
Ուղևորը հարվածել է տաքսու վարորդին և վնասել մեքենան, սակայն վարույթ չի նախաձեռնվում
2025թ. ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 5:40-ի սահմանում, «Յանդեքս» ծառայության վարորդ Ա. Մ.-ն (անուն, ազգանունն ամբողջությամբ չենք հրապարակում քաղաքացու խնդրանքով) պատվեր էր ստացել Տերյան փողոցի գիշերային ակումբներից մեկից՝ դեպի Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք։ Ուղևորը կին էր։ Վարորդի պատմելով՝ երբ հասել են Երևան-Սևան ավտոմայրուղի, նա սկսել է պայուսակում ինչ-որ բան փնտրել, ապա հարցրել է վարորդին՝ արդյոք նրան գումար տվել են։ Բացասական պատասխան ստանալուց հետո ինչ-որ մեկին է զանգահարել, ապա հայտարարել, որ կորցրել է դրամապանակը և պետք է վերադառնա, որ փնտրի։ Վարորդը, տեսնելով, որ ուղևորի մոտ 3000 դրամ կա, հարցրել է, թե ով պետք է հետո ուղևորության համար վճարի։
«Տեսա, որ ձեռքի գումարը չի հերիքելու, կազմել էր 2100 դրամ։ Եթե վերադառնայինք և նորից գայինք Բյուրեղավան, չէր վճարի։ Ասեց. «Քեզ ասում եմ՝ քշի»։ Ու սկսեց ագրեսիվանալ՝ առանց որևէ պատճառի։ Քաշքշում էր մեքենայի տարբեր մասերը։ Ես, որպեսզի ինքնատիրապետումս չկորցնեմ, կայանեցի մեքենաս Երևան-Սևան ավտոմայրուղու գազալցակայանում և մի կերպ դուրս եկա մեքենայից, որից հետո այդ կինը սկսեց հարվածել ու հայհոյել ինձ։ Հարվածում էր անձրևանոցով, պայուսակով։ Ես հեռու գնացի մեքենայից, որպեսզի ոստիկանություն կանչեմ։ Այդ ընթացքում ոտքերով հարվածում էր մեքենային։ Կոտրել է ապակիները, պետհամարանիշները։ Ընդհանուր՝ ինձ պատճառել է 1.000.000 դրամի վնաս»,- պատմում է վարորդը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստուգել են ուղևորի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը և արձանագրել, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է։ Ոստիկանության աշխատակիցները վարորդին և ուղևորին տեղափոխել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որտեղ Ա. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գայանե Խաչատրյանն իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության, դիտավորյալ վնասել է իր գույքը և պատճառել խոշոր չափի գույքային վնաս։
Հաղորդումից օրեր անց Ա. Մ.-ի նախկին հարևանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ նամակ ունի։ Այդ հասցեից Ա. Մ.-ն դուրս է եկել 13 տարի առաջ, այժմ գրանցված է մեկ այլ հասցեում։
«Հարևանս ասում է՝ նամակ ունես։ Գնում եմ վերցնում եմ, պարզվում է, որ նամակն ուղարկվել է Քննչական կոմիտեից և տեղեկացնում են, որ քրեական վարույթ չեն նախաձեռնում։ Զարմանալի է, թե որտեղից են գտել իմ հին հասցեն, եթե ես ոստիկանության բաժնում ցուցմունք տալուց նշել եմ իմ նոր հասցեն։ Բացի այդ՝ իրենք պատճենել և վերցրել են անձնագիրս, որտեղ իմ նոր հասցեն էր»,- պատմում է նա։
Քաղաքացուն անհանգստացնում է այն փաստը, որ Քննչական կոմիտեն քրեական գործ չհարուցելու որոշում է կայացրել առանց նյութերին, տեսագրություններին ծանոթանալու։
Նրա խոսքով՝ գործով քննիչ Վազգեն Բադալյանը երբևէ չի հանդիպել իրեն, չի խոսել, չի վերցրել տեսագրությունները, դրանք չի ուսումնասիրել։
«Նա նաև անձրևանոցով, պայուսակով հարվածել էր գլխիս, դեմքիս։ Գլուխս այտուցված էր։ Խնդրեցի, որ դատաբժշկական փորձաքննություն անեն, որը ևս մերժել են»,- ասում է Ա. Մ.-ն։
Գործ չհարուցելու հիմնավորումը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն են. նոր օրենքի պահանջով, եթե ենթադրյալ հանցանքը միջին ծանրության է, իսկ հանցանքը կատարած անձի ինքնությունը հայտնի է, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորություն չկա, քաղաքացին ինքը պետք է քրեական հայց ներկայացնի դատարան և դատական կարգով լուծի խնդիրը։
Տաքսու վարորդը դժգոհ է օրենքի այս փոփոխությունից։ Նրա խոսքով՝ դատական ծախսերը մեծ են, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտվել փաստաբանի ծառայություններից, հանրային պաշտպանի էլ դիմել չի կարող՝ իր կարգավիճակը չի համապատասխանում այդ ծառայությունից օգտվելու պահանջներին։
«Հակոբ Ասլանյանին երթուղայինում վիրավորեց քաղաքացին՝ կալանավորեցին։ Ո՛չ հարվածել էր, ո՛չ հայհոյել։ Վիրավորել էր։ Իսկ էս դեպքը, երբ փաստերով ցույց է տրվում՝ ինչ է տեղի ունեցել, քրեական վարույթ նախաձեռնելու պատճառ չի դառնում։ Ասում են՝ օրենք է փոխվել։ Բայց օրենքը մարդկանց տանում է վենդետտայի, որ գնան, իրենք իրենց խնդիրները լուծեն։ Թե չէ՝ ո՞վ է գնալու փաստաբան վարձի, հայց պատրաստի, մտնի դատարան ու տարիներով գործը քննվի։ Վերջում էլ չգիտես, թե ինչ կլինի»,- ասում է նա։
«Հետքը» Քննչական կոմիտեից գրավոր պարզաբանում է խնդրել, թե ինչու է քննիչը, առանց նյութերն ուսումնասիրելու, քրեական գործ չհարուցելու որոշում կայացրել։ Ե՞րբ դեպքը կարող էր համարվել խուլիգանություն։
Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարորդի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի կողմից հաղորդմանը կից նախաքննական մարմնին տրամադրված նյութերով փաստվել է՝ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործություն) և 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարում։
«Վերոգրյալը հաշվի առնելով և հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով կարգավորումները, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 1-ին մասով անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա, իսկ Ա. Մ.-ի հաղորդումը չի պարունակել Քրեական օրենսգրքով նախատեսված այլ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ամենը հաշվի առնելով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնվել»,֊ասվում է ՔԿ պատասխանում։
173-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ «եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը, և միաժամանակ նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը։
Վարորդին առաջարկվել է խնդիրը պարզաբանել դատական կարգով՝ քրեական հայց ներկայացնել դատարան։
Ա. Մ.-ն դիմել է նաև Գլխավոր դատախազություն։ «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել դատախազություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք քաղաքացու դիմումի հիման վրա դատախազությունը իրավական որևէ գործընթաց նախաձեռնել է։ Դատախազությունից տվել են նույն պատասխանը, ինչ Քննչական կոմիտեն։
Մեկնաբանել