HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին

Ապրիլի 29-ին Ներքին գործերի նախարարությունը «Լուրերին» հաղորդել էր, որ Երևան-Սևան 3-րդ կմ գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվել են 2 արևային պանելներ, 3 ավտոմեքենա, տուժածներ չկան։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե արդյոք Տեսչական մարմինը մինչ այդ գազալցակայանում իրականացրել էր ստուգումներ և հնարավոր խախտումներ հայտնաբերել։

Նախ, Տեսչական մարմնից «Հետք»-ին հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան մայրուղու 1-ին կմ հասցեում՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի տարածքում՝ լցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում։ Պայթել է հաշվիչ հանգույցից դուրս եկող գազատարը՝  ճնշակայան մտնելու հատվածից 20-30 մ հեռավորության վրա։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությունում 2024 թվականի նոյեմբերի 11-13-ին Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով իրականացվել է վարչական վարույթ։ 

«Տնտեսվարողին տրվել է կարգադրագիր արձանագրված թերությունները վերացնելու համար, որի վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 25-ը»,- հայտնել են ՔՏՀԱ տեսչական մարմնից։

ՔՏՀԱ տեսչական մարմին նոյեմբերին իրականացված ստուգմամբ արձանագրել է, որ գազալցակայանի տարածքով օդային էլեկտրահաղորդակցման գծեր են անցնում, որոնք պետք է ապամոնտաժել, ապամոնտաժման կարիք ունեն նաև էլեկտրական սարքավորումները, որոնք պետք է շահագործել էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին համապատասխան։ Բացի այդ, Տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ գազալցակայանի տարածքում առկա շինություններում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնիշխատ համակարգը, չեն եղել նաև գազալցակայանի արտաքին հրդեհաշիջման համար համապատասխան տարողություններ։

Տեսչական մարմնից հայտնել են նաև, որ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակայանը գրանցված է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և 2024թ. հոկտեմբերի 25-ին անցել է ամենամյա տեխնիկական փորձաքննություն։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ այս դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ նյութական վնասի չափը հանցակազմ չի պարունակել։

Ո՞ւմ է պատկանում գազալցակայանը

Գազալցակայանը շահագործում է «Քյավառ-Նաիրի» ՍՊ ընկերությունը։

Գազալցակայանի միակ սեփակատերը Սևան համայնքի բնակիչ Աշոտ Ալավերդյանն է, ով 100% փայատեր է դարձել 2017 թվականին։

Ընկերությունը գրանցված է գազալցակայանի հասցեում՝ Սևան-Երևան մայրուղու 1-ին կմ-ում: 1995-2000 թվականներին այն կրել է «Նաիրի» անունը, հետագայում վերանվանվել է «Քյավառ-Նաիրի»:

Աշոտ Ավալերդյանը, բացի նշված ընկերությունից 51% բաժնեմաս ունի նաև Սևան համայնքի Լճաշեն գյուղում գրանցված «Ճան Շին» ՍՊԸ-ում, որի 49% սեփականատեր է նրա եղբայրը՝ Արմեն Ալավերդյանը, 50%՝ նույն համայնքի Վարսեր գյուղում գրանցված «Բայազեթ» ՍՊԸ-ում, նաև անհատ ձեռնարկատեր է։

Պայթյունի 3 դեպք՝ վերջին մեկ տարում

Վերջին մեկ տարվա ընթացքում սա 3-րդ դեպքն է, երբ պայթյուն է տեղի ունենում լցակայանում (վերջինը տեղի է ունեցել լցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում)։

2024թ. հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սևան մայրուղու վրա գտնվող «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող լցակայանում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով 1 մարդ զոհվեց, 6-ը՝ վիրավորվեցին։ Դրանից ամիսներ առաջ ՔՏՀԱ տեսչական մարմինը լցակայանում տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ էր հայտնաբերել։ Պայթած գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ, իսկ բենզալցակայանը կապարակնքված էր։

Այս տարվա մարտի 4-ին էլ Արարատի մարզի Այգավան գյուղում պայթած լցակայանում ՔՏՀԱ տեսչական մարմինը նույնպես բազմաթիվ խախտումներ էր արձանագրել: Ըստ տեսչական մարմնի՝ գազալցակայանը շահագործվելու իրավունք չի ունեցել, իսկ բենզալցակայանի գործունեությունն օրինական էր: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 4 մարդ, նրանցից մեկն օրեր անց հիվանդանոցում մահացավ։

Գլխավոր լուսանկարը՝ Google maps-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter