
Արցախյան վերջին մարտեր. Ճանկաթաղի 716 դիրքը
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիմացի բլրում գտնվող 716 մարտական դիրքում հերթապահում էին Վարդաձոր գյուղի աշխարհազորայինները։ Նրանք հիմնականում Կաշենի ոսկու հանքի նախկին աշխատողներն էին։
«Ես Կաշենի հանքում էի աշխատում, օպերատոր էի։ Բլոկադայից հետո հանքը փակվեց։ Գյուղացիներով մտանք աշխարհազոր»,- պատմում է Գրիգոր Հովակիմյանը։
716 մարտական դիրքի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետը՝ «Վիշկի պոստը», 716 դիրքի համեմատ բարձրադիր էր, մոտ 300 մետր հեռավորության վրա։ Հակառակորդն իր դիրքից դիտարկում էր 716 դիրքի ամբողջ շարժը։
Մինչև սեպտեմբերի 15-ը 716 դիրքում միայն Վարդաձոր գյուղի աշխարհազորն էր հերթապահում։ Դիրքի ավագ Նորայր Սուլեյմանյանը խնդրել էր վերադասից համալրել անձնակազմն անհրաժեշտ պակասող հաստիքակազմով։
Սեպտեմբերի 15-ին յոթ հոգանոց աշխարհազորայինների դիրքը համալրվել է Մարտակերտի զորամասից երեք պայմանագրային զինծառայողով՝ աշխարհազորայիններին միացել էին գնդացրորդ Արսեն Ստեփանյանը, դիպուկահար Վահագ Միրզաբեկյանը և նռնականետորդ Վազգեն Զաքարյանը։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերը սկսել են հրաձգային կրակ վարել դիրքի ուղղությամբ։ Այդ ժամանակ դիրքի անձնակազմի մի մասը գետնատնակում է եղել։ Նրանք միանգամից դուրս են եկել ու դիրքավորվել:
Սկսվել է հրետակոծությունը։ Ականանետային կրակը տևել է մետ 15 րոպե։
«Հենց մինամյոտները դադարեցին կրակել, մեր տղերքից մեկը առաջացավ, որ դիտարկում անի, տեսնի՝ ինչ ա կատարվում։ Էդ պահին տեսանք, որ ադրբեջանցիները ձորով բարձրանում են դեպի դիրք։ Մենք նռնակներ գցեցինք, բայց արդեն շատ մոտ էին։ Մեր հենակետի ավագը՝ Սուլեյմանյան Նորիկը, նայեց, որ տեսնի՝ կողմում են, իրենք արդեն խրամատի դիմաց էին։ Չհասցրինք կրակել, Նորիկին կրակեցին։ Ինքը վիրավոր մի կերպ դուրս եկավ խրամատից։ Սամվելին էլ կրակեցին գլխից, Սամվելը տեղում մահացավ»,- պատմում է Գրիգորը։
Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել դիրք, և անձնակազմի մոտ խառնաշփոթ է առաջացել։ Մերձամարտի ժամանակ զոհվել է նաև Արսեն Ստեփանյանը։
«Արսենին, որ կրակեցին, ես ՊԿ-ն վերցրի ու գնացի իր ուղղությամբ։ Էդ ժամանակ կրակեցին ձախ ձեռքիս։ Բայց մսին էր կպել, ոսկորը չէր վնասել։ Ես կրակեցի իրենց ուղղությամբ ու վազեցի դեպի Արսենը։ Արսենի մոտ չհասած՝ նորից կրակեցին, կպավ աջ ձեռքիս արմունկին։ Ձեռքս կախվեց, էլ չէի կարողանա օգնել Արսենին, ճարահատյալ հետ գնացի»,- հիշում է Գրիգորը։
Վիրավորվելուց հետո Գրիգորը գնացել է գետնատնակ, որտեղ նրան վիրակապել են։ Այդ ժամանակ զոհվել է դիրքում մնացած Վահագ Միրզաբեկյանը։ Ադրբեջանցիները, կարծելով, որ դիրքում ոչ ոք չկա, առաջացել են։ Վահագն իր խրամաբջջից սկսել է կրակել նրանց ուղղությամբ։ Վահագը զոհվել է ադրբեջանցիների նետած նռնակից։
Դիրքի անձնակազմը մարտի ընթացքում ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր։ 716 մարտական դիրքի ողջ մնացած անձնակազմը նահանջել է Կաշենի ոսկու հանք։ Դիրքում զոհվել են Սամվել Գաբրիելյանը, Արսեն Ստեփանյանը և Վահագ Միրզաբեկյանը։
«Տղերքի մի մասը ձորով իջավ, ես չկարողացա։ Եղբայրս ու Հարութը ինձ օգնեցին, իջեցրին մինչև հանքի մոտի դիրքը։ Բախտս բերեց, որ էնտեղ շտապօգնության ավտո կար։ Ես արդեն շատ արյուն էի կորցրել։ Ճանապարհին մի քանի անգամ ուշաթափվեցի»,- պատմում է Գրիգորը։
716 դիրքում զոհված զինծառայողների մարմինները դիրքից կարողացել են դուրս բերել միայն մեկ շաբաթ անց։ Սամվել Գաբրիելյանը, Արսեն Ստեփանյանը և Վահագ Միրզաբեկյանը հուղարկավորված են Երևանում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Մեկնաբանել