HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թափառող շների ստերջացման ծրագրերն ու դրանց առնչվող սկանդալները Գյումրիում

Գյումրու քաղաքապետարանը օգոստոսի 8-ին թափառող կենդանիների ստերջացման հերթական մրցույթն է հայտարարել, որին մասնակցության հայտ է ներկայացրել 2 կազմակերպություն՝ «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն: Դեռ մրցույթի վերջնական արդյունքները չհրապարակած՝ համացանցում գյումրեցի կենդանասերները տարածեցին հայտարարություն, որտեղ նշված էր, որ «Նորոգում» ՍՊԸ-ն 2023թ.-ի ստերջացման ծրագիրը տապալած և սկանդալի մեջ հայտնված նույն «Կումնի» ՍՊԸ-ն է՝ այլ անվամբ փաթեթավորված: Կենդանասերների անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ կազմակերպությունը, արդեն հայտնի սխեմայով, առաջարկելու է ցածր գին և հաղթելու է մրցույթում: 

«Կումնի» ՍՊԸ-ն, ըստ Պետռեգիստրի տվյալների, գրանցվել է 2023թ.-ի նոյեմբերի 7-ին, 9 օր անց մասնակցել Գյումրու քաղաքապետարանի (քաղաքապետ Վարդգես Սամսոնյան) հայտարարած ստերջացման ծրագրին՝ առաջարկելով ամենացածր գինը եւ հաղթել։ Գյումրիում 500 շան ստերջացման համար քաղաքապետարանը հատկացրել էր 13 մլն դրամ, «Կումնի» ՍՊԸ-ն մրցույթում հաղթել էր՝ յուրաքանչյուր շան ստերջացման ու պատվաստման համար առաջարկելով 17 հազար 834 դրամ, ընդհանուր՝ 8 մլն 917 հազար դրամ: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ մասնագետների, գործընթացը լիարժեք ապահովելու համար մեկ շան համար անհրաժեշտ է 26-30 հազար դրամ: 

Ի դեպ, 2019թ-ին, երբ Գյումրի քաղաքում առաջին անգամ պիտի ներդրվեր  թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը (քաղաքապետ Սամվել Բալասանյան), քաղաքապետարանը 500 շան ստերջացման ծրագրի համար նախատեսել էր 22 մլն 184 հազար դրամ: Գյումրու համայնքապետարանը մրցույթում հաղթած «My vet» կլինիկայի հետ, առաջին փուլի համար, 2020թ. հունվարի 27-ին կնքել էր պայմանագիր՝ 8 մլն 770 հազար դրամի շրջանակում, որով նախատեսված էր ստերջացնել 350 շուն: Նշված կազմակերպությունը ստերջացման մրցույթներին մասնակցել է՝ ամեն անգամ մրցույթը շահելով 250 շան համար, ընդհանուր առմամբ 18 ամիսների ընթացքում Գյումրիում ստերջացնելով 1660 շուն: 

 

2022թ. հայտարարված մրցույթին «My vet»-ը չի մասնակցել, մրցույթը շահել է միակ հայտատուն՝ Արսեն Սումբուլյանը, որի հիմնական աշխատավայրը և ապրելավայրը Երևանն է: Նա Գյումրիում, Մանուշյան փողոցում գտնվող ինչ-որ ավտոտնակ էր վարձակալել, որտեղ հարմարեցված պայմաններում իրականացրել էր ստերջացումը: Արսեն Սումբուլյանի գործունեությունից կենդանասերները դժգոհել էին գործընթացը վերահսկող փոխքաղաքապետ, ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանին: 

2020-21թթ.-ին «My vet» կլինիկան ստերջացման ծրագիրն իրականացրել է՝ էգ շան համար 29.000 դրամ, իսկ արու շան համար՝ 25.000 դրամի սահմաններում: 2022թ. մրցույթի պայմանները փոխվել են, սեռային տարբերակում չի դրվել, մեկ շան ստերջացման գինը հաշվարկվել է 27.800 դրամ: Իսկ 2023թ., ամենայն հավանականությամբ օգտվելով հանգամանքից, որ չկա հանրային վերահսկողություն, քաղաքապետարանը որոշում է գնալ որոշ «զիջումների»: Կատարում է ոչ միայն գնային փոփոխություն՝ մեկ շան ստերջացման և պատվաստաման գին սահմանելով 26 հազար դրամ, այլև մրցույթի պայմաններն է մեղմացնում: Այս ամենը, թերևս, արվել էր, որպեսզի մրցույթին մասնակցելու և հաղթելու հնարավորություն տրվի բուն գործընթացից գաղափար չունեցող, մրցույթից մի քանի օր առաջ ձևավորված «Կումնի» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը, ինչպես հետագայում պարզվեց, սերտ առնչություն ունի Բալասանյանների ընտանիքի հետ:

Գուցե այս ամենը աչք չծակեր, քննարկման առարկա չդառնար՝ ով ում բարեկամը, ընկերը կամ մտերիմն է, եթե կազմակերպությունը բարեխիղճ գտնվեր: Սակայն շուտով լուրեր են տարածվում, որ Ջաջուռում ու գյուղի հարակից տարածքներում Գյումրիից բերված թափառող շներ են հայտնվել, այդ թվում՝ականջներին տարբերանշաներով: Կենդանիներին կերակրելու նպատակով Ջաջուռ հասած ռուս կենդանասերները հայտնաբերում են ստերջացման նպատակով գյուղից դուրս վարձակալած գոմն ու կեղտի մեջ գտնվող մի քանի սոված շուն: Համացանցում տեղադրած լուսանկարների ու տեսանյութերի ահազանգով Ջաջուռ են հասնում նաև հայ կենդանասերները:

Կենդանիների իրավունքների պաշտպանության « Դոգմա» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկարագրել է, ինչ պայմաններում են պահվել շները անասնագոմում և հայտարարել, որ համայնքապետարանը պարզապես «փող է լվացել»: Վերջինս դիմել է Շիրակի մարզի դատախազություն, ոչ միայն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով քրեական գործ հարուցելու համար, այլև՝ փողերի լվացման:

2025թ-ին թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը որոշում է իրականացնել փոխօգնության տարբերակով, որը համընկնում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավային փուլի հետ: Այդ նպատակով, փետրվարին, Գյումրի են հասնում  Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատակիցները: Որպես աշխատանքային տարածք, քաղաքի ժամանակավոր կառավարումն իրականացնող ուժը հատկացնում է «Ուռի» կոչվող զորամասի դատարկ մասնաշենքերը: Մարտի 10-ին կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների հաշվետվությունը: Այնտեղ մասնավորապես նշված է, որ ՀՈԱԿ-ը ժամանակավոր կլինիկա է տեղափոխել 186 թափառող շուն, որից ստերջացվել և պատվաստվել է 136 շուն, վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ 38 շուն, քնեցվել է 12 շուն, որից լեյշմանիոզ ախտորոշմամբ՝ 4, ժանտախտ ախտորոշմամբ 4 շուն, կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ 3 շուն, անկառավարելի ագրեսիա՝ 1 շուն:

Հաջորդ հանրային հաշվետվությունը կազմակերպության ֆեյսբուքյան էջում Գյումրիում կատարած աշխատանքների վերաբերյալ գտնում ենք մարտի 27-ին, որտեղ ընդամենն ամփոփվել է գործընթացը և նշվում է, որ Գյումրիում ընդհանուր առմամբ ստերջացվել է 330 շուն: «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի Գյումրիում ծավալած գործունեության վերաբերյալ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը փորձել է պարզել, թե ինչ հիմնավորմամբ է համայնքի բյուջեից 30-40 մլն դրամ փոխանցվել Գյումրի: Ըստ Վահան Ավագյանի հաշվարկների, ստացվում է, որ Գյումրիում մեկ շան վրա ծախսվել է 1 մլն դրամ: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պարոն Ավագյանը նշել է, որ իր փորձերը՝ ճշտել, թե ով և ինչպես է որոշել այդ գումարը փոխանցել, այդպես էլ պատասխան չի ստացել: Նա աննախադեպ է համարել մեկ համայնքից մեկ այլ համայնքի բյուջեին գումարի փոխանցումը, և երևանցիների հաշվին Գյումրիում առկա խնդրի լուծումը, որպես կոնկրետ թեկնածուի փիառ արշավ:

Ինչու՞ է այդքան գրավիչ դարձել ոչ մասնագիտացված կազմակերպությունների մասնակացությունը թափառող կենդանիների ստերջացման գործընթացներին: Ինչպե՞ս է ստացվում, որ Հրազդան քաղաքում, այս տարի հայտարարված թափառող կենդանիների ստերջացման մրցույթին մասնակցում և հաղթող է դառնում արևային պանելների տեղադրումով զբաղվող «Գլոբալ Սոլար Սիստեմ» ՍՊԸ-ն: Այս մասին հաղորդագրություն տարածել է Հրազդանի համայնքապետարանը պաշտոնական կայքում հունիսի 30-ին և ֆեյսբուքյան էջում: Ըստ շրջանառվող լուրերի, այս կազմակերպությունն ևս պատկանում է «Կումնի» ՍՊԸ-ի հիմնադիրներին: 

Գյումրու քաղաքապետարանն, օգոստոսի 8-ին ստերջացման ծրագիրը հայտարարել է 6 մլն դրամի շրջանակում՝ 200 շան համար: Մրցույթի մասնակիցներից «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ն առաջարկել է 5.700.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, այսինքն մեկ շան համար ծախսելու է 26 հազար դրամ, իսկ «Նորոգում» ՍՊԸ-ն առաջարկել է 4.500.000 դրամ՝ առանց հարկերի և 5.400.000` ներառյալ ԱԱՀ-ն, այսինքն մեկ շան համար ծախսային գինը կազմում է 22 հազար դրամ: Արսեն Սումբուլյանը «Հետք» -ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանից ստացված հարցմանն ի պատասխան, որպես գործունեության վայր նշել է Երևանը, եթե հաղթող ճանաչվեր՝ տարածք էր վարձակալելու Գյումրիում, ինչպես 2022թ-ին, իսկ «Նորոգում» ՍՊԸ-ն՝ մատնացույց է արել Ջաջուռ գյուղի տարածքը, որտեղ «Կումնի» ՍՊԸ-ն անասնագոմում ստերջացման ծրագիր էր իրականացրել 2023-24թթ-ին:

Մասնագետները մշտապես նշում են, որ լավ արդյունք գրանցելու համար պետք է աշխատանքները կազմակերպվեն ողջամիտ գումարների շրջանակում, չի կարելի` պարզապես հենվելով գնումների օրենքի վրա՝ հաղթող ճանաչել ամենացարծ գին առաջարկողին: Եթե բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ողջամիտ գումարը մեկ շան ստերջացման և այլ հարակից գործողություններ կատարելու համար,   մինիմում 27 հազար դրամ է, ինչպես կարող է կազմակերպությունը հաղթել 17 հազար դրամով ու դա պատվիրատուի կողմից դիտվի նորմալ գնային առաջարկ: 

Լուսանկարները՝ Ռոբերտ Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter