HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Միքայել Աջապահյանը ևս 10 օր կմնա կալանքի տակ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացվել է 10 օրով։ Այս մասին որոշումն ընդունել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Դատական նիստի ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդեցին երկարացնել Աջապահյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը։ Իսկ Աջապահյանի պաշտպանները պնդեցին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Միքայել Աջապահյանը դատարանում հայտնեց, որ երբեք ավելի ազատ չի եղել, որքան անազատության մեջ գտնված այս 50 օրերի ընթացքում։ «Չկա մի վայր, որտեղ Աստված ներկա չլինի։ Այդ ո՞ւր պետք է մեկուսացնեք ինձ, որպեսզի ես զրկվեմ Աստծո ներկայությունից։ Չկա այդպիսի վայր այս աշխարհում։ Եվ վա՛յ այն հոգևորականին, որ կվախենա, կընկճվի, կընկրկի։ Ես ինչ ասում եմ, նույնը վաղը կարող է ասել Բագրատ Սրբազանը»,- նշեց Միքայել Աջապահյանը։

Նա ասաց, որ որևէ հանցանք չի կատարել և չի խնդրելու մեղադրող կողմին կամ դատարանին, որ իրեն ազատ արձակեն։ «Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ մեղադրող կողմին կամ պատվարժան դատրանին ինձ բաց թողնել: Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս երկրի և պետության առջև չեմ արել: Ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, սովետական իշխանությունները, որոնց միշտ քննադատել եմ, ինձ չեն կալանավորել ՀՀՇ-ականները, որոնց միշտ քննադատել եմ։ Չեն կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունները, որոնց ես միշտ քննադատել եմ: Եվ պետք էր հասնել այս «լուսավոր, այս հեղափոխական, դեմոկրատիկ» երկիրը, որ ես կալանավորվեի որպես հանցագործ։ Սա կմնա այս իշխանությունների և իրենց կամակատարների խարանը: Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստը, 5000 զոհերը: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել խեղճ վարչապետի գրպանը: Մեզ կալանավորել են այս խեղկատակ իշխանությունները: Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի»,- նշեց Աջապահյանը։

Դատարանը որոշեց Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 10 օրով։

Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter