HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կենտրոնում հարուստներ մի՛ փնտրեք»․ երևանցիները կվաճառե՞ն իրենց տները, թե՞ կվճարեն գույքահարկը 

Մեկ տարի անց գույքահարկը Հայաստանում կհասնի աստիճանական ներդրման իր առավելագույնին՝ 100 տոկոսի։ 2020 թվականին Հարկային օրենսգրքում փոփոխություն տեղի ունեցավ, և գույքահարկի հաշվարկման մեթոդը փոխվեց, որով կտրուկ բարձրացավ անշարժ գույքի հարկը, հատկապես Երևանի կենտրոնում՝ պայմանավորված բնակարանների բարձր արժեքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կենտրոնում ապրում են հարուստներ, ուստի ի վիճակի են վճարել հարկը, իսկ եթե ոչ՝ կարող են վաճառել տները ու գնալ այլ տեղերում ապրելու։ Մենք որոշեցինք թակել Երևանի փոքր կենտրոնում գտնվող Հանրապետության 62 շենքի բնակարանների դռները՝ ստուգելու՝ արդյո՞ք այնտեղ ապրում են հարուստներ, եթե ոչ՝ պատրա՞ստ են վաճառելու կամ վարձով տալու իրենց բնակարանները։ 

«1965 թվականից այս տան դասավորվածությունը չի փոխվել»

73-ամյա կոմպոզիտորի մատները սահում են դաշնամուրի վրայով այնպես, որ թվում է՝ ստեղներն իրենք իրենց են սեղմվում, և երաժշտությունը տարածվում է անցյալ դարասկզբին կառուցված բնակարանում։

Զոհրապ Փարամուզյանի կատարումը կարող եք լսել այստեղ։

Զոհրապ Փարամուզյանը 13 տարեկան էր, երբ ընտանիքը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան։ Այդ ժամանակ նա արդեն նվագում էր և գրում երաժշտություն։ Երևանում լսեցին նրա նվագը, ծանոթացան ստեղծագործություններին, մասնագետներին հիացրել էր Զոհրապի՝ տարիքին ոչ բնորոշ պրոֆեսիոնլիզմը․ երեխային պարգևատրել ու Երևանում պահել էր պետք։ Որպես պարգև Կաուչուկի գործարանի բնակելի շենքում մի բնակարան է ստացել։ Այն 1965-ին կոմպոզիտորին է հանձնել Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը։ Անցել է 60 տարի, բնակարանում ընտանքից մնացել է միայն Զոհրապը։ Տարիների ընթացքում իրերի դասավորվածությունը գրեթե չի փոխվել, տան միակ բնակիչը շրջապատն ընկալում է շոշափելով, ձայներով ու հիշողությամբ․ տեսողությունը մանուկ ժամանակ է կորցրել։

«Վրաստանում ուզում էին, որ ես մնայի այնտեղ, բայց հայրս մեզ հավաքեց, ու եկանք Երևան։ Այստեղ ինձ Էդվարդ Միրզոյանը լսեց, հիմնականում այլ հեղինակների գործեր էի նվագում, մի քանի բան էլ իմ գործերից ցույց տվեցի, էդպես իր միջնորդությամբ այս տունը և դաշնամուրը նվեր ստացա»,- ասում է Զոհրապ Փարամուզյանը։

Զոհրապը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, դասավանդել է Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցում՝ աշխատելով տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ և շարունակել է ստեղծագործել։ Տան սենյակներից մեկն ամբողջությամբ լցված է գրքերով ու նոտաներով՝ գրված բրայլյան տարբերակով։ Բնակարանը վերջին անգամ նորոգել են 1970թ․-ին, հիմա արդեն որոշ հատվածներ քայքայված են, հատակը փտել է, սանհանգույցը՝ նույնպես։ Կոմպոզիտորը վերանորոգման պլաններ չունի, ապրում է համեստ թոշակով։ Երբեմն եղբայրն է այցելում, օգնում կենցաղային հարցերում։

Զոհրապի բնակարանը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Հանրապետություն 62 հասցեում, հետևաբար վերջին մի քանի տարիներին նրա տան գույքահարկը կանոնավոր աճում է և մյուս տարի կհասնի իր առավելագույնին։ Մինչև 2021 թվականը գույքահարկն առանձնապես մեծ բեռ չի եղել երգահանի համար՝ 16 758 դրամ, օրենքի նոր փոփոխությամբ պայմանավորված՝ հարկը տարեցտարի աճում է։ 2024-ին Զոհրապը վճարել է 24 554 դրամ: Նախատեսվում է, որ այս տարի նա կվճարի հարկի 75%-ը, իսկ 2026-ին՝ ամբողջ չափով՝ 49 108 դրամ։ Սա նշանակում է, որ Զոհրապի տան գույքահարկը աճել է գրեթե 3 անգամ: Այս փոփոխությունների պատճառով կոմպոզիտորը թոշակից յուրաքանչյուր ամիս որոշ մաս կողքի է դնում, որպեսզի հարկն ավելի թեթև թվա։

«Եղբայրս այստեղ մենակ է ապրում, ամեն շաբաթ ես եմ գալիս տեսության, օգնում եմ իրեն, որոշ հարցեր լուծում, բայց չգիտեմ, թե ինչպես պիտի այս տարվանից սկսած գույքահարկը վճարի, կրկնակիից ավելի թանկացել է՝ առանց որևէ հիմնավոր որոշման, ինչ է, եթե կենտրոնում ես ապրում անպայման հարո՞ւստ պիտի լինես։ Եթե ուզում են, որ բյուջեն ավելանա, թող այլ տարբերակներ մտածեն»,- ասում է կոմպոզիտորի եղբայրը, որ մեր այցելության պահին նրա տանն էր։

Կառավարության առաջարկած լուծումը այս պարագայում բնակարանը վաճառելն է կամ վարձով տալը և ավելի էժան տեղում նոր բնակարան գտնելը։ Զոհրապն այս լուծմանը համաձայն չէ։ Նրա բնակարանում տասնյակ տարիներ իրերի դասավորվածությունը չի փոխվել, որպեսզի առանց խոչընդոտների տեղաշարժվի, ուստի խոսք չի կարող լինել նոր տուն տեղափոխվելու մասին։

«Ես այստեղ հարմարվել եմ ամեն ինչի ու չեմ պատկերացնում, թե այլ տեղ ինչպես պիտի սովորեմ։ Հիմա ես ուղղակի ուզում եմ հանգիստ ապրել ու երաժշտություն գրել»,- ասում է Զոհրապը։

Ինչ էր, ինչ դարձավ

2020 թվականի մայիսի 27-ին Կառավարության նիստում քննարկվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Ֆինանսների՝ այդ ժամանակվա նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագիծը ներկայացնելով Կառավարությանը, ասաց, որ փոփոխությունը թույլ կտա հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն։ Նախագիծը վերաբերում էր գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունը փոխելուն։

Փոփոխությունների արդյունքում անշարժ գույքի կադաստրային արժեքն այլևս չէր որոշվելու հաշվի առնելով գույքի որակական հատկանիշները, այլ հաշվարկվելու էր անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված գնով։ Հենց այս գինն էլ համարվելու էր հարկման բազա, և գույքահարկը հաշվարկվելու էր օրենքով սահմանված դրույքաչափերով՝ գնային առանձին միջակայքերի համար տարբեր տոկոսներով։ Կառավարությունն այս նախագիծը ընդունեց։ Օրենքում փոփոխություն կատարելու համար հարցը քննարկվեց Ազգային ժողովում և 2020-ի հունիսի 25-ին ընդունվեց։ Մինչ Օրենսգրքում փոփոխություն կատարելը, բնակարանների գույքահարկը հաշվարկվում էր այլ մեթոդաբանությամբ․ հաշվի էր առնվում բնակարանի մակերեսը, ծածկի նյութը, բնակարանի բարձրությունը, մաշվածությունը և այլ հանգամանքներ։

Կառավարության նիստում Ատոմ Ջանջուղազյանը նշեց նաև, որ նախագծով ներկայացվող փոփոխությունը հարկային համակարգի փոփոխությունների հայեցակարգի շարունակությունն է։ Նիկոլ Փաշինյանն այն համարեց հեղափոխական, նաև նշեց, որ այս փոփոխությունը կարևոր է պետություն-քաղաքացի հարաբերության տեսակետից, քանի որ նույնսիկ ոչ թանկարժեք գույքի համար քիչ գույքահարկ վճարելը ևս կարևոր է։

Այս փոփոխությունից հետո՝ մինչև օրս, քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են տեղի ունենում։ Ըստ ընդիմադիրների՝ գույքահարկն էականորեն բարձրացել է, և կան մարդիկ, որ ժառանգություն են ստացել իրենց տները, ապրում են Երևանի կենտրոնում և չունեն այդքան գումար գույքահարկը վճարելու համար։ Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց պարզապես կոչ է անում վարձով տալ կամ վաճառել իրենց տները և տեղափոխվել այլ բնակավայրեր։

«Գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ ձեր տան գինն է բարձրացել։ Այսինքն, եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և ձեզ դա շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան թե դուք պատկերացնում եք»,- փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նոր կարգով հաշվարկվող գույքահարկը հարկվում է 2021-ից՝ աստիճանաբար։ Այսինքն՝ ամեն տարի հարկվել է գույքահարկի մի մասը, օրինակ, 2021-ին՝ 25%, 2022-ին՝ 30%, 2023-ին՝ 35%, 2024-ին՝ 50%, 2025-ին՝ 75% և 2026 թվականին ամբողջությամբ՝ 100%: 

project-01-2.jpg (156 KB)

Օրինակ՝ եթե Ձեր բնակարանի կադաստրային արժեքը 40 մլն դրամ է, ապա 2026-ին կվճարեք 50 հազար դրամ գույքահարկ (20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի` մեր օրինակի դեպքում 15 մլն դրամի 0.2 տոկոսը)։ Կարևոր է հիշել նաև, որ այն գումարը, որը դուք կվճարեք 2026-ին, վերջնական չէ, քանի որ յուրաքանչյուր երեք տարին մեկ գույքը վերագնահատվելու է, և ըստ այդմ փոփոխվելու է նաև եղած գույքահարկի չափը։

«Վճարող չեմ, կարա՞ն տնից հանեն»

Լալա Մխիթարյանի սենյակում պահարանի վրա ձմեռվանից գլխարկ և ձեռնոցներ են մնացել, ցուրտ ամիսներին 82-ամյա Լալան տանը կրում է դրանք։ Ծնողներից ժառանգած տանը նա մենակ  է ապրում։

Բնակարանի պատմությունը սկսվել է 1934 թվականից, երբ Լալայի հայրը՝ Թովմաս Մխիթարյանը, այն ստացել է տպագրատանը՝ որպես գրաշարական արտադրամասի վարիչ աշխատելու տարիներին։ Մի քանի տարի անց սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա թողել է աշխատանքը, ընտանիքը, կյանքը Երևանում ու գնացել՝ չհանդիպելով աղջկան՝ դեռ չծնված Լալային։ Գրքույկը, որտեղ հոր մասին տեղեկություններ կան, Լալան տարիներ շարունակ  պահում է, ցույց է տալիս հոր լուսանկարը ու հպարտորեն կարդում ուղեկցող տեքստը։

«1941թ․ հունիսի 22, դրությունը կրիտիկական է։ Հենց այդ ժամանակ կոմունիստ Թովմասը ներկայացավ կիրովյան կուսշրջկոմ և կամավոր գնաց բանակ։ 1942թ․-ին ցրտաշունչ Տեուպսեի ռազմաճակատում ահեղ ու անհավասար մարտերի մեջ մտավ և անձնուրաց կերպով իր ջերմ սիրտը տվեց հայրենիքին»։

Լալան օրը հիմնականում տանն է անցկացնում, մաքրությամբ է զբաղվում, ճաշ պատրաստում, հիմա աշխատում է տրանսպորտից չօգտվել, քանի որ թանկացել է, իրեն այլևս հարմար չէ։

«Ես ձմռանն անգամ չեմ վառում, որ կոմունալ չմուծեմ, հիմա ինչի՞ պիտի տանեմ էդքան փող տամ իրենց, հնարավորություն չունեմ։ Վճարող չեմ, կարա՞ն տնից հանեն»,- բարկանում է Լալան։ 

2021-ին Լալա Մխիթարյանը գույքահարկ վճարել է 4000 դրամ, իսկ 2025-ին՝ 13000, մյուս տարի ստիպված կլինի վճարել ավելի շատ, թեև համառորեն ասում է, որ չի վճարելու, հազիվ եղած ծախսերն է կարողանում բաշխել։

«Այս բնակարանն ինձ Փաշինյանը չի տվել, որ հիմա ուզում է հարկ պոկել»

Կիմա Դանիելյանը 50 տարի աշխատել է Տարաս Շևչենկոյի անվան դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 2000 թվականից թոշակի է անցել։ Այսօր նա մենակ է ապրում, ամուսինը մահացել է, երեխաներն էլ արտերկրում են։ 95-ամյա Կիման, աշխատելու տարիներին, ամուսնու հետ տուն է ստացել, հետո այն փոխանակել Հանրապետության 62 հասցեում գտնվող ավելի ընդարձակ այս տան հետ, 1973թ․-ից ապրում է այս բնակարանում։

Գույքահարկի թանկացման մասին լսելիս խիստ բարկանում է։ Ասում է, որ իր տարիների վաստակի արդյունքն է բնակարանը, ու ոչ մեկը չի կարող իրեն ասել՝ տունը վաճառի, գնա ծայրամաս, թե շարունակի ապրել։ Կիման 70000 դրամ թոշակ է ստանում, ու եթե չլինի արտերկրից աղջկա օգնությունը, դժվար թե կարողանա հասցնել ծախսերը։

«Եթե իմ աղջիկը չօգներ, ես վաղուց մեռած կլինեի սովից, ո՞նց կարող եմ 70000 դրամով ապրել, հարկերը վճարել, ջուրը, գազը, հեռախոսը, կոմպյուտերը, ինտերնետը, էդ բոլորից ես օգտվում եմ, 95 տարեկան եմ, ինտերնետից եմ օգտվում, հեռախոսից, էդքանը 70 հազարի մեջ ո՞նց պիտի տեղավորեի»,- վրդովվում է նախկին ուսուցչուհին։

Կիման ասում է, որ հեռուստացույցով լսել է՝ ասում են, թե կենտրոնում հարուստներ են ապրում, բայց դա ոչ միայն ճիշտ չէ, այլև ծիծաղելի։ «Հիմա դու հարո՞ւստ ես, որ կենտրոնում ես ապրում»,- հարցնում է կողքին նստած հարևանուհուն։

«Մեր շենքում, կենտրոնի ամենալավ, ամենամեծ շենքերից մեկն է, մի հոգի հարուստ մարդ չեք գտնի, բոլորն էլ ծայրը ծայրին են հասցնում։ Իմը 127-րդ բնակարանն է, Դուք տեսեք՝ ինչքան շատ են, բոլորը իրար ճանաչում են, մի հարուստ մարդ չունենք։ Փաշինյանը կենտրոնում թող հարուստների չորոնի, թող նայի՝ ինքը որտեղ է ապրում, այն մարդիկ որտեղ են ապրում, ում համար միլիոնանոց սեղաններ է բացում ու գնա նրանցից էլ շատ փող հավաքի»,- ամեն բառի հետ ավելի է բարկանում Կիման։

Երկար ու նյարդայնացած խոսելուց հետո նա հոգնում է ու հետ ընկնում բազմոցին, հետո կտրուկ առաջ գալիս ու հարցնում հարևանուհուն․ «Արդեն քանի օր է՝ դու անընդհատ ասում ես՝ թոշակը ստանանք, գնամ միս առնեմ, մսով ճաշ սարքեմ, հիմա դու հարո՞ւստ ես, շատ էլ, որ կենտրոնում ես ապրում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter