HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի Դովեղ գյուղում կառուցվող դպրոցի ընդհատված շինարարությունը վերսկսվել է. ծրագիրը շարունակելու համար ներգրավվել է նոր կապալառու։ Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։

«Հետքը» նախորդ տարի գրել էր այս դպրոցի կառուցման գործընթացում առկա խնդիրների մասին։ 

Ստորեւ՝ Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունը։ 

Առաջնահերթ իրականացվում է հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվում է դպրոցի շենքի կասեցված շինարարությունը, շտկվում են նախորդ թերությունները։

Ընդհատված ծրագրի երկրորդ մեկնարկից առաջ օրերս շինհրապարակ է այցելել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Շինարարի առջև հստակ խնդիր է դրել՝ աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով։ «Շինարարական ծանր տեխնիկան արդեն տեղափոխել ենք շինհրապարակ, առաջիկայում կտեղադրենք ևս մեկ վերամբարձ կռունկ, որպեսզի դպրոցի և հենապատի աշխատանքները միմյանց չխանգարեն։ Արդյունքում լինելու է բոլոր հարմարություններով, ուսումնական և մարզադահլիճի մասնաշենքեր, արտաքին մարզադաշտ, թաքստոց, արևային ֆոտովոլտային կայան ունեցող դպրոց՝ նախատեսված 9 դասարանի համար և ներառելու է նախակրթարան»,-վստահեցնում է «Պրոմ գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանը։ 

Գյուղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանը նշում է, որ դպրոցի կառուցմանը սպասող բնակիչներին ոչ պակաս մտահոգում է համայնքի վնասված ճանապարհի վերականգնումը։ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Աշոտ Նալբանդյանը վստահեցնում է՝ հարցը քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ. ճանապարհը վերականգնվելու է և լայնացվելու. «Քաղաքաշինության կոմիտեն շնորհակալություն է հայտնում գյուղի բնակիչներին համբերատարության համար. ամիսներ շարունակ շինարարությունը, թեպետ ոչ կոմիտեի մեղքով, դադարել էր և եղանակային պայմաններից ելնելով՝ հանգեցրել փլուզման՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին»։

Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով։ Ընկերությունը նաև սահմանված ժամկետում չէր ներկայացրել 2025թ. հունվարին կոմիտեի ուղարկած համաձայնագրի հաստատված օրինակը, պայմանագրի և որակավորման ապահովումների բանկային երաշխիքները, ինչի արդյունքում էլ փետրվարին կոմիտեն պայմանագիրը լուծել էր։

Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր պայմանագրի լուծումը, և դատարանը, կիրառելով հայցի ապահովում, կասեցրել էր շինարարական աշխատանքները։ Այդպիսով՝ ծրագրի իրագործումը հերթական անգամ ընդհատվել էր։ Այդուհանդերձ, դատարանը 2025թ. ապրիլին մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ Կոմիտեի կայացնելով վճիռ։ 

Գործող ընթացակարգերով առաջնորդվելով՝ հնարավոր է եղել նոր կապալառուի հետ պայմանագիր կնքել միայն 2025թ. հունիսի վերջին։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 1 տարվա ընթացքում։ 

Լուսանկարները՝ Քաղաքաշինության կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter