
ԱՆԻՖ-ի ստեղծած ARFI ներդրումային հարթակին առնչվող ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերվել
«Հետքի» աղբյուրը վերջերս հայտնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) վերաբերող քրեական վարույթում ներառված մի նոր դրվագի մասին, որն առնչվում է ներդրումային քրաուդֆանդինգի ARFI հարթակին:
Հիշեցնենք, որ սա նմանատիպ առաջին հարթակն էր Հայաստանում, ընդ որում՝ դրա սեփականատերը պետությունն էր: Հարթակի նպատակն էր օգնել մասնավոր բիզնեսին ներդրումներ ներգրավել առցանց եղանակով:
ARFI հարթակի մասով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է ԱՆԻՖ-ի բազմադրվագ քրեական վարույթին, որն ընթացքի մեջ է արդեն 2 տարի:
ԱՆԻՖ-ի քրեական վարույթով մեղադրյալներ մինչ օրս չկան
Նախկինում գրել ենք, որ ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթը նախաձեռնվել է 2023 թ. ապրիլին: Դրա հիմքում եղել է ֆոնդի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարչական վարույթը, որը հարուցել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ): Վերջինս վարույթի շրջանակներում ուսումնասիրում էր Ավինյանի կողմից Երեւանի փոխքաղաքապետի (2022-2023 թթ.) ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղման օրինականությունը:
Ուսումնասիրության ընթացքում ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները:
«Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- 2023 թ. ապրիլին հայտարարել էր ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի վերաբերյալ իր կողմից հարուցված վարույթը կասեցնել, փոխարենը դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն:
Դատախազությունը ԿԿՀ-ից ստացած փաստաթղթերն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2023 թ. ապրիլի 22-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին): 2023 թ. մայիսի 2-ին քրեական վարույթը փոխանցվել էր Քննչական կոմիտեին: Հետաքրքիր է, որ ՔԿ-ի քննիչը կարճել էր վարույթը, բայց դատախազը հետո վերացրել էր քննիչի այդ որոշումը:
Զուգահեռաբար ՔԿ-ն տեղեկանք էր ստացել Պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ), որը կազմվել էր 2023 թ. ԱՆԻՖ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Այս տեղեկանքի հիման վրա ՔԿ-ում նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խոսքն առեւտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մասին է: Նախաքննության հիմքում դրվել է եւս մեկ դրույթ՝ ՔՕ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):
Վերոնշյալ վարույթները հետո միացվել են իրար:
Նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունը: ՔԿ-ից տեղեկացել ենք, որ 2023-ի գարնանից ընթացող նախաքննության շրջանակներում դեռեւս որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ մեղադրյալներ չկան:
ARFI հարթակի վերաբերյալ եւս ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերվել
2024 թ. մայիսին Կառավարությունը որոշել էր ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարումը Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ)՝ միաժամանակ ազդարարելով ԱՆԻՖ-ի լուծարման մեկնարկը:
Նույն տարվա օգոստոսին գործադիրը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Այդ որոշմամբ Կառավարությունը սահմանեց, որ ԱՆԻՖ-ն իրեն պատկանող ոչ նյութական ակտիվները (ARFI հարթակն ու կից հավելվածները) պետք է նվիրի «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին: Նվիրատվության պայմանագիրը ստորագրվել է 2024-ի սեպտեմբերին:
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ հարթակի սեփականատերն ի սկզբանե ԱՆԻՖ-ն էր, քանի որ երբ սկսվել էին դրա ստեղծման աշխատանքները, «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն դեռ գոյություն չուներ: Այսպես՝ եթե այս ՓԲԸ-ն պետական գրանցում է ստացել 2022-ի նոյեմբերին, ապա ARFI հարթակի մասին ԱՆԻՖ-ի կայքում ինֆորմացիա կար առնվազն 2021-ի գարնանից: Իսկ բուն հարթակը՝ arfi.am կայքը (ներկայում չի գործում), համացանցում հասանելի է եղել առնվազն 2021-ի դեկտեմբերից, սակայն գործունեությունն սկսել է մի փոքր ավելի ուշ: Այսպիսով՝ նախ ստեղծվել է ARFI հարթակը, որն ունեցել է նաեւ բջջային հավելված, իսկ ավելի ուշ հիմնադրվել է ԱՆԻՖ-ի դուստր «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որն էլ դարձել է հարթակի շահագործողը:
Կառավարության 2024 թ. օգոստոսյան որոշումից տեղեկանում ենք, որ ARFI հարթակի ու դրան առնչվող հավելվածների սկզբնական արժեքը եղել է 287,5 մլն դրամ, իսկ որոշումն ընդունելիս հաշվեկշռային արժեքը եղել է 224 մլն դրամ:
Զուգահեռաբար ԱՆԻՖ-ում կատարված ուսումնասիրությունների ժամանակ բացահայտվել են ենթադրյալ չարաշահման նոր դրվագներ: Այս մասին ԱՆԻՖ-ի վերադասի՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը գրություններ է ուղարկել ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին: ԱԱԾ-ից գրություններն ուղարկվել են Քննչական կոմիտե, որը դրանք ստացել է 2024 թ. սեպտեմբերի 5-ին ու 30-ին: ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նոր վարույթներ են նախաձեռնվել կրկին ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Այս վարույթներն այնուհետ միացվել են ԱՆԻՖ-ի վերաբերյալ 2023-ին նախաձեռնված քրեական վարույթին:
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ սեպտեմբերյան գրություններից մեկը վերաբերում է ARFI հարթակին: Այս հանգամանքը համադրելով վերոնշյալ քրեական հոդվածների էության հետ՝ կարող ենք ասել, որ խնդիրը հարթակի վրա ներդրված բավական մեծ միջոցներն են: Քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք, թե ինչ կարող են հայտնել այս դրվագի մասին, սակայն արձագանքել են, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ներկա փուլում նպատակահարմար չի համարում նախաքննական տվյալների հրապարակումը՝ ելնելով մինչդատական վարույթի բնականոն ընթացքը, ինչպես նաեւ քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննության քրեադատավարական պահանջն ապահովելու անհրաժեշտությունից:
Ինչու՞ ARFI-ն գնորդ չունեցավ
Նախորդ հոդվածում ներկայացրել էինք ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի խորհրդի նախկին նախագահ Սերգեյ Գրիգորյանի փոխանցած ինֆորմացիան այն մասին, որ ֆոնդի ներկա ղեկավարությունը ARFI հարթակը վաճառելու մի շարք անհաջող փորձեր է արել:
«Հետքի» իրազեկ աղբյուրը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ գործարք չի եղել, քանի որ հավանական գնորդները նախընտրել են զրոյից ստեղծել քրաուդֆանդինգի իրենց հարթակը, քան թե ձեռք բերել այս մեկը, որն անմիջական կապ ունի բացասական վարկանիշ ունեցող ԱՆԻՖ-ի հետ:
Լուսանկարները՝ ARFI-ի ու ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջերից
Մեկնաբանել