
2025թ. առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 11.3%-ով կրճատվել է
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 741 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11.3%-ով պակաս է։
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, որը տվյալները հավաքագրում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական շտեմարանից:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը ռուսաստանցիներինն է։ Այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանի 144 072 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս թիվը կրճատվել է 21.8%-ով։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատումը էական ազդեցություն է ունեցել Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատման վրա։ ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվում 37.3% է։
Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացավ 2022 թվականին։ Ռուսաստանցիների ներհոսքը մեծացավ հատկապես մարտից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
Այս միտումը շարունակվեց նաև 2023 թվականին, սակայն աճի տեմպը թուլացել էր։
2024-ի տարեսկզբին արդեն ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի անկում արձանագրվեց, որը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76 861՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 1.8%-ով։
Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են։ Ժամանել է 59 624 վրաստանցի։ Անկումը՝ 3.6%:
Հաջորդում են Իրանի քաղաքացիները՝ 34 369 թվով, որն աճել է 1.9%-ով։
Հինգերերդ տեղում Ֆիլիպինների քաղաքացիներն են։ 2025-ի առաջին եռամսյակում զբոսաշրջային նպատակով Ֆիլիպինների 7 140 քաղաքացի է այցելել Հայաստան, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 24.2%-ով կրճատվել է։
Հայաստանից արտերկիր մեկնած զբոսաշրջիկների թիվը գրեթե նույնն է մնացել
2025 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից արտերկիր է մեկնել 363 668 քաղաքացի։ Ըստ Վիճակագրական կոմիտեի ճշգրտված հաշվարկների՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն աճել է ընդամենը 0.9%-ով։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել