HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Օդ, ջուր ու հող․ Հայաստանի բնապահպանական մարտահրավերների գնահատումը

Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարում Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի համապատասխանի միջազգային չափորոշիչներին. Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման արդյունքներն են փաստում։ 

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան կենտրոնի համագործակցությամբ պատրաստված զեկույցը ներկայացնում է Հայաստանի ներուժը կանաչ տնտեսության անցնելու և ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ գնահատելով կլիմայի քաղաքականության, էներգետիկայի, շինարարության, արդյունաբերական աղտոտման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կենսաբազմազանության ոլորտներում առաջընթացն ու խոչընդոտները։

Հայաստանն ուսումնասիրվող երկրներից մեկն է, «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում գնահատումը կատարվել է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Զեկույցի բաժիններից մեկը վերաբերում է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներին։ Գնահատվել են օդի, ջրի, հողի աղտոտվածության, քիմիական նյութերի կառավարման բաղադրիչները։

Օդի աղտոտվածություն

Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրը Հայաստանում պարբերաբար հանրային լայն քննարկման առարկա է դառնում։ Հետազոտողները առանձնացրել են ոլորտի հիմնական բացթողումներն ու առաջարկներ ներկայացրել։

«Հետքը» պարբերաբար անդրադառնում է օդի որակի մոնիթորինգային համակարգի թերություններին, մեթոդների անհամապատասխանությանը միջազգային չափորոշիչներին, հետևում ոլորտի զարգացումներին։

Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման զեկույցը նույնպես ընդգծում է՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի ենթակառուցվածքները հին են, անհրաժեշտ տեղեկություններ չեն տալիս օդում փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակության վերաբերյալ։

Երևանում նախատեսվում է չափորոշիչների համապատասխանող կայաններ տեղադրել, որոնք իրական ժամանակում ցույց կտան օդի աղտոտվածության մակարդակը, հնարավոր կլինի նաև կանխատեսումներ անել: Կառավարության ֆինանսավորմամբ գնված նման երկու դիտակայաններն արդեն մայրաքաղաքում են, սակայն դրանց գործարկումը ձգձգվում է․ տեղադրելու համար հարմար տարածք Երևանի քաղաքապետարանը չի գտնում։

Զեկույցում նշվում է, որ ևս երկու դիտակայան նախատեսվում է գնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Երեք դիտակայան էլ Հայաստան կբերվի Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, թե երբ, այս պահին հայտնի չէ։

Փոշու խնդիրը միայն Երևանին չի վերաբերում։ Ավելին, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» 2024 թվականի ամփոփագրի համաձայն՝ Արարատում, Գյումրիում և Ալավերդիում փոշու պարունակությունը նախորդ տարի ավելի շատ է եղել, քան Երևանի օդում։ 

Բացի այդ, արդյունաբերական մի շարք քաղաքներում, օրինակ՝ Կապանում, Քաջարանում, Չարենցավանում, փոշու պարունակությունը չի որոշվում, դիտացանցը լավ զարգացած չէ, ինչի արդյուքնում տուժում են նաև արձագանքման մեխանիզմներ։

Air observation Points(AM).gif (226 KB)

Թեև զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվում օդի որակի մոնիթորինգի ճիշտ կազմակերպմանը, հեղինակներն ընդգծում են՝ մոնիթորինգը պետք է դիտարկվի ավելի լայն համատեքստում. օդի աղտոտվածության մակարդակի ճշգրիտ պատկերը ստանալը չի լուծում օդի աղտոտվածության խնդիրը։ Պետք է ստեղծել օդի որակի կառավարման մեխանիզմներ, որոնք, գնահատման համաձայն, բացակայում են, թույլ են կամ չեն գործում։ Նախազգուշացման կամ տեղեկատվության տարածման համակարգեր չկան, այլ կերպ ասած՝ մարդիկ չգիտեն, թե ինչ պիտի անեն, երբ օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է։

Զեկույցը նաև շեշտադրում է՝ Հայաստանում օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա պատշաճ չի գնահատվում։ Առաջարկվում է մանրակրկիտ ուսումնասիրել և օգտագործել ստացված տվյալները վարքագծային փոփոխությունների հասնելու համար՝ կապված վառելիքի օգտագործման, աղբավայրերի կառավարման, տրանսպորտի ընտրության և այլ հարցերի հետ։

Ջրի աղտոտում և ջրօգտագործում

Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշում է՝ Հայաստանի ջրային պաշարները ներկայացվում են որպես անսպառ բարիք, բայց դա այդպես չէ։ 

Հետազոտության համաձայն՝ վերականգնվող ջրային ռեսուրսները մեկ շնչի հաշվով կազմում են տարեկան միջինում մոտ 2600 խորանարդ մետր: Այս ցուցանիշը գերազանցում է Ֆալկենմարկի ցուցանիշի 1700 խմ շեմը, ինչը ենթադրում է, որ երկիրը ջրային սթրեսի մեջ չէ: Չնայած դրան՝ տարեկան օգտագործվում է հասանելի վերականգնվող ջրային պաշարների մոտ 40%-ը, ինչը բարձր ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ մեր ջրային պաշարները լուրջ ճնշման տակ են, ինչը կարող է հանգեցնել ջրի պակասի խնդրի, եթե օգտագործումը խելամիտ չկառավարվի։

Ենթադրվում է, որ մեկ շնչի հաշվով քաղցրահամ ջրի ռեսուրսները կշարունակեն նվազել բնակչության աճի, կլիմայի փոփոխության և Թուրքիայի՝ Արաքս գետի վերին հոսանքներում լրացուցիչ ջրամբարներ կառուցելու ծրագրերի պատճառով։

Ջրային պաշարները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Սպասվում է, որ մինչև 2050 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2°C-ով, ինչը կհանգեցնի անկանոն տեղումների, ավելի երկար չորային շրջանների, փոթորիկների և չոր ամառների։ Կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային հաղորդագրության (2020թ.) համաձայն՝ մինչև 2100 թվականը գետերի հոսքը կարող է կրճատվել մինչև 39%-ով, Սևանա լճի ջրի ներհոսքը՝ 34%-ով։

Մեր երկրում ոռոգման ենթակառուցվածքները, որոնք ժառանգություն են խորհրդային շրջանից, հնանում և քայքայվում են՝ դառնալով ջրի կորստի ու ոչ արդյունավետ օգտագործման պատճառ։ Զեկույցում նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալներով՝ խմելու ջրի բաշխման կորուստներն էլ հասնում են մոտ 70%-ի։ Հին համակարգերը շարունակում են գործել՝ առաջացնելով կորուստներ և աղտոտում։

Հայաստանն ունի կեղտաջրերի մաքրման վեց կայան, որոնք իրականացնում են միայն մեխանիկական ֆիլտրում՝ խոշոր աղբը որսալու համար։ Այս կայաններում կենսաբանական մաքրում չի կատարվում։ Արդյունքում, կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են բնական ջրային միջավայր։ Բացի այդ, կեղտաջրերի ընդամենը 1․3%-ն է հասնում մաքրման կայաններ։

Հողերի դեգրադացում և անապատացում

Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման զեկույցն անդրադառնում է նաև հողային ռեսուրսների կառավարմանն ու խնդիրներին։ Սա Հայաստանի բնապահպանական մարտահրավերներից մեկն է՝ պայմանավորված ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոններով։ Գնահատումը ցույց է տվել՝ Հայաստանում հողերն ավելի արդյունավետ կարելի է կառավարել։

Նշվում է, որ հողերի դեգրադացիային նպաստում են մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն և թափոնների կառավարում։ Հետազոտողներն ընդգծում են, որ լայնածավալ անտառահատումները, ինչպես նաև բարձրադիր մարգագետինների և արոտավայրերի ինտենսիվ օգտագործումը նպաստում են հողի էրոզիային։ 

Վերջին տարիներին հատկապես արդիական է հողերի աղակալման խնդիրը։ Արտաքին աղակալման դեպքերը նկատվում են Արարատյան դաշտում, որտեղ վատ կառավարվող ոռոգման համակարգերը հանգեցրել են 27 հազար հա տարածքի երկրորդային աղակալման։ 

Հողի վրա ազդում է նաև հանքարդյունաբերական և հանքանյութերի մշակման գործունեությունից առաջացող փոշին։ Նման աղտոտման ազդեցության տակ գտնվող մարդկանց, հատկապես երեխաների առողջությունը կարող է զգալիորեն տուժել։

Անդրադարձ է կատարվում նաև թափոնների կառավարման ոլորտում հողի դեգրադացիայի վտանգներին։ Որոշ դեպքերում աղբավայրերը տեղակայված են գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։ Չտեսակավորված թափոնների շարունակական կուտակման արդյունքում այս հողերը տնտեսական գործունեության համար դառնում են անպիտան։

Զեկույցի գլխավոր ուղերձները, առանցքային շեշտադրումներն ու առաջարկություններն ամբողջացվելու են և առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու են պատասխանատու կառույցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter