
Քաղաքաշինական ծրագիր չունենալու հետեւանքը․ գյուղերը վերացնում են, մայրաքաղաքը՝ ընդլայնում
Արմինեն, Ամալյան և Լիան հարևանուհիներ են, բնակվում են Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասում։ Առաջինը Արմինեն է բնակություն հաստատել այնտեղ՝ մոտ երեք տարի առաջ, հետո Լիան է տեղափոխվել իր ընտանիքով, հինգ ամիս առաջ՝ Ամալյան։ Հարևանուհիները նախկինում բնակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Չհամակերպվելով աղմկոտ քաղաքային կյանքին՝ վաճառել են իրենց բնակարանները, Առինջում հողամաս են գնել ու առանձնատուն կառուցել։
«Թոշակի անցնելուց հետո ամուսնուս հետ որոշեցինք ավելի հանգիստ ու հարմարավետ պայմաններում ապրել, այդ պատճառով այստեղ եկանք»,- ասում է Արմինեն։
Լիան երեք մանկահասակ երեխաների մայր է, մինչև Առինջ տեղափոխվելը Երևանի Շենգավիթ վարչական տարածքում են բնակվել։ Ասում է, որ շենքի շուրջբոլորը հանրային սպասարկման վայրեր էին, ողջ օրն աղմուկ էր, երեխաները քնել չէին կարողանում։ Առինջում հողամաս են գնել, որ գյուղական միջավայրում, խաղաղ ու հանգիստ պայմաններում մեծանան երեխաները։ «Մենք, եթե նախապես իմանայինք, որ բարձրահարկ շենքեր են կառուցելու այստեղ՝ հողամասը չէինք գնի։ 2020թ․-ին, երբ հողը գնեցինք, այս տարածքն ամայի էր, հետո սնկի պես աճեցին տները, դրանց հետևեց բարձրահարկերով կառուցապատումը»,- ասում է Լիան։
Հիմա նրանց տների դիմաց՝ Մհեր Մկրտչյան թաղամաս, 17-րդ փողոց թիվ 2 հասցեում, «Ավան Ռեզիդենս» ՍՊԸ-ն երկու վեց հարկանի շենք է կառուցում։ Շինարարության աղմուկից ու փոշուց պաշտպանվելու համար ամուր փակում են տան դռներն ու պատուհանները։ Լիայի ասելով՝ չափազանց զգոն է, որպեսզի երեխաները փողոց դուրս չգան, նեղ փողոցում շինանյութ տեղափոխող մեքենաները մեծ վտանգ են ներկայացնում։
Հարևանուհիներին ավելի շատ սարսափեցնում է այն վիճակը, որը սպասվում է բարձրահարկ շենքերը բնակեցնելուց հետո։ Մ․ Մկրտչյան նորակառույց թաղամասը կոյուղի չունի, բոլորն անհատական հորեր են կառուցել, բայց քամին կոյուղահոտը տարածում է թաղամասով մեկ։ Բազմահարկ շենքերի համար նույնպես անհատական հորեր են կառուցելու։
Շենքերը մեքենաների համար ստորգետնյա ավտոկայանատեղի են ունենալու, բայց պարզել են, որ դրանց թիվը մի քանի անգամ պակաս է բնակարանների թվից։ Մեքենաների մի մասը կայանելու են նեղ փողոցում ու փակեն տների մուտքերը, խոչընդոտելու են բնականոն ելումուտը, ավելացնելու են աղմուկը և այլն։ Ոմանք արևային պանելներ են տեղադրել տան կտուրին, որոնք շուտով կմանան բարձրահարկերի ստվերում։ Ստացվում է, որ պանելների համար ավելորդ ծախս են արել։
Առինջ գյուղը Աբովյան համայնքի կազմում է ներառված, բարձրահարկեր կառուցելու շինթույլտվությունը տրամադրել է համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Մհեր Մկրտչյան թաղամասի 24 բնակիչ գրավոր բողոքներ է ներկայացրել Աբովյան համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց։
«Բազմաբնակարան բնակելի շենքերը բազմաթիվ կետերով հակասում են Ձեր ընդունած համայնքի գլխավոր հատակագծին։ Տվյալ հատվածը կառուցապատված է բացառապես անհատական բնակելի տներով, իսկ նախատեսվող բազմահարկ բնակելի շենքերը խախտում են անձնական տարածքի և առանձնատուն ունենալու առավելությունները։ Բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումը վնասելու է թաղամասի բնականոն զարգացմանը, և շատ քաղաքացիներ, ովքեր կառուցել կամ գնել են առանձնատներ, կհայտնվեն անբարենպաստ իրավիճակում»,- հայտնել են բնակիչները Է․ Բաբայանին ուղղված գրության մեջ։
Նշել են նաև, որ այդ խախտումները վնասում են համայնքի տարածքային զարգացման հավասարակշռությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնակիչների իրավունքները: Օրենքի պահանջներին չհամապատասխանող նախագծերը կարող են հանգեցնել քաղաքաշինական քաոսի, վնասել ենթակառուցվածքները և նվազեցնել համայնքի կյանքի որակը։
Աբովյան համայնքի ղեկավարը շինթույլտվություններ տրամադրելու իր որոշումները հիմնավորել է վարչապետի որոշումով ստեղծված «Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի» տված դրական եզրակացություններով։ Բնակիչներն Աբովյան համայնքի ղեկավարից պահանջել են վերանայել շինթույլտվությունները՝ այն համապատասխանեցնել գործող գլխավոր հատակագծին։
Այս պահին երկու 8 հարկանի շենք է կառուցվում նաև Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի 30-րդ և Կ. Հովագիմյան փողոցի 32/2 հասցեներում։ Նույն թաղամասի 7-րդ փողոցի 28 և 28/3 հասցեում գտնվող տների սեփականատեր Ալվարդ Մախիթարյանն ասում է, որ իր հարևանությամբ կառուցվող բարձրահարկերի մասին տեղեկացել է 2024թ․ հոկտեմբեր ամսին։ Հարևանները շենքի սեփականատիրոջից պահանջել են երկու հարկ կառուցել, բայց ոչ ավելի։
«Մենք այս տարածքի առաջին բնակիչներից ենք։ Այստեղ գյուղնշանակության հողեր էին, ամուսնուս այն տրվել է սեփականաշնորհման ժամանակ՝ որպես Առինջ գյուղի բնակիչ։ Հետո հողի նշանակությունը փոխեցին բնակելի կառուցապատման, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տներ կառուցելու։ Մենք 2000 թվականին ենք կառուցել տները, վերջին տարիներին այստեղ կառուցապատումը խիստ ակտիվացել է։ 2024թ․ հոկտեմբերին տեղեկացանք մեր տանը կից բարձրահարկեր կառուցելու մասին և բացատրություն պահանջեցինք Աբովյան համայնքի ղեկավարից»,- պատմեց Ալվարդ Մախիթարյանը։
Նա և Խաչատուր Աբովյան թաղամասի ևս 29 բնակիչներ դիմում են ներկայացրել Աբովյան համայնքի ղեկավար Է․ Բաբայանին՝ խնդրելով մերժել շինարարության թույլտվությունների տրամադրումը, և հարցի բովանդակային քննարկման համար հանրային լսումներ կազմակերպել։
Համայնքի ղեկավարն այդ տարածքում 8 հարկանի շենք կառուցելու համար կառուցապատողին երկու շինթույլտվություն է տրամադրել։ Այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված տարածական պլանավորման փաստաթղթով այդ տարածքը ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի (ԲՆԿԳ-1) է։ Այնտեղ առավելագույնը թույլատրվում է կառուցել 1-2 հարկ՝ նկուղային հարկի և ձեղնահարկի հնարավորությամբ։
Աբովյան համայնքի ղեկավարը պատասխան նամակով տեղեկացրել է, որ նշված երկու հասցեներով կառուցապատում իրականացնելու համար 2024թ.-ի մայիսին բազմաբնակարան շենք կառուցելու նախագծման թույլտվություն է տվել, որը ենթակա է պետական համալիր փորձաքննության։ Միաժամանակ տեղեկացրել է, որ եթե պետական համալիր փորձաքննության արդյունքում կառուցապատողին դրական եզրակացություն տրվի, կնշանակի բոլոր քաղաքաշինական նորմերը և պահանջները պահպանված են, ինչի արդյունքում համայնքապետարանը շինթույլտվություն չտրամադրելու հիմքեր չի ունենա։
2025թ․-ի փետրվարին իր տան հարևանությամբ գտնվող երկու տարածքներում նկատելով հիմքերի կառուցման աշխատանքները՝ Ալվարդը կրկին դիմում է ներկայացրել Աբովյան համայնքի ղեկավարին։
«Մեր անմիջական հարևանությամբ կառուցվող բազմաբնակարանն անիմաստ է դարձնելու իմ ընտանիքի՝ առանձնատանն ապրելու բոլոր առավելությունները։ Բարձրահարկ շենքերը փակելու են իմ տան լուսավորությունը, շինարարության կեղտն ու փոշին ազդելու են անձանց և իրենց ընտանքների առողջության վրա, շատանալու է աղմուկը, տարածքում կոյուղի չլինելու պայմաններում առաջանալու են սանիտարական աղետի ռիսկեր, բնակավայրի նեղ փողոցները դառնալու են դժվարանցանելի, խախտվելու են օրենսդրությամբ սահմանված բազմաթիվ պահանջներ (տարածական պլանավորման փաստաթղթերով, շինարարական նորմերով, հատկապես հարկայնությանը վերաբերող սահմանափակումները) և այլն»,- գրել է Ա․ Մախիթարյանը։
Աբովյանի համայնքի ղեկավար Է. Բաբայանը պատասխանել է, որ նշված հասցեների համար առկա են պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություններ, որոնց հիման վրա էլ շինթույլտվություններ է տրամադրել։ Միաժամանակ, հայտնել է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Ալվարդ Մախիթարյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի։ Խնդրել է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերին Խ. Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի 30-րդ բնակելի տուն և Կ. Հովագիմյան փողոցի 32/2 հասցեների համար տրամադրած շինթույլտվությունները։
Մայրաքաղաքի մերձակա գյուղական բնակավայրերում համատարած բարձրահարկեր են կառուցվում
Վերջին երեք տարիներին Երեւանին մերձակա գյուղերը կառուցապատվում են բարձրահարկերով և շինթույլտվությունների քանակը գնալով աճում է։ Քանի որ 2025թ․-ի հունվարից Երեւանում չի գործում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձը՝ բարձրահարկերով կառուցապատումը տեղափոխվել է Երեւանին մերձակա գյուղեր։ Մինչև 2027թ․ հունվարի 1-ը եկամտային հարկի վերադարձը գործելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։
Վարչապետի որոշումով ստեղծված «Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը» դրական եզրակացություններ է տվել Կոտայքի մարզի՝ Զովունի, Առինջ, Ակունք, Պռոշյան, Քասախ, Ջրվեժ գյուղերում մինչեւ 21 հարկայնության շենքեր կառուցելու նախագծերին։
Հանձնաժողովը 2022-25թթ․-ին միայն Առինջ գյուղում դրական եզրակացություն է տրամադրել բարձրահարկեր կառուցելու 24 նախագծի։ Կառուցվում են բնակելի թաղամասեր, բազմաբնակարան՝ 5 մինչև 19 հարկայնության շենքեր, 15 հարկանի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր և այլն։ Ակունք համայնքի Նոր գյուղում 16 հարկանի շենք է կառուցվելու, Զովունիում՝ 21 հարկանի և այլն։
«Մինչև 21 հարկայնություն ունեցող շենքերի առկայությունն, արդյոք, չի՞ խաթարում գյուղի դիմագիծը։ Ի՞նչ կանխատեսումներ կան այդ գյուղերի ապագայի համար։ Այսուհետ ինչպե՞ս են կոչվելու այդ բնակավայրերը՝ գյուղաքաղա՞ք»,- հարցրինք Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին։
«Քաղաքաշինությունն այդ բնակավայրերում չի կանխատեսել բարձրահարկերի կառուցապատում, բայց շատ կարիքներ գալիս են ներքեւից։ Հիմա կառուցապատման համար գրավչության գոտի է առաջանում ենթակառուցվածքներով հագեցած Երեւանին հարակից հատվածներում, որոնք գյուղական բնակավայրեր են։ Այդ բնակավայրերից հասանելիությունը քաղաքին ավելի կարճ ժամկետներում է կատարվում, բավականին հեշտ է իրականացվում և այլն»,- հայտնեց Նունե Պետրոսյանը։
Նունե Պետրոսյանն ուղղակի պատասխան չտվեց մեր հարցին՝ ՀՀ-ի համար մշակվող տարաբնակեցման նոր նախագծով այդ գյուղերը մայրաքաղաքի մա՞ս են դառնալու։ «Քանի դեռ նախագիծը չի մշակվել, չեմ կարող ասել։ Եթե միտումները կան, ապա որեւէ բանի վրա աչք փակել հնարավոր չէ։ Սկզբից պետք է փաստագրել, որպեսզի հասկանանք` ինչ է կատարվում և քննարկել բոլոր տարբերակները։ Քննարկումների արդյունքում դիտարկել՝ միգուցե սահմանափակման գոտի է պետք, միգուցե կլինի միավորում։ Անվանումն ամենահեշտ բանն է, պետք է հասկանալ, թե այդ օրգանիզմն ինչպես է ապրելու համատեղ»,- հայտնեց տիկին Պետրոսյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալին հիշեցրինք, որ այդ բնակավայրերն ունեն իրենց գլխավոր հատակագծերը, որոնք բարձրահարկերի կառուցապատում չեն նախատեսում։ Հանձնաժողովը կառուցապատողին դրական եզրակացություն տրամադրելիս ինչո՞ւ է շրջանցում համայնքների գլխավոր հատակագծերը։
Տիկին Պետրոսյանի ասելով՝ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատված փաստաթուղթ է և այն շրջանցել հնարավոր չէ։ Սակայն, քանի որ զարգացումն անընդհատ պրոցես է, գլխավոր հատակագծերում փոփոխություններ կատարելու հնարավորություն է տրվել։ «Գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու ընթացքում հաշվի են առնվում այն բոլոր նորմատիվ սահմանափակումները, որոնք պետք է կատարվեն, որպեսզի մնացած բնակչության շահերը չոտնահարվեն»,- պնդեց կոմիտեի նախագահի տեղակալը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի ասելով՝ նորմատիվային փաստաթղթերով նախատեսված սահմանափակումներն ապահովում են բնակիչների շահերը, որպեսզի բարձրահարկ շենքը բնակության համար անհարմար պայմաններ չստեղծի սակավահարկ շենքերում բնակվողների համար։
Իսկապե՞ս Քաղաքաշինության կոմիտեում մտածում են, որ ոտնահարված չեն այն մարդկանց իրավունքները, որոնք ֆինանսական մեծ ներդրումներ են կատարել, առանձնատներ են կառուցել՝ ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար, իսկ հիմա հայտնվել են անելանելի վիճակում․ գյուղերում առանձնատների կողքին բարձրահարկեր են կառուցվում։
«Ինչ խոսք, մարդն ընտրել է սակավահարկ, որպեսզի բազմահարկում կամ դրան մոտ չապրի, բայց այդ նույն գյուղի բնակիչները կարիքներ ունեն։ Երկուսն էլ բնակիչ են, երկուսի կարիքներն էլ պետք է հաշվի առնել՝ ուղղակի հավասարակշռությունը պահպանելով։ Որպեսզի չշրջանցվի գլխավոր հատակագիծը, գործող նորմատիվ փաստաթղթերը, փաթեթները ներկայացնելիս դիտարկվում է՝ դրանք համատեղ գոյատեւելու ընթացքում, արդյոք, միմյանց չե՞ն խանգարի ինչպես անվտանգության, այնպես էլ հարմարավետ գոյատևման առումով։ Այդ դեպքում տալիս է իր համաձայնությունը, որպեսզի փոփոխությունը կատարվի»,- կրկին պնդեց քաղաքաշինության ոլորտի պետական պաշտոնյան։
Կոմիտեի նախագահի տեղակալի խոսքից պետք է հետևություն անել, որ գյուղերում բարձրահարկերի համար բոլոր դրական եզրակացությունները տրվել են այն համոզմունքով, որ դրանք կարող են հարմարավետ գոյատևել և միմյանց չեն խանգարի։ Եթե բնակավայրի գլխավոր հատակագիծն այդ գոտում չի նախատեսել բարձրահարկեր, հատակագիծն է փոփոխվում և համապատասխանեցվում հանձնաժողովի եզրակացությանը։
Ճարտարապետներն ընդգծում են՝ քաղաքաշինական այսօրվա քաոսը քաղաքաշինական ծրագիրը մոռացության տալու հետեւանքն է
Անվանի ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի արվեստանոցի ղեկավար Սաշուր Քալաշյանն ասում է, որ 2003թ․-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագիծ ընդունվեց։ «Մեր խնդիրն էր պարզել, թե նորմալ բնակեցման պայմաններում որքան մարդ կարող էր բնակվել Հայաստանում։ Դրան զուգահեռ ողջ Հայաստանի հողերի բաշխումն է արվել»,- հայտնեց պրն Քալաշյանը։
Այդ պայմաններում Երևանը չպետք է մեծանար, բնակչության աճի դեպքում զարգացումը պետք է լիներ դեպի Շիրակի, Սյունիքի մարզեր։ Բոլոր մարզերի համար չափորոշիչներ էին մշակվել։ Անվանի ճարտարապետը ցավով ընդգծեց, որ այդ կարևոր փաստաթուղթը՝ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագիծը, մոռացության տրվեց, մնաց թղթի վրա։
Օրենսդրական փոփոխություններով Երևան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու հնարավորություն է տրվել, և այն պարբերաբար փոփոխվում է։ Ճարտարապետը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ այն կրկին փոփոխվել է, և ոչ ոք չգիտի, թե ով է նախագծել։ Կարծում է, որ բարձրահարկ շենքերի օրինականացումն է եղել փոփոխելու պատճառը։
Հայաստանի տարածական պլանավորման նախագծի կարևորությունն ընդգծեց նաև ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Կարեն Բալյանը։ Տեղեկացրեց, որ այդ փաստաթղթով Հայաստանը զարգանալու հստակ ծրագիր ուներ դեպի հյուսիս՝ քաղաքների շղթայի միջոցով՝ սկսած Աբովյանից, հետո Չարենցավան, Հրազդան, Սեւան։
«Շատ մտածված զարգացում էր, նախատեսվում էր այդ քաղաքները զարգացնել տրանսպորտային առանցքների շուրջ՝ երկաթգիծ, արագընթացներ և այլն։ Անհրաժեշտ է շարունակել այդ մոտեցումը, հատկապես, սահմանամերձ բոլոր փոքր քաղաքները զարգացնելու միջոցով ապահովել տարածքային համաչափությունը։ Այդ քաղաքներն իրենց բնությանը, լանդշաֆտին համահունչ պետք է զարգանան և ոչ թե բարձրահարկ շենքերով»,- հայտնեց Կարեն Բալյանը։
Պրոֆեսորը շատ կտրուկ արձագանքեց մայրաքաղաքի մերձակա գյուղերը բարձրահարկերով կառուցապատելու հարցին։ «Գյուղը չի կարող բարձրահարկ ունենալ, դա շատ վտանգավոր է։ Մի կողմից՝ դատարկում է ամբողջ հանրապետությունը եւ մերկացնում տարածքները, մյուս կողմից՝ քաղաքական խնդիրներ է առաջացնում։ Նշանակում է, որ վերանում են այդ գյուղերը, միանում են մայրաքաղաքին, ընդլայնվում է Երեւանի տարածքը»,- ընդգծեց պրն Բալյանը։
Նրա կարծիքով՝ սա քաղաքաշինական ծրագիր չունենալու հետեւանք է։ Այդ ծրագրի հիմքում միայն բիզնես շահն է, որը սկսվել է 25 տարի առաջ, և ծավալը միայն մեծանում է։
«Այսօրվա վատագույն վիճակում գտնվող մեր քաղաքաշինության իրականությունն այն է, որ անվերջ ոտնահարվում են տարբեր մարդկանց իրավունքները, շահերը։ Մայրաքաղաքում նույնն է կատարվում․ մարդիկ տներ, բնակարաններ են կառուցում, իսկ հետո նրանց բնակարանների առաջ հայտնվում է մի նոր բարձրահարկ»,- նշեց ճարտարապետը։
Պրն Բալյանն ընդգծեց ներկայիս քաղաքաշինության բացասական ազդեցությունը նաև Երեւանի տրանսպորտի ու բնապահպանության հարցերում։ «Բնապահպանական վիճակը շատ ծանր է, եւ սա շատ լուրջ խնդիր է։ Մինչեւ 60-ական թվականները Երեւանը կառուցվում էր որպես արդյունաբերական քաղաք։ Իրադարձությունների բերումով մենք ազատվեցինք արդյունաբերական էկոլոգիայից, իսկ հետո նոր աղետ ստեղծեցինք քաղաքում»,- հայտնեց ճարտարապետը։
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն նազարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել