Լաւ է ճերմակ բաներու մասին երազել, երբ սեւի մէջ կ’ապրիս... Մատթէոս Զարիֆեան (մաս 1)
Վերջին նավարկությունը Պրինկիպոյից Պոլիս
Նավը, Մարմարայի ջրերի վրայով, Պրինկիպոյից՝ Մեծ կղզիից, Պոլիս էր տեղափոխում Մատթէոսի աճյունը: 30 ամյա բանաստեղծը մահացել էր նախորդ երեկո՝ երկարատև, հոգնեցնող պտույտից հետո՝ ուժասպառ, հիվանդ մարմինը մոր գրկի մեջ նետելով և «մի՛ վախնար» ասելով: Թեև շատ երկար տարիներ արդեն հիվանդ էր, բայց մահը, այնուամենայնիվ, անսպասելի եկավ: 1924 Ապրիլի 9՝ Ավագ Չորեքշաբթին էր: Սուրբ Հարության տոնի բերկրանքը ապրելու և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» օրհնյալ լուրը միմյանց փոխանցելու պատրաստվող պոլսահայության մեջ տարածվեց «Զարիֆեանը մեռա՞ծ» շշուկը:

Ադանայում
Մատթէոսը սիրում էր ծովը: Սիրում էր հատկապես թիավարել: Երբեմնի մարզիկի իր ամուր բազուկները մակույկի մեջ, անգամ հիվանդության ժամանակ, նրան գրեթե չէին դավաճանել : «Դեռ աթլեդիք երեւոյթս չեմ կորսնցուցած ու վայրենիի մը պէս կը թիավարեմ»: Անձնասպանության իր տեսլականներից մեկը կապված էր ծովի հետ. « Տանջող մահէն կը վախնամ: Եւ սակայն, ո՜վ գիտէ, թերեւս ծովու մը թեւերուն մէջ պիտի աւարտեմ կեանքս: Իյնալէ վերջ, մահը վճռական է հոն: Երբեմն տեսակ մը տարտամ գինովութիւն կը գրաւէ զիս, երբ այդ պատկերը կը գծեմ աչքերուս առջեւ. Թեւերը բացած իյնա՜լ...»: Բայց այս եղանակը չփորձեց, չնայած որ, ինչպես ասում էր, սա ամենից ստույգ և, ամենակարևորը, անցավ մահը կլիներ իր համար:
Հոգեկան այդ վիճակը արգահատելի կը թուի ինծի...
Երբ ավելի երիտասարդ էր, և պատերազմը փչացրել էր արդեն կյանքի համը, 3 անգամ ապարդյուն փորձ արեց՝ ավերելով ինքն իրեն, թե մարմնապես, բայց, առավել՝ հոգեպես: Անձնասպանությամբ չկարողացավ վերջ դնել կյանքին, բայց ամեն կերպ դրդեց մահին իրեն հնարավորինս շուտ առնելու: «Ժամ առ ժամ, ճիշդ երեք տարի անցած է այն իրիկունէն ի վեր, երբ առաջին անգամ մեռնելու գաղափար ունեցայ, ու հայելիիս մէջ երկար ատեն հիւանդ աչքերս դիտելէ ետք, գաւաթ մը թոյն խմեցի: Այն իրիկուն թոյլ չտուին որ խաղաղօրէն մեռնէի, ու փրկեցին զիս: Ի՞նչ շահեցայ: Ոչինչ: Ունեցածս ալ կորսնցուցի: ...Հիմա անզգայ մըն եմ»:
Նույնիսկ նամակ էր թողել ընտանիքին՝ բացատրելով իր անխոհեմ քայլի դրդապատճառները և հրահանգելով ծնողների և քույրերի հետագա քայլերը: Բարեբախտաբար այն առոչինչ եղավ, քանի որ փորձը չստացվեց, բայց փորձանք դարձավ իր համար:

Ծնողները՝ Տաճատ եւ Հռիփսիմե
«Ներեցէ՝ք ինծի: Կ’ուզէի շատ մը բաներ գրել, բացատրելու համար, բայց չկրցայ, թեեւ փորձեցի: Տենդ ունիմ: Անձնասպանութեանս պատճառը ոչ մէկ ուրիշ բան է, երբեք չըլլայ սխալ գուշակութիւններ ընէք. Յիշատակս անարգած կ’ըլլաք: Ինծի համար կեանքը կարելի չէր, եւ ահա կը մեռնիմ: Յուղարկաւորութիւնս խիստ պարզ ըրէք: Եթէ անձնասպան ըլլալուս համար եկեղեցին մերժէ զիս, հոգ չէ: Հողակոյտիս վրա բնաւ չեմ ուզեր որ ոեւէ բոյս տնկուի կամ ծաղիկ: Սեւ խաչ մը դրէք, Վահագնին պէս: Զարհուրելի տղայ մըն եմ, գիտեմ, բայց ներեցե՜ք: Ասկէ զատ ուրիշ ելք չկայ՛ ինծի համար: Ճակատագիրը սարսափելի բան մըն է: Մնաք բարով... Մատթէւոս»:
Առանց սիրոյ մեռած զմայլելի տղան ...
Վահագնը իր 20-ամյա վաղամեռիկ եղբայրն էր, որին սիրում էր, կարոտում և այպանում էր ճակատագրին՝ նրա նկատմամբ անարդար հաշվեհարդար գործելու համար: «Մեռած եղբայրս» վերնագրով մի քանի անավարտ էջեր կան իր ձեռագրերի մեջ: Մտմտում էր ինքնակենսագրական վեպ գրել՝ հավանաբար այդ էջերը ներառելով մեծ պատմության մեջ: «Զմայլելի տղայ մըն էր եղբայրս: ...Հպարտ, ըմբոստ, զայրացկոտ ու քաղցր, մեղրի պէս քաղցր»: Վահագնը տարվել էր հեղափոխական հովերով: Հայրը նրան Լոնդոն տարավ՝ հեռու Պոլսի քաղաքական այդ ակումբներից, բայց հիմա էլ սկսեց «բրոբականտ ընել Լոնտոնի եւ Մանչեսդըրի մէջ գտնուող հայ խոհարարներուն եւ կօշկակարներուն»: Հետո մեկնեց Ամերիկա... : «… Հոյակապ տղայ մըն էր, ոսկի սրտով ու պրոնզի նկարագրով: Առանց սիրոյ մեռած էր: Ոչ մէկ կանացի ձեռք գգուած էր անոր տժգոյն ու բարձր ճակատը»: Վահագնը խնդրեց Մատթէոսին ամեն երեկո ջրել իրենց պարտեզի մեխակները և «սարտենիաները». «Մի՛ մոռնար, հէ՞...», ու մեռավ:
Չարչարանքներ ըստ Մատթէոսի
Եղբոր անժամանակ մահը, պատերազմի արհավիրքը, իր զինվորագրվելը թուրքական բանակին, իր զզվանքը այդ բանակից, բռնկուն խառնվածքի և անհնազանդության պատճառով բանտարկվելը, գումարվեցին կյանքի դրվածքը փոխելու իր անկարողությանը, և սկսեց չարաշահել գինին և «թմրեցուցիչ փոշիները» և դրանց ազդեցության տակ էլ մշակել կյանքին վերջ դնելու տարբերակները: «...թրամուէյ մը անցաւ, ու նոյն պահուն, ելեկտրական թելերուն նայելով, ահաւոր գաղափար մը ունեցայ: Կարելի է ակնթարթի մը մէջ...»:

Ձախից՝ Սիրան, Նվարդ, մայրը՝ Հռիփսիմե, Մատթէոս և Լիւսի
Մահը Մատթէոսին ասում էր՝ «Մի՛ աճապարեր ու ոչինչ բաներու վրայ միտքդ մի յոգնեցներ, օր մը քու սենեակդ ալ պիտի գամ, չեմ մոռնար», բայց նա շարունակում էր իր փորձերը:
«Նորէն չկրցայ մեռնիլ: Ժամը 2ին ատենները խոշոր գաւաթի մը մէջ լեցուցած փոշիս խմեցի, բայց կ’երեւի մարմինս վարժուած է ալ: Սոսկալի չարչարանքներէ ետք, ամէն ազդեցութիւն անհետացաւ: Շուարած մնացած եմ...»: Երբ հաջորդ օրը իր հրապուրանքներից մեկի՝ Մ.-ի հետ գնաց զբոսանքի, և աղջիկը գրկեց իր մեջքը, և շատ հաճելի էր, Մատթէոսը անդրադարձավ, որ այս հաճելի զգացողությունները պարզապես չէր ունենա, քանի որ արդեն մեռած կլիներ. «... մինչդեռ կ’ապրիմ եւ իմ սիրած այդ ծառերու տակէն կ’անցնէի հոգեկան քաղցր յուզումներով լեցուած: Ի՛նչ տարօրինակ բան է ճակատագիրը, մանաւանդ ի՛մս»:

Պերճուհի Զարիֆեան-Կիւլպէնկեան
Հոգիս թերաւարտ սրբարան մըն էր զոր կը քանդէ ճակատագիրը...
Ժամանակ, սերեր և հրապուրանքներ, մարմնական սաստիկ ցավեր էին պետք, բայց ամենից կարևորը՝ գիտակցությունը՝ թե մահին չեն հրամայում, այն գալիս է, երբ գալիս է, որպեսզի Մատթէոսը, ի վերջո, ետ կանգներ անձնասպան լինելու իր որոշումից: Սկսեց ուզել ապրել, որոշեց մարտահրավեր նետել ճակատագրին և հաղթել: «Ասկէ աւելի յիմարակա բան մը կարելի չէ երեւակայել: Կեանքը յանձնել մահուն, պզտիկ փոսի մը քով ծնրադրել ու ըսել.«Առ զիս, լոյսէն կը վախնամ: Ա՞յս է գերագոյն իտէալը, որուն առջեւ յափշտակութիւններ կ’ունենայի յուսահատութեան վայրկեաններուս...: Պիտի ապրի՛մ: Ամէն գիշեր տժգոյն դէմքս պիտի դարձնեմ աստղերուն ու պիտի ըսեմ.«Օրս աւարտեցի»: Փոխանակ փախչելու ճակատագրիս առջեւէն, ե՛ս պիտի հալածեմ զայն. Կմախքացած անդամներով անոր ետեւէն պիտի արշաւեմ ու պիտի պոռամ անոր երեսին. «Քեզմէ աւելի ուժով եմ, վա՛տ...»»: Արդեն տհաճությամբ էր հիշում իր անմիտ հարձակումները սեփական կյանքի վրա: Եվ միամտորեն կարծում էր, թե հաղթել էր ճակատագրին՝ «հալածելով զայն»: Իրականում հալածել էր միայն անձնասպանությամբ կյանքին վերջ տալու միտքը, բայց «զարհուրելի հիւանդութիւնը» արդեն այնտեղ էր՝ իր մարմնի մեջ:
Մե՜ղք է, ծեր մա՜յր, աչքերուդ...
Լիւսի Զարիֆեան-Թոսպատ
«...Ինչ անո՜յշ տղայ մըն էի ես, ատեն մը, իմ վճիտ աչքերովս, իմ աղօթել գիտցող պզտիկ հոգիովս...»: Շատ էր զղջում: Զղջում էր՝ պատկերացնելով մորը իր մեռած մարմնի առջև. «... կը սիրեմ մայրս: Իրեն հանդէպ ունեցած սէրս միակ զգացումս է որ պարագաներէ ազդուիլ չի գիտեր: Ամէնէն լուրջ մտածումս է մայրս, երբ մահուն վրայ կը խորհիմ: Մայրիկս ինծի համար սգաւո՞ր...հէ՜ք մայրս...գերեզմանիս վրայ...: Չէ՜, չէ՜. եթէ նոյնիսկ խելագարիմ, գերագոյն գալարումով մը պիտի յիշեմ այս որոշումս... իմ աչքերս պիտի գոցեմ, երբ անոնցինը փակուած ըլլան ալ: ...Կեանքին նայելու քաջութիւնը տուող միակ բանն են ծնողքըս: Ապրիլ կուզեմ՝ իրենց համար: Իրենց գերեզմաններէն ե՛տք միայն պէտք է որ իմ փոսս բացուի»: Սակայն այդպես չեղավ: Եվ ծնողները՝ Տաճատը և Հռիփսիմեն, իրենց 2-րդ որդուն էլ ճանապարհեցին: Մնացին 4 աղջիկները՝ Նվարդը՝ ամուսնացյալ Չպլաքեան, որի ամուսինը տեքստիլի մեծածախ վաճառական էր, Պերճուհին՝ ամուսնացյալ Կիւլպէնկեան, որի ամուսինը՝ Կիւլպէքը, գործարար էր, Սիրանը՝ Սիրան Սեզան, անձնական և հանրային բուռն կյանքով լեցուն գործիչը և գրողը, «Երիտասարդ հայուհին» հանդեսի հիմնադիրը և Լիւսին, որ ամուսնու՝ Տիգրան Թոսպաթի հետ՝ հետագային Լիբանանի խորհրդարանի երեսփոխան, հրատարակեցին «Այգ» թերթը:
Պերճուհու և Լիւսիի հետ
Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի…
30 տարվա հեռվում մնացին 1894թ. Հունվար 4-ին Պոլսի Կետիկ Փաշա թաղում լսված նրա ծննդյան ճիչը, մանկության այն «խեղճ» հուշը, երբ գորգին նստած հետևում էր, թե ինչպես էր մայրը դգալով կաթ խմեցնում փոքր քրոջը, և երազում էր, որ «գոնէ մէկ անգամ մը» այդ քաղցր հեղուկով դգալը մոլորվի և հայտնվի ի՛ր ցամքած բերանում: Մանկապարտեզի դռներից ներս քարացան ընկերների հետ «տէօն-տէօն պապուճիկ» ուրախ խաղի աղմուկները, երկնքի ու երկրի միջև սառած մնացին, փոքրիկ տղային կախարդանք թվացող, ձյան փափուկ փաթիլները...
Հեռվում մնաց պատանությունը չնաշխարհիկ Սկյուտարում, որի բնական գեղեցկությունը՝ ծովի և ցամաքի հանդիպումը, զգայական մի յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծում և օգնում տաղանդավոր հոգիներին արվեստներ արարելու: Հայ գրականության քանի-քանի բացառիկների անուններ կապված են հենց Սկյուտարի հետ: Այստեղ էր իր առաջին մանկական սերը՝ Գոհարը, որ զմայլվում էր իր՝ օդապարուկ թռցնելու անկրկնելի հմտությամբ: «Տասներկու տարեկան եղած ատեններս՝ համբաւաւոր թռուցիկ թռցնող մըն էի: Անկէ ի վեր ոչ մէկ բանի մէջ նոյնքան տաղանդ ցոյց տուած եմ:...Երբ իմ թռուցիկս օդը ելլէր, միւս բոլոր թռուցիկները վար կ’իջնէին կամ կը հեռանային իմինիս սահմաններէն»: Անցյալում մնացին իր 30 տարվա բոլոր օրերը, բոլոր խենթությունները, բոլոր աղջիկները. Ս.-ն՝ Սերպին, իրականում Սոֆին, որին սիրում էր և կարիքը ուներ՝ իբրև սյուն հենվելու համար: Մ-ն, որի հետ « քաղցր մոռացում մը կ’ունենամ, իբրեւ թէ ոչ մէկ բան պատահած ըլլար»: Իճլալը՝ ֆրանսուհի մոր և թուրք հոր վայրագ աչքերով աղջիկը՝ «ուսերէն վար թափուող խիտ, մութ գոյն մազերով... պոյ սքաուդական լայնեզր գլխարկով»: Ն.-ն, որին կոչեց Մելիսանտ՝ Մետերլինկի «Պելլեաս և Մելիզանդ» դրամայի հերոսուհու անունով և նշանվեց հետը: Վ.-ն՝ Վիկտորյան, որի ալբոմում իր կտակը գրեց...: Ներկայում մնացին միայն իր 2 հատորները՝ «Տրտմութեան եւ Խաղաղութեան երգեր»-ը և «Կեանքի եւ Մահուան Երգեր»-ը ու բազում անտիպ բանաստեղծություններ: Եվ իր օրագրությունները, որոնք այսօր օգնում են մեզ խոսելու իր մասին: Ուրեմն՝ Մատթէոսի կյանքը շարունակվում է...
Լուսանկարները՝ www.houshamadyan.org-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել