
Եղվարդի բիտումի և քսայուղերի գործարանին տրվել է բացասական եզրակացություն
Եղվարդում քսայուղերի և բիտումի արտադրության իրականացման արդյունքում սպասվող արտանետումներն իրենց անդառնալի բացասական ազդեցությունն են ունենալու շրջակա միջավայրի վրա՝ մթնոլորտային օդի և հարակից բնակավայրի։ Արտադրական գործունեության համար պահպանված չեն սահմանված սանիտարապաշտպանիչ գոտու չափերը։
Այսպիսի հիմնավորմամբ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Դերղոկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Եղվարդում բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին։
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրում գտնվող բիտումի և քսայուղերի գործարանը կառուցված է, սակայն տարիների շարունակ այն շահագործելու թույլտվություն չէր տրամադրվում, քանի որ գործարանը չէր անցել ՇՄԱԳ փորձաքննություն։
Նախ՝ քննարկման առարկա էր դարձել գործարանի՝ ՇՄԱԳ փորձաքննություն անցնել-չանցնելու հարցը, այնուհետև, երբ պարզվել էր, որ, այդուհանդերձ, գործարանը պետք է անցնի ՇՄԱԳ փորձաքննություն, հայտը մի քանի անգամ հետ՝ լրամշակման էր ուղարկվել։
Այս տարվա գարնանը «Արմօյլ» ՓԲԸ-ն կրկին լրամշակված հայտ էր ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննության, և հուլիսի 29-ին ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է պետական փորձաքննության բացասական եզրակացությունը։
Ինչ էր նախատեսվում
Արտադրության գործընթացը նախատեսվում էր իրականացնել արդեն իսկ կառուցապատված արտադրական տարածքում, որտեղ տեղակայված են արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, իսկ տարածքն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Գործարանը գտնվում է 2,8 հա սեփականաշնորհված հողամասում, որտեղ նախատեսվում էր իրականացնել բիտումի արտադրություն, յուղերի խառնում (blending) և փաթեթավորում։ Բիտումի արտադրության նախագծային արտադրողականությունը կազմելու էր տարեկան 90 հազար տոննա տարբեր նշանակության բարձրորակ բիտումներ, օրական՝ 300 տոննա։ Հումքը նախատեսվում էր ներմուծել Իրանից։
Յուղերի արտադրամասի արտադրողականությունը կազմելու էր տարեկան 24 հազար տոննա, արտադրվելու էր բենզինային, դիզելային շարժիչի յուղեր, հիդրավլիկ յուղեր, արգելակման հեղուկներ, ավտոմատ և ոչ ավտոմատ փոխանցման տուփի յուղեր, արդյունաբերական յուղեր։
Մոտակա բնակելի տունը գործարանից 140 մ հեռավորության վրա է, ճանապարհը՝ 74 մ, իսկ 49 և 59 մ հեռավորության վրա գտնվում են այգիները։
Ինչու է մերժվել հայտը
Փորձաքննական հիմնավորումներում նշվել է՝ խնդրահարույց է մնացել այն հանգամանքը, որ գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպան գոտու սահմանված նորմերը՝ մոտակա բնակելի տարածքի, որը գտնվում է 140 մ հեռավորության վրա և 74 մ հեռավորությամբ գտնվող ճանապարհի։ Մինչդեռ քաղաքաշինական նորմերի համաձայն՝ քիմիական օբյեկտների և արտադրությունների բնագավառում՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպան գոտի (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024թ․ փետրվարի 1-ի հրաման՝ «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» հրամանի հավելվածի) ։
Փորձաքննական գործընթացում դիտարկվել է նաև ընկերության ներկայացրած քաղաքացիական գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ․ փետրվարին կայացրած վճիռը, որով սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին ընկերության հայցը բավարարվել է։ Ելնելով տվյալ հանգամանքից սանիտարապաշտպանիչ գոտու սահմաններում գտնվող այգեգործական տարածքները գործունեության վնասակար ազդեցությունը չի գնահատվել։
Նախագծում և ՇՄԱԳ-ում տրված չէ օքսիդացման պրոցեսների ժամանակ առաջացող գոլորշիների գազային կազմը, ինչպես են դրանք հավաքվելու, ոչնչացվելու, ինչ է արվելու առաջացած ջրային կոնդենսատի հետ։ Ինչ քանակի, ծավալի և բաղադրության ջրային կոնդենսատ է առաջանալու, որտեղ է այն պահվելու և հետագայում որտեղ է թափվելու կամ չեզոքացվելու։ Բիտումի արտադրությունը կապված է ջերմոցային գազերի զգալի արտանետումների հետ։ Էներգատար արդյունահանման և վերամշակման մեթոդները հանգեցնում են ածխաթթու գազի (CO2), մեթանի (CH4), այլ ջերմոցային գազերի, ցնդող օրգանական միացությունների արտանետման մթնոլորտ։ Իսկ հաշվետվությունում նկարագրված չէ, թե ինչպես է նվազեցվելու արտանետումների ազդեցությունը մթնոլորտային օդի որակի վրա։ Հաշվետվությունը չի անդրադարձել նաև բիտումի արտադրության ընթացքում ծծմբաջրածնին (H2S), որը սուր հոտով, թունավոր գազ է, և նշված չէ դրա հետագա չեզոքացման ոչ մի միջոցառում։ Չի նշվում նաև օքսիդացման աշտարակից դուրս եկող գազերում ազոտի օքսիդների մասին։
«Հարկ է նշել, որ կան բազմաթիվ գրական տվյալներ, որտեղ նշվում են բիտումի արտադրության ժամանակ արտանետվող ջերմոցային գազերի՝ CO2, CH4 և միացությունների մասին։ Արտանետումներում հարկավոր էր նաև դիտարկել մեթանը, ածխածնի մոնօքսիդը և ցնդող արոմատիկ ածխաջրածինները, որոնք նավթամթերքներին ուղեկցող և պարտադիր չափվող միացություններից են համարվում»,- նշել է ՇՄԱԳ փորձագետը։
Համաձայն հաշվետվության՝ հեղեղաջրերը կուտակվում են և մեխանիկական մաքրումից հետո օգտագործվելու են ոռոգման կամ այլ նպատակներով, սակայն մեխանիկական մաքրումը չի նախատեսում վտանգավոր քիմիական նյութերի, այս պարագայում՝ նավթամթերքների մնացորդների հեռացում հեղեղաջրերից։ Նման հոսքաջրերի՝ ոռոգման կամ հակահդեհային նպատակով կիրառումը կբերի տարածքի լայնածավալ երկրորդային աղտոտման։
Հաշվետվության մեջ նշվել է, որ բիտումի որակը կախված է նրանում պարունակվող ծծմբի քանակից, սակայն չի պարզաբանվել՝ արդյոք տեխնոլոգիական գործընթացում նախատեսվում է ծծմբի հավելում՝ անհրաժեշտության դեպքում, թե ոչ։
Փորձաքննության գործընթացում դիտարկվել են և եզրակացության կազմման համար հիմք են հանդիսացել ոլորտի նեղ մասնագետների հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկումները և առաջարկները։
Լուսանկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել