HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Խուդայանների ընտանիքը պնդում է՝ ՄԻՊ-ից աջակցություն չեն ստացել, ՄԻՊ-ից հայտնում են՝ արձագանքել են բողոքին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքում է տարածել «Հետքի» ֆեյսբուքյան էջում հրապարակված` «Ոստիկանները հաշմանդամություն ունեցող ընտանիքին վտարեցին իրենց միակ կացարանից» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ, որտեղ նշել էինք. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգն այդպես էլ մնաց անարձագանք»:

Մենք նկատի ենք ունեցել այդ օրվա դրությամբ՝ վտարման վերաբերյալ արձագանքը, այլ ոչ թե քաղաքացու ընդհանուր բողոքին երբևէ տված արձագանքը:

ՄԻՊ-ից նշել են, թե «ՆԳՆ ոստիկանության հետ քաղաքացու և նրա ընտանիքի անդամների ներխուժումը վերացնելուց առաջ լրացուցիչ ժամկետ տրամադրելու նպատակով ՄԻՊ աշխատակազմը 2025 թվականի օգոստոսի 4-ին կրկին կապ է հաստատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։ Վերջինս պարզաբանում է ներկայացրել առ այն, որ անշարժ գույքի սեփականատերը հրաժարվում է լրացուցիչ ժամկետ տրամադրել ներխուժումն իրականացրած անձանց՝ Ոստիկանությունից պահանջելով իրականացնել ներխուժումը վերացնելուն ուղղված գործողություններ»:

«Հետքը» ևս մեկ անգամ կապ հաստատեց Սերգեյ Խուդայանի հետ, որը հայտնեց, որ ՄԻՊ աշխատակիցներն իրեն այդ օրը չեն ասել, թե կապ են հաստատել Ոստիկանության հետ և թե ինչ են ասել ոստիկանները վտարման վերաբերյալ:

Ավելի ուշ Սերգեյ Խուդայանը տեղեկացրեց, որ վտարման օրը ՄԻՊ ներկայացուցիչը զանգել է իրեն, խոսել են Խուդայանի` ՄԻՊ-ին ուղղված նախկին դիմումներից` նշելով, թե դիմումից հետո Խուդայանը չի ներկայացել ՄԻՊ-ի գրասենյակ: «Ես իրեն ասացի՝ սա ձեր աշխատանքի արդյունքն է: Ինքը սկսեց արդարանալ՝ բա դուք չեկաք տարի ու կես առաջ: Ես ասի՝ հիմա էս ա վիճակը, դուք կարա՞ք բան անեք: Ինքն ասեց՝ ես ձեզ կզանգեմ»,- նշեց Սերգեյ Խուդայանը:

Նույն օրը Խուդայանին ՄԻՊ-ի մեկ այլ աշխատակից է զանգել, ըստ Խուդայանի՝ հարցրել է, թե ինչ է եղել: Խուդայանը պատմել է, որ մի քանի օր առաջ եղել է ՄԻՊ գրասենյակում, խոսել է Փառանձեմ անունով աշխատակցի հետ, որն ասել է, թե կփոխանցի իր գործընկերոջը, որ դիմեն Ոստիկանություն՝ վտարման ժամկետը հետաձգելու համար, սակայն հետո կապ չեն հաստատել իր հետ և ինքը տեղյակ չի եղել՝ արդյոք դիմել են Ոստիկանություն և ինչ են կարողացել անել: «Ինքն ասեց՝ դե, մենք էլ ոչ մի բան չենք կարա անենք»,- նշեց Խուդայանը` հավելելով, որ վտարման վերաբերյալ որևէ հրատապ գործողություն ՄԻՊ-ը չի իրականացրել և վտարվելուց հետո էլ չի հետաքրքրվել, թե հաշմանդամություն ունեցող ընտանիքն ինչ ճակատագրի է արժանացել:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ընդհանուր արձագանքին այս խնդրին, Սերգեյ Խուդայանի խոսքով, 2025թ. հուլիսի 25-ին գնացել է ՄԻՊ-ի գրասենյակ, որտեղ հիշել են իրեն և հայտնել են, թե մեկ ու կես տարի առաջվա իր դիմումը մինչ օրս բաց է, այսինքն՝ քննվում է: Այդ օրը, ինչպես պատմում է Սերգեյ Խուդայանը, իրեն ասել են, որ կզանգեն Ոստիկանություն և հաջորդ օրը իրեն տեղյակ կպահեն: Սակայն որևէ արձագանք չստանալով՝ Խուդայանը որոշել է հուլիսի 28-ին ևս մեկ անգամ այցելել ՄԻՊ գրասենյակ և նույն բովանդակությամբ գրավոր բողոք է ներկայացնել: «Ամսի 28-ին գնացել եմ, ու պարզվում է, որ ինքը երևի ոչ մի բան էլ չի արել, դրա համար ինձ էլ չի զանգել: Ինձ հույսով էր արել, որ ամսի 26-ին կզանգի»,- ասում է Սերգեյ Խուդայանը: Միևնույն ժամանակ, Խուդայանը նշում է, որ հուլիսի 28-ին իրեն հայտնել են, թե զանգել են Ոստիկանություն եւ տեղեկացել, որ Խուդայանին տրվել է առավելագույն ժամկետը։ «ՄԻՊ-ն ինձ ասաց, որ այլևս ոչինչ չի կարող անել»,- նշեց Սերգեյ Խուդայանը՝ հավելելով, որ եթե այդ օրը չգնար ՄԻՊ գրասենյակ, իրեն չէին արձագանքի:

Ստորև ներկայացնում ենք նաև ՄԻՊ հերքման տեքստը.

«Հետք» լրատվական կայքի սոցիալական հարթակում կատարվել է հրապարակում՝ «Ոստիկանները հաշմանդամություն ունեցող ընտանիքին վտարեցին իրենց միակ տնից» վերտառությամբ, որտեղ մասնավորապես, նշվել է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգն այդպես էլ մնաց անարձագանք»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ քաղաքացու ահազանգը ՄԻՊ հաստատության կողմից անարձագանք թողնելու վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը:

2025 թվականի հուլիսի 25-ին քաղաքացին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և տեղեկացրել, որ ինքը և իր ընտանիքի անդամներն ունեն առողջական խնդիրներ և հաշմանդամություն։ Նա նաև հայտնել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից բնակության վայրն ինքնակամ ազատելու նպատակով քաղաքացիներին տրամադրվել է ժամկետ՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը։

Հուլիսի 28-ին քաղաքացու կողմից վերոնշյալ բովանդակությամբ բողոք է մուտքագրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Բողոքի հիման վրա՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ քաղաքացու կողմից ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու, ինչպես նաև նրան և ընտանիքի անդամներին հավելյալ ժամկետ տրամադրելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով։

Վերոգրյալից բացի, դեռևս հուլիսի 25-ին Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ներկայացուցչի հետ՝ բարձրացված խնդիրը քննարկելու և քաղաքացու ընտանիքին հավելյալ ժամկետ տրամադրելու հարցով։

Վերջինս պարզաբանել է, որ քաղաքացուն տրամադրվել է օրենսդրությամբ նախատեսված հնարավոր առավելագույն ժամկետը: Տեղեկացվել է նաև, որ Ոստիկանության իրավասու ներկայացուցիչը հանդիպել է քաղաքացու հետ, քննարկել նրա բարձրացրած խնդիրները և պարզաբանել վերաբերելի իրավական կարգավորումները։

Քաղաքացու և նրա ընտանիքի անդամների ներխուժումը վերացնելուց առաջ լրացուցիչ ժամկետ տրամադրելու նպատակով ՄԻՊ աշխատակազմը 2025 թվականի օգոստոսի 4-ին կրկին կապ է հաստատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։ Վերջինս պարզաբանում է ներկայացրել առ այն, որ անշարժ գույքի սեփականատերը հրաժարվում է լրացուցիչ ժամկետ տրամադրել ներխուժումն իրականացրած անձանց՝ Ոստիկանությունից պահանջելով իրականացնել ներխուժումը վերացնելուն ուղղված գործողություններ։

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում այլ լիազորություններ չուներ և չէր կարող գործադրել: Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկումը շարունակվում է՝ իրավունքի խախտման առկայության/բացակայության փաստը գնահատելու նպատակով:

Նշված գործի շրջանակներում առանձին քննակման առարկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցների հարգելի մեր գործընկերներին զերծ մնալ չստուգված և միակողմանի տեղեկատվության հրապարակումներից՝ առավել ևս այն պարագայում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատուները գործընկերների համար մշտապես հասանելի են»:

Թե որ մարմիններին քանի նամակ է գրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչ պատասխաններ է ստացել կամ ստանալու, արդեն որեւէ նշանակություն չունի: Փաստն այն է, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձինք զրկվել են տնից, հայտնվել փողոցում: 

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter