
Հայ գերիները՝ լիակատար մեկուսացման մեջ. Կարմիր խաչը հեռանում է Բաքվից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ Կարմիր խաչն այս տարվա սեպտեմբերից այլևս ներկայություն չի ունենալու Ադրբեջանում և այս պահին բացառապես կազմակերպչական, ադմինիստրատիվ խնդիրներ են լուծում այնտեղ։ Ինչ վերաբերում է հայ գերիներին այցելություններին, ապա դրանք արդեն իսկ դադարեցված են հունիսից։
«Հունիս ամսին գերիներին այցելության ժամանակ Կոմիտեի ներկայացուցիչները նրանց հայտնել են, որ սա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների արդյունքում արտոնված վերջին այցելությունն է, որից հետո այցելություններ չեն լինելու»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանը Բաքվում Կարմիր խաչի գործունեության դադարեցումը համարում է ադրբեջանական ընդհանուր քաղաքականության մի մասը։ «Միջազգային կառույցների՝ երկրից դուրսբերման և դրանով մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվության սահմանափակման քաղաքականության մաս է, բայց այն նաև թիրախավորված քայլ է, քանի որ կոնֆլիկտի հետևանքով մարդասիրական ծանր վիճակում հայտնվել են հենց էթնիկ հայերը»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանում խոշտանգումները, իրավունքների այլ սահմանափակումները, կամայական ազատազրկումները առավել ցայտուն դրսեւորվում են հայերի պարագայում։ Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան զուգակցվեց արցախցիների բռնի տեղահանությամբ և փախստականների առնչությամբ կան հստակ պարտավորություններ, որոնց կատարմանն աջակցում են միջազգային կառույցները, և նման հանգամանքներում Ադրբեջանը դադարեցնում է Կարմիր խաչի գործունեությունն իր երկրում։
«23 պատանդները հայտնվել են արդեն իսկ բացարձակ մեկուսացման մեջ։ Նախկինում նրանք ևս ունեին մեկուսացվածության աստիճան, քանի որ Կարմիր խաչից զատ այլ ատյաններ զրկված էին տեսակցելու, վիճակը դիտարկելու, հրապարակային տեղեկություններ տրամադրելու հնարավորությունից, և անկախ փաստաբանների մուտքն էր արգելված։ Ընտանիքի անդամների այցելություններ երբևէ չեն եղել, և ստացվում է, որ դիտարկման միջոցով ստուգելի տեղեկություններ կարող էին հավաքագրել միայն Կարմիր խաչը և ադրբեջանցիները, որոնք կողմնակալ են և, ըստ էության, հանրային իշխանությունների գործելակերպի տրամաբանությամբ են մոտենում իրավունքների պաշտպանությանը»,- ասում է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչը, թեև ուներ սահմանափակ մանդատ, արձանագրված խնդիրները կոմունիկացնում էր միայն Ադրբեջանի իշխանությունների հետ և հրապարակային չէր քննադատում, այնուամենայնիվ, գոնե հավաքագրում էր և իր խողովակներով արձանագրում էր օբյեկտիվ իրականությունը։ Սահակյանը կրկնում է՝ ներկայումս այնտեղ պահվող հայերը բացարձակ մեկուսացվածության պայմաններում են, ինչը մարդու իրավունքների միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «ինկոմունիկադո», այսինքն՝ ազատազրկում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի։
«Այս անձինք կարող են խոշտանգվել, ինչը կհանգեցնի արտակարգ զարգացումների, և արձանագրված նման դեպքեր կան։ Չմոռանանք, որ ունենք բռնի անհետացած առնվազն 80 գերի և չենք բացառում, որ բռնի անհետացումն արդյունք է դաժան խոշտանգումների, որն ունեցել է անկառավարելի ելքեր»,- ասում է Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ Ադրբեջանը հաջողությամբ թաքցնում է նաև բռնի անհետացած անձանց նկատմամբ կատարած իր հանցագործությունները, քանի որ հնարավոր չէ բացահայտել խոշտանգման վայրերը և խոշտանգված անձանց՝ հասանելիություն չունենալու պատճառով։
Իրավապաշտպանի խոսքով՝ տեսականորեն հնարավորություն կա, որ Կարմիր խաչը շարունակի իր այցելությունները հայ գերիներին՝ Ադրբեջանում գրասենյակ չունենալու պայմաններում, սակայն դա քիչ հավանական է։ «Եթե Ադրբեջանն իսկապես հարգեր մարդասիրական հարցերը, ապա կերկարաձգեր Կարմիր խաչի գործունեությունը։ Նշեցի, որ հստակ թիրախավորում ենք տեսնում հայերի նկատմամբ, այսինքն` սա նաև հակահայկական քաղաքականության, խտրականության հետևանք է, ուստի նման պայմաններում տրամաբանական չէ և չի բխում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից՝ լուծել մարդասիրական հարցերը»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանն ընդգծում է, որ միջազգային այլ կառույցներ ևս կարող են այցելել հայ գերիներին, սակայն միայն Ադրբեջանի թույլտվությամբ, ինչը ևս հավանական տարբերակ չէ։
«Միջազգային ցանկացած ներկայության ապահովում պետք է միջնորդավորվի Ադրբեջանի կամարտահայտությամբ, այսինքն` Ադրբեջանը պետք է արտոնի միջազգային այլ կառույցի այցելությունները։ Եթե նման կամարտահայտություն, քաղաքական կամք լիներ, ապա կշարունակվեին հարաբերությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը լավագույն մոդելով է իրացնում այս առաքելությունը։ Եթե համաձայնություն չկա, նշանակում է, որ այդ համաձայնությունը չի լինելու նաև մյուս կազմակերպությունների առնչությամբ»,- փաստում է իրավապաշտպանը։
Կառավարությունը չի օգտվում Բաքվում անազատության մեջ պահվող իր քաղաքացիներին տեսակցելու իրավունքից. Սիրանուշ Սահակյան
Սակայն, Սիրանուշ Սահակյանը մատնանշում է մեկ այլ ուղիղ ճանապարհ, որից Հայաստանը կարող է օգտվել, սակայն չի օգտվում։ Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է իր սահմաններից դուրս անազատության մեջ գտնվող քաղաքացիների հանդեպ, որ անարգել տեսակցի նրանց։ «Ինձ համար անհասկանալի հանգամանքներում այս իրավունքը չի իրացվում, և սա Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է իր քաղաքացիների հանդեպ։ Դա հյուպատոսական այցելություններ կազմակերպելն է իր քաղաքացիներին։ Միջազգային պրակտիկան, նաև նորմերը կարգավորում են այնպիսի իրավիճակներ, երբ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով այս իրավունքը իրացվում է միջնորդավորված` երրորդ, չեզոք երկրների օգնությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ունի Վիեննայի կոնվենցիաներով երաշխավորված իրավունք` անարգել տեսակցել իր քաղաքացիներին, որոնք անազատության մեջ են իր սահմաններից դուրս, իսկ Բաքվում պահվող հայերը ՀՀ քաղաքացիներ են»,- նշում է իրավապաշտպանը՝ մեկնաբանելով, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ։
Մասնավորապես, Հայաստանը կարող է պատվիրակել իր իրավունքը, օրինակ, Շվեյցարիային, և Շվեյցարիայի համապատասխան հյուպատոսական բաժնի աշխատակիցը ՀՀ անունից կարող է մուտք գործել Բաքու, տեսակցել Հայաստանի քաղաքացիներին, տրամադրել հյուպատոսական աջակցություն։ «Օրինակ` նրանք կարող են իրավաբանական ծառայության խնդիրներ ունենալ, առողջական։ Այցելության շրջանակում հետաքրքրվում են` ո՞ղջ են, սպանվա՞ծ են, ի՞նչ վիճակում են, դիտարկում է, և այս իրավունքի իրացման միջոցով մեծացնում է անձանց պաշտպանվածությունը, որպեսզի նրանք չհայտնվեն անպաշտպան, խոցելի և անորոշությունների, անհայտության մեջ»,- մանրամասնում է Սիրանուշ Սահակյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի իրացնում իր այս իրավունքը, քաղաքական անգործությու՞ն է, թե դիվանագիտական փակուղի, Սիրանուշ Սահակյանը պատասխանում է․ «Փակուղու մասին կարող ենք խոսել, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը դիմեր այն պետություններին, որոնք նախկինում հայ-ադրբեջանական հարաբերություններից լարված հարաբերություններում գտնվող այլ պետություններում կարողացել են այդ միջնորդական դերն ունենալ, այս պետությունները չհամաձայնեին, գործընթացը ձախողվեր, որից հետո Հայաստանի հանրային իշխանությունները թափանցիկ կերպով ասեին, որ մենք մեզնից կախվածն արել ենք, սրանով ազդակ ենք հղել, որ մեր քաղաքացիների իրավունքները մեզ հետաքրքրում են, պարզապես դիվանագիտական փակուղու ճանապարհով չի հայտնաբերվել որևէ երրորդ երկիր, որը ցանկանում է Հայաստանի փոխարեն այդ իրավունքն իրացնել, կամ երկիրը հայտնաբերվել է, բայց Ադրբեջանն է խոչընդոտում։
Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ Հայաստանը չի դիմում։ Ավելին, հասարակական կազմակերպությունները, որում նաև ներգրավված է եղել մեր կազմակերպությունը, դիմել են Շվեյցարիայի իշխանություններին, վերջիններս հաստատել են իրենց պատրաստակամությունը` դերակատարում ունենալ այս հարցում` հստակ մատնանշելով, որ գործընթացի մեկնարկի նախապայմանը Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես նրանց դիմելն է, և իրապես, միջազգային կոնվենցիաներն ասում են, որ պետությունը, ում պատկանում է իր իրավունքը, պետք է դիմի երրորդ երկրի, այսինքն` իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է, հասարակական կազմակերպություններինը չէ, գերիների ընտանիքներինը չէ»։
Սահակյանն ասում է, որ 3 ամիս առաջ դիմել են ՀՀ ԱԳՆ-ին եւ ստացել պատասխան, որ հարցը քննարկվում է։ «Քննարկում են, որպեսզի կողմնորոշվեն` արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացուն պետք է բացարձակ մեկուսացվածության մեջ թողնի այնպիսի երկրում, որտեղ կա խտրական քաղաքականություն և որի առնչությամբ կա ՄԱԿ-ի դատարանի միջազգային օրդեր, և 3 ամիսը բավարար չէ այդ հարցին պատասխան տալու համար»,- վրդովվում է իրավապաշտպանը։
Շվեյցարիան ընտրելը, Սահակյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը նախկինում նման փորձ ունեցել է, այլ երկրների փոխարեն իրականացրել է այցելություններ, բացի այդ՝ Շվեյցարիան չեզոք երկիր է և նրա չեզոքությունն ընկալվում, ընդունվում է բազմաթիվ դերակատարների կողմից։ Բայց, ըստ Սահակյանի, նմանատիպ մանդատ կարող են ստանձնել այլ եվրոպական երկրներ ևս, օրինակ՝ սկանդինավյան երկրները։
Վերադառնալով Հայաստանի սուվերեն իրավունքին` իր քաղաքացուն անարգել տեսնելու, իրավապաշտպանն ընդգծում է, որ ի տարբերություն միջազգային կառուցների, այս դեպքում պետք չէ ստանալ Ադրբեջանի թույլտվությունը։ Չթույլատրելու դեպքում Ադրբեջանը կխախտի Հայաստանի իրավունքը։ «Ժամանակակից աշխարհում, երբ դու միջազգային կարևոր առաքելություն ունեցող կառույցներին հեռացնում ես, դա ունի բացասական ընկալում, բայց Ադրբեջանն այդ մասով ուղիղ որևէ պարտավորություն չի խախտում, իսկ եթե հյուպատոսական ծառայության մուտքն արգելի, այդ դեպքում կխախտի Հայաստանի իրավունքը։ Եվ կարևոր է, թե Հայաստանն ինչպես կարձագանքի։ Իհարկե, պետք է սկսի դատական գործընթացներ»,- նշում է Սահակյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանի սուվերեն իրավունքները խախտվեն իր քաղաքացիների առնչությամբ, և Հայաստանը դատական գործընթաց չիրականացնի, ուրեմն հասարակությունը պետք է դա տեսնի և հասկանա` ինչու։
«Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության օրակարգի մասին, բայց խախտում է Հայաստանի սուվերեն իրավունքներն իր սեփական քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական տարածքում, չգիտեմ՝ որքանով է խաղաղության թեզն իրական»,- ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշում է, որ 10 օր առաջ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեն այցելել է հայ գերիներին։ Այդ մասին կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գնացել, խոսել են, դիտարկել են պայմանները՝ դրանով ցուցադրելով, որ, ճիշտ է, Կարմիր խաչը չի այցելում, բայց այցելության պակաս չկա, այլ կառույց է մուտք գործում՝ նույն խնդիրները լուծելով, ինչ Կարմիր խաչը։ «Այսինքն` մենք որ ասում ենք` բացակայում է որևէ մեխանիզմ, որը դիտարկի, նրանք իմիտացնում են, որ այդ մեխանիզմը կա և այցելություն է իրականացրել՝ միտումնավոր լռելով այն հանգամանքի մասին, որ նման մանդատ իրականացնող կառույցները պետք է լինեն անկախ։ Իսկ Ադրբեջանում անկախ ինստիտուտ գոյություն չունի, հատկապես խոշտանգումների, որովհետև եթե այդ ինստիտուտը գոյություն ունենար, Ադրբեջանը սեփական քաղաքացիների առնչությամբ համակարգված խոշտանգումների պրակտիկա չէր ունենա»,- նշում է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 23 հայ անազատության մեջ է պահվում Ադրբեջանում։ 23-ից 7-ն ունի դատապարտվածի կարգավիճակ, 16-ի գործերն ընթացքի մեջ են 2 առանձին դատավարությունների ձևով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ 15 գերիների գործը, որոնց թվում են Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարները։ 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ին, իսկ մյուսները` 2023-ին։ Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ առնվազն 80 մարդ էլ համարվում է բռնի անհետացած, և այդ առնչությամբ կան անհերքելի ապացույցներ։ Իրավապաշտպանը նշում է՝ պաշտոնապես հաստատված գերիներից նրանք, որոնք ունեն կալանավորվածի կարգավիճակ, առավել հաճախ են զանգում իրենց ընտանիքներին՝ շաբաթը մեկ անգամ, իսկ, այսպես կոչված, դատապարտվածների զանգերի հաճախականությունն այդքան ինտենսիվ չէ՝ 1-2 ամսվա միջակայքում՝ 1 անգամ։ Սահակյանի տեղեկություններով՝ կալանավորվածներն այս շաբաթ զանգել են իրենց հարազատներին, իսկ դատապարտվածների ընտանիքները սպասում են։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել