
Վայրիվերումներ՝ խոշոր հարկատուների կազմում. ովքեր են առաջատարները 2025-ի առաջին կիսամյակում
«Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mobile Centre) 2025 թվականի առաջին կիսամյակում դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն։
Տեխնիկայի, մեծ մասամբ՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով ու վերաարտահանմամբ զբաղվող Mobile Centre-ը այս տարվա առաջին վեց ամիսներին պետական բյուջե է վճարել 32.9 մլրդ դրամի հարկեր՝ առաջ անցնելով «Գրանդ տոբակո»-ից, «Գազպրոմ Արմենիա»-ից, ԶՊՄԿ-ից և մյուսներից, որոնց անունները հանդիպում ենք Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում։
Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ Mobile Centre-ի հարկերն աճել են 1.8%-ով։
Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 30.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ «Գրանդ տոբակո»-ն հարկերի տեսանելի աճ է գրանցել՝ 29.1%։
Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 28 մլրդ դրամի հարկերով և 1.6% աճով։
Հաջորդող երկու խոշոր հարկատուները բանկեր են։
Հարկերի թռիչքային աճով խոշոր հարկատուների չորրորդ տեղում է հայտնվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որը վճարել է մոտ 28 մլրդ դրամ՝ մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում վճարել էր 5.9 մլրդ դրամ։ Բանկի ֆինանսական հաշվետվություններից և հարկերի բացվածքից կարելի է եզրակացնել, որ հարկերի այս աճը պայմանավորված է նախորդ տարի ընկերության գրանցած բարձր շահույթով, որի արդյունքում գոյացած շահութահարկը վճարվել է այս տարի։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում «Արդշինբանկ»-ը վճարել է 22.3 մլրդ դրամի շահութահարկ։ Համեմատության համար՝ նախորդ տարվա նույն կիսամյակում վճարել էր 2.8 մլրդ դրամի շահութահարկ։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել է, որ «Արդշինբանկ»-ը, «Ամերիաբանկ»-ն, «Ինեկոբանկ»-ը 2024 թվականին ամենամեծ շահույթ ստացած բանկերն են։ Ընդ որում՝ «Արդշինբանկ»-ը մեծ տարբերությամբ գերազանցել է մյուս բանկերին։
«Ամերիաբանկ»-ը 2025-ի առաջին կիսամյակում դարձել է հինգերորդ խոշորն հարկատուն՝ վճարելով 21.4 մլրդ դրամի հարկեր (նախորդ տարվա նույն կիսամյակում վճարել է 17.5 մլրդ դրամ)։ Բանկի շահութահարկը կազմել է 12.4 մլրդ դրամ։ Վճարված հարկերի մյուս հիմնական մասը եկամտային հարկից է գոյացել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն, որն այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից դուրս էր մնացել, երկրորդ եռամսյակում վճարած հարկերի հաշվին կրկին հայտնվել է խոշորների ցանկում և կիսամյակի տվյալներով 6-րդ խոշոր հարկատուն է։ Վճարել է 20.4 մլրդ դրամի հարկեր, որը 2024-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 68.2%-ով։
Այս նվազումը պայմանավորված է այս տարվա առաջին երեք ամիսների ցուցանիշներով։ ԶՊՄԿ-ից նշում են, որ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի չներառվելը բացատրվում է նախորդ տարի վճարած կանխավճարներով։
«Դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում վերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։ 2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,- նշել են ընկերությունից։
Այս անգամ խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊ ընկերությունը (CPS ապրանքանիշ), ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն (նշված ընկերությունը և «Գրանդ տոբակո»-ն գտնվում են «Գրանդ հոլդինգի» կազմում), տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA), «Դիջիթեյն» ՍՊԸ-ն։ Նրանց վճարած հարկերը ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2025 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել շուրջ 986 մլրդ դրամ, որը 2024-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 85.7 մլրդ դրամով կամ 9.5%-ով։
Մեկնաբանել