HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երազում եմ, որ երեխաներս կարողանան խոսել»

Երազիկ Հարությունյանն ընտանիքի հետ 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղից բռնի տեղահանվել է։ Այժմ նրանք բնակվում են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Ապրում են վարձակալած տանը՝ փորձելով հարմարվել նոր պայմաններին։ Ամուսինը՝ Արայիկ Ավանեսյանը, աշխատում է եվրոպատուհանների արտադրամասում: Երազիկն ամբողջ օրը երեխաների խնամքով է զբաղվում։ Երկու որդիները հաշմանդամություն ունեն։

Առավոտյան Երազիկը երեխաներին տանում է դպրոց, չորս ժամ սպասում դպրոցի միջանցքում ու նրանց հետ տուն վերադառնում։ Իր խոսքով՝ ուրիշ տարբերակ չունի, երեխաները ոչ միշտ են հանգիստ նստում դասասենյակում։ Ասում է՝ դժվար է, բայց իր համար կարևորն այն է, որ երեխաներն իրենց մենակ չզգան և հետ չմնան հասակակիցներից։

Երեխաների հետ դպրոցում աշխատում են ուսուցչի օգնականները, նրանց աջակցում է նաև դպրոցի հոգեբանը։ Երեխաները շաբաթական երկու անգամ հաճախում են նաև «Հույսի կամուրջ» ՀԿ, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբաններն ու մանկավարժները։ Ասում է՝ երբ ապրում էին Իջևանում, կարիք չէր լինում երեխաների հետ սպասելու, այստեղ՝ Գետահովիտում, երեխաները դժվար են հարմարվում։ Իջևանից տեղափոխվել են բնակարանի վարձի թանկության պատճառով։

10-ամյա Մանվելի ու 9-ամյա Սամվելի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ Նրանք մտավոր ֆունկցիայի խանգարում ունեն։ Սամվելը նաև սրտի արատ ունի։

Երկու որդիներն էլ երրորդ աստիճանի հաշմանդամություն ունեն՝ մտավոր ֆունկցիայի ծանր խանգարում։ Երկուսն էլ սովորում են երրորդ դասարանում: Երեխաները չեն խոսում, միայն որոշ հնչյուններ են արտաբերում։ Նրանց հետ աշխատող մասնագետներն ասում են՝ հետևողական աշխատանքի արդյունքում կարող են զարգացնել խոսքը կամ առնվազն հաղորդակցման հմտությունները։ 

Արայիկ Ավանեսյանը տանը գրեթե չի լինում։ Ընտանիքի ֆինանսական խնդիրներն ինքն է լուծում։ Երազիկը չի աշխատում, աշխատանքը երեխաների խնամքի հետ համատեղելն անհնար է։ 

«Առավոտյան 7-7:30 տնից դուրս է գալիս, գալիս է ուշ երեկոյան, երբեմն՝ մի քիչ շուտ, երբ հնարավոր է լինում մի քիչ ուշ գնալ, մեզ տանում է, թողնում դպրոցում, հետո ինքը գնում աշխատանքի»,- ասում է Երազիկը։

Արցախում նրանք հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվել, Արայիկը նաև փոքրիկ թռչնաբուծարան էր հիմնել, նաև փայտագործությամբ էր զբաղվում։ Տեղահանվելուց հետո աշխատանք է գտել պատուհանների արտադրամասում։

Երազիկն ասում է՝ ինքն էլ կուզեր աշխատել, բայց երեխաների խնամքն իր ուսերին է, չի կարող։ Երեխաներն ինքնուրույն չեն հագնվում, ուտելիս էլ հաճախ օգնության կարիք են ունենում։ Երազիկն ասում է, որ սովորել է իր գրաֆիկին, բայց երբեմն հոգնում է, օգնության է կարիք զգում։

«Որ հիվանդանում են, ծանր են տանում, անգամ թեթև գրիպ, որ ընկնում են, օրերով դպրոց չեն գնում, դե հա, հետ են մնում ծրագրից, բայց ի՞նչ արած, ասում են՝ մի օր բացակայելն էլ իրենց վրա ազդեցություն ունի, բայց դե հիվանդ դպրոց տանել էլ չեմ կարող»,- ասում է նա։

Տնից դպրոց ճանապարհը երկար է, քարքարոտ։ Երազիկը երկու երեխաների հետ այդ ճանապարհը գրեթե ամեն օր ոտքով է անցնում։ Դրա համար տնից մոտ կես ժամ շուտ են դուրս գալիս։ Երկար քայլելուց երեխաները հոգնում են, երբեմն կարիք է լինում ճանապարհին նստել, հանգստանալ։

Ասում է՝ Իջևանից Գետահովիտ տեղափոխությանը երեխաները դեռ չեն հարմարվել։ Կուզեր Իջևանում ապրեին, այնտեղ երեխաների զբաղվածության հարցն ավելի լավ էր կազմակերպված, բայց բնակարանի վարձը թանկ էր, պայմաններն էլ բարվոք չէին, ստիպված էին տեղափոխվել։

2023-ի հոկտեմբերին, երբ Արցախից բռնի տեղահանվել ու հասել էին Հայաստան, մեկ ամիս ապրել են Իջևանի հյուրանոցներից մեկում, որը ծառայում էր որպես Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարան։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են վարձով բնակարան և մինչև 2024-ի օգոստոս ապրել այնտեղ։ Ապա տեղափոխվել են Գետահովիտ։ 

«Դպրոցում լավ են ընդունել, ամեն ինչ լավ է, բայց երեխաներն են դժվար հարմարվում, իրենց համար ամեն անգամ նոր տեղին, նոր միջավայրին հարմարվելը դժվար է, նոր փոփոխություններին հեշտ չեն արձագանքում»,-ասում է Երազիկը։

Եղբայրները Գետահովիտի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում են սովորում։ Երբ հաճախում էին Իջեւանի թիվ 3 դպրոց, զուգահեռ դասարաններում էին, մոր պատմելով՝ Մանվելն առանց ուսուցչի օգնականի էր դասի նստում՝ ընդհանուր դասարանի հետ։ Ինքն էլ դպրոցում չէր սպասում, տուն էր գնում։ Գետահովիտում զուգահեռ դասարաններ չկան։ Ուսումնական տարվա սկզբում Երազիկը մի քանի ամիս նրանց հետ դասի է նստել։ 

Ուսուցչի օգնականները, որ աշխատում են երեխաների հետ խոսել չուզեցին, նրանց փոխարեն մեր հարցերին պատասխանեցին հոգեբանն ու դպրոցի տնօրենը։

Գետահովիտի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ Հերմինե Գրիգորյանը նշում է, որ երեխաների հետ աշխատանքի արդյունքում հասել են նրան, որ Ավանեսյան եղբայրները սկսել են ընկալել պարզ հրահանգները։ 

«Լավ կլիներ, որ զուգահեռ դասարաններում լինեին, բայց քանի որ չկան զուգահեռ դասարաններ, լինում է, որ խանգարում են միմյանց։ Դասարանից դուրս են գալիս, երկար նստել չեն կարողանում։ Մայրիկը ամեն օր նրանց հետ դպրոց է գալիս, քանի որ երբեմն նրանց երկար դասարանում պահելն անհնար է»,-ասում է տնօրենը։ 

Նրա խոսքով, աշխատում են անել այնպես, որ չխախտվեն նաեւ մյուս աշակերտների իրավունքները։ Դժվարություններ լինում են, բայց փորձում են հաղթահարել։ 3֊րդ դասարանի դասվարին զուգահեռ նրանց հետ աշխատում են երկու ուսուցիչների օգնականները, շաբաթական երկու անգամ էլ Մանվելի և Սամվելի հետ աշխատում է դպրոցի հոգեբանը՝ Մելինե Ղուզանյանը։ Հոգեբանն ասում է՝ խաղերի միջոցով փորձում են նրանց մոտ զարգացնել ընկալման ունակությունները։

«Երեխաներն ընկալունակ են, բայց իրենց հետ շատ մեծ աշխատանք պիտի տարվի, դպրոցում դա անում ենք, զուգահեռ աշխատում են նաև «Հույսի կամրջի» մասնագետները, պետք է հասնենք նրան, որ երեխաները կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությունում»,-ասում է հոգեբանը։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Նարինե Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, ՀԿ֊ի Իջևանի մասնաճյուղի 13 շահառուներից ամենածանր վիճակում Մանվելն ու Սամվելն են։ 

Նախկինում, երբ ընտանիքն ապրել է Իջևանում, ամենօրյա ռեժիմով երեխաները հաճախել են «Հույսի կամուրջ», որտեղ նրանց հետ աշխատել են հոգեբանները, մանկավարժները։ Նարինե Ներսիսյանի խոսքով, ամենօրյա հաճախումների արդյունքում երեխաների մոտ դրական դինամիկա էր նկատվել։ 

«Առաջ ապրում էին մեր կենտրոնին շատ մոտ եւ ամեն օր օգտվում էին մեր ծառայություններից եւ բավականին մեծ էր փոփոխությունը, հիմա շաբաթական 2 անգամ են ստանում ծառայություններ, իրենք էն երեխաներն են, որ ամենօրյա աջակցություն պետք է ստանան։ Մեզ մոտ ստանում են հատուկ մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապեւտի, ֆիզիոթերապեւտի, սոցիալական մանկավարժի ծառայություններ։ Ուղղակի գիտե՞ք ինչն է խնդիրը՝ իրենք չեն կարողանում հասնել մեր կենտրոն, մենք ենք բերում նրանց, բայց մեր հնարավորությունը շաբաթական 2 անգամն է, որովհետեւ մենք սպասարկում ենք 19 համայնք, անում ենք հնարավորը»,-ասում է Նարինե Ներսիսյանը։

Մինչև «Հույսի կամուրջ» հաճախելը Մանվելը՝ ավագ որդին, հաշմանդամության աստիճան չուներ և չէր օգտվում պետական աջակցության ծրագրերից։ Իջևանի մասնաճյուղի տնօրենը նշում է՝ հասել են նրան, որ Մանվելը նույնպես կարգ ստանա և օգտվի հասանելիք աջակցությունից։

«Բացթողումները շատ-շատ են եղել, իրենք Արցախում էլ նորմալ դպրոց չեն գնացել, նորմալ ծառայություններ չեն ստացել, ես դրա համար եմ ասում` իրանց մոտ ուշացած գործընթացներ կան, օրինակ` Մանվելը կարող էր արդեն խոսք ունենալ, բայց երեխայի մոտ էդ խոսքի զարգացման փուլը բաց է թողնված, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի՝ ինտենսիվ աշխատանքի արդյունքում։ Հիմա մենք փորձում ենք իրենց սոցիալիզացիան, ինքնասպասարկումը, շարժը, համայնքի մեջ իրենց ներառումը կարողանանք ապահովել, իսկ խոսքի համար 2-5 տարեկանը ամենաինտենսիվ փուլն է, որը բաց է թողնվել, փորձում ենք լրացնել, բայց, էլի եմ ասում, իրենք այն երեխաներն են, որոնց հետ ամենօրյա ռեժիմով է պետք աշխատանք կատարել։ Ցավոք, այս փուլում, երբ Իջևանում չեն ապրում, ամենօրյա ռեժիմով աշխատանք չենք կարողանում կատարել»,-ասում է Նարինե Ներսիսյանը։

Երազիկն ասում է՝ հիմա ամենակարևորն այն է, որ երեխաները հանգիստ միջավայրում ապրեն, ստանան համապատասխան խնամք և կրթություն։ Գիտի, որ նրանց հատուկ ուշադրություն է պետք, բայց, պայմաններից ելնելով, ամեն օր չեն կարողանում աջակցության կենտրոն տանել։ Արցախից Իջևան, Իջևանից Գետահովիտ տեղափոխությունները երեխաները հեշտ չեն տարել։ Ամեն անգամ նոր միջավայրին հարմարվելը բարդ է։

 «Իմ երազանքներից մեկն այն է, որ երեխաներս սկսեն խոսել, մի փոքր ինքնուրույն դառնան, որ ինչ-որ բան ուզեն, իրենք իրենցով ասեն։ Շատ եմ նեղվում, երկու երեխա ունեմ, երկուսն էլ՝ հիվանդ, բայց ի՞նչ անեմ»,-ասում է Երազիկը։

Հայաստանում կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և աջակցությամբ։ Այս կազմակերպությունները տարբեր ուղղություններով են աշխատում՝ ներառական կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ և իրավաբանական աջակցություն։ Զուգահեռաբար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրեր և բարեփոխումներ է իրականացնում՝ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և սոցիալական աջակցության ապահովմանը։ 

Չնայած նրան, որ հասարակական կազմակերպություններն ու պետական կառույցները փորձում են ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձնանց՝ թեթևացնել նրանց ընտանիքների հոգսը, հիմնական դժվարությունները մնում է ընտանիքի անդամների ուսերին։ Երազիկը չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինքն իր համար ինչ֊որ բան արել, նա ապրում է հույսով, որ մի օր երեխաների առողջական վիճակը մի փոքր կլավանա ու նա կկարողանա ավելի հանգիստ ապրել, ասում է՝ «Մեկ֊մեկ հասկանում եմ, որ իմ երեխեքի ու իրենց պրոբլեմների հետ մենակ եմ մնում, բայց ոչինչ անել չեմ կարող,  ոչ մեկին չեմ կարող մեղադրել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter