HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

...Պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք… Պէտք է խելքի գանք վերջապէս. Լևոն Շանթ (մաս 3)

Սկիզբը

Ռուսը, երբ կը քալէ երկրի վրայ, կու գայ տեղաւորուելու համար...

Շանթը չուներ որևէ վստահություն ռուսական քաղաքականության նկատմամբ: Զարմանում էր, թե  հաճախ որքան զուրկ ենք մենք ազգային արժանապատվությունից: «Ռուսը մեզի իր պէտքերուն ծառայացընելէն եւ մեզի շարունակ մեր դրացիներուն հետ կռուեցնելէն ետքը՝ հաշւեյարդարութեան վայրկեաններուն, միշտ պիտի պահէ թաթարին ու վրացիին կողմը, որովհետեւ վիրն ու թաթարը հենց իրենց դիմադրութեամբն ու պահանջումներովը պիտի ներկայացնեն որոշ ուժ մը, որ ռուսը ստիպուած է հաշուի առնելու իր որոշումները տալու ժամանակ, իսկ իր սեփական  կամքէն հրաժարած եւ իր պաշտպանութիւնը ամբողջապէս ռուսի զէնքին ու բաղդին կապած «բարեկամ», այսինքն՝ ողորմելի հայութեան վրայ ի՞նչ կարիք ունի անիկա շատ գլուխ յոգնեցնելու»:

Զարմանում և բարկանում էր, երբ լսում էր ՝«խոհեմ ըլլանք,  մտնենք ռուսի աչք, պինդ բռնենք  իր փեշէն», որ մնա այստեղ և պաշտպանի մեզ թուրքից՝ մանթրայի պես տակավին հնչող թեզերը: «...Տղայական  քաղաքագիտութիւն մըն է կարծելը, թէ մեր «հաւատարմութիւնը» եւ «բարեկամութիւնը» կրնան լուրջ դեր մը խաղալ, որ ռուսները ...  վտանգի պահուն... պաշտպանեն մեզի : ...Եւ վայն եկէր է մեր ազգութեան, եթէ իրաւ որ ռուսներու տիրապետութեան փեշերուն տակը միայն հնարաւոր պիտի ըլլայ թոքախտաւոր գոյութիւնը մեր ժողովուրդին, ինչպէս կը կրկնեն մեր յուսահատները»:

Շուտով խորհրդարանի մեծամասնությունը, որ Արևմտյան Հայաստանից էր, Շանթին՝ իբրև իրենցից մեկը, առաջադրեց  հանրային կրթության նախարար։ «Շանթը  վճռականորեն մերժում էր «արեւմտահայ-արեւելահայ» հարցի գոյութեան իրաւունքը եւ գտնում էր վնասակար նման հարցի արծարծումը, -հիշում է Ս.Վրացեանը: Նա ասում էր, որ դա  մեր թշնամիների հորինած տարանջատումն է, և պէտք չէ որ մենք այն օրինականացնենք։ «Ի՞նչ արեւմտահայ, ի՞նչ արեւելահայ. միայն հայը բաւական չէ՞»: Եվ  մերժեց նախարար դառնալու առաջարկը:

 Որքան հեռու լինի ռուսը մեզնից, այնքան լաւ...

Բոլշևիկների հետ բանակցելու և Հայկական պետութեան ազգային անկախութիւնը նրանց կողմից ճանաչել տալու  համար, Լևոն Շանթը նշանակվեց Մոսկվա մեկնող  Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ: Գրում է Ս. Վրացյանը.«Մեզնից շատերը Ռուսաստանը… համարում էին նաեւ միակ մեծ ուժը Հայաստանին կից, որ կարող էր բախտորոշ դեր կատարել մեր հայրենիքի կեանքում։ Շանթը լսում էր մեր վէճերը ուշադրութեամբ, բայց մազաչափ իսկ չէր փոխում իր համոզումը՝ «որքան հեռու լինի ռուսը մեզնից, այնքան լաւ»։ Իր այս կեցուածքի պատճառով էր գլխաւորապէս, որ նա նշանակուեց Հայաստանի պատուիրակութեան նախագահ»:

 Ոդիսական մըն էր մեր ճամբորդութիւնը Բոլշեւիկըստանի միջով...

Երկար ճանապարհին նրա վրա ահռելի ազդեցություն գործեցին այդ ավերված ու թշվառ երկրի բնակավայրերը: Ինչևէ` հասան Մոսկվա: Արտաքին նախարարության կողմից հայկական պատվիրակության հետ բանակցում էր Լևոն Կարախանը՝ մոլեռանդ բոլշևիկ, ապագային՝ Թուրքիայում սովետական դեսպան և, իհարկե, 1937-ին, Ստալինի կարգադրությամբ, գնդակահարվելիք պաշտոնյա, «որ խորքին մէջ դեռ հայ մըն էր» ,-գրում է Շանթը: Կարախանը առանձնապես տեղեկություն չուներ Հայաստանի սահմանների, տնտեսության, ազգաբնակչության կազմի մասին: Մերոնք՝ Հայաստանի քարտեզը փռած նրա դիմաց, ներկայացնում էին մեր երկիրը: Շանթը ամփոփում է բանակցության արդյունքները.

«Բոլշեւիկները կը ճանչնային մեր անկախութիւնը՝ մեզի բոլշեւիկ դառնալու պահանջ չէին դներ, կուզէին միայն, որ փոխադարձ բարեկամական դաշինք կընքէինք: Խորքի մէջ անոնց ուզածը երեք բան էր. 1) Դիւրութիւն տանք իրենց, որ թուրքերուն զէնք ու ոսկի հասցնեն մեր երկրի վրայէն. 2) Անմիջապէս խորհրդային դեսպանութիւն հաստատել Երեւանի մէջ: Դեսպանութիւն ըսելով կը հասկնային հարիւրեակ մը պաշտօնեաներ եւ քանի մը վագօն բոլշեւիկեան զրականութիւն: Այսինքն՝ կ’ուզէին բերդը ներսէն գրաւել: 3) Փոքրիկ յոյս մը ունէին, որ Հ. Յ.Դաշնակցութեան փորձառութիւնը, համարձակութիւնը եւ արեւելեան ժողովուրդներու լեզուներուն ու բարքերուն ծանօթ ըլլալը կարողանան օգտագործել իրենց պրոպագանդը Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներու մէջ տարածելու համար: Կարախանը մեզ կը յուսադրէր, որ շուտով կը վաւերացուի իրենց կողմէ մեր դաշնագրութեան թուղթը եւ անկէ վերջ պատիւ կ’ունենանք Նորին Մեծութիւն տովարիշչ Լենինին իբրեւ դաշնակից ներկայանալու»:

 Ի՞նչ կարեւորութիւն ունի ստորագրութիւնը...

Բայց մեր պատվիրակությունը «այդ մեծ պատվին» չարժանացավ, որովհետեւ  Բաքվի հայ բոլշևիկները մեծ աղմուկ բարձրացրին, թե՝ տեսեք «բոլշեւիզմը դաշնակցիլ կ’ուզէր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ»: Բաքվի բոլշևիկների հետ լեզու գտնել Մոսկվան չկարողացավ, և մեր պատվիրակները, առանց վավերացնելու համաձայնագիրը, վերադարձան Երևան, նրանց ետևից՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից մեր երկրում ներկայացուցիչ նշանակված, տխրահռչակ, հայատյաց Բ.Լեգրանը: Փաստաթուղթը ստորագրվեց և տեղվույն վրա բոլշևիկները դրժեցին իրենց ստորագրությունը: Կարախանը նույնիսկ հեգնանքով հայտնեց՝ «Ի՞նչ կարեւորութիւն ունի ստորագրութիւնը»:  

Մինչ Շանթը և մյուսները Թիֆլիսով Երևան կհասնեին, բոլշևիկները կուտակվում էին Հայաստանի հյուսիսային սահմաններին, իսկ թուրքերը մոտենում էին Կարսին: «Բայց... բոլորս ալ յուսահատ հաւատք ունէինք, որ մեր զօրքերու անձնուիրութիւնը պիտի կասեցնէր թուրքերու յառաջխաղացումը: Բոլշեւիզմը քանդեց մեր այդ յոյսն ալ: Ամբողջ վաշտեր, տարուած բոլշեւիկեան պրոպագանդով, հրաժարեցան կըռուելէ: Ազգային հոգեբանութիւնը կոտրած էր: Թուրքերը ազատ առաջ կը շարժուէին...Մէկ, երկու շաբաթ վերջ, երբ թուրքերը Ալեքսանդրապոլ կը հասնին, հայ բոլշեւիկներու ղեկավարութեամբ ռուս անօթի եւ կիսամերկ զօրքը կը տիրանար Երեւանին»:

Խումբ մը մեր ընկերներէն կացինահար էին ըրեր 

Սկզբնական շրջանում բոլշևիկները հայտարարեցին, թե իբրև  «բարի կամքի» դրսևորում,     իրավունք  պիտի տան մտավորականությանը՝ Նիկոլ Աղբալեանին, Լևոն Շանթին, Դերենիկ Դեմիրճեանին, Հակոբ Մանանդեանին, Մանուկ Աբեղեանին և ուրիշներին, ստեղծել իրենց «կոմունան»։ Եվ իբր, այդ նպատակով նրանց պետք է հանձնվի Հաղարծինի կիսավեր վանքը՝ տարածքով, «...որ պիտի դառնար «լուսաւորութեան կեդրոն, մի տեսակ աշխարհիկ միաբանութիւն ։ Եւրոպական համալսարաններ աւարտած ու հայ մշակոյթին մեծ ծառայութիւններ մատուցած այդ մտաւորականները «լուսաւորութեան կեդրոն»ին մէջ իրենց ապրուստը պիտի վաստակէին… բանջարաբուծութեամբ, անասնապահութեամբ, մասնաւորաբար՝ հաւաբուծութեամբ, խոզաբուծութեամբ եւ այլն…»:

1921թ Փետրվարի 18. Ապստամբության իրավունքով

Բոլշևիկները խլեցին Շանթին հատկացված Երևանի բնակարանը, և նա ստիպված տեղափոխվեց Նիկոլ Աղբալեանի մոտ: Այստեղ էլ՝ 1921-ի Փետրվար 9-ի գիշերը, երկուսին էլ ձերբակալեցին և տարան Չեկայի նկուղ: 3-4 օր պահեցին այնտեղ՝ առանց հարցաքննության: Շանթը պատմում է, թե ինչպես Աղբալեանը՝ «փորձուած տէրտէրի հմտութեամբ, ամբողջ եկեղեցական արարողութիւնը ըսաւ ու կատարեց այդ պզտիկ սենեակի մէջ խռնուած 30-40 բանտարկեալներու առջեւ, ամէնուն զարմանք ու հիացում պատճառելով...»: Հետո սկսեցին բանտարկյալներին  խումբ-խումբ հանել խցից: «...վարէն լսուող  յուսահատ կանչեր եւ ծեծկըռուքի նմանող աղմուկներ սառեցուցին մեր բոլորիս արիւնը: Կը զգայինք, որ գարշելի բան մը կը կատարուէր, եւ իրօք, իմացանք, որ խումբ մը մեր ընկերներէն կացինահար էին ըրեր, անոնց մէջ եւ Համազասպը»(հրամանատար): 1921թ. Փետրվարի 18-ն էր:  Բանտում շշուկներ տարածվեցին, թե սասունցիները և մյուսները լուսադեմին հարձակվելու են բանտի վրա: Շուտով «...հեռուէն մեր ականջին հասան «Մեր Հայրենիք» երգի առաջին հընչիւնները: Հասկցանք, որ կուգային մեզ ազատելու»: Բայց Աղբալեանն ու Շանթը խցից այդպես էլ դուրս չէին գալիս: Ինչո՞ւ, «որովհետեւ Նիկոլը կը մտածէր, թե երթալու պարագային ի՞նչ ընէր իր անկողինը՝ թողնել չէր կրնար, տանիլ  չէր կրնար: Ես զուր կը քաշէի թեւէն, մինչեւ որ մեր երիտասարդ ընկերներէն մէկը ներս վազեց շնչահատ , թէ՝ «ընկեր Շանթ, ընկեր Նիկոլ, անկողինը ես կը բերեմ, երթանք վար»:  Փետրվարյան ապստամբությունը Ապրիլին ճնշվեց:  Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներից, ովքեր  կարողացան, հիմնականում իջան  Մեղրի: Տիկերից շինված լաստերով անցան Արաքսը և, ռազմական նախկին նախարար Ռուբէնի Տէր Մինասեանի ու տեղացի քուրդ պարագլխի միջև ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ, անփորձանք  հասան Թավրիզ: 

Անշուշտ, անորոշ էր վտարանդի Շանթի հետագա ճակատագիրը: Բայց հստակ է՝ եթե չլիներ Փետրվարյան ապստամբությունը նրա հետքն անգամ չէր մնալու: Տեղացի  թուրք մսագործներից հավաքագրված դահիճները՝ կացինները սրած, սպասում էին  Չեկայի բանտում դեռևս ողջ մնացած հայերի մյուս խմբին, որոնց մեջ նաև Լ.Շանթն էր և Ն.Աղբալեանը, գլխատելու հրամանին, ինչպես գլխատել էին Համազասպ Սրվանձտեանին և մյուսներին: Ինչևէ, Պարսկաստանով Շանթը անցավ Մարսել և մնաց այնտեղ մինչև 1925 թվականը: Ուսուցչություն արեց: Մինչև որ 1926-ին, Ն.Աղբալեանը՝ Հայաստանի Հանրապետության  Կրթության երբեմնի նախարարը, նրան հրավիրեց Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, Ազգային Պօղոսեան վարժարանում դասավանդելու համար:  Անկախության 10-րդ տարելիցի օրը՝ 1928 Մայիս 28-ին, Կահիրեում հիմնեցին Համազգային Կրթական եւ Մշակութային միութիւնը: «Մայիսի 28-ը անցեալ կը դառնայ, մինչ  ան պէտք է ապագայի տենչ մը ըլլայ: Ո՞վ  պէտք է կատարէ այս դերը: Երկու միջոց կայ. դպրոց եւ գիրք, որոնք միայն կրնան փրկարար դեր կատարել, հայ մնալու պայքարը մղել, հայ հոգիներու մէջ ազգային մակարդակը պատրաստել»: Շանթը դեռ շատ գործ ուներ անելու  հայության համար:

շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter