...Պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք… Պէտք է խելքի գանք վերջապէս. Լևոն Շանթ (մաս 1)
Կլոր թվերի սիրահարը
Լևոն Շանթը, ում Վահրամ Փափազեանը համեմատել է Մեթերլինկի հետ,հակառակ իրականությանը, պնդում էր, թե ծնվել է ոչ թե 1869թ., այլ՝ 1870-ին: Ինչո՛ւ էր այդպես ջանասիրաբար դա անում. որովհետև կլոր թվերի սիրահար էր: Գուցե դրանք ավելի գեղեցիկ էին նրա աչքին, կամ ավելի հստակ ու հասկանալի էին, կամ դրանց մեջ կանոնավոր մի բան էր տեսնում: Ընդհանրապես, կանոնավորությունը, կարգուկանոնը Լևոնի մտասևեռումն էր: Նրա օրվա անելիքները, ժամերը և րոպեները կարծես գծված էին քանոնով և փոփոխության ենթակա չէին: Ոչինչ կարող էր նրան շեղել իր իսկ կողմից կաղապարված օրակարգից, թերևս՝ միայն աշխարհի փուլ գալը: Մի անգամ, երբ Թիֆլիսում էր, բնակվում էր Հովհ. Թումանեանի տանը, իսկ տան տերը մեկնել էր Աբասթուման, գալիս է Հակոբ Մանանդեանը՝ Հովհաննեսին տեսության՝ չիմանալով, որ նա քաղաքում չէ: Տիկին Օլգան՝ Թումանեանի կինը, թակում է Շանթի զբաղեցրած սենյակի դուռը, թե՝ Մանանդեանն է եկել, արի՛ մի քիչ զբաղեցրու մարդուն: Շանթը դուրս է գալիս սենյակից և ասում է, որ զբաղված է, ժամանակ չունի՝ թող մնա ուրիշ անգամ: Կարճ ասած՝ չի ընդունում Մանանդեանին:
Այդպիսին էր ուսանողական տարիներին, այդպիսին էր մանկավարժական գործունեության ժամանակ, այդպիսին էր ազգային քաղաքական աշխատանքում, երբ Հայոց խորհրդարանի փոխնախագահն էր: Նա պետք է հասցներ գրականություն ստեղծել և ուսումնասիրություններ անել, հոդվածներ գրել ամենատարբեր թեմաներով՝ կրթության, բանահյուսության, կուսակցությունների, անկախության, ընկերվարության, ազնվականության և այլնի մասին: Այդպիսին էր մինչև հոգեվարքից 4-5 օր առաջ: Pe`dant էր՝ բծախնդիր ծայրաստիճան՝ իր իսկ նպատմամբ բռնակալության հասնող: Դա նաև արտացոլված էր իր արտաքինի մեջ: Հագուկապը կատարյալ կոկիկ, փոքրիկ մորուքից ոչ մեկ մազ ցցված կամ ծռված, ճաղատը ծածկելու համար՝ ձախ կողմից խնամքով աջ տեղափոխած մազերի փունջ, առանց կոթի ակնոց: Աշնանը միշտ կրում էր անձրևից պաշտպանող ձգախեժե կրկնակոշիկ, վերարկուն մի ձեռքին գցում, գավազանը, ինչպես ասում էր, իր երրորդ ոտքը՝ բռնում մյուսով: Ոչ մի անփույթ վիճակ: Ո՞վ էր իր ժամերի և ազատության հետ այսքան խիստ վարվող այս մարդը հորոսկոպի նշանով՝ Այծեղջո՞ւր, Առյուծ, Կույս... Ցավոք, ծննդյան օրը, ամիսը հայտնի չէ: Երբ փոքր էր, Պոլսի իրենց տունը հրկիզվեց և այրվեցին բոլոր փաստաթղթերը:
Սեղբոս...
Մանկության տարիներին Լևոնը կորցրեց ոչ միայն իր ծնունդը հավաստող թղթերը, այլև՝ ազգանունը, երբ Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու վարժարանի տնօրենը, տարրական դասարանի մատյանում արձանագրելու համար, հարցրեց այն: Խեղճ տղան չկարողացավ կա՛մ հիշել, կամ էլ արտաբերել՝ Նա-հաշ-պետ-եան, և տնօրենը, ճարահատյալ Լևոնից ճշտելով հոր անունը, որ Սեղբոս էր, նրան այլևս «մկրտեց» Սեղբոսեան ազգանունով՝ Լևոն Սեղբոսեան: Վաղամեռիկ հայրը՝ աղա Սեղբոսը, մահացել էր, երբ զավակը 5 տարեկան էր: Մահացել էր ջղերի քայքայումից: Նա բավական հաջողակ գործարար էր: Պրուսայում մետաքսի գործարան ուներ, ֆես էր սարքում, ֆեսխանա ուներ Պոլսում և Փարիզներում լավ առևտուր էր անում: Բայց շուտով «էնթրիկներու» զոհ դարձավ, հեռացավ այս գործից և հիմա էլ թղթի գործարան հիմնեց Մալթեփեում: Փոքրիկ Լևոնը ուրախ էր այս գործարանով, սիրում էր մագլցել գունավոր թղթերի ոլորանների վրա և, ոտքերի տակից դրանք սահեցնել վար: Բայց անազնիվ պարտատերերը մաշեցրին խեղճ մարդուն, և նա շուտով մեռավ՝ դատարանների միջոցով Նահաշպետեանների պարտքերը ետ բերելու ամբողջ անօգուտ գործը թողնելով կնոջ՝ Զիբայի վրա: Զիբան էլ՝ վատնեց վերջին խնայողությունները փաստաբաններ վարձելով և դատական քաշքշուկների մեջ, դարձավ անդամալույծ, երեխայի հետ տեղափոխվեց քրոջ տուն և շատ չանցած միացավ վաղամեռիկ ամուսնուն: Լևոնը այդ ժամանակ Էջմիածնում էր՝ Գևորգեան ճեմարանում, ուր մայրը նրան մի կերպ էր ճանապարհել՝ ուրիշներից հանգանակած գումարով ձեռք բերած Պոլիս-Բաթում-Թիֆլիս-էջմիածին երթուղու տոմսակով: Մոր մահվան լուրը տղային չհայտնեցին: Այդ մասին նա իմացավ միայն 12-13 տարեկանում: Եվ, միս-մինակ մնալով, Լևոնը ինքնուրույնաբար ստանձնեց իր կյանքի ամբողջ պատասխանատվությունը և ինչերի՜ հասավ: Շատ տարիներ անց, Մուշեղ Իշխանը կգրի թե՝ Շանթի «... գլուխ գործոցը ոչ «Հին Աստուածներ»ն է, ոչ ալ «Կայսր»ը. այլ իր իսկ անձնաւորութիւնը, որ քար առ քար բարձրացած, ամբողջացած եւ գեղեցկացած ստեղծում մը կը ներկայացնէր»:
Մանթաշեանի «այո՛»-ն և Աբեղեանի «ո՛չ»-ը
Առաջին «քարերը», որ Լևոնը դրեց իր կայացման հիմքում, անշուշտ կրթությունն էր: Ներքին ընդվզման պատճառով՝ անկատար թողնելով Գևորգյան ճեմարանի ուսումը, ընկերոջ՝ Օննիկ Դերձակեանի հետ, որը տարիներ անց Արշակ Վռամեան կեղծանունով պիտի դառնար ազգային-ազատագրական պայքարի հայտնի գործիչ, անցավ Թիֆլիս՝ հույս ունենալով, թե Կովկասի հայ բարեգործական ընկերության ընդհանուր ժողովը կընդառաջի արտասահմանում ուսումը շարունակելու իրենց խնդրանքին, մանավանդ որ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշեանը իր այո-ն արդեն ասել էր: Սակայն, Մանուկ Աբեղեանը քար գցեց հարցի դրական լուծման վրա, առարկելով, թե՝ «Ճեմարանը ձգած ըմբոստներ, արժանի չեն օժանդակութեան»: Տղաները ստիպված վերադարձան Պոլիս՝ իրենց նպատակակետը ունենալով Գերմանիան: Լևոնը սկսեց ուսուցչություն անել մե՛կ Կետիկ Փաշայի, մե՛կ Գատը գյուղի վարժարաններում, մինչև որ մեկնեց Ռոդոսթո որպես դպրոցի տեսուչ: Ինչևէ, ի վերջո հովանավոր գտնվեց Գերմանիայում ուսանելու համար: Այստեղի համալսարանները Լևոնի մեջ ամրապնդեցին դարվինիզմի, իր համոզմամբ, միակ ճշմարիտ ուսմունք լինելու անառարկելի թեզը: «Գրուեցայ ուսանող մանկավարժութեան, բայց ամբողջ ժամանակս տրամադրած էի մարդակազմութիւն, կենդանաբանութիւն, բնագիտութիւն եւ տարրագիտութիւն սովրելու, որոնց մէջ հետըզհետէ խորանալով, ամբողջ աշխարհայեացքս կը զգայի, որ նոր ձեւ կառնէր: ...Մասնաւորապէս իմ վրայ ազդած էր Լայփցիկի մէջ համեմատական կենդանաբանութիւն ուսուցանող պրոֆ. Լօյ Կարտ եւ Իենայի մէջ յայտնի պրոֆ. Էրնստ Հեգել, որ շարունակողն էր Տարվինի գործի»: Իսկ հոգեբանության բաժնից առանձնապես գոհ չէր: Գևորգեան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության ուսուցիչ Սեդրան Մանդինեանի տված գիտելիքի համեմատ, գերմանական համալսարանը տանուլ էր տալիս: Հետո ուսանեց, անշուշտ, նաև պատմություն և գեղարվեստի պատմություն: Ուշադիր հետևեց համաշխարհային գրականությանը և թատրոնին:

Ձախից՝ Օննիկ Դերձակեան և Լեւոն Շանթ
Հոգեկան երևույթների և մեզի առաջացման զուգահեռները
Անգամ Գևորգյան ճեմարանի «կրօնաբոյր մթնոլորտը» չէր ազդել Լևոնի մտածելակերպի վրա: Բնավ չէր հավատում հոգու անմահությանը: Իր աշակերտերից Մուշեղ Իշխանը գրում է, թե՝ «գերմանական գիտութեան դրապաշտ դաւանանքով սնած միտքը կը հաւատար միայն տարվինեան յեղաշրջական տեսութեան»: Մի օր ուսուցիչ Շանթը իր սաներին մատուցեց հոգեկան երևույթների առաջացման իր մեկնաբանությունը, որից Մուշեղ Իշխանի պատանի հոգին, որ կը սիրէր հաւատքով սնանիլ, «...ցնցումի ենթարկուեցաւ»: Շանթը բացատրում էր. «...Նիւթն է, որ աստիճանական հոլովոյթով կը վերածուի կեանքի եւ կեանքը՝ հոգիի: Ուղեղն ու ջղային դրութիւնը մարդկային մարմնին մէջ հոգեկան երեւոյթներ կ’արտադրեն, ինչպէս երիկամունքը՝ մէզ»: Չոր, առանց այլևայլության, հոգեկանի և մեզի առաջացման օրինաչափությունները միևնույն կաղապարի և բանաձևի մեջ դնելը, իսկապես համարձակ քայլ էր Շանթի կողմից: Օր ծերության անկողնուն գամված էր, երբ շուրջինների մոտ մի փոքրիկ հույս առաջացավ, թե հավանաբար մարդը փոխել է իր հայացքները Աստծո, հավատքի մասին: Այս լավատեսության առիթը «Նարեկ» պահանջելն էր: «Հոգեփոխութի՞ւ մը ունեցած էր արդեօք: Աներկբայօրէն անհաւատ եւ կամակոր այդ անձը մահուան սեմին յանկարծ հաւատացեա՞լ»: Բայց պարզվեց՝ դա կեղծ ազդանշան էր: «Նարեկ»ը վերստին կարդալով՝ մահվանը բավական մոտ գտնվող Շանթը, հայտարարեց. «Նարեկը սխալ հասկցած են. Նարեկը աղօթագիրք չէ, այլ՝ Աստծոյ հետ պայքարի ելած թռիչք ունեցող հոգիի մը աղաղակը: ...Նարեկացին իր զայրոյթը կը պոռայ երկնքին երեսին, թէ ինչո՞ւ ամէն լաւ բան, անմահութիւն եւ իմաստութիւն, Արարիչը ինք սեփականացուցած է եւ իրեն տուած է միայն կաւէ փխրուն գոյութիւն մը, մտքի աղօտ եւ անցաւոր ճրագ մը միայն»:
Բայց վերադառնանք 1898, երբ թողեց Մյունխենը:
Եվ հասավ Փարիզ
Որտեղ մի հրաշալի միջավայրում հայտնվեց.Այստեղ էին լուրջ կրթություն ստացած պատմաբան, բանասեր Հակոբ Մանանդեանը, որ շուտով տեղափոխվեց Հայաստան, Մարգարիտ Բաբայեանը, որ ձայնն էր մշակում Փարիզում և իր քույրը, գրող, գրաքննադատ Արշակ Չօպանեանը, քանդակագործ Անդրեաս Տէր Մարուքեանը, պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը: Այս երկուսի հետ հատկապես մտերիմ էր Շանթը: Եվրոպան Լևոնին կրթությունից, «օրուան աստուածներ»՝ Դարվինի, Նիցշեի, Իբսենի աշխարհներին ծանոթացնելուց բացի, տվեց նաև սեր: Ջավահիր Ներսիսեանը շամախեցի էր, բողոքական ընտանիքից: Եղբայրը՝ Աբրահամ Ներսիսեանը, բավական բարձր դիրք ուներ՝« Բագուի նաւթային գործերու վարիչ էր»: Ջավոն, ինչպես կոչում էին նրան, եկել էր Շվեյցարիա՝ մանկավարժություն ուսանելու: «Միջահասակ, թուխ մորթով եւ աչքերով, Արարատեան դաշտի հայուհիի դիմագիծ ունէր ան եւ վերին աստիճանի ամօթխածութիւն, քիչ մը վայրենի ըլլալու աստիճան, ոչ գեղեցիկ եւ ոչ տգեղ, այլ տարօրինակ խառնուրդ մըն էր: Բայց... որչափ սխալ են յաճախ առաջին տպաւորութիւնները: Շանթի պէս գեղագէտ արուեստագէտ մը չէր սխալած անշուշտ իր ընտրութեան մէջ, քանզի սէր, գուրգուրանք եւ փաղաքշանք կը յորդէին իր արտայայտիչ խոշոր աչքերէն եւ զօրաւոր, բացառիկ ըլլալու աստիճան անհատականութիւն մը ծածկուած էր իր ամօթխած արտաքինին տակը»,-հիշում է գրագետ Խոսրով Թիւթիւնջեանը:
Ամուսնացան: Հարսանիքը Բաքվում էր: Ժամանակակիցները հիշում են տիկին Շանթին համալսարաններում փիլիսոփայության,պատմության, գրականության դասընթացքներին մասնակցելիս: Նա այն սակավաթիվ հայ կանանցից էր, որ փոխում էր գեղեցիկ սեռի առաքելության մասին կարծրատիպերը՝ շեշտադրելով բարձրագույն կրթության կարևորությունը, միաժամանակ մնալով հրաշալի կին ամուսնու և հոգատար մայր զավակների համար: Ամեն օր, ճաշից հետո մինչև ժամը 4-ի թեյը, Լևոնի հանգստի ժամն էր: Երկարում էր բազմոցին և թղթատում օրվա մամուլը՝ մտքեր փոխանակելով Ջավահիրի հետ: Քանի որ Լևոնի օրվա անելիքները րոպե-րոպե ժամացույցի պես խստորեն բաշխված էին, և գրեթե ամբողջ ժամանակը տրամադրում էր գրելուն, ուրեմն՝ գիրք կարդալու հնարավորություն չէր մնում: Դա անում էր Ջավահիրը: Նա ազատ էր թողնում ամուսնուն նաև կենցաղային հոգսերից: Շաբաթը 2 անգամ համալսարանի հրապարակի տոնավաճառում էր: «Ան փրօվիզիօնի պայուսակը ձեռքին, այնտեղ կ’ըլլար, գնելու համար պանրի տեսակներ, շօկօլա, պիսկուիթ, անուշեղէն եւ այլն»: Տիկին Ջավահիր Շանթը արվեստի իսկական սիրահար էր: Աշխատասեր ամուսնու փոխարեն, նրան թատրոն, օպերա կամ համերգ էին ուղեկցում ընկերուհիները, հատկապես՝ Զարուհի Խան Մասեհեանը: Ջավահիրը Լևոնին 3 որդի պարգևեց՝ Սուրեն, Վիգեն, Արմիկ: «Սուրենն ու Վիգուշը սաստիկ չարչարում են Լևոնին ու Ջավոյին: Ես հիմի նոր եմ հասկանում, թե ընչի են ասում մեզ, թե ձեր երեխաները խելոք են»,- Դսեղ՝ աղջիկներին՝ Աշխենին և Նվարդին 1907թվի Հունիս 28-ին գրեց, Շանթի ընտանիքի հետ Մանգլիսում հանգստացող, Հովհ. Թումանեանը: Ջավահիրը սարի պես կանգնեց ամուսնու թիկունքին՝ նրան ոչ միայն չխանգարելով, այլև նպաստելով, որպեսզի իր տաղանդավոր ամուսինը, իր ընտրած մեթոդով, իրագործի մանկավարժական, քաղաքական և, ամենից կարևորը, գրական առաքելությունը: Մարդիկ միայն մեկ անգամ տեսան Շանթին հուզված, միայն մեկ անգամ արցունքերը ընկան նրա աչքերից. Երբ կորցրեց Ջավոյին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել