HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելի՛ր դուրս ստուերէն, ելի՛ր վեր յուսալքումէն, ելի՛ր… Շահան Շահնուր (մաս 3)

սկիզբը

Չկայ բան որ կին մը աւելի շուտ հասկնայ, աւելի շուտ զգայ, քան իր սիրուիլը

Նրբագեղ, կանացի, ազատ, անկաշկանդ... Շահնուրի ուզածն իր հայրենակցուհիներից սա էր, ուրիշ ոչինչ: Այդ հայուհիների շնորհիվ դրսում պիտի պահպանվեր ցեղը, նրանց օգնությամբ  հայությունը չպիտի ձուլվեր: Տարագրված հայ տղան հայ կին կառներ և նահանջը կնահանջեր: Բայց, ըստ երևույթին, Շահնուրի պահանջները և ցանկությունները հայուհիների առնչությամբ  գրեթե անիրատեսական էին: Եղեռնի մղձավանջով անցածները, իրենց  աչքով արհավիրքը տեսածները, հարազատներ, սիրելիներ կորցրածները սիրտ չունեին կանացի և ցանկալի լինելու: Նրանց ժամանակ էր պետք  ուշքի գալու: Բայց Եվրոպա ընկած հայ երիտասարդներն էլ սիրտ չունեին սպասելու, մանավանդ որ սադրանքները շատ էին: Այդ տղաներին կանայք էին պետք իրենց «միսին հմայքներովը» և ոչ միայն  որպես «պճեղ մը անոյշ սիրտ»: Շահնուրն  էլ   չունեցավ սիրելի հայ կին  կամ  հոմանուհի: Միայն՝ լավ , ազնիվ , բարի, հոգատար  ծանոթուհիներ: Իր սիրելիները ֆրանսուհիներ էին՝ ճիշտ  իր հերոսների  սիրելիների պես` Նենեթներ և Լիզեր: Կամ էլ հակառակը՝ հերոսների սիրելիները  Շահնուրի սիրելիներն էին:  «Գիշերը լաւ անցուցի՞ր, խելոք կեցա՞ր…զիս երազեցի՞ր… ,- ընկերուհուն հարցնում է Շահնուրի  հայ հերոսը: «Ոչ ես երբեք չեմ երազեր,  ես կ’ապրիմ…»,-պատասխանում է ֆրանսուհին:

Ես միշտ սիրեցի լուռ ցավը, միշտ փնտռեցի զուսպը

Որքան էլ Շահնուրը թե՛ գրականության, թե՛ կյանքի որևէ դրսևորման մեջ փորձեց նախ միտք տեսնել, իմացականություն, այդուհանդերձ  իր կյանքի գլխավոր գործը եղավ երազելը: Երազելը ֆիզիկական ցավի անհետացման մասին: 20 տարի անընդհատ նա ցավ ուներ մարմնի մեջ: Եվ  միշտ միայնակ էր: Այդ վիճակը նրան դարձրել էր ավելի դյուրագրգիռ և ջղային: Հիվանդությունը ողնաշարային էր, քայքայվում էր գրողի կմախքը, հիմքը: Նրա այս հիվանդությունը շատ նման էր իր հայրենիքին բաժին հասած հիվանդությանը: Ոնց որ նույնությամբ Հայրենիքի հետ կատարվածը կատարվում էր մեկ առանձին մարդու հետ: Շահնուրի մարմինը Հայաստանի մանրակերտն էր՝ կոտրված ողնասյունով և անընդհատ մզզացող ցավով: Ընդ որում, որքան  առաջ էր գնում ժամանակը, այնքան ցավը խորանում էր, որովհետև չէր բուժվում և դրան ավելանում էր նաև կարոտը, բայց ավելի շատ նահանջի ցավը՝ ազգային դիմագիծը կորցնելու վախը: Իր «Նահանջը առանց երգի» հանճարեղ վեպը հենց այդ մասին է: Եվ Շահնուրը երազում էր այն  օրվա մասին, երբ այդ վեպը արդեն պիտանի չէր լինի. «Արդարեւ, իմ մեծագոյն  փափագս այն է, որ այդ գիրքը հիննայ և կորսնցնէ  գոյութեան ամէն իրաւունք: Հեղինակի մը համար, որ ընկերային ախտի մը մատնանիշ ըրած է, ոչինչ այնքան բերկրալի է որքան իր գիրքին անհետացումը իբրեւ ուղղակի հետեւանք ախտի բժշկումին: Իցիւ թէ  վերջ գտնէ օտարացման վտանգը….»: Շատ հաճախ սուր նոպաների և թարախային վերքերի ավելացման հետ, նա կերազի նաև իր գոյության  անհետացման մասին: «...մեռնիլ, մեռնիլ, մեռնի՛լ կ’ուզեմ..., «կեանք» բառն իսկ զզուանք կը պատճառէ»: Մեկ անգամ նույնիսկ, հիվանդանոցային հերթական երկարատև շրջանին, անձնասպանության փորձ  արեց: Դա 1942թ. Հոկտեմբերի վերջն էր, հիվանդ էր արդեն մոտ վեց տարի:

Պոլ Վեռլենը և  թիվ 15 մահճակալի ցավոտ պատմությունը  

Շահանը միշտ  սոսկալի վախ է ունեցել  հիվանդանոցներից ու բժիշկներից: Եվ ճակատագրի հեգնանքով հենց հիվանդանոցն է  դարձել իր մշտական միջավայրը: Դեռ հիվանդ չէր, երբ  «Նահանջ»ում գրեց մարգարեական տողեր.  «Մեզի պատահածներուն մեծագոյն մասը մենք է, որ կը պատրաստենք, մեր բացայայտ կամ անանուն ըղձանքներն են, որ զայն կը կանչեն եւ  դէպքը կ’ըլլայ այնպէս, ինչպէս որ մենք ենք: Ան կ’ունենայ մեր բնութիւնը, կ’ունենայ մեր մտածումներուն ընդարձակութիւնը եւ մեր հոգիին գոյնը»: Անդադար մտածումները՝ բզկտված հայրենիքի և  վտանգված ինքնության շուրջ, ի վերջո կերտեցին իր հիվանդությունը՝ ողնաշարը  քայքայող ոսկրախտը և վտանգավոր վերքերը, որոնցից անվերջ թարախ էր հոսում:

1936-ին առողջությունը կտրուկ վատացավ, ընկավ անկողին, ոտքերը հրաժարվեցին ենթարկվել: Առաջին անգամ, Սալփեթրիեր հիվանդանոցի թիվ 15 մահճակալին գամված, մնաց 133 օր: Նա 33 տարեկան էր: Բժիշկները  փրկությունը  սրունքների վիրահատության մեջ էին տեսնում: 1939-ին  հինգ ամսով տեղափոխվեց Բրուսեի հիվանդանոց: Նրան պառկեցրին այն նույն  մահճակալին, որտեղ ծնկի  ցավերից տառապել էր Պոլ Վեռլենը: Ճակատագիրը շարունակում էր խաղալ  տարագիր միայնակ մարդու հետ:

 Ես յոյս չեմ ուզեր, կ’ուզեմ միայն որ ինձ ուտելիք  տան նախ

Ցեղասպանությունից հետո պատահած հաջորդ անմարդկային ոճիրը երկրորդ աշխարհամարտն էր: Նա ռազմաճակատ չգնաց: Դրա կարելիությունը չուներ: Իր ռազմաճակատը հիվանդանոցն էր, իր  մարմնական կռիվը՝ ողնաշարի անտանելի ցավի և թարախոտ վերքերի դեմ էր, իսկ գաղափարականը, անշուշտ՝ ֆաշիզմի: Նա բացատրեց, թե որտեղ են ֆաշիզմի ակունքները:  «Եւ ով, ի վերջոյ տակաւին կը յիշէ Հայոց ջարդը» կը բացագանչէր Հիթլեր 22 Օգոստոս 1939-ին: Այո, այո, բայց եթէ անոնք իսկապէս մոռացութեան տրուած ըլլային, ինք խօսքն իսկ պիտի չըներ անոնց: Իր  խօսիլն իսկ ապացոյց է, թէ՝ մոռացուած բան չկայ մէջտեղը: Ընդհակառակը: Բոլոր անոնք, որ կը վկայակոչեն իր և իր նմաններուն կատարած ջարդերը, կը վկայակոչեն նաեւ անոնց նախընթացը՝ հայկականը: Բոլոր անոնք, որ արդարութիւն կը պահանջեն օտարազգի զոհերու համար, կը պահանջեն նաեւ, ուղղակի թէ անուղղակի կերպով, մեր զոհերուն համար եւս: Զի դեռ ոտքի են զոհերը Հայոց»: 

Երբ գերմանացիները ռմբակոծեցին Պիրենեյները, առողջարանից, որտեղ բուժվում էր Շահնուրը,  հիվանդներին փոխադրեցին այլ տեղ: Միայն 2-ին թողեցին, վստահ լինելով, որ նրանք  մեռնելիք են: «Մէկը ես էի»,-պատմում է Շահնուրը: Մյուսը շուտով մեռավ, իսկ ինքը չէր մեռնում: Ռմբակոծված  քաղաքի առողջարանում մնացած  բժիշկները երկար չէին կարող սպասել նրա  մեռնելուն և որոշեցին  այդ համառ հիվանդին նույնպես տեղափոխել  ավելի ապահով վայր: Շահնուրը հիշում էր այդ  շրջանը  մեծ ցավով: «Ուտելիք չկար, միշտ  խոտ կ’ուտեի, խոտ, խոտ: Ամէնէն գէշ շրջանին  հիւանդացայ, ամէնէն գէշ  շրջանին  մտայ հիւանդանոց, ամէնէն գէշ շրջանին, երբ  փերսոնել  չկար, ամէնէն գէշ շրջանին  գործողութիւն եղայ: Մեծագոյն սխալս էր գործողութիւնը: Պէտք է գիտնայի, թէ երբ ողնահար մը թարախոտ է , պատուաստ չի բռներ»: Ինչպես կուզենար, որ այդ վիրահատությունը երազ լիներ և ինքն արթնանար քնից ու այդ մղձավանջը անհետանար: «Կը տառապիմ, կը տառապիմ, կը տառապիմ եւ  ինը վէրքերէս  շարաւը կը հոսի, կը հոսի, կը հոսի:…Անասունի պէս կ’ոռնամ: . .. Աւելի աղտոտ եմ, քան Մուֆթար փողոցի կոյիւղիները: …Տասնհինգ ամիսէ ի վեր անօթի եմ:…Բժիշկները ինձ յոյս կու տան և միշտ վիճակս  կը ծանրանայ: Ես յոյս չեմ ուզեր, կ’ուզեմ միայն որ ինձ ուտելիք  տան նախ…»: 39,5-ը  դարձել էր նրա մարմնի սովորական ջերմաստիճանը, անքնությունը և գլխացավերը՝ մյուս ցավերից անպակաս: Եվ այս ամենի հետ մեկտեղ քաղցը: Եվ մենակությունը: Իր ավագ ընկերոջը՝ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանին գրեց.«Չկայ, չկայ, սիրելի Թէքէեան, ուրիշ բան ընելիք, ‎ֆիզիքական ցաւին առջեւ, որ կ’անցնի ամէն մարդկային սահման: Ես միշտ սիրեցի լուռ ցաւը: Միշտ փնտռեցի զուսպը: Գիտեմ թէ կարելի է եւ պետք է լռել, նոյնիսկ անարդար մահվան առջեւ: Բայց ոչ ‎ֆիզիքական ցաւին: Այդ երկարատեւ, անյոյս եւ անդարման ցաւին առջեւ: ...Շան պէս կը չարչարուիմ ամէն օր, քարէն աւելի կարծր մահիճին մը վրայ երկարած, իմ կմախքացած մարմինովս: Եթէ կ’ուզես գիտնալ՝ թէ մարդիկ ինչպէս կ’ապրին դժողքին կրակներուն մէջ, եռաժանիով տրորուած, ինծի հարցուր»: 5 տարի անշարժությունից հետո, 1944 Նոյեմբեր 9-ին, միայնակ կարողացավ մոտենալ ծորակին, կանգնած մնալ մի քանի րոպե՝ ինքնուրույնաբար լվացվելու համար: Սա մեծ բան էր:

13367 եգիպտական դահեկան Շահնուրի համար

Թեքեյանը ջանաց՝ հանգանակությամբ: Այս գումարի մի մասը՝ հասավ տեղ, իսկ մյուս մասի վրա արգելանք դրվեց: Գերմանացիներն Փարիզում էին: Բայց իր բազմամյա հիվանդանոցային դեգերումների մեջ, ցավից, դեղերից, հիվանդանոցի հոտից,  մահճակալի մեջ հրամցվող  գիշերանոթներից, մի խոսքով հիվանդանոցային ամեն տգեղություններից, նաև իր հիվանդությունից գլուխ չհանող բժիշկներից բացի, կային կանայք: Իր միակ մխիթարանքը և միակ նեցուկը: Նա սիրում էր կանանց և գիտեր, թե որքան կարևոր են նրանք կյանքը լիարժեք  զգալու և գնահատելու համար:

 Հյուգեթը, Մադլենը, Ժանեթը, Մարի Լուն, Ժընևիևը, Սիրանը, Արփիկը

Այս կանայք  տեղյակ էին միմյանց մասին և հաճախ  հենց միասին էին  սատարում Շահնուրին: Շահնուրի պահապան հրեշտակներն էին: Հայուհիներ և ֆրանսուհիներ: Մադլենին արդեն ծանոթ ենք:  Իսկենդէրյան ընտանիքը՝տիկին  Հյուգեթ Իսկենդերյանի գլխավորությամբ ,  պատահաբար լսելով, որ այդ մեծ գրողը իրենց քաղաքի առողջարանում է, պարզապես նվիրվեց նրան խնամելու գործին: «...Կուլամ, տեսնելով իրենց նուիրումը եւ զոհողութիւնները որ կ’ընեն, որովհետեւ աղքատ են ու զրկանքի կ’ենթարկուին ինծի համար»: Ժանեթ Քորսեթթին, Բրուսեի հիվանդանոցի այն  լուսավոր հիվանդապահուհին էր, որի հետ նաև նամակագրություն ունեցավ հիվանդանոցից դուրս գալուց հետո: Իսկ, երբ  Ժանեթը  դադարեց գրել,  Շահնուրն ընկավ  ընկճախտի մեջ և խնդրեց  Մադլենին գտնել  նրան: Մարի Լուն՝ կոշտ- կոպիտ, տղամարդու պես հայահոյող  մյուս հիվանդապահուհին, որ շատ ուշադիր և սիրալիր էր Շահնուրի նկատմամբ: Ժնևիևը՝  գթության հերթական քույրը հերթական հիվանդանոցի: Երազային հայացքներ, ձեռքի մտերմիկ հպումներ,  բաներ՝ ասված շշուկով՝  նոպաների ընդմիջումներին, կամ  Ժնևիևի  տված հաբերը կուլը տալուց առաջ: Փոքրիկ  շեղում տաղտկալի և ցավոտ հիվանդանոցային առօրայից, տղամարդ զգալու և տղամարդ լինելու  բացառիկ պահեր: Մյուս տիկինը Սիրան Փափազյանն էր, Նիցցայի մերձակայքում գտնվող փոքրիկ  առողջարանային քաղաքի Ֆլօրիս ճաշարանի տիրուհին: Սիրանն էլ դարձավ Շահնուրի քույրը և  հոգ տարավ մեծ գրողին կարելիության չափ: Հետո Շահնուրը նրան կտակեց իր իրերը: Արփիկ Միսաքյանը՝ «Յառաջ» թերթի համբավավոր հիմնադիր Շավարշ Միսաքյանի դուստրը, որ հորից հետո ստանձնեց թերթի խմբագրապետությունը, ով մեծագույն և համապարփակ աջակցություն ցույց տվեց Շահնուրին ոչ միայն հիվանդության ժամանակ: Եթե Մադլեն Ֆոլին մի տեսակ միջնորդ էր Շահնուրին Ֆրանսական միջավայրի հետ կապելու համար, ապա Արփիկ Միսաքյանը՝ նույն Մադլենն էր հայկական միջավայրի համար: Արփիկին Շահնուրը կտակեց իր գրադարանը: Այս կանանց միավորում էր մեկ բան՝ մարդկային համակրանքը Շահնուրի կամ Արմեն Լյուբենի նկատմամբ և  նրան որպես գրող և բանաստեղծ գնահատելու և մեծարելու ունակությունը և պատասխանատվությունը: Բայց կար ևս մի կին՝ փոքրիկ Մայեթ Դընաժիսքարը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter