HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. Մարտունու պաշտպանությունը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս եկան Արցախից։ Ստեղծված իրադրության պայմաններում Պաշտպանության բանակը վերակազմավորվեց՝ կազմակերպելու համար սահմանների պաշտպանությունը։ Նախկին 9 պաշտպանական շրջանի փոխարեն ստեղծվեց 5 պաշտպանական բրիգադ։

Մարտունու շրջանի պաշտպանությունն իրականացնում էր երրորդ պաշտպանական բրիգադը։ Այս բրիգադը ստեղծվել էր Մարտունու երկրորդ և երրորդ պաշտպանական շրջանների միավորումից։

Մարտունու շրջանում, ինչպես Արցախի մյուս շրջաններում, մարդկային ռեսուրսների պակասի պատճառով պաշտպանության բանակի հետ մարտական հերթապահություն էին իրականացնում նոր ձևավորված աշխարհազորային ստորաբաժանումները։  

Մարտունի քաղաքի մոտ գտնվող 332, 333, 334 և 336 մարտական դիրքերի պաշտպանությունը 2023 թվականի մարտից իրականացնում էր Սամվել Աբրահամյանի գլխավորած աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։

«Աշխարհազորային գումարտակը  ձևավորվել 2023 թվականի մարտից։ Սկզբում մի վաշտ էինք՝ 25 հոգանոց։ Աբրահամյանը վաշտի հրամանատարն էր, ես՝ դասակի։ Ընթացքում ավելացան, դարձանք 155 հոգանոց աշխարհազորային գումարտակ»,- պատմում է Արտաշը։

Գումարտակի ձևավորվելուց հետո սկսել են իրականացնել ինժեներական աշխատանքներ։ Արտաշը ասում է, որ ինժեներական աշխատանքներով, դիրքերի և գետնատնակների կահավորմամբ զբաղվել է հիմնականում գումարտակի տարեց անձնակազմը։ 

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի մատույցների մարտերում զոհվել էր Արտաշի մարտական ընկեր Օնիկ Հովսեփյանը։ Այդ բարձունքը անվանակոչել էին նրա պատվին։ Գումարտակի ձևավորման ընթացքում այս բարձունքի վրա ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։ «Օնիկ» դիրքի հետևում էր տեղակայված գումարտակի 82 մմ ականանետային մարտկոցը։

332, 333, 334 և 336 մարտական դիրքերի պահպանությունը մինչև 2023 թվականի մարտ ամիսը իրականացրել է 3-րդ բրիգադի 2-րդ գումարտակը։ Գումարտակի հրամանատարը Նաիրի Ավագյանն է եղել։

Սեպտեմբերի 19-ին՝ մարտական գործողություների սկսվելուց մոտ 1,5 ժամ առաջ՝ 11:30-ին, Պաշտպանության բանակի հրամանատարի աշխարհազորի գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանը տեղեկացրել է գումարտակի հրամանատարի տեղակալ Արտաշ Արտաշյանին, որ իրավիճակը լարված է։ Գումարտակը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի։

«Բոլորը գնացին իրենց տեղերը։ Մի մասը բարձրացավ դիրքեր, մյուս մասն ավելի հետ՝ երկրորդ գիծ զբաղեցրին, որ եթե հակառակորդին հաջողվի ճեղքել առաջին գիծը, թույլ չտային ադրբեջանցիներին քաղաք մտնել»,- ասում է գումարտակի հրամանատարի տեղակալը։

Մարտական գործողությունները սկսվել են ժամը 13:00-ի մոտակայքում։ Մարտերը կառավարել է Մարտունու բրիգադի 2-րդ գումարտակի հրամանատար Նաիրի Ավագյանը։

«Նաիրին կամեռաներով նայում էր հակառակորդի շարժը՝ որ կողմից են հարձակվում, որտեղ ինչքան մարդ կա, ու մեզ ասում էր»,- հիշում է Արտաշը։

Արտաշը սկզբում գնացել է 333 մարտական դիրք, որտեղից կապի միջոցով 332 դիրքի ավագ Արթուր Պետրոսյանից տեղեկացել է, որ հիմնական ուժերն այդ հատվածում հակառակորդը կենտրոնացրել է իրանց դիրքի ուղղությամբ։

«Ադրբեջանցիք ուզում էին գրավել 332-ը, որ հասնեին Խոջավենդ գյուղ։ Իրենք էդ գյուղը 2020 թվականին էլ էին ուզում գրավել, բայց չհաջողվեց։ Խոջավենդ գյուղից հետո էլ Մարտունին էր»,- ասում է Արտաշը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրետանային միջոցներով ինտենսիվ հրետակոծել է դիրքը։ Հրետակոծությունից հետո սկսվել է մերձամարտ։ 332 դիրքում մերձամարտի և հրետակոծության հետևանքով զոհվել են  Զորի Դանիելյանը, Վահրամ Սարիբեկյանը և Արաբո Փարամազյանը։ Ուժերի անհավասար լինելու պատճառով 332 մարտական դիրքի անձնակազմը նահանջել է և նոր բնագիծ զբաղեցրել։ 

Այդ պահին Մարտունու քաղաքապետարանում հավաքված են եղել վարչակազմի  աշխատակիցները։ Իմանալով 332 դիրքի գրավման մասին՝ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը առաջարկել է բոլոր զենք ունեցողներին հավաքվել և գնալ դիրքի անձնակազմին օգնության։

Ազնավուր Սաղյանը մասնակցել էր  44-օրյա պատերազմին, Մարտունու պաշտպանությանը։ Պատերազմից հետո պարգևատրվել էր «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով։ 

«8-10 հոգով հավաքվեցինք, նստեցինք մեր ընկերներից մեկի՝ Կոմիտասի մեքենան ու գնացինք մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող Կարվին կոչվող տեղամասը։ Էդտեղից էլ ոտքով գնացինք էն հատվածը, որտեղ դիրքավորվել էին 332-ի տղաները»,- պատմում է «Արցախէներգո» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Մասիս Սուլեյմանյանը: Դիրք՝ տղաների մոտ, հասել են երեք հոգի՝ Ազնավուր Սաղյանը, Մասիս Սուլեյմանյանը եւ Կոմիտաս Ղահրամանյանը: 

Մասիսը պատմում է, որ տարածքը, որտեղ նահանջից հետո տեղավորվել էր 332 մարտական դիրքի անձնակազմը, 332-ի հետնամասում էր։ Այդ հատվածը  անբարենպաստ էր դիրքավորվելու և ադրբեջանական զորքի առաջխաղացումը կանխելու համար։ Ադրբեջանական զորքը զբաղեցրել էր 332-ի հետևում գտնվող բարձունքը և մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։ 

Մասիս Սուլեյմանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում միայն մի ելք է եղել՝ գրավել այդ բարձունքը, ինչը և առաջարկում է քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Հակառակ դեպքում հակառակորդը կկարողանար հեշտությամբ ճեղքել պաշտպանական այդ բնագիծը և մտնել Մարտունի քաղաք։

«Էդ հատվածում ադրբեջանցիք մոտավորապես 15 հոգի էին։ Վեց հոգով անցանք գրոհի, մնացողները կրակով աջակցում էին»,- պատմում է Մասիսը։

Հակահարձակման ընթացքը տեսագրել է հարևան դիրքի տեսախցիկը։ Կադրերում երևում է, թե ինչպես են փոքրաթիվ ուժերով կարողանում հետ շպրտել թվաքանակով կրկնակի գերազանցող ադրբեջանական ստորաբաժանմանը՝ պատճառելով մեծ կորուստներ, գրավում են բարձունքը: Մարտի ընթացքում զոհվել են Գոռ Բաղդասարյանը և Նելսոն (Լենսեր) Պողոսյանը։ Երբ բարձունքն արդեն գրավված է եղել, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են Ազնավուր Սաղյանը, Սևակ Գրիգորյանը և Բաբկեն Ադամյանը։

«Ազնավուրը պառկած էր կողքիս, խոսում էր։ Հետո կրակոցի ձայն լսվեց ու Ազնավուրի  խոսքը ընդատվեց։ Հասկացա, որ զոհվել է»,- ասում է Մասիսը։

Մարտից հետո՝ երեկոյան, աշխարհազորային գումարտակի հրամանատարի տեղակալ Արտաշ Արտաշյանը կապվել է Մարտունու կանոնավոր զորքի երկրորդ գումարտակի հրամանատար Նաիրիկ Ավագյանի հետ և օգնություն խնդրել, որ կարողանա զոհվածներին իջեցնել և մարտերից հյուծված անձնակազմը հնարավորություն ունենա հանգստանալ ավելի խորքում գտնվող «Օնիկ» դիրքում։ Գիշերը՝ ժամը չորսին, սկսում են հրետակոծել նաև այդ դիրքը, զոհվում է կամավորներից մեկը՝ Նվեր Փարամազյանը։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը երկուսին, մարտերն ավարտվել են։ 332 դիրքում էին մնացել առաջին պայթյուններից զոհված երեք զինծառայողների մարմինները։ Արտաշը սեպտեմբերի 21-ին ռուսական խաղաղապահ զորակազմի սպաներից մեկի միջոցով զոհերի մարմինները դուրս է բերել: 

Ռուսներին հաջողվել է համաձայնության գալ ադրբեջանցիների հետ։ Զորի Դանիելյանի, Վահրամ Սարիբեկյանի, Արաբո Փարամազյանի մարմինները տեղափոխվել են Մարտունի քաղաք։ 

Սեպտեմբերի 24-ից սկսվել է արցախցիների տեղահանությունը  Հայաստան։ Արտաշի խոսքերով՝ մինչև սեպտեմեբրի 23-ը պահել են դիրքերը։ Սեպտեմբերի 27-ին Արտաշը իր ընտանիքի՝ կնոջ և հինգ տղաների հետ, դուրս է եկել Մարտունուց։ Այժմ վարձով ապրում են Երևանում: Տղաներից կրտսերը ծնվել է 2020 թվականին՝ պատերազմից մի քանի ամիս առաջ։ Արտաշեսը որդուն անվանակոչել է Ավո՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատվին։ 

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտերում Մարտունու 332 դիրքի հատվածում զոհվել է 8 մարդ՝ Զորի Դանիելյանը, Վահրամ Սարիբեկյանը, Արաբո Փարամազյանը, Նելսոն (Լենսեր) Պողոսյանը, Սևակ Գրիգորյանը, Գոռ Բաղդասարյանը, Ազնավուր Սաղյանը և Բաբկեն Ադամյանը: Կռվել են տղերքը, կռվել են, ու չկա պատերազմ, որ զոհեր չլինեն։ Դիրքեր բարձրացող տղերքից յուրաքանչյուրը գիտեր, որ կարող է հետ չգար»,- ասում է Արտաշը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter