HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր առանձնատան կառուցումը։ «Հետքի» նկարահանող խմբի այցելության ժամանակ (հուլիս 2025թ․) շինարարներն առանձնատան դիմացի լողավազանն էին կառուցում։ Գյուղացիները գիտեն, թե դա ում տունն է։

Առանձնատունը գերիշխող դիրք ունի հարակից տների նկատմամբ, կառուցապատվող հողամասը պարփակված է լեռներով։ Առանձնատնից բացվում է տեսարան դեպի Սեւանա լիճ։ Տունը լճի ափից հեռու է մոտ 385 մետր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ առանձնատունն իր համար չէ, ինքը նախընտրում է Սեւանա լճի ափին գտնվող Նկարիչների միության հանգստյան տունը։ Նշենք, որ այն խորհրդային տարիներին է կառուցվել եւ անմխիթար վիճակում է։

Տիգրան Ավինյանի 66-ամյա հայրը՝ Արմեն Ավինյանը, Շորժայի (ներկայիս անվանումը՝ Շողակաթ) առանձնատան շինարարության թույլտվությունը ստացել է 2022 թ․-ին։ Այդ ժամանակ Շողակաթ բնակավայրը գտնվում էր նույնանուն՝ Շողակաթ համայնքի կազմում, շինթույլտվությունը տրամադրել է Շողակաթի համայնքապետը: Այժմ Շողակաթ բնակավայրն ընդգրկված է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։ Արմեն Ավինյանին տրված շինթույլտվության համաձայն, Շողակաթ 10-րդ փողոց 8/1 հասցեի հողամասում կառուցվելու են 286 քմ մակերեսով առանձնատուն, լողավազան եւ ոչ հիմնական շինություններ։

2025 թ․-ի հուլիսի դրությամբ առանձնատունն արդեն կառուցվել է, տեղադրվել են պատուհանները(դեռեւս շահագործման հանձնված չէ)։ Առանձնատան անմիջապես կողքին կառուցվել է օժանդակ շինություն, իսկ առանձնատան դիմաց՝ 2 լողավազան։ Լողավազանի տակ եւս շինություն է կառուցվել (ենթադրվում է՝ ավտոկայանատեղի է)։ Առանձնատան հետնամասում էլ մետաղական կոնստրուկցիաներ են տեղադրվել (հավանաբար՝ արեւային էներգիա արտադրող պանելների համար)։ Առանձնատուն տանող ոլորապտույտ ճանապարհը քարապատ է՝ եզրերից բետոնով ամրացված։ Մեր նկարահանման ժամանակ շինհրապարակում կայանված էր 2 ջրային մոտոցիկլ։ Արմեն Ավինյանի առանձնատունը կառուցվում է 2000 քմ հողամասի վրա, որի հարեւանությամբ գտնվող 660 քմ հողամասը եւս պատկանում է նրան։ Թե ինչ միջոցներով եւ որքան գումարով է առանձնատունը կառուցվում՝ մեզ հայտնի չէ։ Սակայն, նման ծավալի շինարարության համար, շինարարների մոտավոր հաշվարկներով, անհրաժեշտ է առնվազն 150-200 հազար դոլար (կահավորումը չհաշված)։

36-ամյա Տիգրան Ավինյանը պետական եւ համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2017 թ․-ից։ Այդ ժամանակ նա Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ էր։ 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո Տիգրան Ավինյանի կարիերայում բեկումնային փոփոխություն եղավ՝ նա նշանակվեց ՀՀ փոխվարչապետ եւ պաշտոնավարեց մինչեւ 2021 թ․-ը։ Այդ տարվա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Տիգրան Ավինյանը չմասնակցեց, նրա անունը չկար ՔՊ-ի համամասնական ցուցակում։ Սակայն մեկ տարի անց Ավինյանը դարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ, ապա՝ 2023 թ․-ի ավագանու ընտրությունների արդյունքներով, մեծ դժվարությամբ, ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է Տիգրան Ավինյանի կենսագրությունը, որի համաձայն՝ 2009-2013թթ. նա աշխատել է Զարգացման հայկական բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ, 2010-2011 թթ․ հանդիսացել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության հիմնադիր և ղեկավար, 2014-2016թթ. եղել է «Շիրակ» տեխնոլոգիական ընկերության թվայնացման համակարգերի խորհրդատու, իսկ 2014-2018թթ.՝ ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար։

Փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Տիգրան Ավինյանի ընտանիքը բիզնես հաջողություններ է ունեցել։ 2018 թ․-ին Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, դարձել է «Էտալոն Գ․Ա․Մ․Ա․» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։ Ըստ «ՍիվիլՆեթի», այդ ընկերությունը ձեռք բերելով՝ Խլղաթյանը դարձել է Էջմիածին համայնքում գտնվող 9 հա հողատարածքի սեփականատեր։ Ավինյանի հայրն էլ՝ Արմեն Ավինյանը, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում 1000 քմ հողամաս է ձեռք բերել շուկայական արժեքից տասնապատիկ ցածր գնով, գույքի վաճառողը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայրն է եղել։ Նորք-Մարաշ վարչական շրջանում նախորդ տարի Տիգրան Ավինյանի մայրը առանձնատուն է ձեռք բերել։ «Factor.am»-ը պարզել էր, որ գործարքից առաջ նույն առանձնատունն անշարժ գույքի գործակալները փորձում էին վաճառել 490 հազար դոլարով, Ավինյանները չեն բացահայտել գործարքի պայմանագրային գինը, միայն նշել են, որ գումարի մեծ մասը վարկային միջոցներ են։

Եվ վերջապես, «ՍիվիլՆեթ»-ը և «OCCRP»-ն 2024 թ․-ին հրապարակած հետաքննությամբ բացահայտեցին, որ ներկայում Տիգրան Ավինյանի հորը պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել պետական օժանդակության ծրագրերով այգիներ հիմնող սուբյեկտներին։ Բացի այդ, լրատվամիջոցը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է «Իրիգեյթ»-ի կողմից բյուջե կատարած մուտքերի մասին տվյալները՝ 2011-ից ի վեր։ Այդ տվյալներից երևում է, որ Ավինյանի՝ փոխվարչապետ դառնալուց հետո «Իրիգեյթ»-ի հարկերը միջինը 12,5 անգամ աճել են։ Ընկերության հիմնադրումից մինչև 2018-ը ընկերությունը բյուջե վճարել է 13,5 մլն դրամ։ Ընդ որում, ամենաշատ հարկերը վճարվել են 2013-ին՝ 3,9 մլն դրամ։ 2019-2023 թթ., սակայն, «Իրիգեյթ»-ի վճարած հարկերը գերազանցել են 106 մլն դրամը, ընկերության մուտքերը բյուջե կայուն աճել են, իսկ 2023-ին հասել ռեկորդի՝ կազմելով 41 մլն դրամ»։ Հոդվածի հրապարակումից հետո քաղաքապետը դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։

Տիգրան Ավինյանը համաձայն չէ, որ իր կարիերային զուգահեռ են աճել ընտանիքի եկամուտները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գրավոր տեղեկացրել ենք, որ պատրաստվում ենք հոդված հրապարակել իր հոր առանձնատան մասին։ Մեր հարցման մեջ գրել ենք․ «Մինչեւ 2018 թ.-ը Դուք հանդիսացել եք Երևան համայնքի ավագանու անդամ։ Նույն ժամանակահատվածում Ձեզ, ապա Ձեր հորը պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ի շրջանառությունն անհամեմատ փոքր է եղել, քան 2021-2023 թթ․-երին։ Ձեր եւ Ձեր տիկնոջ հայտարարագրերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ձեզ ֆինանսապես օգնում է Ձեր հայրը ( նաեւ գույքային նվիրատվություններ կատարելով)։

Ձեր ընտանիքի անդամի ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնվել է Ձեր կողմից պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ։ Այդ թվում՝ գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի շահառուներին ծառայություններ մատուցելու արդյունքում։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ մենք ենթադրում ենք, որ այս առանձնատան կառուցումը (եւ կառուցման համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը) եւս պայմանավորված է Ձեր քաղաքական հաջողություններով։ Խնդրում եմ արձագանքել այս դիտարկմանը»։ Ավինյանին նաեւ հարցրել ենք՝ արդյոք առանձնատունը կառուցվում է Ձեզ համար։

Մեր գրավոր հարցմանը պատասխանել է ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ ««Հետք»-ի հարցման մեջ ընտրողաբար անդրադարձ է կատարվել միայն Irrigate ընկերությանը՝ անտեսելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի կենսագրությունում առկա աշխատանքային փորձը՝ մոռացության մատնելով Տիգրան Ավինյանի գործունեությունը մինչև պետական ծառայության անցնելը։

Տիգրան Ավինյանը, դեռևս 2017 թվականին լինելով 28 տարեկան և չզբաղեցնելով պետական որևէ պաշտոն, հայտարարագրել է շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ եկամուտ (դոլարի փոխարժեքը 2016-2017 միջինացված)։ Կից՝ հայտարարագիրը։

Տիգրան Ավինյանի՝ 2014 թվականին Միացյալ Թագավորությունում ուսանելու ծախսերը, այդ թվում՝ ուսման վարձը և կեցությունը, ինչպես նաև՝ կնոջ Լոնդոնում ուսանելու ժամանակ նրա կեցության հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգացել է Տիգրան Ավինյանի ընտանիքը։ Նույնը վերաբերում է եղբոր՝ Իսպանիայում ուսանելու ընթացքում վարձավճարների և ապրուստի ծախսերին։

2017 թվականին քաղաքապետը և իր հայրը մոտ 80.000 ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել կրիպտոարժույթների մեջ։ Հետագայում, ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը հիմնել է 1.5 ՄգՎտ արևային կայանների արտադրություն. ամբողջ էլեկտրաէներգիան ծախսվում է կրիպտոարտադրության համար։ Այլ ձեռնարկություններ նույնպես առկա են, սակայն, քաղաքապետի ընտանիքի հետ առնչություն ունեցող որևէ մի ընկերություն չի մասնակցել և չի մասնակցում պետական և համայնքային գնումներին, ինչպես նաև պահպանում է շահերի բախման հնարավոր ամենախիստ քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Շողակաթի տանը՝ ո՛չ, այն չի կառուցվում քաղաքապետի համար, քանի որ քաղաքապետը նախընտրում է ամառային հանգիստն անցկացնել Սևանում՝ Նկարիչների միությանը պատկանող հանգստյան տանը:

Ամփոփելով՝ արձանագրենք հետևյալը՝ փորձ է արվում ստեղծել մի պատրանք, ըստ որի՝ Տիգրան Ավինյանն իբր մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը չի ունեցել միջոցներ։ Այս միտքը համակարգային դարձած մանիպուլյացիա է։ Փաստերը, սակայն, դա հերքում են։

Քաղաքապետը մաղթում է ձեզ հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանք։ Խնդրում ենք պատասխանը հրապարակել ամբողջությամբ՝ առանց խմբագրման, մասնատման կամ մոլորեցնող վերնագրերի»։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Հոդվածի պատրաստմանն աջակցել է Ալյոնա Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter