր երկարությամբ թունելում
Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ երկրաշարժեր տեղի են ունենում գրեթե ամեն օր: Մինչև 1991 թվականը՝ նախքան Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծումը, երկրաշարժերի կանխատեսման և ռիսկի նվազեցման աշխատանքները շատ սահմանափակ էին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, որը գործում է Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ոչ միայն զբաղվում է երկրաշարժերի վերլուծությամբ, այլև բնակչության՝ ճիշտ վարքականոնների ուսուցմամբ։
Կենտրոնն ունի 48 դիտակայան, որտեղ տեղադրված է 122 չափիչ սարք, որոնք գնահատում և կանխատեսում են սեյսմիկ ռիսկը։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ Հայաստանում դեռևս կա բարձր սեյսմիկ խոցելիություն, քանի որ բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, երբ սեյսմիկ վտանգը շատ ավելի թերագնահատված էր։ Չնայած նոր կառուցվող շենքերը Երևանում շատ են, բայց դրանք կազմում են բնակֆոնդի 1.5 %-ը, հետևաբար Հայաստանը չի կարելի համարել սեյսմիկ անվտանգ գոտի։
«Հայաստանի Հանրապետության մի մասը 7 բալանոց գոտի էր, մյուս մասը` 8 բալանոց, այնինչ Սպիտակի երկրաշարժը 9-10 բալանոց էր, հետեւաբար, շենքերը, կառուցված լինելով այդ բալականության համար եւ ունենալով էն վտանգը, որը գոյություն ունի, համարվում են խոցելի, այսինքն՝ ոչ սեյսմակայուն, եւ դա, մեծ հաշվով, խնդիր է, որովհետեւ դա բնակֆոնդի մեծ մասն է։ Նոր կառուցվող շենքերի դեպքում, Սպիտակի երկրաշարժից հետո, վտանգի արժեքները վերանայվեցին։ 2020 թ.-ին նորմերը կրկին թարմացվեցին, Երեւանը` 9 բալանոց գոտի դարձավ արդեն, դեպի Վրաստանի սահման՝ 10 բալանոց գոտի։ Բայց պիտի ասեմ, որ այդպիսի բալանոց շենքերը 1-1,5 տոկոսն են ամբողջ բնակֆոնդի»,- ասում է տնօրեն Սոս Մարգարյանը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը ոչ միայն մոնիթորինգ է անում, այլև բնակչության շրջանում իրականացնում է ուսուցողական աշխատանքներ՝ պատրաստելով նրանց ճիշտ և արագ արձագանքելու երկրաշարժի ժամանակ։
Սոս Մարգարյանի խոսքով՝ հատկապես կարևոր են մանկապարտեզների սաների և դպրոցների աշակերտների հետ իրականացվող աշխատանքները: Հիշում է՝ երբ 2021թ․-ի փետրվարի 13-ին Հայաստանում երկրաշարժ եղավ, Երևանում ցնցումները զգացվեցին 6-7 բալ ուժգնությամբ։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, Կենտրոնում ամեն օր հերթապահություն է իրականացվում։ Դիտակետերի ցանցի, նաև մի շարք միջազգային համագործակցությունների արդյունքում, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը կարողանում է ցանկացած երկրաշարժի մասին տեղեկատվություն ստանալ բավական արագ՝ ապահովելով օպերատիվ արձագանք։ «Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով՝ ստանալով և վերլուծելով սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական և երկրաքիմիական տվյալներ»,- բացատրում է սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակից Էդմոն Գևորգյանը։
Ամենահետաքրքիրը կենտրոնի 375 մետր երկարությամբ թունելն է։ Այնտեղ գտնվում են տարբեր կարևոր սարքավորումներ, որոնք ֆիքսում են երկրակեղևում կատարվող ցանկացած փոփոխություն։ Թունելում տեղադրված չափիչ սարքերի տվյալները փոխանցվում են ամերիկյան երկրաբանական ծառայություն, նաև՝ Վիեննա։
Բացի երկրաշարժի մասին իրազեկելուց, Կենտրոնը նաև գնահատում է սեյսմիկ ռիսկը։ «Հայաստանում տեղակայված են գերժամանակակից սարքեր, որոնք կարողանում են գրանցել նույնիսկ ամենաթույլ երկրաշարժերը՝ ապահովելով հստակ պատկեր»,- պատմում է Գևորգյանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը գտնվում է Գառնիում։
Գիշերային հերթափոխն իրականացնում է 3 հոգի՝ պատասխանատուն և 2 հերթապահը։ Մեր այցելության օրը հերթապահում էր նաև Կենտրոնի տնօրենը՝ Սոս Մարգարյանը։ Երբ հավաքված էինք տվյալների հավաքագրման ու վերլուծության կենտրոնում, համակարգը թույլ երկրաշարժ ֆիքսեց։ «Սա թույլ երկրաշարժ է, որը մեր տարածաշրջանի հարևանությամբ է տեղի ունեցել, մարդիկ այն չեն էլ զգում, սրա մասին հաղորդում չենք ներկայացնում, քանի որ էպիկենտրոնը մեզ մոտ չէ։ Այս երկրաշարժը ոչ ոք չի զգում, բայց մեր սարքավորումներն առաջատար են, ֆիքսում են անգամ ամենաթույլ ցնցումները»,- նշում է տնօրեն Մարգարյանը։
Հենց այստեղից են հաղորդում բոլոր երկրաշարժերի մասին։ Էդմոնն ասում է՝ երբ երկրաշարժ է լինում, իրենց աշխատանքային հեռախոսները չեն լռում։ Կարևոր է ճշգրիտ վերլուծել և ներկայացնել, թե որտեղ և ինչ ուժգնությամբ է զգացվել։ ««Երբ ուժեղ երկրաշարժ է լինում, ով կա հիմնարկում՝ էս բաժնում, դիմացի բաժնում, հավաքվում են, ու ստեղ եռուզեռ է լինում։ Կախված մագնիտուդից, հեռախոսներ ունենք, որ ՃԿԱԿ-ից կամ մեր կայանների աշխատողները զանգում են, միանգամից տեղեկացնում են, որ Սպիտակում, ասենք, զգացվել է, Վանաձորում զգացվել է»,- պատմում է Էդմոնը։
«Կարելի՞ է կանխատեսել երկրաշարժը»,- հարցնում ենք Սոս Մարգարյանին։ Վերջինս ընդգծում է՝ երկրակեղևի փոփոխությունները հուշում են այդ մասին, բայց ճշգրիտ օր և ժամ կանխատեսելն անհնար է։ Երկրաշարժի դեմ պայքարելն էլ անհնար է, ուղղակի պետք է իմանալ վարքականոնները և կառուցել սեյսմակայուն շենքեր և փորձել «հաշտ ապրել» երկրաշարժի հետ։
Սոս Մարգարյանը նշում է՝ չնայած որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, այնուամենայնիվ ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր բուհերը չունեն սեյսմոլոգիայի ֆակուլտետ կամ ամբիոն։ Սեյսմոլոգներ դառնում են աշխատանքային փորձի ընթացքում։ Սեյսմոլոգիայով հետաքրքրված երիտասարդները գալիս են աշխատելու երկրաբանության, կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության ֆակուլտետներից։
Մեկնաբանել