
«Դու չե՞ս ասել` Ղարաբաղն իմ երրորդ երեխան է». մոր վերջին զրույցն ավագ որդու հետ
2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը, Ալլա Ստեփանյանը ծառայության էր Մարտակերտի զորամասում։ Երկու որդիները՝ Սամվելը եւ Արսենը, դիրքերում էին: Հարձակման առաջին րոպեներին Ալլան կարողացել է կապ հաստատել միայն ավագ որդու՝ Մարտակերտի բրիգադում ծառայող Սամվելի հետ։ Սրխավենդի բրիգադում ծառայող Արսենից լուր չի ունեցել։
«Զանգեցի Սամվելին, ասեցի՝ ցավդ տանեմ, Արսենից խաբար չկա, խնդրում եմ գոնե դու իջի։ Ասեց՝ մամ, խի՞ ես լացում, որ խաբար չկա։ Ասեցի՝ չգիտեմ, սիրտս վատ բան է գուշակում։ Ասեց՝ ոչ մի բան էլ չկա, դու չե՞ս ասել՝ Ղարաբաղն իմ երրորդ երեխան է, հիմա մենք քո երեխուն պահում ենք, խի՞ ես էդքան նեղվում։ Ես իր խոսելու մեջ զգացի, որ տրամադրությունը շատ վատ էր, երևի ինքը տեսել էր, որ արդեն իրավիճակը վատ ա»:
Երեկոյան կապը կտրվում է նաև ավագ որդու հետ։
19-ամյա Արսեն Ստեփանյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին, Ճանկաթաղի 716 մարտական դիրքում։ 21-ամյա Սամվել Ստեփանյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին, Եղնիկների 07 դիրքում։
Ալլա Ստեփանյանը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից է։ 2006 թվականից ծառայության է անցել Մատաղիսի զորամասում։
«Սկզբում՝ մինչև 2016-ի քառօրյա պատերազմը, դա ինձ համար աշխատանք էր, քառօրյայից հետո՝ ծառայություն։ Պատերազմի ժամանակ տարբեր բաներով էի զբաղված։ Ես բուժքույր չեմ, բայց վիրավորներին էի օգնում, զոհերի մարմիններ էի հանում, ինչ որ կարողանում, անում էի»,- ասում է Ալլա Ստեփանյանը։
2020 թվականի հուլիսի 27-ին Սամվելը բանակ էր զորակոչվել։ Նա ծառայում էր Մարտակերտում։ Ծառայության մեկնելուց երկու ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը։
«Շատ անհանգիստ էի Սամվելի համար։ 2016 թվին ահավոր բաներ էի տեսել, բայց էս որ արդեն քո երեխան է կռվի դաշտում, դա արդեն մի ուրիշ զգացողություն է։ Վախենում էի, ամեն վայրկյան սպասում էի, որ հնարավոր ա ինչ-որ վատ բան լինի։ Չնայած ինքը երկու ամսվա ծառայող էր, բայց գիտեի, որ բլինդաժում չի նստի, չի թաքնվի»,- պատմում է Ալլան։
44-օրյա պատերազմի ավարտից հետո Սամվելը շարունակել է ծառայությունը։ 2022-ի մայիսին, երբ զորացրմանը մնացել էր երկու ամիս, նա անցել է պայմանագրային ծառայության։
Ալլան պատմում է, որ համոզել է որդուն չշարունակել ծառայությունը։ Ալլան նույնիսկ եղբորն է խնդրել, որ խոսի Սամվելի հետ և փորձի նրան համոզել, սակայն ապարդյուն՝ որոշումը չի փոխել։
Սամվելի պայմանագրային ծառայությունն անցել է Մարտակերտի բրիգադի երկրորդ գումարտակում՝ որպես հետախուզական դասակի գնդացրորդ։ Գումարտակը իրականացրել է Եղնիկների (Տոնաշեն գյուղի) դիրքերի պաշտպանությունը։
Ալլա Ստեփանյանը նույնպես Մարտակերտի բրիգադում է ծառայել։
Ալլայի կրտսեր որդին՝ Արսենը, ծառայության էր մեկնել 2022 թվականի հունվարի 24-ին։ Սկզբում Արսենը ծառայում էր Ասկերանի զորամասում, ապա տեղափոխվել էր Իվանյանի տանկային զորամաս։
Ժամկետային ծառայության մեկնելուց 1,5 տարի անց Արսենy նույնպես որոշել է շարունակել ծառայությունը որպես պայմանագրային։
Պայմանագիրը ստորագրելուց հետո նա տեղափոխվել էր Սրխավենդի (յոթերորդ) բրիգադ։
«Արսենը տանկիստ էր, Սրխավենդի բրիգադում տանկային գումարտակ կար, էդ գումարտակում էր ծառայում։ Հետո ասեցին, որ բոլոր տանկերը պետք ա ուղարկենք Հայաստան։ Դրանից հետո Արսենին նշանակեցին գնդացրորդ»,- պատմում է Ալլան։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով սոցիալական վիճակը գնալով սրվում էր։ Ալլա Ստեփանյանը պատմում է, որ սկզբում դեռ ուտելիք կար, օգոստոսից արդեն ամեն ինչ շատ դժվար էր ճարվում։
«Ես որ ուտելիք էի ուղարկում Սամվելին ու Արսենին, շատ էին ջղայնանում, զանգում, ասում էին՝ էլ չուղարկես։ Բայց սեպտեմբերի 17-ին Սամվելը զանգեց, ասեց՝ մա՛մ, տանը ուտելու ի՞նչ կա, սոված ենք։ Տանը մի քիչ միս կար, տասներկու կտորի բաժանեցի, որ դիրքում բոլորին հերիքի, կարտոֆիլ կար, կես տուփ մակարոն, կես տուփ բրինձ, ինչ կարողացա գտնել էդ պահին, ուղարկեցի։ Ամսի 18-ին՝ ժամը երկուսին, գրեց՝ մամա, ապրես, ճաշ ենք եփել, կերել ենք։ Էսօր սոված չենք մնա։ Հաջորդ օրը կեսօրին կռիվը սկսվեց»,- հիշում է Ալլան։
Սեպտեմբերի 18-ին Ալլան նաև Արսենի հետ է խոսել։ Որդին ասել է, որ հնարավոր է հաջորդ օրն իջեցնեն դիրքերից, եթե այդ գիշերը խաղաղ անցնի։
«Ասեցի Արսեն ջան, ինչ լավ ա, գոնե ձեզնից մեկը տանը կլինի»,- ասում է Ալլան։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ալլա Ստեփանյանի երկու որդիները՝ Արսենը և Սամվելը, դիրքերում էին։ Սամվելը մարտական հերթապահության էր բարձրացել սեպտեմբերի 1-ին, Եղնիկների 07 մարտական դիրք։ Իսկ Արսենը՝ սեպտեմբերի 15-ին։ Նա Ճանկաթաղ գյուղի մոտակայքում գնվող 716 մարտական դիրքում էր։
Ալլան գնացել էր առաջնագծում գտնվող եղբոր տուն, որ տեսնի, թէ ինչ վիճակում են նրա երեխաները։ Ճանապարհին հանդիպել է ծանոթներից մեկին։
«Ասեց՝ Ճանկաթաղը գրավել են ադրբեջանցիք ու շարժվում են առաջ։ Ասեցի՝ ոնց թե գրավել են, Արսենս էնտեղ ա»,- պատմում է Ալլան։
Ալլան փորձել է կապվել որդիների հետ։
«Հասա զորամաս, ներքին կապով զանգեցի Սամվելենց դիրք։ Ասեցի՝ Սամվել ջան, Արսենից լուր չունեմ, Ճանկաթաղն էլ արդեն գրավել են, խնդրում եմ գոնե դու իջի։ Ծիծաղեց, ասաց Արսենը կորողը չի, մի վախեցի ու անջատեց։ Մինչև ժամը յոթն անընդհատ զանգում էի Արսենին, չէր պատասխանում։ Նորից զանգեցի Սամվելին, ասեցի՝ ցավդ տանեմ, Արսենից խաբար չկա, խնդրում եմ գոնե դու իջի։ Ասեց՝ մամ, խի՞ ես լացում, որ խաբար չկա։ Ասեցի՝ չգիտեմ, սիրտս վատ բան է գուշակում։ Ասեց՝ ոչ մի բան էլ չկա, դու չե՞ս ասել՝ Ղարաբաղը իմ երրորդ երեխան է, հիմա մենք քո երեխուն պահում ենք, խի՞ ես էդքան նեղվում։ Ես իր խոսելու մեջ զգացի, որ տրամադրությունը շատ վատ էր, երևի ինքը տեսել էր, որ արդեն իրավիճակը վատ ա»,- հիշում է Ալլա Ստեփանյանը։
Երեկոյան 20:00-ի մոտակայքում Ալլան իմացել է, որ Եղնիկների դիրքերի վրա ինքնաթիռներ են թռչում։ Նա զանգել է որդուն և տեղյակ պահել դրա մասին։ Սամվելը ասել է, որ տեղյակ են ու անջատել է զանգը։ Ավագ որդու հետ կապի դուրս գալ Ալլան այլևս չի կարողացել։
Ալլան խնդրել է Մարտակերտի զորամասի շտաբի պետին՝ Սերյոժա Բաղրամյանին, որևէ բան ճշտել Եղնիկների և Ճանկաթաղի դիրքերի մասին։ Որոշ ժամանակ անց Բաղրամյանը ասել է Ալլային, որ չի հաջողվել որևէ բան ճշտել, բայց ճիշտ կլինի, որ գնա տուն։
Սեպտեմբերի 21-ի առավոտյան, Ալլան տնից դուրս է եկել և տեսել, որ մայրը տան դիմաց նստած լաց է լինում։
«Ասացի՝ մի լացի, դուք որ լացում եք, ես ավելի եմ վատ լինում։ Ասեց՝ Ալլա, Սամոյին վիրավոր բերել են, հիվանդանոցում է։ Ասեցի՝ բա որ վիրավոր է, պիտի ուրախանաս, խի՞ ես լացում։ Ու ես չհասցրի էլ կոշիկ հագնեմ, ոտաբոբիկ վազեցի դեպի դուռը, տեսա քույրս էլ ա լացում։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք լացում, ասում է՝ շատ ծանր վիրավոր է։ Ասում եմ՝ ոչինչ, ես գիտեմ, որ կլավանա, կարևորը վիրավոր է, դուք հիմա ինչի եք լացում էն սաղ երեխու վրա։ Ես ու պապան գնացինք հիվանդանոց, նայեցինք վիրավորների ցուցակում չկար։ էնտեղ մի բուժքույր կար ուզում էր զոհերի ցուցակում նայել, ասեցի սպասի ուրիշ ցուցակում չնայես, չի կարա իմ երեխեն ընդեղ ըլի։ Մեկ էլ պապան լացելով եկավ, իջանք, տեսանք հենց հիվանդանոցի մորգում էր։ Տեսա դեմքը մի փոքր վնասվել ա, ջղայնացած ասեցի՝ Սամո, սա ինչ է, որ դու սենց ես դառել։ Ու ձեռս գցեցի, որ գրկեմ, արյունը գնաց։ Գլխի հետևի հատվածը չկար։ Հաջորդ օրը նույն ժամին՝ վեցն անց քսան, զանգեցին, ասեցին Արսենը զոհվել է»,- պատմում է մայրը։
Ալլան և եղբայրը՝ Անդրանիկը, փորձել են Արսենի մարմինը դուրս հանելու տարբերակներ գտնել։ Նրանք դիմել են ռուս խաղաղապահներին, սակայն մերժում են ստացել։ Ալլան ասում է, որ Սրխավենդի բրիգադի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) նույնպես որևէ կերպ չի օգնել իրենց։
Արսենի մարմինը դիրքերից դուրս են բերել սեպտեմբերի 27-ին Արցախի ԱԻՆ-ի միջոցով։
Հոկտեմբերի 9-ին Արսեն և Սամվել Ստեփանյաններին հուղարկավորել են Հայաստանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հիմա Ալլան վարձով ապրում է Երևանում։ Փոքր բնակարանի բոլոր պատերին որդիների լուսանկարներն են, անձնական իրերը, ստացած պարգևները։ Ալլան ամեն օր այցելում է Եռաբլուր, որդիների գերեզմանաքարին միևնույն գրվածքն է՝ «Հերոս չեմ ուզում, որդուս եմ ուզում»։
Մեկնաբանել