
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
67 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը այս տարի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 73 կգ քաշային կարգում։ Հայ ծանրորդը ոսկիների հավաքածուին այս անգամ արծաթ ավելացրեց՝ երկամարտում գրանցելով 338 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 153 կգ, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրած 156 կիլոգրամը Սահակյանը չկարողացավ պոկել՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։
Հրում վարժությունը Գոռ Սահակյանը սկսեց 181 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ Գոռ Սահականը 185 կիլոգրամը նույնպես վստահությամբ ֆիքսեց, սակայն 189 կիլոգրամանոց ծանրաձողը հրել չկարողացավ։ Այս վարժությունում ևս մեր ծանրորդը բրոնզե մեդալ նվաճեց։
Երկամարտի 338 կգ արդյունքով Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց, ոսկին էլ բաժին հասավ թուրք ծանրորդ Յուսուֆ Ֆեհմի Գենչին։
Հիշեցնենք՝ մրցումային երկրորդ օրը Հայաստանը ևս երկու մեդալ էր նվաճել։ 55 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել։
Վաղը 81 կգ տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։
Լուսանկարը՝ Weightlifting House-ի
Մեկնաբանել