HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լելե Թեփեի ձախողված օպերացիան. պատմում է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը

2020 թվականի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հայկական զինված ուժերը սկսեցին մի օպերացիա, որի նպատակը Արցախի հարավում բնագիծը ճեղքած և թիկունք ներթափանցած ադրբեջանական ստորաբաժանումներին շրջափակման մեջ վերցնելն էր և սնուցման ուղիները կտրելը։ Գործությունը, որը հետագայում ստացավ Լելե Թեփեի օպերացիա անունը, ձախողվեց։

Հակահարձակման ձախողված օպերացիայի մասով 2025 թվականի մայիսին դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան հանձնեց քրեական վարույթ։ Վարույթով մեղադրյալներ են 8-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Արթուր Օհանյանը, նույն բրիգադի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը։

Պատերազմի ընթացքում Գեղամ Աբրահամյանի գումարտակը զբաղեցրել է Ասկերանի մոտակայքում՝ Կարկառ գետի աջ ափին գտնվող կենտրոնացման շրջանը։ Հոկտեմբերի 5-ին Արթուր Օհանյանը կանչել է Գեղամ Աբրահամյանին և տեղեկացրել, որ հաջորդ օրն առավոտյան պիտի գնան Հադրութ՝ տեղազննում իրականացնելու։ 

«Հոկտեմբերի 6-ի առավոտյան ես, իմ սպառազինության գծով տեղակալ մայոր Թերզյանը և մոտոհրաձգային երեք վաշտերիս հրամանատարները մեկ մեքենայով մեկնեցինք Հադրութ։ Շատ դժվարությամբ տեղ հասանք, քանի որ հակառակորդը հրետակոծում էր «Իններորդ կիլոմետր» կոչվող տարածքը։ Մեր մեքենայի մոտ էլ արկեր թափվեցին։ Մի պահ մեքենան կանգնեցրինք, դուրս եկանք, պաշտպանվեցինք։ Հասկացա, որ երկար մնալ պետք չի, նորից հրաման տվեցի նստել մեքենան եւ շարժվել Հադրութ»,- պատմում է Գեղամ Աբրահամյանը։

Հադրութում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը և Շտաբի պետ Կամո Վարդանյանը։

Հանդիպումից հետո բրիգադի հրամանատար Արթուր Օհանյանը հրահանգել է շարժվել դեպի «Իններորդ կիլոմետր»՝ տեղանքին ծանոթանալու։ Նրանց, որպես ուղեկցորդ, կցվել է Վահան Բադասյանը։

«Շարժվեցինք դեպի իններորդ կիլոմետր կոչվող տեղամաս։ Հասնելուն պես հակառակորդը սկսեց հրետակոծել տեղանքը։ Չստացվեց առաջ գնալ։ Հետ եկանք, մի քիչ սպասեցինք, որ հրետակոծությունն ավարտվի, որից հետո փորձենք նորից առաջանալ։ Արդեն ժամը 17:00-ի կողմերն էր, երրորդ անգամ գնացինք։ Դիմացից գնում էր Վահան Բադասյանը՝ իր վարորդի հետ, հետեւից բրիգադի հրամանատարն էր իր մեքենայով, ես, Մնացականյան Գառնիկը և բրիգադի օպերատիվ բաժնի պետ փոխգնդապետ Մանասյանը։ Նորից հրետակոծություն սկսվեց, որի հետեւանքով Վահան Բադասյանը վիրավորվեց, մեքենայի արկերը պայթեցին և մենք ստիպված վերադարձանք Հադրութ»,- ասում է Աբրահամյանը։

Նույն օրը երեկոյան Արթուր Օհանյանը, Գառնիկ Մնացականյանը և Գեղամ Աբրահամյանը իրենց վաշտերի հրամանատարների հետ նորից են փորձել հասնել տեղանք՝ տեղազննում իրականացելու։ Սակայն, եղանակի անբարենպաստ լինելու պատճառով դա անել չի հաջողվել։ Բրիգադի օպերատիվ բաժնի պետ փոխգնդապետ Մանասյանը քարտեզի վրա գումարտակների և վաշտերի հրամանատարներին ցույց է տվել տեղանքը և բացատրել օպերացիայի նպատակը։

Դրանից հետո Գառնիկ Մնացականյանը և Գեղամ Աբրահամյանը դուրս են եկել Հադրութից և շարժվել դեպի իրենց կետրոնացման շրջանները։ Ճանապարհին նրանց հետ կապ է հաստատել գնդապետ Օհանյանը և հրահանգել, որ ժամը 21:00-ին լինեն խորացված հրամանատարական կետում՝ Ստեփանակերտում։

«Բունկերի մուտքի մոտ մեզ դիմավորեց Արթուր Օհանյանը և մենք երեքով մտանք խորացված հրամանատարական կետ։ Այնտեղ բանակի հրամանատարն անմիջապես սկսեց էդ օպերացիայի մշակումը, խնդիրների առաջադրումը։ Բրիգադի հրամանատարին խնդիր դնելուց հետո անցավ գումարտակի հրամանատարներին։ Բացատրեց խնդիրները և նորից հարցրեց՝ հասկանալի է, թե ոչ։ Իմ խնդիրը ես էսպես եմ հասկացել. շարասյան կազմում պետք է ընթանայի տանկային գումարտակի հետևից, իսկ Քյանդ Հորադիզ (գյուղ Հորադիզ) բնակավայր հասնելուց հետո՝ տանկային գումարտակին զուգահեռ։ Եվ երբ տանկային գումարտակը թեքվեր  «Նժդեհ»՝ դեպի Լելե Թեփե բնագծով և բարձրանար , ես պետք է հետադարձ կատարեի և Արա լեռան ու 13-րդ զաստավի էդ բնագծում իրականացնեի «մաքրում»՝ այսինքն հայտնաբերեի հակառակորդի մխրճված խմբավորումները, դիվերսիոն խմբերը և ոչնչացնեի»,- պատմում է Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ստանալուց հետո Արթուր Օհանյանը ասել է Ջալալ Հարությունյանին, որ մոտոհրաձգային գումարտակի խնդիրը մտածելու տեղիք է տալիս, և հստակեցնելու համար հարցրել է՝ արդյոք թիկունք մխրճված հակառակորդի խմբավորումներ կա՞ն։ Հարցին պաշտպանության բանակի հրամանատարը դրական պատասխան է տվել։ Օհանյանը նաև հարցրել է, թե ինչ խմբավորումներ են դրանք։ Հարությունյանը պատասխանել է, որ, իրենց գնահատմամբ, դրանք հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումներ են։ 

Անելիքները հստակեցնելուց հետո Ջալալ Հարությունյանը Օհանյանին, Մնացականյանին և Աբրահամյանին է ներկայացրել նրանց ուղեկցորդներին։ 

Բրիգադի հրամանատարի ուղեկցորդ է նշանակվել առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Մանուկ Մելքոնյանը, տանկային գումարտակի հրամանատարի ուղեկցորդ՝ հրամանատարի տեղակալ Մխիթար Մովսիսյանը, իսկ  մոտոհրաձգային գումարտակի ուղեկցորդ՝ շտաբի պետ մայոր Արթուր Օհանյանը։

Ուղեկցորդները նրանց պիտի միանային «Իններորդ կիլոմետր» կոչվող տեղանքում։

Գեղամ Աբրահամյանը նշում է, որ քննարկման ընթացքում Արթուր Օհանյանը առաջարկել է Հարությունյանին Հորադիզ գյուղ երթից անիջապես հետո չսկսել օպերացիան, այլ մոտենալ տեղանքին և մեկ օր անց սկսել հարձակումը, որպեսզի անձնակազմը կարողանա հանգստանալ երկար ճանապարհից հետո։ Ջալալ Հարությունյանը մերժել է այդ առաջարկը։ 

Հոկտեմբերի 6-ին՝ ուշ երեկոյան, տանկային և մոտոհրաձգային գումարտակների հրամանատարները գնացել են բրիգադի հրամանատարական կետ։ Այնտեղ գնդապետ Օհանյանը անցկացրել է խորհրդակցություն և օպերացիայի հետ կապված կազմակերպչական հարցեր ճշտել։  

«Քննարկեցինք երթի հետ կապված մի շարք հարցեր՝ երթի ընթացքում տեխնիկաների խափանման հետ կապված ինչ խնդիրներ պետք է կատարեինք, կապի հետ կապված և նմանատիպ հարցեր։ Քննարկման ավարտին նշվեց երթի պատրաստականության սկիզբ, որից հետո մենք վերադարձանք մեր կենտրոնացման շրջաններ։ Նշեմ, որ բունկերից դուրս գալուց հետո զանգել և խնդիր էի դրել գումարտակի շտաբի պետերին, որ զրահատեխնիկաները հանի թաքստոցներից և շարասյուն կազմի, որ ժամանակի խնդիր չունենայինք»,- ասում է Գեղամ Աբրահամյանը։

Աբրահամյանը առաջարկել է բրիգադի հրամանատարին, որ իր գումարտակը տանկային գումարտակից երեսուն րոպե հետո շարժվի, քանի որ տանկերն ավելի դանդաղ են ընթանում, քան ՀՄՄ-ները (հետևակի մարտական մեքենա)։

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:00-ին, Գեղամ Աբրահամյանի ղեկավարած մոտոհրաձգային գումարտակը սկսել է երթը։

«Երթի ընթացքում եղել են տեխնիկայի խափանումներ։ Իմ գումարտակի 22 ՀՄՄ-ից 5-ը մնաց ճանապարհին։ Կենտրոնացման շրջանից դուրս գալուց հետո, Ստեփանակերտի մոտակայքում ինձ զեկուցեցին, որ ՀՄՄ-ներից մեկը կանգ է առել․ յուղի հետ կապված խնդիր կար։ Ես անմիջապես զեկուցեցի հրամանատարին, որ երթը չկանգնեցնի և խնդիր դրեցի գումարտակի սպառազինության գծով տեղակալին, որ վերանորոգեն տեխնիկան։ Դրանից հետո ՀՄՄ-ն, որում ես էի, Ավետարանոց գյուղի մոտակայքում խափանվեց։ Փոխանցման տուփի դետալն էր բացվել, և դա հնարավոր չէր վերանորոգել։ Ես անմիջապես իջա տվյալ ՀՄՄ-ից ու տեղափոխվեցի 4-րդ մոտոհրաձգային վաշտի 431 կողային համարանիշով ՀՄՄ-ն։ Եվ մեկ տեխնիկա էլ խափանվեց Սարուշեն գյուղի մոտակայքում։ Երբ հասանք  Հադրութի մոտ գտնվող Տող գյուղի բենզալցակայանը, իմ ՀՄՄ-ի շարժիչը խափանվեց։ Նորից տեղափոխվեցի ու նստեցի 4-րդ մոտոհրաձգային վաշտի 432 կողային համարանիշով ՀՄՄ-ն և դրանով շարժվեցի»,- պատմում է Աբրահամյանը։

«Իններորդ կիլոմետրում» տանկային և մոտոհրաձգային գումարտակները կարճ կանգառ են արել։ Այստեղ նրանց են միացել Ջալալ Հարությունյանի նշանակած ուղեկցորդները։

«Իմ ուղեկցորդը մայոր Արթուր Օհանյանն էր՝ Ֆիզուլու առանձին զրահատանկային գումարտակից։ Ինքը նստեց իմ ՀՄՄ-ի վրա, և մեր զորամասի հրամանատարը հրաման տվեց շարժվել։ Մոտ երեք կիլոմետր անցել էինք, երբ տեսա, որ դիմացովս ընթացող տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի տանկը կողաշրջվեց հակատանկային փոսի մեջ։ Ես հարցրի՝ նորմա՞լ է ամեն ինչ, ասեց՝ հա։ Տեսա արդեն իրենք տանկից դուրս էին գալիս, շարունակեցի երթը։ Մոտ մի երկու-երեք կիլոմետր իջանք էնտեղ մի փոս կար, հավաքվեցինք, որպեսզի հասկանայինք՝ ինչ ենք անելու։ Բրիգադի հրամանատարն անմիջապես մոտեցավ ու ասաց՝ Գեղամ, մի՛ կանգնեք, քշե՛ք։ Ես միանգամից անցա շարասյան դիմացը և շարժվեցինք Քյանդ Հորադիզի ուղղությամբ»,- պատմում է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։

Մոտոհրաձգային և տանկային գումարտակները, հասնելով Դոնաչինար բնակավայր, նկատել են կենդանի ուժի կուտակում։ Մոտ 150 զինծառայող պառկած է եղել խոտերի մեջ։ Այդ խմբից մեկ հոգի, նկատելով մոտեցող զինտեխնիկաները, գետնից բարձրացրել է ադրբեջանական դրոշը և սկսել թափահարել։ Գեղամ Աբրահամյանը հասկացել է, որ դրանք ադրբեջանական զինված ուժերի զինծառայողներ են։

Հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ ոտքից վիրավորվել է բրիգադի հրամանատար Արթուր Օհանյանը։

«Մենք արդեն հասկացանք, որ դրանք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են։ Ես միանգամից հրաման տվեցի կրակ բացել։ Իմ դեսանտային անձնակազմը, որը նստած էր ՀՄՄ-ների վրա, միանգամից թռան ու մտան մարտի մեջ։ Առաջին կրակոցը կատարեց 4-րդ վաշտի հրամանատար մայոր Գալստյանը՝ իր ՀՄՄ-1-ով։ Ուղիղ նշանառությամբ կրակեց էդ խմբավորման մեջ։ Իրենք չկարացան ուշքի գալ։ Մինչև փորձեցին վեր կենալ, բոլոր ՀՄՄ-ները սկսեցին ինտենսիվ կրակել, և դրանց բոլորին ոչնչացրինք։ Մարտը տևեց մոտ 15-20 րոպե»,- պատմում է փոխգնդապետ Աբրահամյանը։ 

Մարտի ընթացքում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է տանկային գումարտակի տանկերից մեկին։ Տանկի հրամանատար Արամայիս Գրիգորյանը, անձնակազմից Հարութ Հարությունյանը և Ալբերտ Մարդանյանը զոհվել են։

Գեղամ Աբրահամյանը հրամայել է անձնակազմին շարժվել առաջ, գնալ հարյուր մետր և անցնել շրջանաձև պաշտպանության։ Աբրահամյանի խոսքով ինքը մտահոգություն է ունեցել, որ տարածքում կարող են հակառակորդի այլ խմբավորումներ ևս լինել։   

«Շրջանաձև պաշտպանության անցնելուց հետո խնդիր եմ տվել իմ ստորաբաժանման հրամանատարներին ստուգել և զեկուցել զինամթերքի ծախսը, որովհետև ես հասկացել էի, որ արդեն զինամթերքի մոտ 60-70%-ը ծախսվել է։ Էդ ժամանակ նկատեցի, որ թիկունքից՝ այսինքն այն ճանապարհով, որտեղով մենք էինք եկել, մի ՀՄՄ է մոտենում։ Մի քիչ որ մոտեցա, հասկացա, որ դա իմ գումարտակինը չի։ Նկատեցի, որ այդ ՀՄՄ-ի վրա նստած է Մանուկ Մելքոնյանը, որը նշանակված էր մեր զորամասի ուղեկցորդ։ Մելքոնյանն ինձ ասաց՝ ինչո՞ւ եք կանգնել, ես Լելե Թեփեից եմ գալիս, այնտեղ մեզ են սպասում ձեր զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Նաիրի Ավետիսյանը և Արմեն Պետրոսյանը։ Ես իրեն ասեցի՝ ո՞նց կարող ես Լելե Թեփեից գալ, դու նոր թիկունքից էիր գալիս»,- պատմում է Աբրահամյանը։

Այդ ժամանակ լեզվակռիվ է սկսվել Գեղամ Աբրահամյանի և Մանուկ Մելքոնյանի միջև։ Աբրահամյանը ասել է, որ Մելքոնյանը իրավունք չունի իրեն հրաման տալ։ Մելքոնյանը խնդրել է Աբրահամյանին տրամադրել ռադիոկապը և կապ է հաստատել բրիգադի հրամանատարի տեղակալ Վաչիկ Մանասյանի հետ ու ասել, որ Գեղամ Աբրահամյանը հրաժարվում է առաջ գնալ։ Այդ ժամանակ Աբրահամյանը խլել է ռադիոկապը Մելքոնյանի ձեռքից։   

«Դրանից հետո Մանուկ Մելքոնյանը գնաց իմ մոտից, նույն ճանապարհով, որով եկել էր։ Հետո իմացա, որ իր կաշին փրկելու համար սուտ ինֆորմացիա է տարածել՝ իբր ես հրաժարվել եմ առաջ գնալ։ Իմ ֆունկցիոնալ պարտականություններում գրված է, որ ես պարտավոր էի մարտից հետո անմիջապես ստուգել զինամթերքի ծախսը։ Եվ այդպես էլ արել եմ։ Եվ քանի որ հասկացել եմ, որ զինամթերքի մեծ մասը սպառվել է, հրաման եմ տվել հետ դառնալ։ Կարճ ճանապարհով՝ դաշտի միջով, գնացել, հասել ենք էն տեղը, որտեղ կողաշրջվել էր Գառնիկ Մնացականյանի տանկը։ Տեղ հասնելուն պես զանգել եմ իմ գումարտակի թիկունքի պետին ու հրահանգել զինամթերքով բեռնված մեքենան մոտեցնել, որպեսզի համալրեմ զինամթերքը»,- պատմում է գումարտակի հրամանատարը։

Երբ զրահատեխնիկաները համալրում էին զինամթերքով, բրիգադի հրամանատարի տեղակալ Նաիրի Ավետիսյանը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի հետ՝ հետագա գործողությունների վերաբերյալ հրահանգներ ստանալու համար։ Հարությունյանը հրամայել է Գառնիկ Մնացականյանին և Գեղամ Աբրահամյանին ներկայանալ խորացված հրամանատարական կետ։

«Ես կանչեցի շտաբի պետիս, ասացի՝ մենակ քեզ եմ ասում՝ մեզ նորից խնդիր են տալու, և հիմա գնում եմ խնդիրը ստանալու։ Բրիգադի հրամանատարի պաշտոնակատար Նաիրի Ավետիսյանի հետ շարժվում ենք դեպի Ստեփանակերտ։ Հենց մտնում ենք բունկեր, Ջալալ Հարությունյանը գալիս է, ձեռով բարևում, բոլորին ասում՝ ուշադրություն, կապի պետին ասում է՝ էն վիդեոն կմիացնես, թող բոլորը նայեն՝ Գեղամ Աբրահամյանի ղեկավարած զորքը ոնց է հակառակորդի 150 հոգանոց ստորաբաժանումը լրիվ շարքից հանում»,- հիշում է Աբրահամյանը։

Դատախազությունը Գեղամ Աբրահամյանին մեղադրում է մարտական առաջադրանքի կատարումից խուսափելու մեջ։  

«N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Ա.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ, սակայն, առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը:

 Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:

Գեղամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter