
...Պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք… Պէտք է խելքի գանք վերջապէս. Լևոն Շանթ (մաս 2)
Վերնատան Հայնեն
«Հայու մասնաւոր տեսակի մը ներկայացուցիչ է. ծնունդով արեւմահայ, պատրաստութեամբ արեւելահայ, հոգիի որոշ տարրերով՝ Եւրոպացի»: Լևոնի կյանքը հիմնականում անցավ աշխարհի Պոլիս, Թիֆլիս, Լայպցիգ, Մյունխեն, Լոզան, Երեւան, Ալեքսանդրիա, Բեյրութ անկյուններում: Եվ դրանցից յուրաքանչյուրը իր նշանակությունն ունեցավ նրա համար: Ինչպես տեսանք, Պոլսում ծնվեց, Եվրոպայում կրթություն ստացավ, Լոզանում հանդիպեց ապագա կնոջը: Երևանում հետագայում կմտնի քաղաքականության մեջ և կդառնա Առաջին Հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր և փոխնախագահ, ապա՝ Ալեքսանդրիայում և Բեյրութում ամբողջապես կնվիրվի մակնավարժությանը: Բայց մինչ այդ, Թիֆլիսում է, որտեղ բացվեց նրա շնչառությունը: Սա հայկական ոգու, մշակույթի բացառիկ քաղաք էր: Եվ զարդը այս քաղաքի, անշուշտ, Թումանեանն էր, Բեհբության փողոցի տան վերնահարկում հիմնադրված հավաքատեղիով, որտեղ քննարկում էին կարևոր հարցեր, և ոչ միայն մշակութային: Դա հայտնի Վերնատունն էր, որտեղ «հիմնադիր» անդամներից ամեն մեկին մականուն էր տրված. Լևոն Շանթը Հայնեն էր: «Մեր խօսակցութիւններու նիւթ կը դառնար հայ լեզուն, հայ ժողովրդական գրականութիւնը, մեր միջնադարեան գրականութիւնը: Այս նիւթը շատ կը սիրէինք: Երբ լուրջ մասը կաւարտէինք, մէջ կուգար ընթրիքը, արդէն կէս գիշերին, ուր միւս բարիքներուն քով գինին ու խորովածը անպակաս էր: Յովհաննէսի տունը, չնայելով քրոնիկ դրամական նեղ դըրութեան, աւելին չըսելու համար - սեղանի վրայ ոչինչ պակաս չէր ամէն անգամ: Մեր կերուխումը, երգերով, կատարկներով, գրական խաղերով համեմած, կը տեւէր մինչեւ ժամը 2-3-ը: ... Շատ ուշ կը բաժնուէինք իրարմէ...: Մէկ-երկու գիշեր նոյնիսկ լուսցուցած ենք եւ առտուն գացած պտոյտի: Մինչեւ հիմա սիրով ու կարօտով կը յիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցած այդ տաք իրիկունները»: Շանթի, հետո նաև, տիկնոջ ջերմ հարաբերությունները Թումանեանների հետ շարունակվեցին այնքան, քանի դեռ կյանքը համեմատաբար հանգիստ էր: Երեքով՝ գումարած Ստ. Լիսիցեանը, դասագիրք ստեղծեցին՝ «Լուսաբեր»-ը: Եվ Շանթը ստանձեց այն արևմտահայերենի փոխադրելու գործը: Ընդհանրապես մանկավարժ էր ի բնե, ի ծնե: Մանկավարժական հակումներն անգամ իր Pe`dant-ության մեջ էին: Պարզվում է՝ այս բառը հենց բառացի ուսուցիչ էլ նշանակում է: Եվ որքան տարբեր էին Հովհաննեսը և Լևոնը: Բայց որքան ներդաշնակ իրենց ընկերության և համատեղ աշխատանքի մեջ:
նստած ձախից՝ Ավ.Իսահակեան, Ղ. Աղայեան, Հովհ. Թումանեան, կանգնած, ձախից՝ Լ.Շանթ, Դ. Դեմիրճեան
Հին աստվածների զորությունը
1908-ի ավարտին, գնացքով տուն էր վերադառնում՝ ամանորը ընտանիքի հետ անցկացնելու համար: Շարժակառքի իր դրացին անվերջ հազում էր: Տուն հասավ տաքությունը վրան: Բժիշկ Հովհաննես Միքայէլեանը՝ որին Օվի էին կոչում, ստուգեց կոկորդը, խոժոռվեց և կարգադրեց մեկուսանալ և տանից դուրս չգալ: «Եւ ահա, այդ նպաստաւոր պայմաններու մէջ էր, որ միտքս կեդրոնացաւ այն պատկերներուն վրայ, որոնք տարիէ մը ի վեր, մտածումներուս նիւթը կը դառնային: Շատ արագ կերպով ամբողջութիւնը կազմուեցաւ գլխուս մէջ, տեսարանները դասաւորուեցան, եւ սկսայ կանոնաւոր կերպով օրը մէկ տեսարան գրել»: Շանթը իր ստեղծագործությունն ավարտելու վրա էր, երբ բժիշկ Օվին հայտնվեց: «Է, ի՞նչ է այս սենեակէն դուրս գալու միտք չունի՞ս: Վաղը ղրկեմ օգնականս, թող սենեակը հականեխէ»: Ես դժգոհութեան ծամածռութիւն ըրի: Բժիշկս զարմացաւ: Փոխանակ պատասխանելու, լրագիրը քաշեցի ձեռագրիս վրայէն: Օվին նայեց, զարմացաւ եւ շատ պաշտօնական ձայնով յայտարարեց. Մինչեւ ամսու գլուխը քեզ արգիլուած է այս սենեակէն դուրս ելլել»: Այսպէս էր որ գրուեցաւ «Հին Աստուածներ»ը: Եվ շուտով մեծ հռչակ բերեց գրողին: Թատերգությունը տպագրվում էր և արագ սպառվում, Թիֆլիսի, Բաքվի հայկական բեմերում շռնդալից հաջողություն ունենում, լցնելով հեղինակի հոգին բերկրանքով , իսկ քսակը՝ դրամով: Շանթը Պոլսից հետևում էր,«Հին աստվածներ»-ի կովկասյան հաղթարշավին: Վերստին Եվրոպա անցնելու գայթակղություն ունեցավ: Աշակերտները ծաղիկներով եկան կառամատույց ճամփա դնելու: «Եւ ես հիմա ցաւով կը մտածեմ, որ այդ մեկնումով ես ոչ միայն կը հեռանայի Պոլսէն, այլեւ մահէն եւ իմ այնքա՜ն, այնքա՜ն ընկերներուս նահատակութեան մասնակից ըլլալէն ...: Տարին չլրացած՝ կոտորածները սկսան եւ իմ Պոլսոյ գրեթէ բոլոր ընկերներս զոհուեցան»: Շանթը միշտ ասում էր, թե արհավիրքը անձնապես շրջանցելու համար՝ «պարտական մնացի «Հին Աստուածներ»-ու յաջողութեան»:
Դպրոցի մարդը
Պոլսի, Ռոդոսթոյի հայկական վարժարաններ, Թիֆլիսի Գայանեան և Հովնանեան օրիորդաց վարժարաններ, Երևանի Թեմական դպրոց, հետո արդեն, երբ տակնուվրա եղավ ամեն բան՝ Մարսելի, Ալեքսանդրիայի, Կահիրեի, Բեյրութի հաստատություններ. Շանթի ուսուցչության հասցեներն են: Գործնական մանկավարժությանը զուգահեռ տեսական հսկայական աշխատանք էր կատարում՝ հոդվածներ գրելով և ուսումնասիրություններ անելով կրթության և դպրոցի ռազմավարության վերաբերյալ: Շանթը ոնց որ մարդ-նախարարություն լիներ. դասավանդվող առարկաներից մինչև դասարանում աշակերտների ամենից արդյունավետ թվաքանակ, տարբեր կարգերում՝ դասարաններում երեխայի տարիքի հիմանվորում, դպրոցական մատյաններից մինչև «պատիժներ», ուտելու մշակույթից մինչև ուսուցիչ-աշակերտ հարաբերություն և այլն: Նրա մանկավարժական արվեստի մասին՝ հետո: Հիմա՝ քաղաքական գործիչ և տարօրինակ դաշնակցական Լևոն Շանթի մասին:
Լ. Շանթ, Հովհ. Քաջազնունի, Ս. Վրացեան
Ինչպէս յեղափոխութեան միացայ
Երևանի Թեմական դպրոցում աշխատելիս, պաշտոնապես մտավ Հ.Յ.Դ.կուսակցության շարքերը: Թեև դեռ պատանության շրջանից իր գրեթե բոլոր ընկերները, մտերիմները այդ շարժումի մեջ էին: «Բայց ինքս գիտակցաբար մէջը չէի մտած: Ես իմ վրայ նայած եմ միշտ իբրեւ գրչի մարդու եւ յեղափոխութիւնը նկատած եմ միշտ իբրեւ զէնքի գործ, ես այդ զէնքը չեմ գործածեր, պէտք չէ որ մտնեմ զէնքով քալողներու մէջ: Բայց Երեւանի իմ շրջանակս այն աստիճան խմորուած էր յեղափոխական գործով ու մտքերով, եւ, ես առանց նկատելու, արդէն այն աստիճան ինկած էի հորձանքին մէջ...»: Երբեք կուսակցական պաշտոն չստանձնեց և դպրոցը միշտ մաքուր պահեց կուսակցական գաղափարախոսությունից: Շատ տարիներ անց, Բեյրութում Հայ ճեմարանի տեսուչ եղած ատենը, Մուշեղ Իշխանին կանչում է իր սենյակ և ասում, թե լսել է կուսակացական վարչական պաշտոն «փաթթեցին վզիդ»: «Այո՛:Չէի ուզեր, հակառակ կամքիս պարտադրեցին»,- խոստովանում է Մուշեղը: «Այդպէս կըլլայ տղաս, երբ հակառակ կամքիդ տեղի կու տաս: Եւ անգամ մը որ տեղի տուիր՝ կը գլորիս-կ’երթաս: Կեանքը անողոք է, կեանքի անիւըն կը ճզմէ, եթէ չգիտնաս ընտրել ճամբադ...Դուն գրական շնորհներով օժտուած տղայ ես, ի՞նչ գործ ունիս կուսակցական պաշտօններու վրայ...պիտի գիտանս դիմադրել, պիտի գիտնաս ո՛չ ըսել»:
Այլևս անհնար էր գործուն քայլեր չանել քաղաքականության մեջ
Շանթը 1919-ին Փարիզում էր` Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ Ազգային Համագումարի աշխատանքներին մասնակցելու: Հետո գնաց Շվեյցարիա՝ միանալու ընտանիքին, երբ ազգային գործիչ Ավետիս Ահարոնեանից հեռագիր ստացավ. ընտրվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության 2-րդ գումարման խորհրդարանի անդամ և նշանակվել երեք փոխնախագահներից մեկը: Խորհրդարան, որ ներկայացնում էր համայն հայությանը՝ թե արևմտահայությանը, թե Դոնի Ռոստովի, Թիֆլիսի, Բաքվի հայությանը: «Անցայ Երեւան 1919-ի Դեկտեմբերի վերջին օրերը: Պարլամենտին կը նախագահէր Հայր Աբրահամը (Աւետիք Սահակեան), որ քանի մը օրէն պիտի մեկնէր Թիֆլիս, ինձ յանձնելով Պարլամենտի նախագահութիւնը: Մեծ զգուշութեամբ, տոտիկ-տոտիկ սկսայ իմ նախագահական պաշտօնը, մինչեւ որ քիչ քիչ սկսայ վարժուիլ»: Խոստովանում է, որ շատ դժվար էր պետություն կառավարել անփորձ մարդկանցով, բայց կամքի շնորհիվ ստացվում էր.« Եւ շատ շուտով կը վարժուէինք պետականութեան նոր պահանջներուն, եթէ բոլշեւիկեան ճնշումները՝ դուրսէն եւ գաղտնի ներմուծուած՝ մեր այդ հայ ազգային աշխատանքը չը խանգարէին»:
Մեր նոր դաւանանքի տաճարը մեր հայրենի հողն է…
Հայաստանի անկախութեան de facto ճանաչման առիթով Շանթի ճառը խորհրդարանում պատմական էր։ Հետագայում արդեն Մոնպելիեում՝ 1922-ին, առավել ընդարձակ գրել է մեր անկախության անսակարկելի արժեքի, և այդ արժեքի հանդեպ աշխարհի խաղացողների և նրանց տեղական կամակատարների շահերի մասին: «...կեանքի ընթացքը իր օրէնքներն ունի, զանազան ուղղութեամբ քաշող արտաքին ու ներքին ուժերը որոշ ուղղութեամբ կը տանին մեր ազգային գնդակը»: Ինչևէ, իբրև փոխնախագահ, խորհրդարանում ելույթի մեջ նշում է երեք հիմնական գործոն, որ, ըստ նրա, կարելի դարձրին անկախությունը, «…առանց որի մենք ազգըովին ապրելու հնարաւորութիւն չենք կարող ունենալ: Եվ առանց այդ անկախութեան շուտով կը ցրուի դեռ իր հողին վրայ մնացած վերջին մէկ միլիոն հայութիւնը ...եւ մենք կը դառնանք անհող ու անհայրենիք ժողովուրդ մը... Անկախութիւնը հայուն համար կեանքի դրած բացարձակ պահանջն է եւ անկախութեան ձգտումը մեր գոյութեան հիմքը, մեր լինել-չլինելու հարցը: ...Առաջինը՝ պատմական դէպքերու բնական հիւսքը է, պատմութեան խաղը, երկրորդը՝ մեզ շրջապատող մեծ ու հզօր ազգերու կամքը, կամ, ինչպես կըսվի, անոնց քաղաքականութիւնն է: Եւ «երրորդ գործօն մը... ժողովրդական կամքը, որ ես կուզեմ ընդգծել կրկնակի։ ...Եթէ ազգովին ապրիլ, տեւել ու զարգանալ կ’ուզենք՝ միակ ելքը անկախութիւնն է. ուրիշ ճամբայ չկայ»:
Իր ելույթում, նա նշում է, որ մեր ժողովուրդը անկախ լինելու կամքն ու ձգտումը միշտ է ունեցել: «Եկաւ թուրքական ծովը պատէց մեր ժողովուրդին, բայց այդ ծովու մէջէն կղզիի նման վեր բարձրացող մեր բարձունքները՝ Զեյթունը, Սասունը, Ղարաբաղը կռուել են միշտ»: Երբ դիմադրելն արդեն անկարելի է դարձել «մեր ժողովուրդը փարեց դիվանագիտական միջոցներուն ...ան ձգտեց բերել Ռուսաստանը, որ ազատագրէ զինքը տաճկական լուծէն: Ռուսաստանը եկաւ, բայց մենք չազատագրուեցանք, որովհետեւ ազատութիւնը չեն տար, ազատութիւնը կխլուի: ...Այսօր, երկար աշխատանքից յետոյ, մեր կամքով, մեր կռուով ու արյունով ստացանք այս ազատութիւնը. ուրախ ու շնորհակալ ենք Գերագոյն Խորհրդէն. շնորհակալ ենք Եւրոպայի և Ամերիկայի ժողովուրդներէն ու պարլամենտներէն, որոնք շատ աշխատեցան մեր դատի համար: ... Տարի բոլորաւ, որ կըսեն թէ խաղաղ է ամէն կողմ, սակայն մեր երկիրը չխաղաղեցաւ. մենք կռուի մէջ ենք դեռ թուրքի, այո՛, միայն թուրքի հետ, որ անվերջ դաւեր կը նյութէ մեր դէմ սահմանէն այն կողմ: Ան նոր աշխատանք է սկսած՝ մահմեդական գաղթականներ կբնակեցնէ Տաճկահայաստանի մէջ, որպէսզի ատով ցույց տայ, թէ այնտէղ հայ գոյութիւն չունի: ... Մերն է այն հողը և հայ կամքը կ’ուզէ այն միացած տեսնել այս երկրին: Մե՛րն է Տաճկահայաստանը, այդ պիտի գիտնան ամենքը և եթէ պէտք ըլլայ վերադառնալ հին կռուին, մենք նորէն նոր կը հաւաքենք մեր ուժերն ու կռուի կ’ելնենք մեր արդար իրաւունքը պաշտպանելու համար»: Այս, ելույթից հետո, խորհրդարանում, որ ազգային էր, բուռն ծափեր հնչեցին:
շարունակելի
Մեկնաբանել